Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան
Անցնող տարում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումները նշանավորվեցին մի քանի ուղղություններով: Երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս կատարված փոփոխությունները որոշակիորեն ուրվագծում են գալիք 2015 թվականը` խոսելով նաեւ պատմությունից առնելիք դասերի անհրաժեշտության մասին: Միջազգային հարաբերությունների շրջանակներում ընթացող գործընթացները եւս մեկ անգամ հաստատեցին, որ այդ հարաբերություններում վճռորոշը շարունակում է մնալ ուժը` ի հեճուկս երկրների անվտանգությունը երաշխավորող փաստաթղթերի: Երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ցույց տվեցին, որ կառավարման համակարգի կայացման համար անհրաժեշտ են մրցակցող ուժեր:
Ներքին քաղաքական տարին
2014 թվականին ներքաղաքական կյանքը նշանավորվեց ընդդիմադիր դաշտի` որպես մրցակցային բեւեռի ձեւավորմամբ: 2013-ի տարեվերջին ձեւավորված ոչ իշխանական քառյակը հայտ ներկայացրեց` փոխելու ներքաղաքական զարգացումների ընթացքը: 2014-ի կեսերին ոչ իշխանական քառյակի մաս կազմող Դաշնակցություն կուսակցությունը, Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները դրական գնահատելով, դուրս եկավ քառյակից: Ոչ իշխանական կուսակցությունները եռյակի ֆորմատով եւ բավականաչափ քաղաքական ռեսուրս ունենալով կարողացան ձեւավորել քաղաքական օրակարգ եւ նույնիսկ մի քանի դեպքերում իշխանությանը ստիպեցին փոխել ընդունված խաղի կանոնները: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ոչ ընտրական փուլում ընդդիմությունը կարողացավ մինչեւ քառասունհինգ հազար մարդու մասնակցությամբ հանրահավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում:
Ընդդիմության ճնշման ներքո Սերժ Սարգսյանն ստիպված եղավ հրաժարական պարտադրել դեռ գործող վարչապետ, այսօր արդեն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին: Վարչապետի հրաժարականի պարտադրումը նոր ձեւավորված ընդդիմության առաջին խոշոր հաջողությունն էր, ինչը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ չէ երկար դիմակայել հանրությունից եկող ճնշումներին: Գրեթե միեւնույն ժամանակ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների իր նպատակի մասին, որը եւ դարձավ Սարգսյան-ընդդիմություն պայքարի հիմնական գործոններից մեկը:
Ներքաղաքական կյանքի կարեւոր իրադարձություններից է նաեւ ընդդիմության կողմից կառավարությանն առաջադրած 12 կետերից բաղկացած պահանջը, որով ընդդիմությունը կառավարությանը ներկայացրեց երկրի համար կենսական կարեւոր խնդիրները եւ պահանջեց դրանց անհապաղ լուծումներ տալ: Կառավարության կողմից ընդդիմության առաջ քաշած 12 կետերի չկատարումն էր, որ ընդդիմությունը հոկտեմբերի 10-ին հրավիրեց իր առաջին հանրահավաքը: Հանրահավաքին, տարբեր գնահատականներով, մասնակցեց 30-40 հազար քաղաքացի:
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շոշափելի արդյունքներ ունեցավ: Հանրահավաքից կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ Սարգսյանը վերջնական դիրքորոշում կհայտնի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Փաստացի, հրապարակի ճնշման արդյունքում Սարգսյանը հետաձգեց քաղաքական իր գլխավոր նպատակը` Սահմանադրության փոփոխությունները: Սա եռյակի ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանի երկրորդ խոշոր զիջումն էր:
Եռյակն իր երկրորդ հանրահավաքը կազմակերպեց հոկտեմբերի 24-ին, որտեղ ձեւակերպվեց նաեւ իշխանափոխության անհրաժեշտության գաղափարը: Կարճ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է կառավարությանն առաջարկել վերանայելու ընդդիմության առաջադրած 12 կետերի պահանջը եւ երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Սարգսյանի այս քայլը, սակայն, միանշանակ չընդունվեց եռյակի կողմից՝ հաշվի առնելով Սարգսյանի անցած ճանապարհը եւ նրա վարքագիծը երկխոսության նախորդ փորձերի ընթացքում` եռյակը մերժեց այն:
Կարող ենք արձանագրել, որ 2014 թվականին Հայաստանում ձեւավորվեց քաղաքական ուժի երկրորդ բեւեռը` ի դեմս եռյակի, որը կարողանում է հակակշռել Սերժ Սարգսյանին ու իշխող Հանրապետական կուսակցությանը: Սա անցած տարում քաղաքական դաշտում տեղի ունեցած կարեւորագույն փոփոխությունն է:
Հարկ է նկատել, որ այսօր ստեղծված քաղաքական կոնյունկտուրայի պարագայում եռյակն իրականացնում է Հայաստանի սահմանադրության երաշխավորի դերը: Որպես նկատառում ավելացնենք, որ Սահմանադրության Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունն այս տեսքով եւ այս պահին սպառնում է Հայաստանի անվտանգությանը` խոստանալով Հայաստանին տանել Հյուսիսային Կորեայի ճանապարհով: Նման սցենարի իրականացման դեպքում շոշափելի է դառնում երկարաժամկետ ժամանակահատվածում ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի գրանցած հաղթանակի զրոյացումը:
Արտաքին քաղաքական տարին
Արտաքին քաղաքականության հիմնական դասերը կապված են Ղրիմի ճգնաժամի եւ Ադրբեջանի կազմակերպած սահմանային սադրանքների հետ: Ղրիմի շուրջ զարգացումները ցույց տվեցին, որ ուժն է հանդիսանում միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքը: Թուկիդիդեսի նկարագրած մելոսյան երկխոսությունից մինչեւ մեր օրերը շատ բան չի փոխվել: Այսօր էլ խնդիրն ուժերի փոխհարաբերությունն է, քանի որ հզորներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերն այն, ինչը պարտավոր են: Եթե Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին ժամանակին չհամոզեր Ուկրաինային հանձնել իր միջուկային զենքը, հնարավոր է` այսօր Ռուսաստանը ուժ չկիրառեր Ուկրաինայի նկատմամբ:
Փաստացի, Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի սկզբունքներ ու համաձայնագրեր: Խախտված համաձայնագրերից մեկով Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը պարտավորություններ ունեին Ուկրաինայի նկատմամբ եւ պետք է պաշտպանեին այդ երկրի տարածքային ամբողջականությունը:
1994թ. Բուդապեշտի հուշագրի համաձայն` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը պարտավորվել էին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ձեռնպահ մնալ վերջինիս նկատմամբ ուժ կիրառելուց, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել` հուշագրի պարտավորությունների հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում: Արեւմուտքը համոզել է Կիեւին հանձնել միջուկային զենքը եւ անվտանգության երաշխիքներ տվել, սակայն այսօր, երբ ռուսական զորքն Ուկրաինայի տարածքում է, համաձայնագրի կողմերից ոչ մեկը շոշափելի քայլեր չի ձեռնարկում, որպեսզի չեզոքացնի վերջինիս համար ստեղծված վտանգը: Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը իրենց միջազգային պարտականությունները կատարելու իրական շատ քիչ քայլեր ձեռնարկեցին, որպեսզի պաշտպանեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Ղրիմի շուրջ առկա գործընթացները ցույց տվեցին, որ Արցախը չի կարող կուրորեն վստահել միջազգային հանրության երաշխիքներին: Սույն թվականի մարտին Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդիքը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղի ազատագրած տարածքներից եւ հողերը տա Ադրբեջանին: Իրականում այդ հողերն Արցախի անվտանգության երաշխիքն են, եւ չի կարելի բացառել, որ դրանց վերադարձից հետո Ադրբեջանը կկրկնի այն, ինչն արել է 1988թ.` ղարաբաղյան շարժման առաջին օրերից:
Ազատագրված տարածքներն Արցախի անվտանգության երաշխիքն են, ինչպիսին ատոմային ռումբը կարող էր լիներ Ուկրաինայի համար: Եվ Հայաստանում պետք է լավ հասկանան, որ միջազգային որեւիցե պայմանագիր չի կարող ըստ ամենայնի լուծել անվտանգության այն խնդիրները, որոնք կատարում են ազատագրված տարածքները:
Օգոստոսին սահմանի վրա լարվածության աճը եւ Ադրբեջանի կողմից հաճախակի հարձակումները, ինչպես նաեւ նոյեմբերին հայկական զորքերի զորավարժության ժամանակ Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի զոհված օդաչուների մարմինն ու մասունքների դուրսբերման օպերացիան ցույց տվեցին, որ խաղաղություն պաշտպանող ամենակարեւոր գործոնը հայկական բանակն է: Ուղղաթիռի միջադեպից հետո միջազգային հանրության վարքագիծը ցույց տվեց, որ նրանք կողմերի վրա ազդելու շատ քիչ ռեսուրս ունեն, եւ խաղաղապահ առաքելության ամբողջ պատասխանատվությունը բանակի վրա է:
Գործնականում եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես հայտարարություններ տարածող, եւ տարածաշրջանային այցեր կազմակերպող կառույց է եւ ավելին անել ի զորու չէ:
Պետք է ամրագրել նաեւ, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավոր հայկական բանակն իրեն կարող է վստահ զգալ, եթե վերահսկում է ազատագրված տարածքները: Միջազգային հանրության դերը կարեւորելով հանդերձ` հարկ է նշել, որ տարածաշրջանում այն ունի ազդեցության սահմանափակ ռեսուրսներ, ինչպես նաեւ սեփական շահեր: Հետեւաբար, շարունակելով եւ ամրացնելով միջազգային հանրության հետ հարաբերությունները հնարավոր բոլոր մակարդակներում, հարկ է ընդունել, որ թե ներքին եւ թե արտաքին խնդիրնեը կարող են եւ պետք է գլխավորապես լուծվեն սեփական ուժի եւ ռեսուրսների արդյունավետ գործադրմամբ: