Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Լրագրող
Երեւան
2014 թվականը պատմության մեջ կմնա որպես Ռուսաստանի վրա միջազգային ճնշում գործադրելու տարի: Տարեսկզբին Ռուսաստանը բռնակցեց ուկրաինական Ղրիմն, ինչն այնքան էլ նյարդային չընդունվեց միջազգային հանրության կողմից: Ավելին` Ուկրաինան ինքնակամ հանեց սեփական բանակը Ղրիմից:
Սակայն հետո Ռուսաստանը որոշեց զինված աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի արեւելքում պայքար սկսած անջատողականներին, եւ Արեւմուտքը դա չհանդուրժեց: Մոսկվայի դեմ մի քանի փուլով պատժամիջոցներ ընդունվեցին, որոնք նավթի գնի կտրուկ անկմանը զուգահեռ հանգեցրին Ռուսաստանում ֆինանսական համակարգի լուրջ անկման: Ռուբլին տարեվերջին կորցրեց իր կշռի ուղիղ կեսը, գնաճը հասավ երկնիշ թվերի, եւ խոսք գնաց Ռուսաստանում գործող վարչակարգի փլուզման մասին:
Իսկ մինչ այդ Հայաստանն առանց հապաղելու շարունակում է իր ընթացքը դեպի Եվրասիական տնտեսական միություն: Ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր հայկական կուսակցությունները չէին կարողանում հօգուտ ԵՏՄ-ի հիմնավոր փաստարկներ բերել: Ավելին` եթե սկզբում ԵՏՄ կողմնակիցները խոսում էին 170-միլիոնանոց շուկային միանալու, ինչպես նաեւ տնտեսական այլ օգուտների մասին, ապա տարեվերջին մնաց միայն մեկ փաստարկ` ԵՏՄ չմտնելն ավելի վտանգավոր է, քան մտնելը:
Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապը տարբեր մակարդակներով ոչ ոք չի ժխտում, ոչ ոք չի ցանկանում նաեւ Ռուսաստանի փլուզումն, առավել եւս, որ ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը զգալիորեն կախված է Ռուսաստանի վիճակից, որտեղ աշխատում է մոտ մեկ միլիոն հայ:
Սակայն վերջին մի քանի տարում այդ կապը կորցրել է նույնիսկ արտաքուստ «գործընկերային» բնույթը, վերածվելով պարզապես վասալ-սյուզերեն հարաբերությունների: Այդօրինակ հարաբերությունները հանգեցրին նրան, որ Հայաստանը ստիպված եղավ հրաժարվել Եվրամիության հետ ասոցացումից` դրանից բխող տնտեսական արտոնություններով հանդերձ: Հայաստանը նաեւ հրաժարվեց հարեւան Իրանի հետ համագործակցության շահավետ առաջարկներից, ինչպես նաեւ աշխարհում ձեռք բերեց ինքնուրույնաբար որոշում կայացնելու անընդունակ երկրի համբավ:
Հայաստանում վստահելի սոցիալական հարցումներ չեն անցկացվում` պարզելու համար, թե բնակչության որ մասն է կողմ Եվրասիական միություն մտնելուն եւ որ մասը` եվրաինտեգրման, ու թե ինչպես են փոփոխվել այդ թվերը տարվա ընթացքում: Սակայն նկատելի է, որ եթե տարեսկզբին Ռուսաստանի կողմնակիցները բավականին շատ էին, նույնիսկ կային մարդիկ, ովքեր հավանություն տվեցին Ղրիմի «գործողությանը», ապա տարեվերջին նրանց մի մասը սկսեց պնդել, որ դեպի ճգնաժամ գնացող Ռուսաստանը չպիտի իր հետեւից տանի Հայաստանը: Մեծ Ռուսաստանը կդիմանա ցնցումներին, իսկ Հայաստանը դրա դիմադրողականությունը չունի` ասում են մարդիկ:
Այնուամենայնիվ, դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ վավերացրեց Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը: Չնայած այն բանին, որ Ազգային ժողովում հնչեցին նաեւ վավերացումը հետաձգելու կոչեր` պատգամավորները գերադասեցին «չջղայնացնել» Պուտինին, եւ եթե մինչեւ տարեվերջ Բելառուսն ու Ղազախստանը վավերացնեն պայմանագիրը, ապա Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կդառնա ԵՏՄ անդամ:
Չնայած նրան, որ հենց եվրասիական ընտրությունն է առաջիկա տարիներին որոշելու երկրի զարգացման ուղղությունը բոլոր ոլորտներում, Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են ձեւացնել, թե «շան գլուխն ուրիշ տեղ է թաղված»: Քաղաքական ընդդիմությունն ընդդիմախոսում է իշխանությանը ցանկացած հարցում, բացի Ռուսաստանի հետ հարաբարություններից, իսկ դա նշանակում է, որ իրականում մի բանի էլ չի ընդդիմանում:
Ինչպես կավարտվի տարին Ռուսաստանի համար եւ ինչպես կսկսվի 2015 թվականը` դեռ հարց է, թեկուզ Արեւմուտքն այլեւս չի թաքցնում իրական նպատակները` ստիպել Ռուսաստանի իշխանություններին գործելու խաղի ընդունված կանոններով: Պուտինի վարչակարգը մի կողմից փորձում է հրաժարվել այդ կանոններից, որոնք իրոք իդեալական չեն եւ բավականին կոշտ են, մյուս կողմից էլ ամեն ինչում նմանակում է արեւմտյան համակարգը` չառաջարկելով սեփական տարբերակ:
Ռուսաստանի կառավարությանը շատերը մեղադրում են նավթային եկամուտները ոչ արդյունավետ օգտագործելու համար. հսկայական գումարները չեն ներդրվել զարգացման ծրագրերի մեջ, եւ Արեւմուտքի հետ «գաղափարական պայքարի» համար անհրաժեշտ հիմք չի ստեղծվել: Արդյունքում Պուտինի պայքարը կարող է շարունակվել միայն սեփական ժողովուրդի բարեկեցության հաշվին:
Փորձագետները դիտարկում են իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ: Առաջին` Ռուսաստանի ֆինանսական համակարգի ճգնաժամ, որը կբերի կառավարության հրաժարականի կամ իշխանության տապալման: Եւ երկրորդ` Պուտինն ի հեճուկս Արեւմուտքի արագացնում է Եվրասիական միության ստեղծումը, պարտադրում ընդհանուր տնտեսություն եւ վերազգային կառավարում:
Երկրորդ տարբերակը քիչ հավանական է այն առումով, որ ԵՏՄ մյուս երկրների` Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները դժվար թե թույլ տան իրենց երկրների անկախության կորուստը: Մնում է առաջին տարբերակը: Իսկ ինչպիսի՞ն կլինի այդ պարագայում Հայաստանի ապագան: Արդյո՞ք Հայաստանը կընտրի «ընկերովի մահը»:
Ամենաուշագրավն այն է, որ նման ճակատագրական ընտրություն Հայաստանը ստիպված է կատարել ծիսական 2015 թվականին` ցեղասպանության 100-ամյակի տարում: