Համաձայն «Transparency International» միջազգային կազմակերպության վիճակագրության՝ աշխարհի 175 երկրների շարքում Ադրբեջանն ամենակոռումպացվածների թվում է եւ զբաղեցնում է 126-րդ հորիզոնականը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության սանդղակում ազատ մամուլի մակարդակով 180 երկրների թվում մեր հարեւանը 162-րդ «պատվավոր» տեղում է: Իսկ «Freedom House»-ն Ադրբեջանին ընգրկել է ոչ ազատ երկրների շարքում:
Բայց սա ամենեւին էլ խոչընդոտ չէ Ադրբեջանի համար` հյուրընկալելու Առաջին եվրոպական օլիմպիական խաղերը եւ աշխարհին ներկայանալու եվրոպական երեսով: Քաղաքականության եւ բարոյականության ուղիները երբեք էլ չեն խաչվել, եւ զարմանալի չէ, որ եվրոպական եւ ընդհանրապես համամարդկային արժեքներն արհամարհող Ադրբեջանն այսօր եվրոպական խաղերի օրրանն է: Իզուր են իրավապաշտպան կազմակերպությունների բողոքները, միջազգային ԶԼՄ-ների սուր քննադատությունները կամ Եվրոպայի կենտրոնական հրապարակներում դժգոհության ակցիաները: Միեւնույն է՝ Բաքվի օլիմպիական խաղերն արդեն իրողություն են:
Արդյո՞ք Բաքու 2015-ն ինչ-որ բան փոխեց Ադրբեջանի համար կամ արդարացրեց սպասելիքները: Պատասխանելը միանշանակ դժվար է, սակայն փորձենք դիտարկել նրա ունեցած դրական եւ բացասական դերը: Օլիմպիական խաղերի կազմակերպումը կապված է հսկայական ծախսերի հետ, ուստի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում եվրոպական երկրներն իրենց նման շքեղություն թույլ տալ չէին կարող: Մինչդեռ նավթադոլարների վրա նստած Ալիեւի եւ նրա մերձավոր շրջապատի համար օլիմպիադան նոր հնարավորություն էր` մսխելու պետական փողերը: Զանազան աղբյուրներ տարբեր թվեր են մատնանշում` կապված Օլիմպիադայի կազմակերպան հետ: Որոշ աղբյուրներ նշում են 6.5 միլիարդ դոլար, իսկ որոշները` 8 կամ նույնիսկ 10 միլիարդ դոլար: Անշուշտ, եթե հաշվի ենք առնում, որ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում 126-րդ հորիզոնականում է, ապա հասկանալի է, որ ինչպես այս երկրի ամեն ոլորտում, այնպես էլ օլիմպիական խաղերի կազմակերպման ժամանակ հսկայական գումարներ են գնացել կոնկրետ մարդկանց գրպանները: Մասնավորապես` Ալիեւը գումարը մեկ գրպանից հանել ու դրել է մյուսի մեջ, քանի որ կազմակերպչական աշխատանքներում մեծապես ներգրավված է եղել հենց իր ընտանիքը: Չպետք է մոռանանք նաեւ, որ Բաքուն իր վրա էր վերցրել բոլոր մարզիկների ավիատոմսերի, սննդի եւ հյուրանոցային ծախսերը: Ստացվում է, որ երկրում անփոխհատույց ծախսվել է մոտ տաս միլիարդ դոլար գումար, որը որեւէ կերպ հետ չի վերադարձվելու պետական գանձարան: Այստեղ կարեւոր է շեշտել, որ Ադրեջանում հիմնական ավիաընկերությունները, հյուրանոցները եւ առհասարակ ժամանցի վայրերը պատկանում են ալիեւյան ընտանիքի այս կամ այն անդամին, ուստի ծախսված գումարը գրեթե դուրս չի եկել իշխող ընտանիքի եւ իշխող կլանի շրջանակներից:
Փոխարենն Ադրբեջանը, որի արտահանման եւ պետբյուջեի գոյացման առյուծի բաժինը պատկանում է նավթի արտահանմանը, այսօր տնտեսական լուրջ դժվարությունների առջեւ է կանգնել: 2015-ի պետբյուջեով մեկ բարել նավթի դիմաց նախատեսված էր 90 դոլար, սակայն ներկայումս նշված թվի գրեթե կեսն է, որը հանգեցրել է նաեւ նավթային սեկտորում աշխատակիցների թվի զգալի կրճատման: Սակայն այդ երկրի իշխանություններն իրենց կարող են թույլ տալ 100 միլիոն դոլար ծախսել Օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպման համար: Հայաստանի տեսանկյունից, բնականաբար շահավետ է խաղերի վրա Ալիեւի ծախսված տաս միլիարդ դոլարը, քանի որ այն որոշակիորեն նվազեցրեց հավանականությունը, որ այդ գումարները կծախսվեին զենք գնելու համար, որը հնարավոր է ուղղվեր ընդդեմ հայկական սահմանների:
Ի սզկբանե պարզ էր, որ Ալիեւը նախեւառաջ խաղերը փորձում էր օգտագործել ինչպես միջազգային ասպարեզում սեփական երկրի հեղինակությունը բարձրացնելու, այնպես էլ հակահայկական քարոզչություն իրականացնելու համար:
Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել, որպես պետության մի մոդել, որը, չնայած ժողովրդավարության եւ խոսքի ազատության մակարդակներով չի համապատասխանում եվրոպական չափանիշներին եւ իր առջեւ խնդիր էլ չի դրել համապատասխանել դրանց, սակայն կարող է լինել նաեւ ժամանակակից պետություն, որը ոչ մի բանով չի զիջում օլիմպիադաների անցկացման եվրոպական չափանիշներին: Ալիեւն ակնկալում էր, որ ծախսած գումարները կծառայեն երկրի դրական իմիջի ձեւավորմանը, սակայն հակադարձ ազդեցությունն անխուսափելի էր:
Համաշխարհային բոլոր հեղինակավոր պարբերականներն, անդրադարձ կատարելով Բաքվի խաղերին, չեն շրջանցել երկրում քաղբանտարկյալների եւ խոշտանգված լրագրողների, ալիեւյան դիկտատուրայի թեման: Ահա միջազգային ԶԼՄ-ներից կատարված մի փոքրիկ ծաղկաքաղ: Բրիտանական The Economist հանդեսը «Ադրբեջանն ու եվրոպական խաղերը. Ալիեւի թիմը» վերնագրով իր հոդվածում գրել է, որ «իր նպատակներին հասնելու համար Բաքուն գործի է դնում նավթը, խավիարը եւ այլ բարիքներ»:
Բրիտանական մեկ այլ հեղինակավոր պարբերականի` «Գարդիան»-ին արգելել էին լուսաբանել խաղերի բացման արարողությունը եւ լրագրողին մուտք գործել Ադրբեջան, ինչը պարբերականը կապում է դեկտեմբերին Եվրոպական խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ իրենց հոդվածի հետ, որում ասվում էր, թե ընդդիմությանը եւ խոսքի ազատությունը ճնշող Ադրբեջանում միաժամանակ փորձում են ընդլայնել միջազգային մարզական միջոցառումների պորտֆոլիոն:
Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթի հունիսի 10-ի համարում տեղ է գտել հեղինակ Քրիստոֆ Բեքերի «Նախագահի մեծ շոուն» խորագրով հոդվածը, որում խոսվում է Եվրոպական խաղերին քարոզչական բնույթ տալու պաշտոնական Բաքվի ջանքերի մասին: Բաքուն այդ ուղղությամբ ահռելի գումարներ է ծախսում. խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն Ալիեւը մոտ 10 միլիարդ դոլար է հատկացրել: Գերմանական Die Welt պարբերականն էլ նկատում է, որ Ադրբեջանում ընթացող վիճելի Եվրոպական խաղերի ընթացքում միայն սեփական մարզիկներին են աջակցում, մինչդեռ արտասահմանցի մարզիկները շարունակաբար ստորադասվում են:
Բաքվում անցկացվող խաղերը քարոզչական տեսանկյունից ունեն նաեւ վտանգավոր հետեւանքներ Հայաստանի համար: Կմոռացվեն ծախսված միլիոններն ու մարդու իրավունքները, ալիեւյան խրախճանքներն ու խոշտանգումները, սակայն չպետք է մոռանանք, որ այս խաղերին մասնակացում են աշխարհի շուրջ հիսուն երկրների 6000 մարզիկներ, որոնց մոտ անձնական հիշողություններ ու տպավարություններ կմնան: Այս օրերին Ադրբեջանում ջանքեր չեն խնայի սեփական մշակույթի բացակայությունը լրացնել հայկական մշակույթից, խոհանոցից գողացված տեսականիով: Քարոզչության տեսանկյունից սովորաբար հաղթող է դուրս գալիս, այն կողմը, ով առաջինն է տալիս ինֆորմացիան, իսկ այս պարագայում շատ մարզիկների համար Ադրբեջանը դարձավ տեղեկատվության առաջնային աղբյուր` հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող հինավուրց պետություն, որի տարածքների մի մասը «բռնազավթվել» է հարեւան Հայաստանի կողմից: Բացի այդ, քարոզչական մակարդակում անհատական տպավորությունների վրա աշխատելն իսկապես ավելի ազդեցիկ է, քանի որ մարդկանց մոտ ավելի շատ հավատ են ներշնչում ոչ թե քաղաքական գործչի բերանից արտասանված ճառերը, այլ հասարակ մարդկանց հետ զրույցները: Այս տեսանկյունից Ադրբեջանը շահեկան դիրքերում է հայտնվել: Միեւնույն ժամանակ չպետք է նաեւ մոռանանք, որ եվրոպացիներին մեծ հաշվով չեն հետաքրքում, իսկ երբեմն նաեւ ծիծաղելի են թվում վեճերն առ այն, թե որ կերարկուրն ում ազգային խոհանոցին է պատկանում:
Այնուամենայնիվ, այս ամենին հակադարձելու համար մենք էլ պետք է օգտագործենք նմանատիպ գործիքներ: Բնականաբար, ՀՀ-ն կարիք եւ հնարավորություն չունի կազմակերպելու եվրոպական խաղեր, որպեսզի այն դարձնի քարոզչության հարթակ, փոխարենն ամբողջ աշխարհով մեկ ապրում են մեծաթիվ հայեր, ովքեր առանց պետական ուղղորդման կամ քարոզչական նպատակների ներկայացնում են սեփական ազգի պատմությունն ու մշակույթը: Նավթադոլարների բացակայության պայմաններում Հայաստանի ներուժն իր մարդկային կապիտալն է, որը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվի:
Աննա Բարսեղյան
Քաղաքական մեկնաբան