Հայկազն ՂԱՀՐԻՅԱՆ
Lragir.am գլխավոր խմբագիր
Երեւան
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի ղեկավարներն այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների կենտրոնում են: Նրանք հայտարարում են, որ կազմակերպել են դարի հաշտությունը՝ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ: Դաշնակները գրեթե պարծենում են դրանով, իրենց քայլը մեկնելով արյունահեղությունից խուսափելու, ցեղասպանության 100-րդ տարելիցի, սահմանների լարվածության եւ այլ տափակ փաստարկներով:
Նույն հիմնավորումներն են, որոնցով օրինակ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց փետրվարի 20-ի հանրահավաքից ու բացատրեց իր հեռացումը:
Նույն հիմնավորումներն են, որոնք ներքին ցնցումների ժամանակ մեջ է բերում ՀՀԿ-ն՝ իր գործունեությունն արդարացնելու համար: Այնպես որ, պետք է արձանագրել, որ դաշնակները հերթական անգամ չգտան որեւէ օրիգինալ հիմնավորում եւ հայտնվեցին զավեշտալի վիճակում:
Իսկ իրականում, երբեմնի ազգային-հեղափոխական կուսակցությունը փորձել է մեջ ընկնել այս իրադարձություններին, ինչ-որ կերպ իր գոյությունն արդարացնելու եւ ներկայիս իր վիճակին քաղաքական կերպավորում տալու համար:
ՀՅԴ-ն արդեն վաղուց քաղաքական տեսակետից ոչ մի արժեք չունեցող, մարգինալացված ուժ է: Ընդ որում, նրան այդ վիճակին հասցրել է ոչ թե իշխանությունը, այլ ինքը՝ ՀՅԴ ղեկավարությունը, որն ազգային-հեղափոխական իդեալներին գերադասել է մանր-կրպակավարական մոտիվներն ու պարբերաբար գործարքները քրեա-օլիգարխիայի հետ, ստանալով որոշակի քվոտաներ ու «զոնաներ» քաղաքականության ու բիզնեսի մեջ: Ցանկացած քաղաքական ուժ նման պայմաններում մարգինալացվում է, քանի որ վեր է ածվում քրեա-օլիգարխիայի շահերի ու մոտիվացիայի ցուցանակի:
Կարելի է հիշել մի քանի տարի առաջ ՀՀ խորհրդարանում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ու Գալուստ Սահակյանի խորհրդանշական երկխոսությունը.
Վահան Հովհաննիսյանը նշել էր, որ ուզում է հարց ուղղել ՀՀԿ-ականներին՝ «դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը դնեք ու ձեզ չպաշտպանի նախագահը, Հովիկ Արգամիչը, դատախազն ու ոստիկանապետը, կհաղթե՞ք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք, չեք կարենա ժողովրդի մեջ մի ձայն ստանալ»:
«Ես գոհ եմ իմ ընկերոջից, Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին՝ ասելով, որ հլը դուք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ: Բա հլը դուք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ: Գոնե ես բոլոր տիպի կապերն ու արժեքները լավ տիրապետում եմ», ասել էր Գալուստ Սահակյանը:
Ինչպես միշտ, Գալուստը ճիշտ էր: Գալուստը միշտ ճիշտ է, քանի որ երբեք չի խոսում իր չիմացածի մասին:
Ո՞ւմ են հաշտեցրել ՀՅԴ Հայաստանի ղեկավարները, հանուն ինչի՞ որ առաջիկայում իրենց ակնկալած նոր քվոտաները չկորցնե՞ն: Մանավանդ որ, կարծես թե վատ քվոտաներ չեն ցեղասպանությունն ու սփյուռքը «քաղաքական» տեսակետից, ՀՀԿ-ի հետ կոալիցիան՝ բիզնեսի: Չէ՞ որ մեկ էլ տեսար՝ Ծառուկյանի ու Սարգսյանի «վեճը» կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, մասնավորապես՝ քվոտավորված դաշտի ապամոնտաժմանը: Որովհետեւ փաստացի լուծարվել է քրեա-օլիգարխիկ նախկին «պայմանագիրը», իսկ նորը դեռ չկա, եւ հայտնի չէ՝ կլինի, թե ոչ, կամ ինչ ձեւով կլինի:
Այնպես որ, Ծառուկյան-Սարգսյան «վեճը» ոչ թե երկրին ու ժողովրդին է սպառնում, այլ քրեա-օլիգարխիկ պայմանագրի մասնակիցներին ու այդ պայմանագրից իրենց քվոտաներն ունեցողներին: Դե, իսկ ազգային խնդիրներին հղում անելն ընդամենն այս հանգամանքը քողարկելու համար է:
Սա՞ էր ՀՅԴ Հայաստանի ղեկավարության անելիքը եւ նպատակը, նկատի առնելով կուսակցության արտերկրի կառույցների հսկայական աշխատանքը միջազգային ասպարեզում` Ցեղասպանության ու ԼՂՀ ճանաչման ուղղությամբ:
www.lragir.am/index/arm/0/comments/view/110696