Արդյոք Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ի չիք չե՞ն դարձնի ԵՏՄ անդամակցությունից ակնկալվող դրական տեղաշարժերը, էլ ավելի չե՞ն բարդացնի մեր երկրի տնտեսական վիճակը: Այս հարցերի շուրջ է մեր հարցազրույցը տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ:
-Այնպես չէ, թե միայն Մաքսային կամ Եվրասիական միության անդամ երկրները վնասներ կկրեն Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունը ռուսների հանդեպ պատժամիջոցներ հայտարարած երկրների առեւտրային հաշվեկշռում էլ զգալի տոկոս է կազմում. Եվրամիության երկրների դեպքում, ասենք, գյուղատնտեսական ապրանքների ավելի քան 10 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, իսկ Եվրամիության անդամ որոշ երկրների համար այդ տոկոսն ավելի բարձր է: Այնպես որ այդ պատժամիջոցներն ազդելու են իհարկե նաեւ եվրոպական երկրների վրա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ երկրների նկատմամբ Ռուսաստանի կողմից հայտարարված հակադարձ պատժամիջոցներից մենք կարող ենք շահած դուրս գալ. եթե եվրոպական ապրանքները չեն մտնում ռուսական շուկա, բնականաբար Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, լավ հնարավորություն է ստանում՝ ավելացնելու արտահանումը Ռուսաստան, առավել եւս, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստավոր պայմաններ ստեղծել դրա համար: Իհարկե սա պոտենցիալ հնարավորություն է՝ դրան պետք է պատրաստվել:
Հայաստանը կարող էր որոշակի կորուստներ ունենալ, եթե ներգրավված լիներ համատեղ նախագծերում, որոնց իրագործումը կապված է Արեւմուտքից նոր տեխնոլոգիաների ներկրման հետ: Սակայն այդ կարգի տեխնոլոգիաները կարող են ներկրվել նաեւ Չինաստանից կամ Հարավային Կորեայից: Չնայած՝ չեմ տեսնում Ռուսաստանի հետ իրականացվող խոշոր պրոյեկտներ, որոնք կարող են տուժել արեւմտյան պատժամիջոցներից: Այդ առումով, կարծում եմ, այդ գործոնը դժվար թե էական ազդեցություն ունենա մեր տնտեսության վրա:
Գյուղմթերքների արտահանման հետ կապված՝ լուրջ խնդիրներ չեմ տեսնում. այստեղ պոտենցիալ «պլյուսներ» կունենանք: Եվ, ի դեպ, խոսքը չի վերաբերում միայն գյուղմթերքներին. ժամանակին մենք ունեինք զարգացած թեթեւ արդյունաբերություն, որի արտադրանքը զգալի տոկոս էր կազմում մեր արտահանման պոտենցիալում: Ցավոք, Հայաստանը կորցրեց այդ պոտենցիալը՝ անհաշվենկատորեն արժեւորելով դրամը ոչ միայն դոլարի, այլեւ եվրոյի, անգլիական ֆունտի, ռուսական ռուբլու նկատմամբ. դոլարի փոխարժեքը մոտ 600-ից հասավ 300-ի, ինչի հետեւանքով զգալի կորուստներ ունեցանք հատկապես ադամանդագործության ոլորտում՝ փաստորեն կորցրինք արդյունաբերության այդ ճյուղը: Դրամի արժեւորումը բացասաբար անդրադարձավ նաեւ տեքստիլի, կոշիկի արտադրության վրա: ԵՏՄ անդամակցությունը հնարավորություն է տալիս լրացնել այդ բացը:
-ԵՏՄ մտնելն ինչպե՞ս կազդի դրամ-դոլար հարաբերակցության վրա. մեր ֆինանսական շուկան որքանո՞վ պատրաստ է ինտեգրվելու եռյակի սահմանած խաղի կանոններին:
-Ֆինանսական շուկայում կարո°ղ է դրամի ոչ էական արժեզրկում լինել՝ ռուսական ռուբլին էլ վերջին ամիսներին որոշակիորեն արժեզրկվել է: Մի կողմից՝ արժեզրկումը խթանում է արտահանումը, բայց, մյուս կողմից, բերում է տրանսֆերտների արժեզրկման:
Բացի դրանից, պատժամիջոցները կարող են հանգեցնել Ռուսաստանում աշխատատեղերի որոշակի կրճատման, համապատասխանաբար նաեւ տրանսֆերտների ծավալի նվազեցման, բայց մեր միգրանտների զգալի մասը զբաղված է այնպիսի ոլորտներում, որոնք սպասարկում են Ռուսաստանի ներքին շուկան: Այնպես որ տրանսֆերտների կտրուկ կրճատման հեռանկար չեմ տեսնում:
-Կարծում եք՝ մեզ կհաջողվի՞ խուսափել դրամի արժեզրկմամբ պայմանավորված գնաճային ճնշումներից:
-Որոշակի գնաճային ճնշումներ կլինեն. ասենք, 3-4 տոկոս գնաճի փոխարեն կարող ենք ունենալ 5-6 տոկոս, բայց չմոռանանք, որ այդ կարգի գնաճը եւս ունի իր դրական կողմերը. գների բարձրացման դեպքում կմեծանան բյուջե մուտքագրվող գումարները, որոնք կարող են ուղղվել սոցիալական ոլորտ: Ամեն դեպքում՝ կարծում եմ, գնաճը կմնա մեր կարգի երկրների համար ընդունելի սահմաններում:
-Վերջին շրջանում Ղարաբաղի մաքսային կարգավիճակի մասին քիչ է խոսվում: Սա ինչի՞ նշան է:
-Կարծում եմ, բոլորը հասկացել են. սա առաջին հերթին տնտեսական միավորում է, որը չի զբաղվում սահմանների հարցերով՝ դրա համար կան համապատասխան մարմիններ՝ ԵԱՀԿ, ՄԱԿ եւ այլն:
Ինչ վերաբերում է ԼՂ մաքսային կարգավիճակին, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղը եւ չճանաչված մյուս հանրապետությունները դե ֆակտո գտնվում են միեւնույն տնտեսական տարածքում: Անհեթեթ է մտածել, որ եթե հայ ժողովրդի մի մասը՝ արցախահայությունը, ավելի լավ ապրի, ապա դա կարող է վնասել հակամարտության խաղաղ կարգավորմանը. դա որեւէ տրամաբանության չի ենթարկվում: Հակառակը, ինչքան ժողովուրդն ավելի լավ ապրի, այնքան ավելի հեշտ կլինի գտնել հակամարտության լուծման բանալին:
Ընդհանրապես պետք է ասել, որ դե ֆակտո մենք արդեն իսկ գտնվում ենք ՄՄ, կամ որ նույնն է, ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում. փաստն այն է, որ միայն ՄՄ անդամների համար են զեղչվում էներգակիրների՝ նավթի, գազի գները:
ԵՏՄ անդամակցության գործընթացն ունի երեք հիմնական շարժառիթ: Առաջինը առանց մաքսատուրքի ներկրվող էներգակիրների ցածր գներն են, երկրորդը՝ ներդրումները, որոնց վերաբերյալ արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնց մասին խոսեց նախագահ Պուտինը սեպտեմբերի 3-ին: Իհարկե՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ հարցերն ավելի կհստակեցվեն:
Դրական արդյունքի հասնելու համար շատ համառորեն եւ հետեւողականորեն պետք է պաշտպանենք մեր տնտեսական շահերը: Հարցը պետք է հստակ դրվի՝ եթե եղել են պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները պետք է կատարվեն:
Երրորդ ուղղությունը ներկրվող որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումն է, որը կարող ենք շատ լավ օգտագործել մեր տեղական արտադրողին պաշտպանելու համար, ինչը չարվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու ժամանակ:
-Ձեր գնահատմամբ, որքա՞ն արագ մեր արտադրողը կարող է հարմարվել նոր պայմաններին՝ ավելացնել արտահանման ծավալը, մասամբ լրացնել ռուսական շուկայում առաջացած թափուր տեղը եւ ամրապնդվել այդ շուկայում:
-Դրա համար պետք է խրախուսենք ներդրումները, էժան վարկեր տրամադրենք տեղական արտադրողին, հնարավորինս աջակցենք այն ծրագրերին, որոնք ուղղված են արտահանմանը:
Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ տարբեր ինտեգրացիոն գործընթացներում կտրուկ մեծացնել արտահանումը, որպեսզի կարողանանք բարձրացնել կենսամակարդակը, ավելացնել ՀՆԱ-ի աճի տեմպերը եւ բնակչության զբաղվածությունը, որ նույնպես լրջագույն խնդիր է մեզ համար: Ինչի՞ հաշվին կարող ենք դա անել. առայժմ այդ հնարավորությունը մեզ տալիս է ՄՄ կամ Եվրասիական ուղղությունը, որից պետք է առավելագույնս օգտվենք:
Կրկնում եմ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ունենալով բացասական ազդեցություն, համատեղ իրականացվող ծրագրերի դեպքում ունեն նաեւ դրական բաղադրիչ: Տեսեք՝ ինչ է կատարվում. նույնիսկ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, քայլեր է ձեռնարկում ռուսական շուկայում իր ներկայությունը մեծացնելու ուղղությամբ: Մենք, լինելով նույն ռազմական բլոկում Ռուսաստանի հետ, շատ ավելի նպաստավոր վիճակում ենք այդ առումով: Ուղղակի պետք է ճիշտ օգտագործենք եղած հնարավորությունները:
-Ըստ որոշ տնտեսագետների՝ ԵՏՄ մտնելու դեպքում առանձին ապրանքատեսակների մաքսատուրքերը կարող են երեք անգամ բարձրանալ: Նման բան հնարավո՞ր է:
-Կարծում եմ, պրոֆեսիոնալ տնտեսագետը նման հայտարարությունները պետք է հիմնավորի հրապարակայնորեն ներկայացված հստակ հաշվարկներով: Սա՝ առաջին: Երկրորդ՝ մաքսային քաղաքականությունը երկսայր սուր է. Ղազախստանը, երբ մտնում էր ՄՄ, առաջարկեց բացառություն անել մոտ 500 ապրանքների համար, հետո ինքնակամ կրճատեց այդ ցուցակը՝ այդ թիվը հասցրեց 70-ի, որովհետեւ մաքսատուրքերը գնում են ընդհանուր ֆոնդ եւ այնտեղից վերաբաշխվում երկրների միջեւ:
Եթե անմաքս ապրանքների ցուցակը մեծացնում ես, քո տոկոսն իջնում է՝ բյուջեի մուտքերը պակասում են: Եվ հակառակը, եթե մաքսատուրքը բարձրանում է, բյուջե մտնող գումարն ավելանում է, եւ հնարավորություն է ստեղծվում ավելացած գումարն ուղղելու սոցիալական ոլորտ՝ բարձրացնելու կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձերը:
-Հաճախ կարելի է լսել, թե որեւէ մեկը հստակ չի հաշվել ԵՏՄ մտնելու «պլյուսները եւ մինուսները», պարզապես մի գեղեցիկ օր արթնացանք եւ որոշեցինք, որ եվրոպական ուղղությունն այլեւս արդիական չէ՝ Հայաստանի ապագան Մաքսային միությունն է:
-Այս տեսակետները, մեղմ ասած, անհիմն են: Դեռեւս 2013թ. գարնանը հայկական եւ ռուսական կառավարությունների առաջարկով ստեղծվեց աշխատանքային խումբ իմ ղեկավարությամբ, որը աշխատում էր որոշ առումով կոնֆիդենցիալ հիմունքներով: Մենք այդ ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրինք ե°ւ մեր կառավարությանը, ե°ւ ռուսական կողմին:
Ավելին՝ երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը եկավ Հայաստան, նախագահները համատեղ հայտարարության մեջ հղում արեցին «պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից իրականացված մանրակրկիտ հաշվարկներին»: Արժութային միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչն էլ արձագանքեց մեր ուսումնասիրություններին՝ վկայակոչելով աշխատանքային խմբի իրականացրած վերլուծությունները: Այս պարագայում ասել, որ որոշումը մի օրում է կայացվել՝ լուրջ չէ:
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