Քաղաքացիական շարժում «ներքեւի՞ց», թե՞ «գունավոր հեղափոխություն»
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Ֆրիբուրգ, Շվեյցարիա
«Ո՛չ թալանին» կամ «Էլեկտրիկ Երեւան» շարժման համատեքստն ու բնույթը
«Էլեկտրիկ Երեւան» շարժումը, ինչպես այն անվանում էին արեւմտյան ԶԼՄ-ները, վեր էր հառնում որպես տարրական քաղաքացիական ու սոցիալական իրավունքների եւ Հայաստանի բնակչությանը տնտեսապես ճնշելու դեմ պայքար: Բողոքողները մերթ ընդ մերթ գտնվում էին երկու վայրում՝ Ազատության հրապարակում (Օպերայի շենքը, որտեղից սկզիբ էր առել Արցախյան շարժումը) եւ Բաղրամյան պողոտայում (որտեղ գտնվում են կառավարական շենքերը):
«Ո՛չ թալանին» շարժումը զարմանալիորեն բազմաշերտ էր: Սոցիալական բաղադրիչների զանազանությունից բացի բողոքի շարժման բազմաշերտությունն արտացոլվել է նաեւ մասնակիցների գիտակցված ապաքաղաքականացվածության մեջ: Նրանցից յուրաքանչյուրը սկզբունքորեն հանդես էր գալիս սոսկ իր անունից՝ խուսափելով կուսակցական միջամտությունից: Կարգախոսների եւ պահանջների կանխամտածված սահմանափակումն ուներ շարքային քաղաքացիներին ներգրավելու նպատակ: Այսպիսով, շարժումը կարող է բնութագրվել որպես զանգվածային, կոնկրետ նպատակին միտված եւ առաջնորդապաշտությունից զերծ:
Մե՛նք ենք տերը մեր երկրի: Ապագաղութացո՞ւմ, թե՞ վերագաղութացում
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Երեւանի գլխավոր՝ Բաղրամյան պողոտան, վանկարկելով «Մե՛նք ենք տերը մեր երկրի» կարգախոսը: Շարժման մասնակիցների մեծամասնության համար բնակչության տնտեսական լուսանցքայնացման դեմ բողոքի կողքին եւ համահավասար դրվում էին երկրի ինքնիշխանության եւ ազգային տնտեսության ավելի արդար կազմակերպման հարցերը:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ինքնին ընկալվում էր որպես Հայաստանի գաղութացման հետեւանք, երբ տնտեսության ռազմավարապես կարեւոր ոլորտները՝ այսպես կոչված բնական մենաշնորհները հանձնված էին օտարերկրյա ներդրողների քմահաճույքին: Խոսքն, առաջին հերթին, ռուսաստանյան ընկերությունների մասին է, քանի որ Հայաստանի հիմնական կարողությունները Ռուսաստանին են հանձնվել պարտքի դիմաց (հայտնի ռուս-հայկական «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը»):
Այսպես, 2002թ. ռուսաստանյան Интер РАО ЕЭС ընկերությունը հիմնադրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ձեռնարկությունը եւ այժմ տիրապետում է վերջինիս արժեթղթերի 100%-ին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից (բնակչությանն էլեկտրաէներգիա մատակարարող մենաշնորհատիրոջից) էլեկտրականության սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ հայտ է ստացել (2009 թվականից ի վեր սա թվով չորրորդ գնաճն է):
Հունիսի 17-ին հանձնաժողովը միաձայն հաստատել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Սույն որոշման համաձայն՝ օգոստոսի 1-ից ցերեկային սակագինը կվ/ժ-ի համար 41.85 դրամից պետք է աճեր մինչեւ 48.78, իսկ գիշերային սակագինը՝ 31.85 դրամից մինչեւ 38.78 դրամ: Էլեկտաէներգիայի սակագինը բարձրացնելու այս որոշմանն ի պատասխան հունիսի 23-ից Երեւանի գլխավոր՝ Բաղրամյան պողոտայում սկսվել են բողոքի ցույցերը:
