Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքագիտության դոկտոր,
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն
Երեւան
2014 թ. ԵԽԽՎ աշնանային հերթական նստաշրջանի ժամանակ հաստատվել է ԵԽԽՎ Բյուրոյի սեպտեմբերի 2-ի նիստի արձանագրությունը, ըստ որի որոշում է ընդունվել «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ բռնազավթված տարածքներում լարվածության սաստկացում» վերնագրով զեկույց պատրաստել: Ըստ ԵԽԽՎ ընթացակարգի` տվյալ արձանագրության հիման վրա զեկույց պատրաստելու հանձնարարականն ուղարկվել է Քաղաքական հարցերով կոմիտեին:
Փաստաթուղթը ԵԽԽՎ Բյուրո է ներկայացվել ադրբեջանցի ներկայացուցիչ Է. Սուլեյմանովի եւ ադրբեջանական պատվիրակության հետ բավական սերտորեն համագործակցող հույն պատգամավոր Դ. Բոկոյանիսի նախաձեռնությամբ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները` Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, զեկույցի վերնագրի դեմ բողոք են հայտնել հենց քննարկումների սկզբում: Հայկական պատվիրակության դիրքորոշումն այն էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` երեք համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հովանու ներքո ընթացող բարդ բանակցությունների ֆոնին ԵԽԽՎ-ում նման զեկույցի քննարկումը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ եւ սասանել հակամարտային կարգավորման մեջ հաջողության հասնելու փխրուն ջանքերը:
Սակայն ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանի ընթացքում ադրբեջանական պատվիրակության ակտիվ լոբբինգի շնորհիվ տվյալ արձանագրությունը ձայների մեծամասնությամբ հաստատվել է: Բացառված չէ, որ դրանում մեծ դեր է ունեցել ոչ այնքան վերջին շրջանում ԵԽԽՎ (եւ մի շարք այլ եվրոպական խորհրդարանական կառույցների պարագայում) պրակտիկայում հայտնի դարձած «խավիարային դիվանագիտությունը», այսինքն` եվրոպացի խորհրդարանականների եւ պաշտոնյաների կաշառումն ադրբեջանցիների կողմից, այլեւ Հայաստանի հարկադրված դիքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության գործոնը: Տվյալ հանգամանքն, անտարակույս, չէր կարող չազդել ԵԽԽՎ եվրոպացի անդամների վրա` դեռեւս շարունակվող ուկրաինական ճգնաժամի համապատկերում: Ղարաբաղի մասին ԵԽԽՎ զեկուցող է նշանակվել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերը:
Ադրբեջանական կողմի` ղարաբաղյան բանակցային գործընթացն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից ինչ-որ կերպ դուրս հանելու ճիգերը նորություն չեն: Առավել եւս, որ Ադրբեջանը նմանօրինակ քայլերի է դիմում նաեւ բազմաթիվ այլ հարթակներում` Իսլամական համաժողով կազմակերպությունից մինչեւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան: Այսուհանդերձ, ակնհայտ է, որ թե՛ նշված կազմակերպություններում, եւ թե՛ ԵԽԽՎ-ում այդպիսի հայտարարություններն ու ղարաբաղյան հարցով ընդունվող հրապարակային փաստաթղթերը հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի դեր ունենալ չեն կարող: Դա նախ եւ առաջ պայմանավորված է ԵԽԽՎ պաշարների եւ ազդեցության սահմանափակվածության հետ, որն, ի հեճուկս հենց նույն Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա կոշտ իրավիճակի, այդպես էլ ոչ մի արդյունքի չի հասել: Ավելին` շարունակվող ուկրաինական ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, թե եվրոպական մայրցամաքում կրկին առաջնային են կոշտ աշխարհաքաղաքականության եւ Realpolitik-ի առաջնահերթությունները, ԵԽԽՎ-ի պես կազմակերպությունը, որի գործունեության ոլորտը գերազանցապես առնչվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման, օրենքի գերակայության եւ այլ համանման հարցերի հետ, լիովին չի համապատասխանում այն կառույցին, որի դերը կարող էր գեթ որոշակիորեն նպաստավոր լինել ղարաբաղյան հիմնահարցի պես երկարաձգված եւ բարդ հակամարտության կարգավորման համար:
Զեկույցի հաստատումից անմիջապես հետո Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն ընդունված որոշման հետ անհամաձայնություն են հայտնել, հիմնավորման մեջ նշելով, որ զեկույցի վերնագիրն իսկ կանխակալություն եւ ոչ օբյեկտիվություն է ցուցաբերում: Մասնավորապես, ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵԽԽՎ տվյալ որոշումը պարունակում է «անթույլատրելի ձեւակերպումներ, հետապնդում է բացառապես քարոզչական նպատակներ եւ ամբողջովին համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը քայքայելու Ադրբեջանի վարած քաղաքականությանը»: «Ակնհայտ է, որ հիշյալ զեկույցը եւ դրա հիման վրա պատրաստվող բանաձեւը ոչ մի քաղաքական ազդեցություն չեն ունենա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային հարթության վրա ճանաչված (այդ թվում եւ` ԵԽԽՎ-ի կողմից) միակ ձեւաչափն է, որը զբաղվում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ»:
Արդեն հիմա պարզ է, որ այս զեկույցն, անգամ պատրաստվելու դեպքում, կունենա ԵԽԽՎ-ի 2005 թվականի թ.1416 հայտնի բանաձեւի կամ ԵԽԽՎ-ում Թուրքիայի ԱԳՆ ներկայիս ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ստեղծված ղարաբաղյան կարգավորման ենթակոմիտեի ճակատագիրը, որն անտեսվում էր հայկական պատվիրակության կողմից եւ չկարողացավ գործել, իսկ ապա` լռելյայն լուծարվեց` հիշյալ պաշտոնից Չավուշօղլուի հեռանալուց անմիջապես հետո:
Նման միտումնավոր եւ միակողմանիորեն ադրբեջանամետ վերնագրով զեկույցի պատրաստումը, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս ընդունված համանման փաստաթղթերը, քարոզչական նպատակներից բացի ոչ մի այլ բանի վրա չեն ազդելու: Ղարաբաղյան կողմն` ի դեմս ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի, արդեն հայտարարել է, որ չի թույլատրի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի մուտքն Արցախի տարածք այնքան ժամանակ, քանի դեռ զեկույցի վերնագիրը չի փոխվել` բավարարելով ղարաբաղյան կողմի մոտեցումները:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն, ի հեճուկս գործնական արդյունավետության բացակայության, շարունակելու է փորձել արծարծել ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս: Քարոզչական արդյունքից բացի այս փորձերը հազիվ թե անդրադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսունակության վրա: Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հազիվ թե իրենց կամքով որոշեն հրաժարվել ղարաբաղյան կարգավորման մեջ ներգրավված լինելուց, իսկ Ադրբեջանն ինքնուրույնաբար չի հանդգնի հրաժարվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ այս միջուկային տերությունների միջնորդական ծառայություններից:
Առավել եւս, որ, ի հեճուկս բոլոր ակնառու դժվարությունների, միայն Մինսկի խումբն է մնում այն միակ ձեւաչափը, որը գոնե ինչ-որ չափով որոշակի արդյունավետություն է ապահովում: Այն առնվազն պահպանում է փխրուն եւ հաճախակի խախտվող հրադադարը, ինչպես, օրինակ, 2014թ. իրավիճակի օգոստոսյան թեժացման ժամանակ կամ 2014թ. նոյեմբերին` ադրբեջանական զորքերի կողմից ղարաբաղյան բանակի ուղղաթիռը խոցելուց հետո: ԵԱՀԿ Մինսկի խումբը չի թույլատրում իրավիճակի գահավիժում դեպի անկանխատեսելի հետեւանքներով հղի լայնածավալ պատերազմ: Ի տարբերություն ԵԽԽՎ-ի` Մինսկի խմբի ձեւաչափը կենսունակ է ոչ թե ԵԽԽՎ-ի հանդեպ ԵԱՀԿ-ի ունեցած ինչ-որ կազմակերպչական առավելությունների, այլ` համանախագահող բոլոր երեք երկրների անձնական հեղինակության եւ քաղաքական նշանակալիության շնորհիվ:
Ավելիին, իմա` բանակցային գործընթացում ինչ-որ էական առաջընթացին կամ ճակատային գծում լարվածության մեղմելուն ուղղված երկարաժամկետ պայմանավորվածությանը, վստահության միջոցների մշակմանը, դիպուկահարների հեռացմանը կամ ակտիվ հետախուզական-դիվերսիոն գործողությունների դադարեցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դեռ չի հաջողվել հասնել: Սակայն, կարեւոր է այն, որ ի հեճուկս Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում աճող ճգնաժամի` ԵԱՀԿ Մինսկի խումբը համաշխարհային քաղաքականության հարցերով նրանց փոխգործակցության համարյա թե միակ արդյունավետ ձեւաչափն է: 2014թ. օգոստոսին կայացած Սոչիի հանդիպմանը հաջորդած սեպտեմբերի սկզբին Ուելսում` ՆԱՏՕ-ի հարթակներում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ եւ 2014թ. հոկտեմբերին Փարիզում` Ֆ. Օլանդի հրավերով կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները միմիայն հաստատում են այս աշխարհաքաղաքական իրողությունը:
Ելնելով վերոնշյալից` կարելի է հաստատել, որ ԵԽԽՎ կամ միջազգային ու տարածաշրջանային որեւէ այլ կազմակերպություն ոչ մի հնարավորություն չունի փոխարինել կամ գոնե լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ավելին` այդ ուղղությամբ գործունեության շարունակությունն ավելի մեծ սպառնալիքի տակ է դնում ԵԽԽՎ-ի հեղինակությունը, որն իրեն ավելի պատշաճող` մարդու իրավունքների, մարդասիրական հարցերի, անդամ-երկրներում ժողովրդավարացման գործընթացների բնագավառներում գործունեություն ծավալելու փոխարեն գլորվում է հարցերի քաղաքականացման, լոբբինգի, իսկ երբեմն նաեւ բացահայտ կոռուպցիայի սայթաքուն դաշտ: Օրինակ, հենց այդպիսին է եղել Ադրբեջանում մարդու իրավունքների մշտադիտարկման հետ կապված նրա ողջ գործունեությունը:
Վերոնշյալը բոլորովին չի նշանակում, որ Մինսկի խմբի գործունեությունը չպետք է աջակցվի այլ ակտորների, այդ թվում եւ եվրոպական կառույցների կողմից: Հատկապես, որ Ղարաբաղում հրադադարի գծի երկայնքով տիրող իրավիճակն անընդհատ շարունակում է լարված մնալ: Հետեւաբար` Ղարաբաղում խաղաղության պահպանման բոլոր անկեղծ կողմնակիցներին առանձնապես հանգստանալ չարժե: Որոշ ժամանակ անց ճակատային գծում իրավիճակը կարող է կրկին լարվել` առանց նոր լայնածավալ պատերազմի հանգեցնելու, հաստատելով այն կոշտ իրականությունը, որ հրադադարն, ի հեճուկս լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հարցում իր ունեցած կայունության, այնուամենայնիվ շարունակում է չափազանց փխրուն մնալ:
Սակայն, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավվել կամեցող բոլոր կազմակերպություններն ու միջազգային կառույցները, այդ թվում եւ ԵԽԽՎ-ն, պետք է առնվազն անաչառություն եւ օբյեկտիվություն պահպանեն: Այլապես` նրանց ներգրավման ձեւաչափը ոչ միայն օգտակար չի լինելու, այլեւ, շատ հավանական է, նոր վտանգներ է ստեղծելու Լեռնային Ղարաբաղի շուրջ շփման գծում ավելի արդյունավետ եւ գործուն մեթոդներով ու մեխանիզմներով պահպանվող փխրուն կայունության համար: