Ատելությունը թույլ մարդկանց զայրույթն է:
Ալֆոնս Դոդե
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
Այս տարին էլ մոտեցավ իր ավարտին, բայց դարձյալ ոչ մի քայլ չարեցինք մեր այն գլխավոր «նպատակին» հասնելու համար, որի մասին արդեն խոսում ենք քսան տարուց ավելի: Խոսքս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին է, որի անհրաժեշտությունն այս քսան տարիների ընթացքում տարաբնույթ հայտարարություններով ընդգծվել է եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Ղարաբաղում: Էլ չենք խոսում միջնորդների ու միջազգային կառույցների բազմաթիվ հայտարարությունների մասին:
Խաղաղության մասին, պարզվում է, միայն խոսում ենք, իսկ թե ինչ ենք անում դրա հաստատման համար, կամ անու՞մ ենք, արդյոք, թե՞ ոչ` դեռ հարց է…
Թվում է, բոլորը ձգտում են խաղաղության կամ գուցե եւ խաղաղություն են խաղում, բացի կողմերի լրատվամիջոցներից, որոնց նյութերի թոփ-տասնյակում պարբերաբար հայտնվում են ռազմական կոչեր` այս կամ այն պաշտոնյայի, փորձագետի կամ մեկ ուրիշի շուրթերով հնչող, հակառակորդին հնարավորինս պախարակող նյութեր, հակառակորդից վրեժ լուծելու հորդորներ, թշնամու կերպարն ավելի ընդգծող կարծիքներ եւ այլն: Խաղաղության մասին, կարելի է ասել, առհասարակ ոչ ոք չի խոսում (համենայնդեպս, այդքան բազմաբղետ լրատվադաշտերում եթե եզակիներն էլ կան, ապա դրանց ձայնը գրեթե չի լսվում):
Այս տարին էլ բացառություն չէր, առավել եւս, որ առիթներն էլ քիչ չէին, որոնք ըստ ամենայնի չօգտագործել պարզապես չէին կարող «հայրենասեր» ու «հայրենանվեր» լրատվամիջոցները, որոնք, թվում է, հենց նման առիթիների էլ սպասում էին: Խոսքս այս տարվա ամռան կեսերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացմանն է վերաբերում, որի արդյունքում ղարաբաղյան եւ ադրբեջանական կողմերը կորուստներ կրեցին, եւ որը ստացավ «օգոստոսյան պատերազմ» անունը:
Իհարկե, դա պատերազմ չէր, սակայն կարող էր նաեւ պատերազմի մղել կողմերին: Եթե մարտական դաշտում այդ լարվածությունը ձգվեց մի քանի օր կամ շաբաթ, ապա լրատվական դաշտերում այն շարունակվեց մինչեւ հաջորդ միջադեպը, որ տեղի ունեցավ նոյեմբերին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվեց ԼՂՀ-ում զորավարժությանը մասնակցող ուղղաթիռը. անձնակազմի բոլոր անդամները զոհվեցին, նրանց դիակները դուրս բերելու համար ղարաբաղյան բանակը երկար ժամանակ սպասելուց հետո ստիպված եղավ հատուկ գործողության դիմել: Սա էլ երկրորդ պատճառը, որ եկավ «արդարացնելու» լրատվամիջոցների, մեղմ ասած, ոչ խաղաղարար գործունեությունը:
Այս միջադեպերի համապատկերին հակամարտող կողմերի ԶԼՄ-ներում նորից «վեր հառնեցին» ազգայնամոլությունն ու հակառակորդին հնարավորինս պախարակելու սզբունքով «հայրենասիրությունը», որոնք իրենց արտահայտումը գտան նաեւ սոցիալական ցանցերում. այստեղ վիճակն ավելի խայտառակ էր` ոմանք մեջբերում էին պաշտոնյաների` հակառակորդին ոչնչացնելու մասին հայտարարությունները, մյուսները պատերազմ սկսելու կոչեր էին անում, մի մասն էլ հաշվեհարդար տեսնելու էր մղում եւ այլն: Որքան էլ զարմանալի թվա` հաշվեհարդարի ու «համարժեք» կամ «ոչ համարժեք» պատասխանի մասին խոսում էին հատկապես բարձրաստիճան այն պաշտոնյաները, ովքեր այսքան տարիների ընթացքում քիչ չեն բարձր, հատկապես միջազգային ամբիոններից հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին բարձրաձայնել:
Սա վերաբերում է հակամարտող բոլոր կողմերին, եւ ամենեւին էլ կարեւոր չէ, թե որն ինչ չափով է հակամարտության ոչ խաղաղ կարգավորման «ջրաղացին ջուր լցրել»: Համոզված եմ` կողմերն այստեղ էլ կսկսեն հակառակորդի ճամբարում մեղավորներ փնտրել, սակայն մի բան կարծես թե հստակ է դառնում, որ կողմերը ոչ միայն պատրաստ չեն խաղաղության, այլեւ ցանկություն էլ չունեն, այլապես լրատվամիջոցների նյութերն առավել կոռեկտ ու հավասարակշռված կլինեին (ոչ մեկի համար գաղտնիք չէ տեղեկատվական դաշտի վրա որոշում ընդունողների ազդեցության չափը):
Թվում է` խաղաղության մասին խոսելուց հեշտ գործ չկա, սակայն գնալով նույնիսկ խոսքերն են նվազում: Համենայն դեպս, մարող տարվա զարգացումները դա են վկայում: Եւ քանի դեռ կողմերը տարբեր ոլորտներում են պատերազմում` քաղաքական, տնտեսական, ֆինանսական, տեղեկատվական, եւ խոսում են թշնամանքի լեզվով, խաղաղության հաստատման միտումի մասին վկայել կարելի է մեծ վերապահումով: Այդ ամենը, ցավոք, գնալով խորանում ու կարծրանում է մեր գիտակցության մեջ, եւ պատերազմը սովորական երեւույթ է սկսում դառնալ մարդկանց մտածելակերպում:
Ոմանք կարող են այս կամ այն մակարդակով հերքել տողերիս հեղինակի պնդումները: Այդ դեպքում ինչպե՞ս ենք պատրաստվում խաղաղության հասնել` ռազմատենչ հայտարարություններո՞վ ու դիմացինին անընդհատ մեղադրելո՞վ: Թե՞ այլ ճանապարհ էլ կա: Սա այն գլխավոր հարցն է, որի պատասխանը պետք է գտնեն կողմերը ու փորձեն խուսափել նոր զոհերից ու ճակատագրերի խեղումից:
Պատերազմն առաջին հերթին մեր ուղեղներում ու հոգիներում է: Եւ քանի դեռ մեր գիտակցության մեջ պատերազմ է` տեղեկատվական դաշտում նույնպես պատերազմ է լինելու: Ու խաղաղությունն էլ մեզնից ավելի ու ավելի է հեռանալու: Սա է, ըստ իս, այն դասը, որ պետք է քաղել 2014-ից ու դրան նախորդած տարիներից: