Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության
եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ
2014թ. հրադադարի խախտման առաջին լուրջ դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ ադրբեջանական զինված կազմավորումները դիվերսիոն գործողությունների փորձ են կատարել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի սահմանի հյուսիս-արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններով: Հիշյալ փորձերը կանխվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Մարտերից մեկի ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմի կորուստները տարբեր տվյալներով կազմել են 5-6 հոգի սպանված եւ շուրջ 20 հոգի վիրավոր:
Միջադեպերից հետո` հունվարի 24-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել կրակի դադարեցման ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ եւ նշել, որ դրանք կարող են խաթարել բանակցային գործընթացն ու խաղաղ հեռանկարը[1]:
Հակամարտության գոտում լարվածությունը որոշակիորեն աճել է այն բանից հետո, երբ տարածվել է ԼՂՀ Շահումյանի շրջան (շրջկենտրոնը` ք. Քարվաճառ) դիվերսանտների ներթափանցման մասին տեղեկատվությունը: ԼՂՀ Ոստիկանության տվյալների համաձայն` հունիսի 29-ին երեք հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբն ապօրինաբար հատել է ԼՂՀ պետական սահմանը եւ հուլիսի 4-ից մինչեւ 11-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ Շահումյանի շրջանում կատարել է երկու սպանություն եւ ծանր հրազենային վերք է պատճառել մի կնոջ: Երկու դիվերսանտները ձերբակալվել են, իսկ երրորդը ոչնչացվել է կալանավորման ժամանակ:[2] Դիվերսիոն գործողությունների փաստով հավաքված նյութերի հիման վրա ԼՂՀ Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ:[3] Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում սկսվել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը:[4]
Դիվերսանտների ձերբակալությունից հետո ադրբեջանական կողմը բազմիցս կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը: Այդ գործողություններն իրենց չափերով աննախադեպ էին հրադադարից հետո անցած բոլոր 20 տարիների ընթացքում: Հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված կազմավորումները ԼՂՀ սահմանին ձեռնարկել են դիվերսիայի 16 ձախողված փորձ, իսկ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը 40-50 հոգանոց զինված խումբը հարձակում է գործել ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերից մեկի վրա:[5] Հանդիպելով համաչափ հակազդեցության` հակառակորդը դադարեցրել է հարձակումները, իսկ իրավիճակը` հարաբերականորեն կայունացել: Իրավիճակի կայունացման մեջ կարեւոր դեր է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը. օգոստոսի 10-ին նա Սոչիում կազմակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում:[6]
Կրակի դադարեցման ռեժիմի մյուս կոպիտ ու արտառոց խախտումը տեղի է ունեցել 2014թ. նոյեմբերի 12-ին: ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հանրապետության օդային տարածքում` ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում, տեղի ժամանակով շուրջ 13.45-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման արդյունքում խոցվել է ուսումնավարժական թռիչք կատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը:[7] Զոհվել են ուղղաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները:
Միջադեպը տեղի է ունեցել ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զինավարժությունների անցկացման ժամանակ: Զինավարժությունների ընթացքին հետեւում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով զինավարժության մասնակիցներին շնորհավորել է պայմանական մարտի դաշտում ցուցաբերած քաջության, բարձր մարտական ունակությունների եւ լայնածավալ զինավարժությունների հաջող անցկացման առթիվ: Զինծառայողների առաջ ունեցած ելույթում Հայաստանի նախագահը, անդրադառնալով խոցված ուղղաթիռի թեմային, նշել է, որ գալու է հատուցման օրը:[8] ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանական գերատեսչությունների եւ մի շարք հայ քաղաքագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչել են պատասխան գործողությունների դիմելու անհրաժեշտության մասին հայտարարություններ:[9]
ԼՂՀ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններով: Միջադեպին հաջորդել է նաեւ միջազգային արձագանքը. հակամարտության սրացման կապակցությամբ մտահոգություն են հայտնել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԱՄՆ կոնգրեսականները եւ այլ պաշտոնական անձինք եւ կազմակերպություններ:
Ի հեճուկս միջազգային արձագանքի եւ ԿԽՄԿ (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) ու ԵԱՀԿ ԳՆԱՆԳ (գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ) ակտիվացման[10]` ադրբեջանական կողմը չի թույլատրել մոտենալ չեզոք գոտում խփված ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերին: Այսպիսով, Ադրբեջանը խուսափել է կատարել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում իր ստանձնած պարտավորությունները: ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձեռնարկած դիվանագիտական ջանքերի ձախողումից հետո` նոյեմբերի 22-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանության բանակը փայլուն գործողություն է իրականացրել` անձնակազմի զոհված անդամների աճյունները եւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերը վերադարձնելու համար:[11] Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ «Հայաստանին հաջողվել է հետ վերադարձնել աճյունները, ինչը հարգանքի արժանի գործ է եւ պարտք` զոհված օդաչուների նկատմամբ»:[12]
Ուղղաթիռի հետ կատարված միջադեպն Ադրբեջանի իշխանություններն օգտագործել են որպես առիթ` ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ մասին տեղեկացրել է նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO):[13] Թեեւ տվյալ քայլն Արցախում որոշակի հեգնանքով[14] է ընդունվել, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը փաստացի եւս մի քայլ է արել Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը խաթարելու եւ միջազգային քաղաքացիական թռիչքները խոչընդոտելու համար:
Միջազգային միջնորդությունը
2014թ. մայիսին հակամարտության կողմերի ղեկավարությանը ներկայացվել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Պյեր Անդիոն, ով փոխարինել է Ժակ Ֆորին:[15]
Գարնանը հակամարտության կողմերի իշխանությունների եւ հասարակությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակում: (2014թ. մայիսի 7): Դեսպան Ուորլիքը լսարանին ներկայացրել է խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Պետք է նշել, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Վաշինգտոնում ներկայացված կառավարական սույն դիրքորոշումը գրեթե չի տարբերվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող այլ երկրների մոտեցումներից:
Դեսպան Ուորլիքի ելույթը եւ հրադադարի 20-ամյա տարելիցի առթիվ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը[17] հերթական անգամ ցույց են տվել, որ միջազգային միջնորդները շարունակում են առաջնորդվել նախկին Խորհրդային Միության տարածքում հռչակված նոր պետությունների նկատմամբ 1991թ. ուժային կենտրոնների որդեգրած որոշումներով եւ հայեցակարգերով: Նոր պետությունների ընտրովի/խտրական միջազգային ճանաչումը հետագայում պատերազմների վերածված հակամարտությունների ընդարձակման հիմնական պատճառներից էր:
Բանակցային գործընթացի լճացման համար պատասխանատու են ոչ միայն միջազգային միջնորդները, այլեւ հակամարտող կողմերի իշխանությունները: Քարնեգիի հիմնադրամում ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է. «Գոյություն ունի սկզբունքների, ընկալումների եւ փաստաթղթերի հավաքական ամբողջություն, որն արդեն քննարկվել է եւ հանդիսանում է այն համաձայնագրի նախօրինակը, որի համար ոչ ոք չի խնդրել, որ մենք այն մի կողմ դնենք»: Դեսպան Ուորլիքը հասկացրել է, որ այդ մոտեցումները չեն փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտող կողմերը դրանցից չեն հրաժարվել: Դատելով հակամարտության կարգավորման նախապես հրապարակված սկզբունքների եւ Ջեյմս Ուորլիքի հիշյալ ելույթի նկատմամբ հանրային արձագանքից` «մադրիդյան փաստաթղթի» եւ, հատկապես, վերջինիս կոնկրետ տարրերի հանդեպ առկա է խիստ բացասական վերաբերմունք:[18] Միջազգային միջնորդները հասարակություններից համապատասխան ազդանշաններ են ստացել, բայց նրանց անհրաժեշտ է նաեւ հակամարտող կողմերի իշխանությունների մերժումը:
Հայկական դիվանագիտությունը միջազգային միջնորդներին վաղուց պետք է ազատեր կեղծ պատրանքներ փայփայելուց, ինչը նրանց եւ հակամարտող կողմերին թույլ կտար մշակել ժամանակակից իրողություններին համապատասխանող եւ խաղաղությանը ու ոչ թե պատերազմին նպաստող կարգավորման նոր սխեմաներ:
Մեծ հետաքրքրություն են հարուցել Ադրբեջանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Մոռնինգսթարի հայտարարությունները:[19] 2014թ. մայիսին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը «RFE/RL»-ին տված հարցազրույցում աներկբա ասել է, որ Ղրիմում Ռուսաստանի կատարածից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն էլ ավելի արդիական է դարձել: Այս անհրաժեշտությունը նա պայմանավորել է անկայունության գոտու առկայությամբ, որն, իր խոսքերով, սպառնում է Ադրբեջանի անկախությանը: Դեսպանը փաստորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի անկախության միակ երաշխավորն է:
Եթե ի մի բերենք երկու ամերիկացի դիվանագետների արտահայտած մտքերը, ապա կարելի է եզրակացնել, որ «մադրիդյան փաստաթղթի» հիման վրա ղարաբաղյան հակամարտությունը հրատապ կարգավորելու ձգտումն այլ բան չէ, քան Ադրբեջանի ինքնիշխանությունն ու անկախությունն ապահովելու փորձ` Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անվտանգության հաշվին: Ստեղծված պայմաններում տրամաբանական ու բանական էր ճանաչել ԼՂՀ-ի գոյության եւ նրա քաղաքացիների` խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքները: Ադրբեջանի անկախ պետականության երաշխավորներին հարկ էր բացատրել, որ Ադրբեջանն ավելին պահպանելու համար պետք է սովորի հրաժարվել նվազից: Այլապես` պաշտոնական Բաքվի քաղաքական հավակնությունները եւ Արցախի նկատմամբ անհիմն պահանջատիրությունը կարող են հանգեցնել Ադրբեջանի հետագա տրոհմանը:
2014թ. ԵԱՀԿ ՄԽ համանաախագահներն ու համանախագահող երկրների ղեկավարները փորձել են բանակցային գործընթացին նոր լիցք հաղորդել եւ կարողացել են կազմակերպել վերջին տարիների համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների աննախադեպ թվով հանդիպումներ: Երկու երկրների նախագահները օգոստոսին եւ հոկտեմբերին ունեցել են երեք հանդիպում. Սոչիում` ՌԴ նախագահ Վ. Պուտինի, Նյուպորտում` ԱՄՆ պետքարտուղար Քերրիի եւ Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը: Ֆրանսուա Օլանդի կոչն ադրբեջանական կողմի մոտ ոգեւորություն է առաջացրել. վերջինս վաղուց փորձ է անում խուսափել ԼՂՀ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ճանաչումից եւ առաջարկում է կարգավորման հիմնարար սկզբունքների քննարկումից անցնել ինչ-որ Մեծ խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը:
Այսպիսի համաձայնագրի մշակումը կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ իշխանություններն ընդունեն ադրբեջանական դիրքորոշմանը համահունչ Օլանդի առաջարկը: Ըստ էության, այն կնշանակեր վերադարձ 1993-1997թթ. բանակցային գործընթացին, երբ Ռուսաստանի, իսկ ապա նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂՀ, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունները քննարկում էին զինված հակամարտության դադարեցման մասին Համաձայնագրի նախագիծը:[20]
Դեկտեմբերի 4-5-ին շվեյցարական Բազել քաղաքում կայացել է ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նստաշրջանը: Համաժողովի առաջին օրը համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հանդես են եկել միասնական հայտարարությամբ: Նախարարները նշել են, որ նրանք «նախկինի պես ամուր կերպով հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այն չունի ռազմական լուծում: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից եւ ակտիվորեն աշխատել ամուր կարգավորման հասնելու համար»: ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները կողմերին կոչ են արել զսպվածություն դրսեւորել եւ չթույլատրել իրավիճակի հետագա սրացում, ինչպես նաեւ կարգավորել մարդասիրական հարցերը` 2010 թ. Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարության ոգուն համապատասխան: Հայտարարության մեջ ասվում է, թե սպասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում շարադրված տարրերի եւ սկզբունքների ընդունումը ՀՀ եւ ԱՀ նախագահների կողմից` որպես հիմք համապարփակ կարգավորման համար: Հայտարարությունում ասված է, որ «համանախագահող երկրների հովանու ներքո համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ»:[21]
2014 թ. ադրբեջանական կողմը շարունակում էր քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակից դուրս բերելու ուղղությամբ:[22]
Ճանաչման գործընթացը
2014 թվականին մենք ականատես եղանք ԼՂՀ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ճանաչման ԱՄՆ-ի եւ Իսպանիայի տեղական օրենսդիր մարմինների մակարդակով:
2014թ. մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրենսդիր ժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի նախագիծը: Որպես գործընթացի շարունակություն` օգոստոսի 27-ին Կալիֆոռնիա նահանգի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է AJR 32 բանաձեւը` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին: Բանաձեւն ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է ուղղում ճանաչել եւ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Կալիֆոռնիան դարձել է թվով հինգերորդ նահանգը, որն Արցախի վերաբերյալ այդօրինակ բանաձեւ է ընդունել: Ուշագրավ է, որ Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ազդեցիկ եւ ամենազարգացած տնտեսությունն ունեցող սուբյեկտն է: Այս առումով, Կալիֆոռնիայի Սենատի որոշումը կարող է խթանել ամերիկյան այլ նահանգների կողմից ԼՂՀ ճանաչման գործընթացը: Բացի դրանից, այդ որոշումը Արցախի եւ Կալիֆոռնիա նահանգի միջեւ բազմակողմանի ուղիղ համագործակցության մեծ հնարավորություններ է բացում:[23]
Սեպտեմբերի 11-ին Բասկերի երկրի Հիպուսկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանո Լարանիագան ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն եւ վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Բասկերի երկիրը կհասնեն միջազգային ճանաչման:
Սեպտեմբերի 12-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձեւ: Բանաձեւում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օժտված է ինքնորոշման իրավունքով, իսկ հակամարտության կարգավորման միակ հիմքը` այդ ժողովրդավարական իրավունքի իրացումն է: Բասկերի երկրի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմամբ սկսվել է Եվրոպայում ԼՂՀ ճանաչման գործընթացը:
ԼՂՀ-ի` իր իսկ ապագային վերաբերող որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքի ճանաչումն արտացոլված է Նավառայի խորհրդարանում ընդունված հայտարարության մեջ: Նոյեմբերի 3-ին Նավառայի (Իսպանիայի գերազանցապես բասկերով բնակեցված ինքնավար նահանգ) խորհրդարանի Խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում Նավառայի խորհրդարանը միջազգային հանրությանը եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբին ու ԵՄ-ին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ միջոցները` ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու համար: Հայտարարության մեջ վստահություն է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անհրաժեշտաբար պետք է լիիրավ կողմ լինեն երկրի ապագայի համար վճռորոշ դեր ունեցող բանակցային յուրաքանչյուր ձեւաչափում: Հայտարարության մեջ ողջունվում է ժողովրդավարության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցուցաբերած հավատարմությունը:[24]
Հունվարի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչելու մասին բանաձեւ:[25]
2014թ. ԼՂՀ-ի եւ մի շարք այլ երկրների քաղաքների միջեւ ստորագրվել են բարեկամության եւ փոխգործակցության մասին համաձայնագրեր:
Սեպտեմբերի 13-ին Ստեփանակերտ եւ Դոնոստիա (բասկյան Հիպուսկոա նահանգի մայրաքաղաք) քաղաքների միջեւ ստորագրվել է Համագործակցության մասին համաձայնագիր:
Հոկտեմբերի 5-ին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը եւ այցով Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ-Լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուրյեն ստորագրել են երկու քաղաքների միջեւ Բարեկամության հռչակագիր:
Հոկտեմբերի 28-ին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հադրութի (ԼՂՀ) հետ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին հռչակագիր: Հռչակագրում նշվում է, որ Հադրութի բնակիչները, ինչպես եւ ողջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պատերազմի, զանգվածային սպանությունների, տնտեսական զրկանքների եւ լուրջ փորձությունների առջեւ ամրություն ու անսասանություն են դրսեւորել:
Նոյեմբերի 17-ին ֆրանսիական Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլյա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամ դառնալու որոշման մասին:[26] Նիկոլյա Դարագոնը հայտնել է նաեւ Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ Բարեկամական հարաբերությունների հաստատման մասին հռչակագիրը ստորագրելու մտադրության մասին:
Նոյեմբերի 19-ին Բուք-Բել-Էր քաղաքաքապետարանում ստորագրվել է Ասկերան (ԼՂՀ) եւ Բուք-Բել-Էր (Ֆրանսիա) քաղաքների միջեւ Բարեկամության մասին հռչակագիր: Հռչակագիրն ուղղված է երկու քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառներում բարեկամական հարաբերություննրի հաստատմանը:
2014թ. աշխատանքներ են տարվել նաեւ խորհրդարանական եւ կուսակցական խողովակներով:
Հոդվածի ամբողջական տարբերակին (ռուսերեն) կարող եք ծանոթանալ այստեղ:
[1] https://theanalyticon.com/?p=4264&lang=ru
[2]http://artsakhnews.am/?p=1007 , http://www.kavkaz-uzel.ru/articles/242667/ ,http://www.nkr.am/ru/news/2014-05-27/624/ , http://www.nkr.am/ru/news/2014-05-13/619/ , http://www.nkr.am/ru/news/2014-05-12/618/
[3]http://www.nkr.am/ru/ceasefire-agreement/147/
[4]http://www.osce.org/mg/110589
[5]http://news.am/rus/news/220177.html
[6]http://www.tert.am/ru/news/2014/07/15/Criminal-case1/
[7]http://russia-armenia.info/node/11162
[8]http://armenpress.am/rus/news/773072/
[9]http://www.kremlin.ru/news/46427
[10]http://www.panarmenian.net/rus/news/181310/
[11]http://www.aravot.am/2014/08/06/486440/
[12]http://www.panarmenian.net/rus/news/184727/
[14]http://news.am/rus/news/239303.html
[15]http://www.osce.org/mg/126923
[16]http://nkr.am/ru/news/2014-11-19/682/ , http://nkr.am/ru/news/2014-11-17/679/
[17]http://ria.ru/world/20141122/1034594631.html
[18]http://news.am/rus/news/241546.html
[19]http://www.utro.ru/articles/2014/11/13/1221561.shtml
[20]http://www.panarmenian.net/rus/news/184758/
[21]http://rus.azatutyun.am/content/article/25388781.html
[22]http://armenia.usembassy.gov/news050714.html
[23]http://www.osce.org/mg/118419
[24]http://www.un.org/russian/news/story.asp?newsID=13923#.U6Acn5R_vSh
[25]Визит сопредседателей Минской группы ОБСЕ в Нагорный Карабах был встречен акцией протеста, http://www.kavkaz-uzel.ru/articles/242763/, Неправительственные организации Нагорного Карабаха: “мадридские принципы” приняты в угоду Азербайджану, http://www.kavkaz-uzel.ru/articles/156804/ , Сопредседатели Минской группы ОБСЕ встретились с представителями неправительственных организаций НКР,http://www.mediamax.am/ru/news/karabakh/8543/