Հեղինակավոր Ernst and Young ընկերության 2013թ. անցկացրած աուդիտը ցույց էր տվել մենաշնորհատիրոջ կողմից վարչարարության բոլոր թերությունները: Մանսավորապես, 13.4 միլիարդ դրամ նախատեսված շահույթի փոխարեն կորուստը կազմել է 9.88 միլիարդ (կորստի հանրագումարը՝ 44.47 միլիարդ էր, որի 45%-ը ձեւավորվել է 2012-2013թթ.): Աշխատակիցների ուռճացված թիվը (7850 մարդ) նույնպես վկայում է վատ վարչարարության եւ ընկերության կառավարման անարդյունավետության մասին: Այս տեղեկատվության հրապարակումը հարուցել է դժգոհության հուժկու ալիք ռուսաստանյան կապիտալի բռնատիրության եւ պետության ամենատարբեր՝ ռազմավարապես կարեւոր հատվածներում վերջինիս չափազանցված ներկայության դեմ: Ընդ որում, այս դժգոհությունը կլիներ նույնքան մեծ, եթե հիշյալ չարաշահումները կատարվեին ցանկացած այլ պետության պատկանող ընկերության կողմից:
Այսպիսով, ի թիվս այլոց, բողոքողները հանդես են եկել օտար լծի դեմ՝ վերջինիս շատ սպասելի եւ բավական հայտնի կոռուպցիոն սխեմաների դեմ, որոնց մեջ, ամենայն հավանականությամբ, ներգրավված էր նաեւ հայկական կողմը: Ցուցարարները քննադատում էին այն շղթան, երբ ռուսաստանյան ընկերությունը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որոնք էլ, իրենց հերթին, ճզմում են իրենց իսկ համաքաղաքացիներին: Սույն քննադատությունը, հարկավ, կրում էր որոշակի հակագաղութային բովանդակություն: Փաստացի դա կարող էր նշանակել այն, որ հայկական տնտեսությունն ուղղակիորեն կառավարվում է Մոսկվայից: Թեեւ, ըստ էության, բողոքն հասեագրված էր ոչ թե ռուսաստանյան ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի եւ ոչ էլ առավել եւս Ռուսաստանի դեմ, այլ այս ամենը թույլ տված հայաստանցի պաշտոնյաների դեմ:
Հրապարակը՝ որպես ազատության դպրոց
Ցույցերը սկսվել են Երրորդ Հանրապետության քաղաքացիների համար խորհրդանշական վայրում՝ Օպերայի հրապարակում, որը քաղաքացիականության եւ ազատության հետխորհրդային դպրոցն էր: Դրանք խաղաղ, բայց չարտոնված ցույցեր էին: Սկզբում իշխանությունները հույս ունեին, որ մի քանի տասնյակ ակտիվիստների նախաձեռնությունն արագորեն կորցնելու է գրավչությունը, եւ հրապարակում հավաքված մարդիկ ինքնաբերաբար կցրվեն իրենց տները: Ուղղահայաց-աստիճանակարգված մտածողության տեր իշխանություններին թվում էր, թե բավական է «մշակել» ակտիվիստներին եւ «գլխատել» շարժումը: Այդ իսկ պատճառով նախագահի աշխատասենյակ էին հրավիրվում հենց շարժման առաջնորդները:
Սակայն իշխանությունների հաշվարկը չարդարացավ, որովհետեւ շարժման կազմակերպումն ընթանում էր սոցիալական հարաբերությունների հորիզոնական հարթության վրա՝ այսպես կոչված կոնսենսուսային կամ ֆորումային ժողովրդավարության ռեժիմում: Նորություններում նշվում էր, որ բողոքողները բանակցություններից չէին հրաժարվել, բայց պահանջել են, որ բանակցությունների ողջ ընթացքը բաց ռեժիմով հեռարձակվեր ուղիղ եթերում: Այսպիսով, առկա էր թափանցիկության եւ շարժման այլ մասնակիցների առջեւ պատասխանատվություն դրսեւորելու կամք: Բնականաբար, նախագահը հրաժարվել է ուղիղ եթերից, թեեւ դրա մասին նորություններում ոչինչ չի ասվել:
Շարժման հետագա արմատականացումը պայմանավորված էր հենց իշխանությունների գործողություններով: Շարժման մասնակիցների եւ դիտորդների վկայությամբ՝ տեղի է ունեցել բազմաթիվ գործակալների ներդրման փորձ, որոնք, սակայն, ակտիվիստների կողմից համեմատաբար արագ բացահայտվել են: Բերման ենթարկված ականատեսի վկայությամբ՝ «Նրանք գերազանցապես ոստիկանության տեղական բաժինների աշխատակիցներ էին, այսպես կոչված՝ «օպերներ», անգամ՝ քննիչներ, որոնք ըստ օրենքի չպետք է այդպիսի գործունեությամբ զբաղվեին»:
Ընդ որում, ներդրված գործակալները կիրառում էին երկու հակադիր մոտեցումներ: Առաջինը՝ հակածայրահեղական, հակահեղափոխական քարոզչությունն էր, որը դիսկուրսիվ կերպով ձեւակերպված էր այսպես. «Մենք պատերազմող երկիր ենք եւ չպետք է ուրախացնենք թշնամուն. ադրբեջանցիներն այժմ ցնծում են»: Մարզերից լուրեր էին հասնում առ այն, որ այնտեղ տարածվում էր, թե իբր Երեւանում ծայրահեղականների մի խումբ պահանջում է ազատագրված տարածքները հետ հանձնել Ադրբեջանին: Երկրորդ մարտավարությունը կրում էր սադրիչ բնույթ. քաղաքացիական հագուստով «իրավապահները» տարածում էին սադրիչ գաղափարներ՝ հնչեցնելով բռնության եւ նախագահական պալատը գրոհելու կոչեր: Ի պատիվ շարժման մասնակիցների՝ երկու մարտավարություններն էլ ձախողվել են, ընդ որում, երկրորդը՝ առանձնահատուկ անհաջողությամբ:
Մայդա՞ն, թե՞ ոչ Մայդան
Արդեն առաջին իսկ օրերին իշխանությունների ֆոբիաներն արտացոլվել են ուռճացված դավադրամոլական մտածողության մեջ: Հետեւելով ռուսաստանյան ԶԼՄ-ներին՝ որոշ հայ քաղաքական փորձագետներ սկսել են խոսել «ԱՄՆ-ի կողմից վճարված հերթական գունավոր հեղափոխության» մասին: Ընդ որում, «նարնջագույն» հեղափոխություններ հրահրելու դեմ հանդես եկող անձինք անպայման նշում էին Facebook-ի եւ այլ սոցիալական ցանցերի վտանգավորությունը (ուկրաինական բողոքները մինչեւ վերջնականապես հաղթանակած «Եվրամայդան» անվանումը կոչվում էին նաեւ «Տեխնոմայդան»): Այս մեղադրանքներին ի պատասխան ծնվել է «Մենք Մայդան չենք. մենք մարշալ Բաղրամյան ենք» կարգախոսը: Այս կարգախոսը քննադատվել է բողոքի շարժումների հայ փորձագետներից մեկի կողմից: Եվրամայդանը կապկելու մեղադրանքը («Եթե «բողոքականներին» բլիթներ են բաժանում, ապա դա արդեն Մայդան է») վիրավորում եւ նվազեցնում էր հայկական ինքնուրույն բողոքի կայացած ավանդույթը, որը 1988թ. Ղարաբաղյան շարժման ժամանակ Ազատության հրապարակում քաղաքացիական ազատության մեծ դպրոց է անցել: Ուստի, ուկրաինական իրադարձությունները նմանակելու մասին մեղադրանքներն անուղղակիորեն կասկածի տակ էին առնում Հայաստանի քաղաքացիների քաղաքական սուբյեկտությունը եւ քառորդ դար առաջ նրանց իրացրած բողոքի մշակույթը: Բացի դրանից, «Մենք Մայդան չենք» կարգախոսը դիտվում էր որպես արդարացնող դիսկուրսիվ ռազմավարություն, որը ակտիվիստներից մեկի դիտարկմամբ՝ օգնում էր ռուսներին հաղթահարել հակամայդանական հոգեխանգարմունքը:
Մեզ ջրում են, իսկ մենք աճում ենք
Շարժման հիմնական կարգախոսներն էին՝ «Ո՛չ թալանին», «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան», «Մե՛նք ենք տերը մեր երկրի», ինչպես նաեւ՝ սոցիալական ցանցերում լայն տարածում գտած բազմաթիվ դեմոտիվատորներ: Շարժման ակտիվիստները խստորեն հետեւում էին, որ բողոքի ընթացքում չհայտնվեին նոր՝ հակակառավարական եւ արեւմտամետ կարգախոսներ՝ ցույցը ցրելու պատրվակ չստեղծելու համար: Այդ պատճառով Եվրամիության դրոշները ծածանող բողոքի մասնակիցներին խնդրել են դրանք վայր իջեցնել, որպեսզի շարժումը չպիտակավորվի՝ որպես դրսից հովանավորված: Սակայն, ի հեճուկս «պատրվակ» ստեղծող պաստառների ու կարգախոսների բացակայության՝ հայկական ոստիկանությունը շարժման կորիզի դեմ բռնի գործողությունների դիմեց:
Հունիսի լույս 23-ի գիշերը ցուցարարներին դաժանաբար ծեծելուց, ցույցը ջրցան մեքենաներով ցրելուց եւ ավելի քան 230 հոգի ձերբակալելուց հետո ծնվել է «Մեզ ջրում են, իսկ մենք աճում ենք» կարգախոսը: Ամենասկզբից շարժման խորհրդանիշ էր դարձել մատների հատուկ դասավորությամբ արեւմտյան մի անպարկեշտ ժեստ: Այսպիսով, ակնհայտորեն հայհոյիչ ակնարկների իմաստով այս շարժումը նմանակ չունի, ինչն արտացոլվել է թե՛ լոգոյում (վառվող լամպը միջնամատի ցուցադրմամբ», եւ թե՛ կարգախոս-պահանջներում եւ ժեստերի ու մարմնի լեզվում՝ թանկացման մեղավորներին «fuck» անելու ուղերձով: Այս ամենը եւս մի կողմնակի ապացույց է, որ շարժման հիմնական առաջնորդող ուժը գործողությունների համակարգման համար թվիթեր եւ այլ սոցիալական ցանցեր ակտիվորեն օգտագործող առաջադեմ այթի-ական երիտասարդությունն էր: «Հայհոյիչ» նշանը «առերեսում» էին թանկացման մեղավորների հետ եւ տարածվում փողոցները ողողած պաստառների միջոցով:
Ի հեճուկս շարժման «հայհոյիչ» հեգնանքի՝ այն որպես գլխավոր ռազմավարություն հռչակել է ոչ բռնությունը: Այնուամենայնիվ, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է պարտադրել պետության եւ իշխանական հարաբերությունների իր իդեալն այն երկրներին, որոնք մի շարք հանգամանքների բերմամբ հայտնվել են իր ազդեցության ոլորտում: Բողոքի շարժման ընթացքում (հունիսի լույս 23-ի գիշերը ցուցարարների ուժային ցրումը) պարզ դարձավ, որ Հայաստանում պետական մտածողության կաղապարը ներկայանում է որպես Ռուսաստանի քաղաքական մշակույթի մանրապատկեր, որն արտահայտվում է «Մարդը ոչինչ է, պետությունը՝ ամեն ինչ» բանաձեւով: Թերեւս, հենց դրանով է պայմանավորված բոլորի նկատած զանգվածային շարժման հմայիչ փառատոնացումը: Շարքային մասնակիցների ցուցադրաբար ստեղծած տոնախմբության մթնոլորտը, որին բնորոշ էր երաժշտականությունը՝ հայրենասիրական երգերի՝ «Գետաշեն», «Գինի լից» եւ ավանդական շուրջպարերի կատարումը խորհրդանշում էին իշխանության՝ քաղաքացիներին հակադրված բռնի ուժի սրբազնազերծումը:
Հավաքի ընդգծված տոնական ոգին հանգեցնում էր վախի անհետանալուն՝ ծնելով դիմադրելու անկոտրում կամք. դուք մեզ ջրում եւ ծեծի եք ենթարկում, իսկ մենք պարում եւ երգում ենք: Հենց դա է միավորում բազմաշերտ շարժումը՝ սնուցելով այն ժողովրդական զանգվածի էլեկտրականացնող էներգիայով: