Միքայել Զոլյան
Ավտորիտարիզմը, ժողովրդավարությունը եւ հակամարտությունը
Բասկյան հակամարտության ակնհայտ դասերից մեկը ժողովրդավարության եւ հակամարտության խաղաղ փոխակերպման փոխկապակցվածությունն է: Ի դեպ, առկա է նաեւ մեդալի մյուս կողմը. ոչ ժողովրդավարական վարչակարգի եւ հակամարտության սրման փոխկապակցվածությունը: Այսպես, բասկյան հակամարտության հետազոտողները համակարծիք են, որ Ֆրանկոյի բռնապետությունը նպաստել է հակամարտության ծագմանը, կամ էլ, համենայնդեպս, դրա անցմանը բռնության փուլ: Ինչ խոսք, Բասկերի Երկրում հակամարտային ներուժ կար նաեւ առանց Ֆրանկոյի. դեռեւս դարասկզբից ակնհայտ էր բասկյան մշակույթն ու լեզուն պահպանելու՝ բասկ մտավորականների ձգտման եւ երկիրը միատեսակ դարձնելու ու հոմոգենության հասնելու՝ Մադրիդի ջանքերի հակասությունը:
Սակայն հանրապետության ժամանակաշրջանում, թվում էր, հիմնախնդրի փոխզիջումային լուծում էր գտնվել՝ տարածաշրջանային ինքնավարության տեսքով: Քաղաքացիական պատերազմը եւ դրան հաջորդած բռնապետությունը միառժամանակ թաղեցին ինքնավարության բոլոր հույսերը:
Սկզբում տեղի ունեցավ դաժան պատերազմը, որում բասկ ազգայնականները հանդես էին գալիս հանրապետության օգտին, իսկ այնուհետեւ պատիժը՝ հանրապետականներին պաշտպանելու համար, այդ թվում՝ Գերնիկայի ռմբակոծումը, հազարավոր մարդկանց գնդակահարություններն ու ձերբակալությունները: Այնուհետեւ ֆրանկոյական բռնապետության տարիներն էին, բռնապետություն, որը թշնամաբար էր վերաբերվում բասկյան նույնականության ցանկացած դրսեւորման նկատմամբ, էլ չենք խոսում ինքնավարությանն առնչվող քաղաքական պահանջների լիակատար արգելանքի մասին: Այդ առումով Բասկերի Երկրում առկա իրավիճակը հիշեցնում է խորհրդային տարիների Լեռնային Ղարաբաղը. մի կողմից՝ ազգային փոքրամասնության մտահոգություն սեփական մշակույթը պահպանելու եւ զարգացնելու հնարավորության համար, մյուս կողմից՝ գոյություն ունեցող քաղաքական համակարգի շրջանակներում այդ մտահոգությունը դրսեւորելու անհնարինություն: Բասկերի Երկրում նման իրավիճակը բերեց նրան, որ 20-րդ դարի կեսերին Բասկյան ազգայնական կուսակցությունը (ԲԱԿ), որը բասկերի ազգային ինքնորոշման գաղափարի հիմնական կրողն էր, սկսեց կորցնել աջակցությունը:
Երիտասարդությունը հիասթափվել էր ԲԱԿ-ի գաղափարախոսությունից, որը սոցիալական պահպանողականությունը համատեղում էր պայքարի ոչ բռնի եղանակներին հակվածության հետ: Շատերն այլընտրանք էին տեսնում բասկյան ազգայնականության, ձախ (մարքսիստական) գաղափարախոսության եւ բռնապետությանն ակտիվ, այդ թվում բռնությամբ դիմադրելու համադրման մեջ: Սույն էվոլյուցիան հանգեցրեց ԷՏԱ-ի ծագմանը, որը բռնեց Ֆրանկոյի բռնապետության դեմ զինված պայքարի ուղին: 1960-ականների վերջում եւ 1970-ականներին ԷՏԱ-ն այն լայն ճակատի մի մասն էր, որը միավորում էր Ֆրանկոյի վարչակարգի հակառակորդներին եւ վայելում էր եվրոպական հասարակական կարծիքի աջակցությունը:
Իրավիճակն արմատապես փոխվեց Ֆրանկոյի վարչակարգի կազմաքանդման եւ իսպանական քաղաքական համակարգի ժողովրդավարացման արդյունքում: ԷՏԱ-ի մարտիկները շատ շուտով Իսպանիայի հասարակական կարծիքում բռնապետության դեմ պայքարի հերոսներից վերածվեցին ահաբեկիչների եւ մարդասպանների: Բուն Բասկերի Երկրում ամեն ինչ այդքան միանշանակ չէր, բայց այստեղ եւս շատերը, այդ թվում նաեւ նրանք, ովքեր կիսում էին լիակատար անկախության ձգտումը, երես թեքեցին ԷՏԱ-ի արմատականներից: Բանը նրանում է, որ Իսպանիայի ժողովրդավարացման գործընթացում գտնվել էր փոխզիջում, որը պայմաններ էր ստեղծում Բասկերի Երկրում հակամարտության խաղաղ փոխակերպման համար: Իսպանիայի պետական նոր կառուցվածքը ինքնըստինքյան փոխզիջում էր տարածաշրջաններում կենտրոնախույս միտումների (այդ թվում՝ բասկյան եւ կատալոնական ազգայնականության) եւ Մադրիդի կենտրոնաձիգ բնազդների միջեւ: Արդյունքում, թեեւ կողմերից ոչ մեկը չստացավ ցանկալի առավելագույն արդյունքը (լիակատար անկախություն կամ միատարր պետություն), ստեղծվեց մի իրավիճակ, որն, ըստ էության, հարաբերականորեն ընդունելի էր բոլոր կողմերի համար: Ընդ որում, դա կատարվեց իսպանական պետության ժողովրդավարական վերակառուցման գործընթացում, ինչը շատ իսպանացիների համար չէր ընկալվում որպես հարկադրված զիջում անջատողականներին, թեեւ, ինչ խոսք, ոմանք, այդ թվում՝ նախկին ֆրանկոյականները, կատարվածը հենց այդպես էին ընկալում:
Արդյունքում Բասկերի Երկրում կատարվեց մի բան, որ շատ նման է հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում տեղի ունեցածին. հակամարտությունը չլուծվեց, բայց կատարվեց դրա ժողովրդավարական փոխակերպումը: Իհարկե, կային նաեւ զգալի տարբերություններ, օրինակ՝ նրանում, որ ԷՏԱ-ի/«Էրրի Բատասունայի» փոխակերպումը քաղաքական ուժի շատ ավելի բարդ էր, քան ԻՀԲ-ի/«Շին Ֆեյնի» պարագայում, այդ թվում եւ պետության կողմից հետապնդումների արդյունքում, սակայն սա արդեն առանձին թեմա է, որը դժվար է բացահայտել ոչ մեծ հոդվածի շրջանակներում:
Հիմնական հոսանքը (mainstream) եւ արմատականները
Ինչպես ցույց է տալիս Բասկերի Երկրի փորձը՝ կախվածություն կա խաղաղ-ժողովրդավարական քաղաքական գործընթացի եւ հակամարտության կողմերի արմատականացման աստիճանի միջեւ: Երբ ավտորիտար քաղաքական վարչակարգի պարտադրած սահմանափակումների պատճառով քաղաքական պայքարի ժողովրդավարական եղանակներն անհնար են դառնում, ապա դա նպաստում է հանրության արմատականացմանը եւ արմատական քաղաքական ուժերի ժողովրդականության մեծացմանը: Եւ ընդհակառակը՝ Իսպանիայում ժողովրդավարական քաղաքական համակարգին անցնելուն զուգընթաց Բասկերի Երկրում արմատական ուժերի ազդեցությունն սկսեց անկում ապրել:
Հետազոտողները կարծիքով, պատահական չէ, որ ԷՏԱ-ի իրականացրած ահաբեկչությունների ամենամեծ ծավալը գրանցվել է 1970-ականների վերջում, երբ տեղի էր ունենում ֆրանկոյական վարչակարգի «վերակառուցում»: Որոշ հետազոտողներ դա բացատրում են նրանով, որ ԷՏԱ-ի արմատականները մտահոգ էին, որ եթե իրականացվի ժողովրդավարական վերափոխությունների ծրագիր, եւ Բասկերի Երկիրը ինքնավարություն ստանա իսպանական պետականության շրջանակներում, ապա դա կանդրադառնա իրենց ուժային մեթոդների ու լիակատար անկախություն ենթադրող արմատական ծրագրերի սատարման մակարդակի վրա: Դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ արմատականների մտահոգությունն արդարացված էր: Ռազմականացված ավտորիտար վարչակարգը, որը հրաժարվում էր փոխզիջումների գնալ եւ ճնշում էր քաղաքական այլակարծությունը, շատ ավելի հարմար հակառակորդ էր ԷՏԱ-ի ահաբեկիչ-հեղափոխականների համար, քան ժողովրդավարական կենտրոնական կառավարությունը, որը Մադրիդում հաստատվել էր Խուան Կառլոս թագավորի բարեփոխումների արդյունքում:
Իհարկե, քաղաքական նոր համակարգի օրոք եւս այն մեթոդները, որոնցով իսպանական կառավարությունը պայքարում էր բասկ անջատողականների դեմ, մեղմ ասած, ոչ միշտ էին համապատասխանում նրա ժողովրդավարական հռետորաբանությանը: Ոչ քիչ վկայություններ կան այն բանի, թե ինչպես են իսպանական ուժային կառույցները կոպտորեն ոտնահարում մարդու իրավունքները: Ցավոք, սա միակ դեպքը չէ, երբ «ահաբեկչության դեմ պայքարի» ազնիվ նպատակն օգտագործվում էր ամենատհաճ մեթոդների, այդ թվում՝ խոշտանգումների ու ապօրինի ձերբակալությունների արդարացման նպատակով: Նաեւ տեղ էին գտնում ժողովրդավարական քաղաքական պայքարի սահմանափակումներ, օրինակ՝ երբ ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով արգելում էին ընտրություններին մասնակցել այս կամ այն քաղաքական գործչին: Բայց, ընդհանուր առմամբ, դեպի իրենց նպատակը օրինական եւ խաղաղ ճանապարհներով գնալու հնարավորություն էր հայտնվել նրանց մոտ, ովքեր հանդես էին գալիս Բասկերի Երկրի ազգային ինքնորոշման օգտին:
Ստեղծված իրավիճակում հակամարտությունն սկսեց առավելապես ներբասկյան բնույթ կրել: Հարկ է հավելել, որ դա միանգամայն տիպական իրավիճակ է նմանատիպ շատ հակամարտությունների համար. անջատողականների ու կենտրոնի միջեւ հակամարտությունը հաճախ զուգակցվում է անջատման կողմնակիցների ու հակառակորդների միջեւ հակամարտություններով այն հանրություններում, որոնց ինքնորոշման համար էլ մղվում էր այդ պայքարը: Հաճախ հակամարտության դինամիկան, մասնավորապես՝ կենտրոնական իշխանությունների պատժիչ միջոցները հանգեցնում են նրան, որ հանրության մեծ մասը համախմբվում է հենց այն ուժերի շուրջ, որոնք առավել արմատական ծրագրով են հանդես գալիս: Բասկյան իրավիճակի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այստեղ հակառակն էր տեղի ունենում. չափավոր ուժերի ազդեցության աճ եւ արմատականների լուսանցքայնացում: Իսպանիայի՝ ժողովրդավարական, տնտեսապես զարգացած եւ եվրոպական կառույցներին ինտեգրված պետություն դառնալուն զուգընթաց ամրանում էին նրանց դիրքերը, ովքեր մերժում էին ինքնորոշման համար բռնի մեթոդները: Ժողովրդավարացումը նպաստում էր, որպեսզի Բասկերի Երկրում կայանա քաղաքական նախապատվությունների բավականին տարաբնույթ պատկեր: Նրա շատ բնակիչներ (այդ թվում եւ էթնիկ շատ բասկեր) միասնական Իսպանիայի կողմնակիցներ են: Ուրիշները բավարարված են ինքնավարության բարձր աստիճանով: Այլք հանդես են գալիս Բասկերի Երկրի լիակատար անկախության օգտին, բայց մերժում են բռնի մեթոդները: Վերջապես, քիչ չեն նաեւ նրանք, ովքեր տեսականորեն պաշտպանում են այն, ինչ իրենք համարում են «պայքար» ընդդեմ «իսպանական իմպերիալիզմի», բայց, ըստ երեւույթին, նույնիսկ այդ միջավայրում համեմատաբար քիչ են նրանք, ովքեր գործնականում պատրաստ են միանալ այդ «ազատագրական պայքարին»:
Այս համապատկերում մեզ համար հատկապես հետաքրքիր է քաղաքացիական հասարակության փորձը: Քաղաքացիական հասարակության տարբեր գործիչներ, ովքեր հակազդել էին բռնությանը, նպաստում էին այն բանին, որպեսզի բռնության կողմնակիցները հայտնվեն լուսանցքում եւ, ի վերջո, հրաժարվեն իրենց մեթոդներից: Դա թե «Էլկարի»-ի կամ «Խեստո պոր լա պաս»-ի պես կազմակերպություններն էին, որոնք հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակիցներին միավորում էին բուն Բասկերի Երկրում, եւ թե հակամարտության զոհերի հարազատների տարբեր միավորումներ էին: Ոչ քիչ դեր են խաղացել նաեւ ինտելեկտուալները, լրագրողներն ու արվեստի մարդիկ: Հարկ է առանձնակի նշել նրանց դերը, ովքեր ընդունելով Բասկերի Երկրի լիակատար անկախության նպատակը՝ մերժում էին դրան միտված պայքարի բռնի մեթոդները: Այդօրինակ դիրքորոշումն արմատականներին եւ բռնության կողմնակիցներին զրկում էր նրանից, ինչն ընդունված է անվանել հայրենասիրության «մենաշնորհ»:
Այդ խմբերի փորձը շատ կարեւոր է նաեւ մեր տարածաշրջանում: Թեեւ այստեղի համապատկերը միանգամայն այլ է, մեր երկրների համար եւս, ցավոք, շատ տիպական իրավիճակ է, երբ հենց արմատականությունն է մարդկանց այս կամ այն խմբին թույլ տալիս իրեն երեւակելու որպես միակ «զտարյուն հայրենասերի», միաժամանակ մյուս բոլորին մեղադրելով լավագույն դեպքում չափից ավելի փափկության եւ անվճռականության, իսկ վատագույն դեպքում՝ դավաճանության մեջ: Նման ինչ-որ բանի հետ, իհարկե, խաղաղարարները գործ են ունեցել նաեւ Բասկերի Երկրում: Այսպես, «Լոկարի» ընկերության տնօրեն Պաուլ Ռիոսի (սկայպով հարցազրույց՝ 2014թ. հոկտեմբերի 22) ասելով՝ իսպանական կառավարությունը խաղաղարարներին մեղադրում էր ահաբեկիչների հետ համագործակցության մեջ, իսկ ԷՏԱ-ի շատ կողմնակիցներ նրանց համարում էին Մադրիդի կամակատարներ: Այդուամենայնիվ, բասկյան հանրության լայն շերտերի համար խաղաղարարների ուղերձն ընդունելի եղավ, եւ լուսանցքայնացման ենթարկվեցին հենց նրանք, ովքեր հանդես էին գալիս հիմնախնդիրը բռնի մեթոդներով լուծելու օգտին:
Եզրահանգումներ եւ առաջարկություններ
Ինչպես եւ Հյուսիսային Իռլանդիայի պարագայում՝բասկյան հիմնախնդիրը մեծապես տարբերվում է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակից, ինչը, բնականաբար, թույլ չի տալիս խոսել հակամարտության լուծման որեւէ կոնկրետ մոդելի կիրառման մասին: Սակայն, Հյուսիսային Իռլանդիայի նման, Բասկերի Երկրի փորձի մեջ կան որոշակի դասեր, որոնք կարելի է քաղել այդ հակամարտությունն ուսումնասիրելիս:
Եւ այսպես, առաջինն, ինչ աչքի է զարնում Բասկերի Երկրում, հետեւյալն է՝ այս հակամարտությունը եթե չի ծագել, ապա, համենայնդեպս, ուժային բնույթ է կրել Մադրիդի ավտորիտար քաղաքականության արդյունքում: Այդ առումով, միանգամայն տեղին է խորհրդային համակարգում այլախոհության (այդ թվում եւ այն բանի, ինչ համարվում էր «ազգայնամոլության դրսեւորում») ճնշման համեմատությունը բասկյան ազգայնականության նկատմամբ Ֆրանկոյի վարչակարգի քաղաքականության հետ, ինչը հանգեցրել է ազգայնականության արմատականացմանը եւ պայքարի ուժային մեթոդների որդեգրմանը: Թե մեկ, եւ թե մյուս դեպքում, չնայած ակնհայտ տարբերություններին (այդ թվում եւ հօգուտ խորհրդային համակարգի, ինչը դրսեւորվել էր նրանում, որ Լեռնային Ղարաբաղն ինքնավարություն էր, իսկ Բասկերի Երկիրը՝ ոչ), ամենահիմնական եւ կարեւոր նմանությունը կայանում էր հետեւյալում. ժողովրդավարության բացակայությունը հանգեցրել էր հակամարտության խաղաղ փոխակերպման անհնարինության:
Իհարկե, Իսպանիայի «բախտը բերել է» առավել, քան ԽՍՀՄ-ինը. «վերակառուցման» իսպանական տարբերակն ավարտվեց ժողովրդավարական քաղաքական համակարգի ստեղծմամբ: Հենց նրա շնորհիվ, թեեւ դժվարությամբ, բայց այդուհանդերձ, հնարավոր եղավ հակամարտության փոխակերպում եւ բռնության ոլորտից դրա անցում քաղաքական պայքարի ոլորտ: Ընդ որում, ուշագրավ է, որ ժողովրդավարության առաջին փուլերում առկա էր բռնության աճ, բայց դա երկար չտեւեց. որքան ակնհայտ էր դառնում, որ ժողովրդավարական մեխանիզմներն աշխատում են, իսկ ինքնավարությունն էլ իրապես ուրվագծվում է, այնքան բասկյան ազգայնականության շրջանում բռնության կողմնակիցները կորցնում էին հանրության աջակցությունը:
Ժողովրդավարությունը նաեւ նպաստում էր այն բանին, որ Բասկերի Երկրի քաղաքական դաշտում տեղի ունենա արմատական ուժերի լուսանցքայնացում եւ ավելի չափավորների ազդեցության աճ: Այդ ուժերից մի քանիսը հանդես էին գալիս հօգուտ փոխզիջման, մյուսները թեեւ շարունակում էին մնալ առավելապաշտական դիրքերում՝ մերժում էին պայքարի ուժային մեթոդները: Բռնությունը մերժող մարդիկ իրենց թիկունքում զգում էին հանրության զգալի մասի աջակցությունը, ինչը նրանց թույլ էր տալիս առաջ գնալ, թեեւ կար բռնության զոհ դառնալու ռիսկ (ինչն իրականում կատարվեց նրանցից ոմանց հետ):
Վերջապես՝ այն մասին, որ Բասկերի Երկրում լարվածության վերացմանը նպաստել է եվրոպական ինտեգրումը, քիչ չէ խոսվել: Ուստի սահմանափակվենք միայն փաստելով, որ եվրոպական ինտեգրումն իրոք որ ի չիք է դարձրել բասկերի հիմնախնդրի մի շարք ցավոտ հայեցակետեր: Բասկյան հիմնախնդրի ակնհայտ հայեցակետերից մեկը, որը եթե չի էլ չեզոքացվել, բայց, համենայն դեպս, իր սրությունը կորցրել է եվրոպական ինտեգրման շնորհիվ, այն էր, որ նախքան ԵՄ-ին Իսպանիայի անդամագրումը բասկերը տրոհված ժողովուրդ էին: Իսպանիայի եւ Ֆրանսիայի սահմանը, որը տասնամյակներ շարունակ տարանջատել էր բասկերին, այսօր փաստացի դադարել է անջրպետ լինելուց:
Ինչպես արդեն նշվել է, իրավիճակները Բասկերի Երկրում եւ Լեռնային Ղարաբաղում մեծապես տարբեր են, եւ Բասկերի Երկրի որեւիցե մոդելի կիրառում Լեռնային Ղարաբաղում հնարավոր չէ: Սակայն Բասկերի Երկրի փորձի ուսումնասիրումը թույլ է տալիս որոշ առաջարկություններ անել նրանց, ովքեր շահագրգռված են Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացի հաջողության մեջ:
– Հարկ է նպաստել չափավոր այն ուժերի դերի մեծացմանը, որոնք հանդես են գալիս փոխզիջման կամ հակամարտության լուծման խաղաղ եղանակների օգտին: Քաղաքացիական հասարակության պարագայում դա կարող է դրսեւորվել քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման ձեւով, իսկ քաղաքական էլիտաների պարագայում՝ հաղորդակցման դիվանագիտական ուղիների կիրառմամբ:
– Անհրաժեշտ է աշխատել արմատականների ու այն քաղաքական ուժերի ազդեցության սահմանափակման ուղղությամբ, որոնք հանդես են գալիս հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու օգտին: Մասնավորապես, անհրաժեշտ է միջնորդների ու միջազգային հանրության առավել կոշտ արձագանքը քաղաքական գործիչների ու պաշտոնատար անձանց նախահարձակ հռետորաբանության դրսեւորումներին:
– Արմատականության հետ աշխատանքը չպիտի սահմանափակվի հակազդեցությամբ. հարկ է կապի մեջ մտնել արմատականների հետ, ներհանրային եւ երկխոսային միջոցառումների հրավիրել այդօրինակ ուժերի այն ներկայացուցիչներին, ովքեր պատրաստ են քաղաքակիրթ երկխոսության:
– Օգտակար կլիներ մի այնպիսի մեդիառազմավարության մշակումը, որը կնպաստեր հակամարտության նկատմամբ ավելի չափավոր մոտեցումների առաջմղմանը եւ խաղաղարարության դիրքերից հանդես եկող մարդկանց լուսանցքայնացման փորձերի խոչընդոտմանը:
– Հարկ է աշխատել հակամարտությունից տուժած մարդկանց ներկայացնող կազմակերպությունների հետ (նախկին հրամանատարներ, հակամարտության զոհերի հարազատներ, փախստականներ) եւ օգտագործել նրանց խաղաղարար ներուժը՝ արմատականներին թույլ չտալով այդ մարդկանց տառապանքների պատմություններն օգտագործելու հակամարտության մյուս կողմի նկատմամբ ատելության արմատավորման նպատակով: