Ռոջավայի (Հյուսիսային Սիրիա) կանանց ջոկատները
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Վաշինգտոն (ԱՄՆ)
Ռոջավայի իդեալիստները. հայրիշխանության դեմ պայքարողնե՞ր, թե՞ (հակա)ահաբեկիչներ
Ռոջավան այսօր լրագրողների ամենաշատ այցելած տեղերից է աշխարհում։ Ամենաարմատական խաղաղասերներն անգամ «գորովանում» են՝ լսելով կոմունալիստական հեղափոխության և ինքնամոռաց դիմակայության խորհրդանիշ Ռոջավայի նահանգի անունը։ Իրադարձությունների վայրից հասնող տեղեկությունների համաձայն՝ այս չճանաչված և բոլորովին ոչ ամենաարհեստավարժ ու փորձառու բանակը սպառազինված է «հնամենի» կալաշներով և թշնամուց խլված զինամթերքով (դա ձեզ, ի դեպ, ոչինչ չի՞ հուշում)։ Սակայն, այս բոլոր լուրջ թերությունները խամրում են այդ զինված կազմավորումների հզոր մարտական ոգու և վճռականության առջև։ Խոսքը՝ Սիրիայում դե֊ֆակտո ինքնավար Ռոջավա դաշնային քրդաբնակ նահանգի մասին է, որն իր տարածքում հեղափոխական կացության մասին է հայտարարել։ Ռոջավան բաղկացած է երեք առանձին՝ Քոբանե, Ջազիրա և Աֆրին շրջաններից։ Այդ վայրերում այսպես կոչված Իսլամական պետությունն այսօր իսկական ցեղասպանության է ենթարկում տեղի քուրդ և եզդի բնակչությանը։
Լեռնային այն շրջաններում, որտեղ Իրանը, Իրաքը և Թուրքիան սահմանակցում են պաշտոնապես չճանաչված, բայց դե֊ֆակտո գոյություն ունեցող Քրդստանին, Քրդական բանվորական կուսակցությունը (քրդերեն՝ ՊՊԿ) վարժեցնում և զինվորագրում է քուրդ և եզդի կանանց։ Այս կանայք ոչ միայն լի են Դայեշի, Այսիսի կամ Իրաքի և Լևանտի իսլամական պետության (այսուհետ՝ Իսլամական Պետություն՝ ԻՊ) ջիհադականներին դիմադրելու վճռականությամբ, այլև հավակնում են տարածաշրջանում այլընտրանքային գաղափարախոսություն, ուստիև նոր սոցիալական կարգ հաստատել։ Այսպիսով, ՊԿԿ-ն հանդես է գալիս որպես ԻՊ դեմ պայքարի առանցքային դերակատար, թեև ի սկզբանե այս կուսակցությունը ձևավորվել էր հանուն Քրդստանի անկախության Թուրքիայի կառավարության դեմ պայքարելու նպատակով։
Ինչո՞ւ է Ռոջավայի հեղափոխությունը կանացի համարվում։ Ռոջավայի գումարտակը հավաքագրվում է լիակատար սեռային համամասնությամբ՝ կանանց և տղամարդկանց հավասար թվով։ ԻՊ-ի՝ իրենց հակառակորդների մարմնավորած աշխարհահայացքին և վարքագծին այսչափ հակտոնտյա՝ Էությամբ աշխարհիկ և ամենատարբեր կրոնական դավանանքների նկատմամբ հանդուրժող այս տեղական խմբերը հավակնում են համաշխարհային կապիտալիզմին և ազգային պետությանը սոցիալական այլընտրանք ձևավորել, բարձրաձայն և հստակ հայտարարելով, թե իրենք չեն ձգտում նոր տարածքներ գրավել կամ վիճարկել հաստատված ժամանակակից սահմանների կարգավիճակը։
Ընդ որում, Ռոջավայի ձևավորման սկզբունքները միանգամայն հակադիր են հարևան՝ շատ ազգայնական Իրաքյան Քրդստանին, որը նույնպես ունի զինված կազմավորումներ՝ Փեշմերգա (թարգմանաբար՝ մահապարտ) անունով հայտնի բանակ։ Այն, ի դեպ, վերջերս դադարել է ակտիվ զինվորական անձնակազմի շարքեր կանանց ընդունել։
Կոմունալիզմ՝ մարքսիզմի փոխարեն
Խորհելով բուն սոցիալիզմի ձախողման մասին՝ քրդական բանվորական կուսակցության նախագահ Աբդուլահ Օջալանը (ձերբակալված է 1999 թվականից) 2013 թվականին խաղաղ երկխոսություն է նախաձեռնել թուրք պետության ներկայացուցիչների հետ։ Նա հանգել է այն եզրակացության, որ ազգային պետությունը չի կարող դեպի ազատություն վստահելի ճանապարհ հարթել այն պարզ պատճառով, որ վերջինս անփոփոխ կերպով վերարտադրում է ուղղահայաց իշխանական հարաբերություններ։ Այդ իսկ պատճառով Օջալանը վերանայել է իր նախկին տեսակետները՝ կենտրոնանալով ժողովրդավարական, բնապահպանական և գենդերաէգալիտարական կաղապարներին հենվողկոմունալիստական նախագծի վրա։ Այսպիսով, Ռոջավայում ընթացող հեղափոխությունը որպես նպատակ հետապնդում է այնպիսի լիբերտար և բազմակարծիք կառավարման կառուցվածքի հաստատում, որը նախատեսում է ոչ միայն քրդերի, այլև տարածաշրջանում բնակվող բոլոր այլ էթնիկական ու կրոնական խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը։ Ռոջավայի հեղափոխական կուսակցության (PYD) գաղափարախոսության հիմքում ընկած գլխավոր գաղափարն այն է, որ յուրաքանչյուր անհատ և սոցիալական խումբ ունի օրինականորեն ինքնորոշվելու իրավունք։ Հենց այս համատեքստում է ներկայանում դաշնային֊շրջանային սկզբունքով և բազմատեսակ խմբերի ողջ տեսականու ներառականության վրա հիմնված ժողովրդավարական ինքնավարությունը։ Օրինակ, Ջազիրա շրջանի համավարչապետ են նախկինում պարտիզանական ջոկատում կռված քրդուհին և արաբական մեծ ցեղի ցեղապետը։ Յուրաքանչյուր քաղաքական պաշտոն անհրաժեշտաբար համանախագահ է նախատեսում։ Համանախագահության սկզբունքն ունի առնվազն երկու նպատակ։ Մի կողմից, այն ապահովում է կանանց մասնակցությունը պետական իշխանության բոլոր մակարդակներում կայացվող որոշումների ընդունմանը, իսկ մյուս կողմից՝ այսպիսի մեխանիզմը թույլ է տալիս խուսափել իշխանության արատավոր կենտրոնացումից։ Ռոջավայի բոլոր քաղաքներում ստեղծվել են ժողովրդավարական ինքնակառավարումը, հավաքական կամարտահայտումն ու որոշումների ընդունումը խրախուսող տեղական խորհուրդներ և կոմունաներ։ Ռոջավայի բոլոր խորհուրդների և շրջանային վարչակազմերի կազմում հաստատված է կանանց մասնակցության 40-տոկոսանոց քվոտան, որը երաշխավորում է քաղաքական գործընթացներին կանանց անարգել մասնակցությունը։ Բացի բավական քննադատվող «քանակային» մոտեցումից՝ ստեղծված են կանանց «որակյալ» մասնակցության այլ բազմապիսի մեխանիզմներ։ «Աստղ» կամ «Եկիտիա աստղ» կոչվող կանանց կազմակերպությունների ցանցը ներթափանցել է շրջանի համարյա բոլոր բնակավայրերը։ Նրանց գործառույթը տեղում՝ հենքային մակարդակում կանաց կազմակերպելն է։ Այն ներառում է կրթական գործունեություն (ակադեմիա), որի նպատակն է՝ քաղաքականության, մարդու իրավունքների, վերարտադրական առողջապահության, մշակույթի և տնտեսության մասին գիտելիքների փոխանցումը։ Դասընթացներին պարտադիր հաճախում են նաև տղամարդիկ՝ դարերով ձևավորված «տղամարդկային մտայնության» սեքսիզմը հաղթահարելու համար։
Կարելի է ենթադրել, որ, այսպիսով, գաղափարախոսական վակուումը, որի մեջ մեծացել են Մերձավոր Արևելքի որոշ երկրների վերջին սերունդները, մասնակիորեն հաղթահարվել է Ռոջավայում քրդերի իրականացրած հեղափոխության շնորհիվ։ Այն սկսվել է 2012թ. հուլիսի կեսերին, երբ երկար և կնճռոտ ճանապարհ անցած ժողովրդավարական հաստատությունները վերջապես իշխանությանհասան։
«Կալաշ». կնասպանություն/ֆեմինիցի՞դ, թե՞ իշխանության տիրացում
Անցած տարվա հուլիսին եզդիաբնակ Սինջար քաղաքի գրավումից և սեպտեմբերին Քոբանի քաղաքի համար մղված մարտերից հետո զինվորական համազգեստով երիտասարդ, գեղեցիկ, ժպտացող և քաջ քուրդ կանանց լուսանկարները հեղեղեցին համացանցի տիրույթը։ ԻՊ-ն չի հանդուրժում անկախ կանանց՝ թղթակցի հետ զրուցելիս ասում է եզդի կանանցից մեկը։ ՊԿԿ և PYD զինված կազմավորումների 40%-ը կազմում են կանայք (կանանց առաջին պարտիզանական ջոկատները Քրդստանի լեռներում ձևավորվել են դեռևս 1995թ.), ընդ որում՝ նրանց ոչ ոք դրամական փոխհատուցում կամ դրախտի կարճ ճանապարհ չի խոստացել։ Նրանք կյանքի գնով պատրաստ են դիմակայել ԻՊ ամենակատաղի հարձակումներին, քանի որ վերջինս որպես գաղափարախոսություն ընտրել է ստրկացման, հայրիշխանության և սեքսիզմի ամենածայրահեղ ձևերը՝ առավելագույնս նողկալի ավատատիրական դրսևորմամբ։ Ռոջավայի կանանց ջոկատները քողարկված կամ բացահայտ պայքարում են նաև իսլամական հայրիշխանական գաղափարախոսության պատժիչ մեքենայի դեմ։ Համացանցում հայտնված այդ՝ երբեմն համարձակ լուսանկարներն, ի միջի այլոց, քանդում են արևելաոճ/օրիենտալիստ աշխարհահայացքը, որն առաջ է քաշում այն հարցադրումը, թե ինչպե՞ս է հնարավոր, որ «ավատատիրական և ուղնուծուծով հայրիշխանական» հասարակությունում կանայք կանգնեին ԻՊ դեմ պայքարի առաջնագծում՝ կամովին ընդառաջ գնալով ոչնչացված լինելու վտանգին։
ԻՊ-ի սև ուժերն իրենց ծածանած սև դրոշներով մարդատյաց գործունեություն են ծավալել դարերի ընթացքում բազմամշակույթ այլազանության և բազմաթիվ կրոնների բեղմնավոր հարևանության օրրան հանդիսացող տարածաշրջանում (բացառություն է կազմում տեղաբնիկ բնակչության ցեղասպանությունների հարուստ շարք իրականացրած Թուրքիան)։Այսօր Մերձավոր Արևելքում որոշ՝ մասնավորապես քրիստոնեական համայնքների գոյությունը մեծապես վտանգված է։ Զուգահեռաբար տեղի է ունենում կնասպանություն/ֆեմինիցիդ։ Գրավված բնակավայրերում ԻՊ-ն նախ հաստատում է իր կնատյաց (միզոգինիստական) ֆեթվաների կարգը։ Սինջարի հազարավոր կանայք և աղջիկներ բռնաբարվել, գլխատվել կամ վաճառվել են սեքս֊ստրկուհիների շուկաներում։Դժբախտաբար, այս բոլոր գործողությունները հիմնված են կործանարար գաղափարախոսության վրա, տարերային չեն և ունեն համակարգային բնույթ։ Ուղղակի կամ անուղղակի կերպով Ռոջավայի զինված կազմավորումները Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին պաշտպանում են վերջնական տեղահանությունից կամ բնաջնջումից։
Այսօր՝ ահագնացող ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, բավական դժվար է ուսանել կանացի ազատականացման քրդական դասը։ Ակնհայտ է միայն այն (աշխարհի այլ տարածաշրջանների փորձը միանգամայն նույնական եզրահանգումների է բերում), որ ամենաճեպընթաց սոցիալական վերելակը պայմանականորեն ասված ապահովվում է Կալաշնիկովի ինքնաձիգով։ Այլ կերպ ասած, խոսքը դասակարգային և այլ սոցիալական պատնեշների հաղթահարման և արյունահեղ պատերազմի հորձանուտում ողջ համայնքի գոյաբանական վերապրումն օրակարգային դարձնող բարձր սոցիալական կարգավիճակի ձեռքբերման մասին է։
Հեղափոխական Ռոջավայի իդեալիստների կողմից Մերձավոր Արևելքին առաջարկած այլընտրանքային մտածողությունն, ամենայն հավանականությամբ, ուտոպիստական նախագիծ է, որը բախվում է ահռելի թվով խնդիրների, հատկապես՝ տնտեսության ոլորտում(ձեզ չի՞ թվում, որ դա 1917 թվականից եկող déjà vu-ն է)։Այնուամենայնիվ, Իսլամական Պետությանը դիմադրող կանանց ջոկատները որոշ չափով արտահայտում են այն գաղափարը, որ ազգային ազատագրումն առանց սոցիալական վերափոխումների հնարավոր չէ։
ՊԿԿ կանանց ջոկատները վերլուծական ըմբռնման դժվար են ենթարկվում՝ հանդիսանալով երկու արմատապես հակոտնյա երևույթնրի մարմնավորում․ իշխանական կառույցների և պետական կարևոր որոշումների ընդունման գործընթացների մեջ կանանց լիազորագրումը (empowerment) զուգակցվում է ԻՊ կողմից զուգահեռաբար իրականացվող կնասպանությամբ/ֆեմինիցիդով։ Ովքե՞ր են այդ կանայք. 21-րդ դարի մարմնավորված առասպելական ամազոնուհինե՞ր, թե՞ պարզապես իրենց համայնքի պատասխանատու անդամներ և ակտիվ քաղաքացիներ։ Նրանք տարածքի համա՞ր են պայքարում, թե՞ վճռորոշ որոշումների ընդունման հարցում ստեղծում են սեռերի սոցիալական հավասարության կարևոր նախադեպ։ Ինչո՞վ է այս ամենն ավարտվելու։ Այսօր Ռոջավայում տեղի ունեցողն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան՝ պատասխաններ պարունակում։ Ուրեմն՝ հետևենք դեպքերի զարգացմանը։
Երախտագիտություն եմ հայտնում ս.թ. հունիսին Ռոջավա (հյուսիսային Սիրիա) այցելած դոկտոր Քարոլ Մաննին (Dr. Carol Mann)՝ աշխույժ քննարկումների և 2015թ. հունիսին Բեյրութում համաժողով կազմակերպելու համար, որին բախտ եմ ունեցել անձամբ մասնակցելու։ Խորհրդատվական աջակցության համար շնորհակալ եմ նաև դոկտոր Մերալ Դյուզգունին (Meral Duzgun, Westministeruniversity, UK) և Մերալ Չիչեքին (Meral Çiçek, Kurdish Women’s Relations Organization – REPAK)։