Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
ԼՂՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնում հաշվառված են երեսունից ավելի թերթեր: Բացի այդ, Ղարաբաղում գործում են մի քանի էլեկտրոնային թերթեր, ռադիոներ եւ միակ` Արցախի հանրային հեռուստատեսությունը, որը, թերեւս, ամենամեծ լսարանն ունի հանրապետությունում:
Թվում է` նման փոքր երկրում այսքան մեծ թվով լրատվամիջոցներն ինչ-որ չափով պետք է բազմակարծություն ապահովեին, սակայն հունվարի վերջին, ավելի կոնկրետ` ամսի 31-ին, ԼՂՀ-ի ու ՀՀ-ի սահմանին հայաստանյան Հիմնադիր խորհրդարան կազմակերպության «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ գործողություններն ու դրանց հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ լրատվամիջոցների մեծամասնությունը, մեղմ ասած, նախընտրում է հայտնել իշխանությունների կամ գոնե իշխանահաճո կարծիքներ:
Ի՞նչ եղավ ավտոերթից առաջ
Ավտոերթից շաբաթներ առաջ արցախյան լրատվամիջոցներում սկսվեցին, այսպես ասած, նախապատրաստական աշխատանքները: Դրանք մեկնարկեցին այն բանից հետո, երբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր մոտ հրավիրեց Հիմնադիր խորհրդարանի մի քանի անդամների եւ զգուշացրեց, որ նպատակահարմար չէ նման նախաձեռնությամբ Արցախ այցելել` բացատրելով դա ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Դրանից միառժամանակ հետո, երբ հայտարարվեց ավտոերթի անցկացման օրը` հունվարի 31-ը, լրատվամիջոցներով սկսվեց հայտարարությունների ու հոդվածների տարափը, որոնցում ոչ միայն նախազգուշացումներ էին ավտոերթի ղեկավարությանը, այլ նաեւ նրանց դավաճան հանելու փորձեր: Այս ամենը տեղափոխվեց նաեւ սոցկայքեր, որտեղ ամեն ինչ արվում էր ավտոերթը եւ նախաձեռնության հեղինակներին պախարակելու համար. յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում այդ առիթով մի քանի տող գրել եւ ժիրայր Սեֆիլյանի մասին իր կարծիքն արտահայտել: Ի դեպ, խոսում էին նաեւ նրանք, ովքեր Ժիրայր Սեֆիլյանի` այստեղ պատերազմելու տարիներին դեռ դպրոցական տարիքի էլ չկային ու հազիվ թե հիշեն նրա գործնեությունը ղարաբաղյան պատերազմի տարիներին: Սա, իհարկե, այլ թեմա է, բայց այն, ինչ երեւում էր համարյա բոլոր լրատվամիջոցներում եւ սոցկայքերում, դա զոմբիացված վիճակ էր հիշեցնում, երբ գրեթե ազգի հերոս էր դառնում յուրաքանչյուր ոք, ով գոնե մի պախարակող բառ է գրում կամ արտաբերում Սեֆիլյանի ու նրա կողմնակիցների մասին: Այդօրինակ բազմաթիվ «հերոսությունները» հանգեցրին նրան, որ Արցախի բնակչության մի զգալի հատված արդեն սկսեց հավատալ այն տարաբնույթ ստերին, որ հատուկ տարածում էին` խոչընդոտելու համար ավտոերթի անցկացումը: Այս ամենից արդեն իսկ պարզ էր, որ, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է տանելու:
Ի՞նչ կատարվեց ավտոերթի օրը
Դեպքի վայրում, իհարկե, արցախյան մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին, որոնցից միայն Արցախի հանրային հեռուստատեսության թղթակիցները ռեպորտաժ պատրաստեցին, որը, շատերի գնահատմամբ, իրականությունից հեռու էր, սակայն հասարակության անդամների մի մասը, չխորանալով մանրամասնությունների մեջ, այդուհանդերձ հավատաց, որ ավտոերթի մասնակիցների կողմից սադրանքներն են ստիպել ոստիկաններին հատուկ գործողությունների դիմելու: Այդպես ներկայացրեցին, սակայն ոչինչ չցուցադրեցին` ոչ բռնություններից ու մեքենաների ջարդումից, ոչ էլ հատված ինչ-որ սադրանքից, որոնք հեռուստադիտողին գոնե ցույց կտային այն իրականությունը, որը ներկայացնում էին իշխանությունները` օգտագործելով գրեթե բոլոր լրատվամիջոցները: Ընդ որում` այդ նույն լրատվամիջոցներն այդ օրը եւ դրան հաջորդած մի քանի օր լուռ էին` իբր ոչինչ էլ տեղի չի ունեցել: Փոխարենը հայտնվում էին տարբեր նյութեր, որոնք որեւէ առնչություն չունեին կատարվածի հետ: Այդպես էլ այդ լրատվամիջոցները լռեցին` մինչեւ չտարածվեց ոստիկանության` դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունը, որում դարձյալ մեղադրում էին ավտոերթի մասնակիցներին, բայց ոչ բռնություն գործադրողներին: Արցախյան լրատվամիջոցները խիստ միակողմանի եւ իշխանահաճո լուսաբանեցին բերձորյան դեպքերը:
Բռնությունները դատապարտող հոդվածով միայն մի լրատվամիջոց է հանդես եկել` հարց բարձրացնելով նաեւ, թե «պատրա՞ստ ենք մեր երկրում հանդուրժել այլ կարծիք ունեցողներին, պատրա՞ստ ենք հանգիստ ու խաղաղ ճանապարհով քննարկել հարցերը»:
Իսկ հետո՞
Հետո եղավ այն, ինչն ամենաանսպասելին էր. արցախյան այդ նույն լրատվամիջոցներն սկսեցին տեղ տալ բոլոր այն ղարաբաղյան պաշտոնյաներին ու գործիչներին, ովքեր շարունակում էին կատարվածի համար մեղադրել ավտոերթի մասնակիցներին: Սա եղավ այն ժամանակ, երբ Հիմնադիր խորհրդարանի կողմից համացանցում տեղադրվեց մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում էր, թե ինչպես էին իրենց դիմավորելու եկել զինված անձինք ու թե ինչպես էին բռնություն գործադրում ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիական հագուստով անձինք: Այս տեսանյութը մի նոր թափ հաղորդեց նախկին «հայրենասիրական ճառերին», որոնք ավելի շատ հնչում էին իրենց արարքներն արդարացնելու համար: Եւ ամենազարմանալին էլ այն է, որ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ոչ թե բռնությունն էր դատապարտում, այլ ընդգծում էր, որ ամեն ինչ կաներ, որ այդ տեսանյութը համացանցում չհայտնվեր: Սա, իհարկե, հատուկ է արցախյան իշխանավորներին, ովքեր մտածում են, որ պաշտոնյային ամեն ինչ կարելի է անել ու ասել, բայց լրագրողները դրա մասին չպիտի գրեն, այլապես այդ ամենի ամենամեծ մեղավորը կդառնան հենց իրենք` լրագրողները:
Այս ամբողջ ընթացքում պարզապես տարակուսելի էր արցախցի հարկատուների գումարներով պահվող Արցախի հանրային հեռուստատեսության պահվածքը, հատկապես դրա լուրերի բաժնի ղեկավար, բերձորյան դեպքերի ականատես Արսեն Առստամյանի դիրքորոշումը, ով Hraparak.am-ին տված հարցազրույցում պնդում է, որ իրենք ապատեղեկատվություն չեն տարածել եւ ապատեղեկատվության նշույլ անգամ չկար իրենց ռեպորտաժում: Փոխարենը լուրերի բաժնի ղեկավարը դարձյալ մեղադրեց Հիմնադիր խորհրդարանի անդամներին` տեսանյութը տարածելու համար: Այս ամենից հստակ երեւում էր, թե ինչ մեխի է խփում նույն հեռուստատեսությունը եւ որտեղից է գալիս սույն «պատվերը»:
Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ այդ միջադեպից առաջ Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել էր, որ իրենք ավտոերթի մասին իրազեկում իրականացնեին Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերի միջոցով, սակայն այս խոստումը չի կատարվել: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ ԳԱԼԱ հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձեց, որ առաջարկն ի սկզբանե Սեֆիլյանինն է եղել: Սակայն շատ ավելի ուշագրավ է Բաբայանի հետեւյալ դիտարկումը, «Բնական է՝ հասցեատերը սխալ է ընտրված: Նախագահը չի որոշում Արցախի հանրային հեռուստատեսության թողարկումների, այսպես ասած, պլանը, նրանց գործողությունները: Դա հանրային հեռուստատեսություն է: Ճիշտ է, այնտեղ կան առաջարկներ խորհրդի կազմի հետ կապված, բայց դա լինում է 5 տարին մեկ, բայց հեռուստատեսությունը հանրային է, եւ որեւէ ձեւով նախագահը կամ մեկ այլ պաշտոնյա չի կարող ասել, թե այս հաղորդումը հանեք, կամ այս կամ այն մարդուն տվեք, թող եթեր դուրս գա եւ այլն»: Ըստ նրա, այդ ամենի հասցեատերը պետք է լիներ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը:
Սակայն բնական է նաեւ այն, որ այս կապակցությամբ տրամաբանական հարցեր են ծագում: Եթե այդպես է, ապա ինչու՞ չեն ցուցադրվել Բերձորում նկարահանված կադրերը, ինչու՞ այս ամբողջ ընթացքում գոնե մեկ անգամ արտահայտվելու իրավունք չի տրվել ավտոերթի մասնակիցներին ու նրանց արցախցի համակիրներին (չէ՞ որ հեռուստատեսությունը, գրողը տանի, հանրային է), ինչու՞ միայն իշխանությունների տեսակետն է հրամցվել հանրությանը կամ իշխանահաճո կարծիքներ: Եվ, վերջապես, այս դեպքերի հետ անմիջական առնչություն չունեցող մի հարց` ինչու՞ տարիներ ի վեր Արցախում չի ստեղծվում երկրորդ հեռուստաալիքը, եւ Արցախի հանրային հեռուստատեսությունը շարունակում է օգտվել մենաշնորհից: Սա՞ էլ հարցնենք հեռուստատեսության ղեկավարությանը:
Ցավոք, նույն գործելաոճն ունեին նաեւ մի շարք լրատվամիջոցներ, որոնք նախընտրեցին տեղադրել կամ արտատպել միայն ավտոերթի կազմակերպիչների դեմ ուղղված հայտարարություններն ու կարծիքները:
Ի՞նչ տվեցին Արցախից հնչող արձագանքները
Դեպքերի արցախյան արձագանքները քննարկման թեմա դարձան նաեւ համացանցում, որտեղ դրանք տեղափոխվեցին լրիվ այլ հարթություններ՝ ջրի երես բերելով վերջին մի քանի տարիներին կարծես թե մոռացված «ղարաբաղցի-հայաստանցի» հարաբերությունները: Սրանք օրեցօր սրվում էին Ստեփանակերտից տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունների ու մեղադրանքների, ինչպես նաեւ սոցկայքերում ուղղորդված կարծիքների շնորհիվ, որոնք ընդգծված ատելություն էին սերմանում Սեֆիլյանի ու նրա համախոհների նկատմամբ եւ էլ ավելի շատ «ջուր լցնում երկու ժողովուրդների միջեւ վերածնվող պառակտման ջրաղացին»:
Բարեբախտաբար, կային նաեւ բռնությունը դատապարտող արձագանքներ` արտախորհրդարանական մի քանի կուսակցությունների, կազմակերպությունների ու հասարակական լիդերների անունից, որոնք լայն տեղ էին գտնում նաեւ հայաստանյան լրատվամիջոցներում եւ անշուշտ ինչ-որ չափով մեղմացնում էին ստեղծված իրավիճակը:
Իսկ ի՞նչ անել հետո, ինչպե՞ս ազատվել այդ խայտառակ իրավիճակից ու մեղմել առանց այդ էլ սրված իրավիճակը: Սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածեն ոչ միայն իշխանություններն ու քաղաքական գործիչները, այլեւ հասարակական կազմակերպություններն ու լրագրողները, ստեղծագործական մտավորականությունը: Չէ՞ որ առջեւում դեռ Արցախի` ժողովրդավարական երկիր լինելու ապացուցման երկար ճանապարհ ունենք անցնելու: