ղեկավարվելով նույն օրը ստորագրված` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությամբ,
նկատի ունենալով վստահության եւ միմյանց շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,
որոշելով զարգացնել եւ ամրապնդել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, գիտական, տեխնիկական, մշակույթի եւ այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,
աջակցելով երկու երկրների միջեւ համագործակցության խթանմանը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, հատկապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի եւ ՍԾՏՀ-ի շրջանակներում,
հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցել տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ` տարածաշրջանի ժողովրդավարական եւ տեւական զարգացման ապահովման համար,
վերահաստատելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա տարածաշրջանային եւ միջազգային վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու իրենց հանձնառությունը,
վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` ակտիվորեն սատարել միջազգային հանրության գործողություններին` դիմակայելու տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության եւ կայունության դեմ առկա ընդհանուր սպառնալիքներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառությունը,
1.համաձայնում են բացել ընդհանուր սահմանը սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,
2.համաձայնում են`
երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ կանոնավոր կերպով անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,
իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար,
առավելագույնս օգտագործել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող` տրանսպորտային, հաղորդակցության եւ էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը եւ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,
ստեղծել երկկողմ իրավական դաշտ` երկու երկրների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով,
համագործակցել գիտության եւ կրթության ոլորտներում համապատասխան հաստատությունների միջեւ հարաբերությունները խրախուսելու, ինչպես նաեւ մասնագետների եւ ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով եւ աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման եւ համատեղ մշակութային ծրագրեր սկսելու նպատակով,
համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն, երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն եւ պաշտպանություն ցուցաբերելու նպատակով,
ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջեւ առեւտուրը, զբոսաշրջությունը եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,
սկսել երկխոսություն եւ ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերով.
3.համաձայնում են ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը բաղկացած կլինի առանձին ենթահանձնաժողովներից, սույն արձանագրության` վերը նշված երկրորդ գործառութային կետում նշված հանձնառությունների արագ իրականացման նպատակով:
Միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով սույն արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 2 ամիս անց կստեղծվի աշխատանքային խումբ երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, այդ աշխատաձեւերը կհաստատվեն նախարարների մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո:
Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ, քան մեկ ամիս անց, եւ կգործեն շարունակաբար` մինչեւ իրենց մանդատի ավարտը:
Ըստ անհրաժեշտության` միջազգային փորձագետներ կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:
Սույն արձանագրության իրագործման համար երկու կողմերի համաձայնեցրած ժամանակացույցը եւ տարրերը ներկայացված են հավելվածում, որը սույն արձանագրության անբաժանելի մասն է:
Սույն արձանագրությունը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:
Ստորագրված է Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:
Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու
Հավելված
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր
Ձեռնարկվող քայլեր
- ընդհանուր սահմանի բացում
- երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում` միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով
- միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի հաստատում նախարարների մակարդակով
- միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպում
- ստորեւ նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում`
– քաղաքական խորհրդակցությունների հարցերի
ենթահանձնաժողով,
– տրանսպորտային, հաղորդակցության եւ
էներգետիկ ենթակառուցվածքների եւ ցանցերի
հարցերի ենթահանձնաժողով,
– իրավական հարցերի ենթահանձնաժողով,
– գիտության եւ կրթության հարցերի ենթահանձնաժողով,
– առեւտրի, զբոսաշրջության եւ տնտեսական
համագործակցության հարցերի ենթահանձնաժողով,
– բնապահպանական հարցերի ենթահանձնաժողով,
եւ
– պատմական հարթությամբ զբաղվող
ենթահանձնաժողով` երկու ժողովուրդների
միջեւ փոխվստահության վերականգնմանն
ուղղված երկխոսության իրականացման նպատակով, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ
արխիվների անկողմնակալ գիտական
ուսումնասիրություն, առկա խնդիրների
սահմանման ու առաջարկների ձեւակերպման
համար` հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ
միջազգային փորձագետների մասնակցությամբ
Ժամկետ
- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում
- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից երկու ամիս անց
- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում
- միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո` նախարարական մակարդակով
- միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ, քան մեկ ամիս անց:
Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան,
Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու:
10 հոկտեմբեր, 2009թ., Ցյուրիխ
Նկարում` ծափահարություններ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո, ձախից` աջ. Բեռնար Քուշներ (Ֆրանսիայի արտգործնախարար), Միշլին Քալմի-Ռեյ (Շվեյցարիայի արտգործնախարար), Էդվարդ Նալբանդյան, Ահմեդ Դավութօղլու, Հիլարի Քլինթոն (ԱՄՆ պետքարտուղար)
www.aniarc.am