Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Բեյրութ (Լիբանան)
Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը:
Մինչ այդ, փաստորեն Թուրքիայի նախագահի լռությունը՝ հրավերին չընդառաջելու հիմնավորման բացակայությունն էր: Հիմա, Գալիպոլի-Հայոց ցեղասպանություն կամ Անկարա-Երեւան նշումների մրցապայքարի ազդանշանը տրված է:
Փորձենք ամփոփել, թե այս մրցապայքարում հայկական կողմը ի՞նչ առավելություններ կարող է ձեռք բերել: Իհարկե, այս մոտեցումը բնավ չի անտեսում թուրքական վարչամեքենայի եւ համապատասխան բաժանմունքների գործադրած հսկայական միջոցներով իրականանալիք չեզոքացման միջոցառումները:
Պետական մակարդակներում, պետք է ակնկալել, որ միեւնույն պետությունը կարող է ներկայացուցիչներ ուղարկել թե° Երեւան եւ թե° Անկարա: Այստեղ խնդիրը կենտրոնանում է տվյալ պաշտոնատարի զբաղեցրած պետական հանգամանքի աստիճանաչափի վրա: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ որքան էլ իրազեկվի տվյալ պետությունը, թե Գալիպոլիի նշման թվականը շարժական չէ, թե այս դեպքում Ապրիլ 24-ի ընտրությունը պարզապես չեզոքացման միտող հակաքայլ է, այնուամենայնիվ, հրավերներին ընդառաջելու պետական շարժառիթները զուտ քաղաքական են: Նման պահվածքներում քաղաքական տվյալ պահի թելադրած հանգամանքները շատ ավելի գերակշիռ են, քան արժեքների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքների հետեւողականությունը:
Հայկական կողմը, քաղաքական տրամաբանության այս պարունակում առաջին հերթին վստահաբար նկատի կունենա Անկարայի հետ առեւտրատնտեսական ոչ նկատառելի հարաբերություններ ունեցող պետությունների շրջանակները: Ցեղասպանության եւ նույնիսկ Արցախի անկախության ճանաչման վերջին բանաձեւերը հուշում են, որ հարավամերիկյան երկրներն այդ առումով համեմատաբար նպաստավոր ենթահող ունեն: Անկախ գաղափարական բարենպաստ ընդհանուր մթնոլորտից, այստեղ Անկարան ճնշելու մեծ հնարավորություններ չունի: Ուրեմն, Հարավային Ամերիկայի տարբեր երկրները կարող են առաջնակարգ դեմքերի մակարդակով մասնակցել 100-ամյակի երեւանյան նշումներին:
Հրավերների ընդառաջումներ կարող են արձանագրվել նաեւ Անկարա եւ տվյալ պետություն լարված հարաբերությունների իրավիճակից ելնելով: Եգիպտոսը կարող է օրինակ հանդիսանալ այս իմաստով: Քաղաքական հուշարարությամբ բեմ բարձրացող նման օրինակների շարքը կարող է շարունակվել: Պարզ է, որ արժեքի փոխարեն քաղաքական պահի թելադրած կանոնն է այստեղ գործող քերականական չափորոշիչը:
Նաեւ, անկախ հայկական կողմի աշխարհագրական առավելությունից` աշխարհասփյուռ կազմակերպված համայնքների ցանցային կառույցը եւ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում 100-ամյակ նշելու ծրագրերը, տեղի պետական-հասարակական կառույցներում հայկական գործոնի ներգրավվածությունն ու ազդեցիկությունը, այլ կարեւոր հանգամանք եւս գոյություն ունի հոբելյանական այս մրցապայքարում, իբրեւ հայկական կողմի առավելություն:
Առաջին հայացքից նշումների մրցապայքարը Երեւանի եւ Անկարայի միջեւ է: Մի կարեւոր ենթամրցապայքար կա, որ խորքային դիտարկումով հետզհետե սկսում է ավելի հստակ երեւալ: Խոսքը պաշտոնական Անկարա-թուրքական հասարակություն պայքարի մասին է, որի առանցքը տվյալ դեպքում ցեղասպանությունն է: Իհարկե, այս դեպքում գերխանդավառվելը օգտակար չէ: Այնպես չէ, որ թուրքական դաշտը բեւեռացած է այս հարցի շուրջ կամ կարող է առաջնորդել խոր պառակտումների: Այսուհանդերձ, ճեղք չնկատելն այս հարցում իրատեսական չպիտի լինի:
Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կարեւորագույն քաղաքներում պիտի հիշատակվի Հայոց ցեղասպանությունը: Տարբեր բնույթի կազմակերպություններ կոչեր են հրապարակում Գալիպոլիի ձեռնարկներին չմասնակցելու եւ փոխարենը Երեւան մեկնելու: Սակայն, այդ նույն կազմակերպությունները, անուղղակի կոչ են անում այս ձեւով ոչ թե միայն Երեւան մեկնելու, այլ նաեւ Թուրքիայում իրենց կազմակերպած ապրիլյան ձեռնարկներին ներկա լինելու:
Գալիպոլին հետեւաբար, միայն Երեւանին հակաքայլ չէ, այլ միեւնույն Թուրքիայում ապրիլյան նախաձեռնությունները ծխածածկելու միտելու: Գալիպոլին երկու ուղղությամբ պայքարելու անհրաժեշտության առջեւ է այսօր:
Անկարան անվերջ փորձ կկատարի իր ապրած ներքին երկվությունը տեղափոխել հայկական դաշտ, ՀՀ-սփյուռք տարանջատման քարոզչաքաղաքական խաբկանքներ հրամցնելով: Հռչակագիրը վճռական պատասխան է նման սադրանքի: Հայկական կողմը հստակ առավելություններ ունի այս մրցապայքարում: