Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Երբ քաղաքական համակարգը դուրս է քաղաքական հարթությունից

marut
February 2015

GeghamԳեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածը ոչ մի կերպ չի տեղավորվում մարդկային բանականության մեջ: Եթե 1988-ին` Մայր Հայաստանի հետ վերամիավորման կարգախոսով սկսված արցախյան շարժման արշալույսին, որեւիցե մեկը փորձեր նման կանխագուշակում անել, ապա հաստատ կմեկուսացնեին հոգեկան խնդիրներ ունեցողների համար նախատեսված վայրում:

Բայց այս ընթացքում, ըստ երեւույթին, սարսափելի մետամորֆոզներ են կատարվել արցախյան հանրությունում: 26 տարի անց իրենց հայաստանաբնակ եղբայրներին ու քույրերին հենց սահմանագլխին դաժանաբար ահաբեկեցին հոգեկան խնդիրներ չունեցող անձինք` այդօրինակ խնդիրներ չունեցող մարդկանց հրամանով: Եվ որ ամենասարսափելին է` այդօրինակ անմարդկային վերաբերմունքն արդարացրեց (պատճառների մասին` այլ առիթով) արցախյան հանրության մի զգալի հատված: Տպավորություն էր ստեղծվում, որ գործ ունենք զոմբիացված մարդկանց հետ: Ու որ 88-ի ակունքներից շատ ենք հեռացել ու շատ ենք պղտորել այդ ակունքները:

Կատարվածը ոչ մի արդարացում չի կարող ունենալ, եւ բոլոր արցախցիներս էլ կամա թե ակամա դեռ երկար ժամանակ պատասխան ենք տալու սրա համար: Կատարվածն, ըստ իս, ավելի մեծ մարտահրավեր է մեզ, քան բոլոր արտաքին մարտահրավերները միասին վերցրած: Ո՞վ է պատասխանատու սրա համար: Հայկական մամուլում ամենատարածված  վարկածն այն էր, որ սա կազմակերպել է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը` ԼՂՀ բարձրագույն ղեկավարության միջոցով: Իսկ ես կասեմ` կատարվածի համար պատասխանատու են կատարողները: Ու կապ չունի, թե ում հրամանով-առաջարկով-խնդրանքով է դա արվել: Պատասխանատվության ամենաանմիջական հասցեատերը ԼՂՀ բարձրագուն ղեկավարությունն է` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Մի գեղեցիկ օր արցախյան հանրությունը պատասխան է պահանջելու կատարողներից, ու երեւակվելու է այդ խայտառակության խոհանոցը:

Իսկ մինչ այդ փորձենք կատարվածը դիտարկել մի քանի կարեւոր տեսանկյուններից:

Իրավական տեսանկյուն: Միջադեպից հետո մի շարք փորձագետներ ու վերլուծաբաններ հենց իրավական դաշտում էին փորձում գտնել կատարվածի տրամաբանությունը: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե Հիմնադիր խորհրդարանի «հակաիրավական» գործնեության մասին տարփողող իշխանությունների կարծիքով որ օրենքների որ դրույթներն են խախտել ավտոերթի մասնակիցները, եւ իրավական ինչ հենք ունեին ոստիկանության գործողությունները: Հոդաբաշխ ոչինչ չհնչեց Ստեփանակերտից, ինչը խոսում է իրավական պետություն դառնալու ճանապարհին մեր ունեցած լրջագույն խնդիրների մասին: Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը միջադեպից հետո տրամաբանական հարց տվեց` ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի տարածքում թույլատրել են ավտոերթը, իսկ Արցախի իշխանություններն այդ գործողությունը համարել են վտանգավոր եւ ոստիկանական ուժի միջոցով կասեցրել. «ՀՀ-ն ըստ միջազգային իրավունքի, չի կարող թույլ տալ օգտագործել իր տարածքը որեւէ ուրիշ պետության դեմ գործողություններ կազմակերպելու եւ իրականացնելու համար: Եթե Հիմնադիր խորհրդարանի դեպի Արցախ ձեռնարկած ավտոերթն իր մեջ իսկապես վտանգ էր պարունակում ԼՂՀ-ի համար, ապա ՀՀ իշխանությունները պարտավոր էին այդ գործողությունը կասեցնել դեռեւս ՀՀ տարածքում»:

Եթե սրան էլ ավելացնենք այն հանգամանքը, որ ԼՂՀ իշխանությունները պատեհ-անպատեհ շեշտում են, որ երկու հայկական հանրապետությունները նույն իրավական դաշտում են, ապա աբսուրդը կատարյալ կդառնա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով` հարցերը պետք է քննարկվեին ոչ թե անձնական խնդրանք-պահանջների, այլ օրենքի եւ օրինականության տեսակետից. «Նախ` անհրաժեշտ է տեղի ունեցածին հստակ իրավական գնահատական տալ: Սա ուղղակի անհրաժեշտ առաջին քայլն է: Պետք է բռնություն գործադրած անձինք պատժվեն. մի մասը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, պետք է լինեն իրենց պաշտոնական պարտականությունները պատշաճ կերպով չկատարած ոստիկանների պաշտոնանկություններ: Ինչո՞ւ է սա կարեւոր. որովհետեւ եւ՛ հայ, եւ՛ միջազգային հանրությունը պետք է ստանա հստակ ազդակներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետություն է, որտեղ կա հստակ գործող իրավակարգ եւ պետական համակարգ»:

Իսկ ի՞նչ արեց ԼՂՀ ղեկավարությունը միջադեպից հետո: Ոչինչ էլ չէր անի, եթե չլիներ հուժկու հանրային արձագանք ՀՀ-ում եւ այդ արձագանքի անդրադարձ` ԼՂՀ-ում: Բայց ստիպված էր անել: Ու երկրի ղեկավարը ոստիկանության ապօրինությունների ծառայողական քննությունը հանձնարարեց…ոստիկանապետին: Խորհրդային ժամանակներում, երբ մարդ բողոքում էր, ասենք, բնակշահագործման գրասենյակի (ԲՇԳ-ի) պետից, ապա պատկան մարմինն այդ բողոքը վերահասցեագրում էր նույն ԲՇԳ-ի պետին: Ու հարցը սպառվում էր ողբերգազավեշտի ժանրի տրամաբանությամբ:  Նույնօրինակ բան կատարվեց նաեւ այս պարագայում: Կարծում եմ` առնվազն խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով պիտի կազմվեր, որի աշխատանքներին ներգրավվեր նաեւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արցախի ոստիկանների բռնի գործողություններին` հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե հիմք ընդունենք միայն պաշտոնական հրապարակումները, ապա ոստիկանության ծառայողների գործողություններում առկա է ինքնիրավչության (ՀՀ քր. օր. 322-րդ հոդվածի 2-րդ մասի) հանցակազմը: Պատժվում է … ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

Մինչդեռ արցախյան հանրությունում այս առումով լուրջ խնդիրներ կան, ինչի վկայությունն է արցախյան «անկախ» լրատվամիջոցներից մեկի հետեւյալ մտահոգությունը. «Եթե ճնշումների ենթարկենք ոստիկանությանը եւ առանց պատժի թողնենք Հիմնադիր խորհրդարանին, ապա ուժայինների ոգին կկոտրվի, իսկ դա ամենավտանգավորն է ներքին անվտանգության համար»: Ահա այսպիսի ցավալի մուտացիա:

Քաղաքական տեսանկյուն: Տարբեր կերպ կարելի է վերաբերվել Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությանը (կարծիքների, մեղմ ասած,  սակավություն չկար հանրային տրամադրություններում), սակայն, կարծում եմ, կարելի է համաձայնվել գոնե նրանում, որ ավտոերթն, ըստ էության, ՔԱՂԱՔԱԿԱՆ մարտահրավեր էր Արցախի իշխանություններին ու հանրությանը: Ու պատասխանն էլ պարտավոր էր լինել զուտ ՔԱՂԱՔԱԿԱՆ ու համաչափ: Փակ, միաբեւեռ, անմրցակից ու անմրցունակ հասարակությունում քաղաքական էլիտան գաղափարապես անզոր գտնվեց քաղաքական պայքարում ու ինտրիգներում բավականին թրծված ուժի հետ հարաբերություններում: Արցախյան էլիտան վաղ թե ուշ պիտի հասկանա, որ երկիրն ու հանրությունը տեւական ժամանակ փակի տակ պահելը ոչ միայն անհնար է, այլեւ անհեռանկարային ու խիստ վտանգավոր: Իրեն անզուգական ժողովրդավարություն հռչակած նորանկախ երկիրը պիտի գոնե ժողովրդավարական պահվածքի տարրական նորմերը պահպանի:

Արցախյան քաղաքական համակարգը վաղուց արդեն քաղաքական հարթությունից դուրս է, այն իրենից չի ներկայացնում քաղաքական հաստատությունների ամբողջություն, ուստի զուրկ է քաղաքական գործիքակազմից: Կատարվածը թե ամբողջությամբ վերցրած քաղաքական համակարգի եւ թե առանձին քաղաքական հաստատությունների ձախողման առհավատչյան է: Ինքնին քաղաքական մարտահրավերին մահակով պատասխանելը հենց քաղաքական մտածելակերպի ու քաղաքական գործելակերպի, ընդհանրապես` քաղաքական համակարգի բացակայության մասին է վկայում: Ի ցույց դրվեց նաեւ առանձին քաղաքական հաստատությունների քաղաքական սնանկությունը: Արցախյան խորհրդարանն անգամ չքննարկեց միջադեպը` մեկ անգամ եւս ցույց տալով, որ խորհրդարանական երեք հիմնական գործառույթներից միայն մեկն է նմանակելով իրականացնում (օրինաստեղծումը) եւ թերանում է մյուս երկուսում, այն է` քաղաքական մարմին չէ եւ չի վերահսկում կառավարության գործունեությունը: Մարդու իրավունքների պաշտպանը լռություն պահպանեց անգամ իր հայաստանյան գործընկերոջ ուղերձից հետո: Խորհրդարանական կուսակցություններն էլ ձեւացրին, թե արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:

Ապաքաղաքական հարթությունում գտնվող սույն քաղաքական համակարգի պարագայում պարզապես անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության մասին, քանի որ դա զուտ քաղաքական գործընթաց է, զուտ քաղաքական հարթակ: Բերձորյան գործիքակազմով, մեղմ ասած, հնարավոր չէ դիմակայել քաղաքական-դիվանագիտական մարտահրավերներին, փորձություններին ու ծուղակներին: Քաղաքական համակարգը պիտի նախեւառաջ քաղաքական հարթություն վերադարձվի:

Անվտանգության տեսանկյուն: Կատարվածի հիմնական պատճառաբանություններից մեկն այն էր, որ ավտոերթը խաթարելու էր ԼՂՀ անվտանգությունը, առավել եւս` սահմանների լարվածության պարագայում: Ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին առկա լարվածությունը շատ տարածված պատճառաբանություն է ամենատարբեր բացասական երեւույթների, սեփական մորթապաշտության ու անազնիվ նպատակների քողարկման համար: Ուղղակի զզվելիության աստիճան: Ահա ամենավերջին օրինակներից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ՀՀ իշխանությունների պատժամիջոցներից հետո ԲՀԿ-ական մի քանի գործարար պատգամավորներ ազդարարեցին հերթական առնետավազքի սկիզբը` լքելով ԲՀԿ-ն: Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչ պատճառաբանությամբ: Իհարկե` երկու հայկական պետությունների անվտանգության նկատառումներով: Վաղուց արդեն ծիծաղելի չէ այսօրինակ առնետային մտածելակերպը:

Ինչ որ է, անդրադառնանք այս մտածելակերպի մի նրբության վրա: Ավտոերթի նախօրեին Արցախի ազատամարտիկների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, ի թիվս այլ բաների, ասված է. «Միության անդամներն արդարացիորեն կիսում եւ պաշտպանում են ԼՂՀ իշխանությունների այն տեսակետը, որ կիսապատերազմական վիճակում գտնվող եւ չճանաչված կարգավիճակ ունեցող Արցախի համար էական նշանակություն ունի ՀՀ-ի հետ նրա ամուր կապը, ինչն առաջին հերթին հիմնված է պաշտոնական Երեւանի նկատմամբ արցախցիների դրսեւորած հավատի ու վստահության վրա»:

Սրանք պատահական խոսքեր չեն: Պատերազմի սպառնալիքի տակ ապրող արցախցուն տարիներ շարունակ ներշնչել են, որ նրա հիմնական դաշնակիցը ՀՀ իշխանություններն են: Վաղուց ժամանակն է, որպեսզի արցախցին հասկանա` նրա հիմնական դաշնակիցը ՀՀ հանրությունն է, ՀՀ քաղաքացին, հայաստանյան հասարակական կարծիքը: Աստված չանի` եթե այդ կարծիքն անբարենպաստ եղավ: Արցախցին մենակ է մնալու, մեն-մենակ: Հայաստանյան հասարակական կարծիքն առայսօր շարունակում է բարենպաստ մնալ Արցախի համար` ի հեճուկս Արցախի հետ իրավացիորեն ու անիրավացիորեն կապվող մի շարք գործոնների: Փառք Աստծո, հայաստանյան հասարակական կարծիքը հիմնականում դիմանում է բոլոր փորձություններին` զանազանելով թացը չորից: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի անընդհատ նոր փորձությունների ենթարկել եւ ամենակարեւորը` հանուն ինչի՞ եւ հանուն ու՞մ: Պետք չէ նաեւ մոռանալ, որ միջպետական վարկի տեսքով Արցախին Մայր Հայաստանի կողմից տրվող օգնությունը գոյանում է ՀՀ քաղաքացիների, ուշադրություն դարձրեք` քա-ղա-քա-ցի-ների հարկերից, եւ իշխանություններն այդ վարկը տալիս են հարկատուների գրպաններից, այլ ոչ թե իրենց փողաքսակից:

Ինչ վերաբերում է իրական ու տարաբնույթ անվտանգությանը, ապա կան սուբեկտներ ու հաստատություններ, որոնք զբաղվում են դրանով եւ պատասխանատու են դրա համար: Ոչ մի ավտոերթ չի կարող նրանց օգնել խուսափելու պատասխանատվությունից: Այս բազմաշերտ անվտանգության ապահովման համար ամեն տարի հսկայական գումարներ են հատկացվում պետական բյուջեից ու հսկայական թվով պաշտոնյաներ են զբաղվում դրանով: Եթե ինչ-որ ավտոերթ կարող է հեշտությամբ խարխլել այդ անվտանգությունը, ապա դա կնշանակի, որ անվտանգությամբ զբաղվողները, մեղմ ասած, վատ են աշխատել:

Ու մի բան էլ` եթե հանրության որոշ շրջանակներ ծայրահեղ մտահոգված են բազմաշերտ այս անվտանգությամբ, ապա կարող եմ հուշել մի շարք այլ խնդիրներ` կոռուպցիա, մենաշնորհներ, պետական պաշտոնյաների ապօրինի ձեռնարկատիրական գործնեություն, արտագաղթ և գյուղերի դատարկում, տեղեկատվական պատերազմի իրավիճակում տեղեկատվական խղճուկ դաշտ եւ կիբերահաբեկչության սպառնալիք: Ավտոերթի առիթով անվտանգության մասին հեծկլտացողները չգիտես ինչու այս խնդիրներին բացարձակապես ուշադրություն չեն դարձնում:

Ու ամենակարեւորը` մրցունակ տնտեսություն, միջազգային զարգացումներին համահունչ քաղաքական համակարգ ու արդիական տեղեկատվական դաշտն է մեր օրերում ցանկացած երկրի անվտանգության գլխավոր երաշխավորը:

Միասնության տեսանկյուն: Ավտոերթի նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ այն կարող էր խաթարել արցախցիների միասնությունը: Այն մտածելակերպն ու գաղափարական կաղապարները, որոնք օգտագործվում էին այսօրինակ քարոզչության համար, շատ պարզունակ ու ծիծաղելի են եւ ուղղորդված են իշխանական օղակներից: Ի՞նչ միասնության մասին է խոսքը: Լավագույն դեպքում մենք կարող ենք խոսել հակադրությունների միասնության մասին: Ի վերջո, ու՞մ համար է գաղտնիք, որ ցանկացած ժողովրդավարական երկրում ապահովված է իշխանությունների հաշվետվողականությունը, ընդդիմությունը մշտապես պայքարում է իշխանության գալու եւ երկրի զարգացման սեփական տեսլականն իրականացնելու համար, քաղաքացիական հասարակությունն էլ ձգտում է վերահսկողական գործառույթ իրականացնել: Ի՞նչ միասնության մասին է խոսքը տարաբնույթ շահերի այս հանգույցում: Ու՞մ համար է գաղտնիք, որ քաղաքակիրթ երկրներում գործում է հակակշիռների ու զսպումների մեխանիզմը, առանց որի հանրության միասնությունը հուսահատ ու ճարահատյալ հեզություն ու հպատակություն է իշխանավորներին:

Վերջապես, ի՞նչ նպատակով են այդ դեպքում Արցախում ընտրություններ անցկացվում: Չէ՞ որ ընտրությունները ոչ միայն կոնկրետ մարդկանց, այլեւ գաղափարների ու տեսլականների ընտրություն է նշանակում, ասել է թե` գաղափարական պայքար: Ստացվում է, որ մենք գիտակցաբար անմիաբանությու՞ն ենք սերմանում եւ այն ամրագրու՞մ Սահմանադրությունում: Թե՞ ընտրություն ասելով հասկանում եք իշխանության վերընտրություն եւ վերարտադրություն: Այ սա միասնություն է, իսկ եթե ուրիշ քաղաքական ուժեր են ուզում իշխանության գալ, ապա սա անմիաբանություն է: Պարզից էլ պարզ է, թե ում է ձեռնտու  այս մտայնությունը:

Իշխանությունն այնպես է խոսում միասնության մասին, որ կարելի լինի ընկալել հետեւյալ կերպ` միասնաբար ծառայեք ինձ: Տրամաբանական կլիներ հարցնել` իսկ ի՞նչ գաղափարի շուրջ միավորվել, այլ կերպ` հանուն ինչի՞: Միգուցե հանուն հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների՞, օրենքի առաջ հավասար լինելու՞, հանուն բոլորի (այլ ոչ միայն իշխանավորների) ապահով, արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի՞: Համենայն դեպս, միասնությունը կարող է եւ պարտավոր է լինել մեր իսկ ընդունած Սահմանադրության շրջանակներում, մեր երկրի հիմնական օրենքով ամրագրված մեր իրավունքներին ու պարտականություններին համահունչ: Մյուս տարբերակները պարզապես խաբեություն են:

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.