Հարավային Օսիան զբաղեցնում է 3.900 քառ. կմ տարածք և ունի շուրջ 51000 բնակիչ՝ ըստ վերջին համընդհանուր մարդահամարի տվյալների։
Պահանջված չլինելու և գոյության տարրական պայմանների բացակայության պատճառով հանրապետության մտավորականության զգալի մասը 80-ականների վերջից ստիպված էր հեռանալ երկրից և մշտական բնակության վայրեր փնտրել Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում։ Այդ նույն ժամանակ Հարավային Օսիան մարտնչում էր իր ազատության և ցայսօր իր գաղութատիրական նկրտումներից չհրաժարված նախկին մետրոպոլիայից իր անկախության համար։
Հանրապետության չնչին մարդկային ռեսուրսը բարդացնում է պետության կայացումը։ Հարավային Օսիայի նորագույն պատմության բոլոր իշխանություններն էլ անդրադարձել են ժողովրդագրական հիմնախնդրին։ Թեև բոլոր խոստումներն էլ, որպես կանոն, ամբոխավարական բնույթ ունեին։ Խոսքը հիմա ոչ թե նոր աշխատատեղերի կամ էլ հայրենադարձների համար գրավիչ պայմանների ստեղծման մասին է, այլ այն բնակիչների մասին, ովքեր ապրում էին հանրապետությունում և ում իշխանություները չկարողացան կամ էլ չուզեցին պահել։
Հանրապետությունը լքած օսերի հետ խոսելիս կարող ես լսել տարածված կարծիքն առ այն, որ իրենք եթե անգամ վերադառնան, ապա խոր ծերության մեջ։ Ընդսմին, նրանք հաճախ են հիշում Լյուդվիգ Չիբիրովի և Էդուարդ Կոկոյտիի կառավարման տարիները, երբ սկսվեց զանգվածային արտագաղթը Հարավային Օսիայից։ Ինչ խոսք, ճիշտ չէրլինի մոռանալ նաև Վրաստանի հետ արյունոտ “ամուսնալուծությունը”, բայց արտագաղթյալների պատմելով՝ հայրենի օջախները լքելուն նրանց մղել են ավազակություններն ու պատժիչ ռեժիմները։
Դեմ լինելով փոխզիջումային լուծումներին՝ նախորդ երկու նախագահները, ում միանգամայն պատահականորեն բախտ էր վիճակվել իշխելու երկրում, ինքնաբերաբար գլորվեցին դեպի կիսադիկտատորական վարչակարգեր։ Փաստորեն նրանք ունեին հանրապետությունից իրենց ըննդիմախոսներին արտաքսելու կատարյալ քարտ-բլանշ։ Գործարարներին, մտավորականներին, ընդհանրապես՝ բոլոր ընդդիմախոսներին դավաճանի պիտակ էին կպցնում։ Հերթական նախագահական ընտրությունների ժամանակ Լյուդվիգ Չիբիրովի համատարած ձախողումից հետո նրա հետ միասին հանրապետությունից ստիպված եղան հեռանալ ամենատարբեր տրամաչափի բազմաթիվ պաշտոնյաներ, պատժիչ ռեժիմում ներգրավված երիտասարդներ՝ ավելացնելով մինչ այդ հայրենիքը լքածների թիվը։
Էդուարդ Կոկոյտին, ըստ էության, ընտրվեց ի հեճուկս Չիբիրովի։ Իր կարիերայի ամենասկզբում այս եռանդուն և քարիզմատիկ մարդը հաճելի տպավորություն էր թողնում։ Մարդիկ ի դեմս նրա տեսնում էին փրկչի, նրա հետ էին կապում Հարավային Օսիայի վերածնման հույսերը։ Մարդկանց թվում էր, թե իրենց ճակատագիրը հիմա փոքրիշատե հուսալի ձեռքերում է։ Համընդհանուր խանդավառությունը սահուն կերպով վերածվեց Կոկոյտիի անհատի պաշտամունքի։ Հանուն արդարության պիտի ասել, որ այս ամենը չէր լինի առանց քաղաքացիների ջանքերի։ Կարծում եմ, որ բարեփոխումների ակնկալիքն այնքան մեծ էր, որ մարդիկ մեկ այլ ծայրահեղության մեջ ընկան։
Սկզբում համընդհանուր անսահման պաշտամունքը փոքր ինչ շփոթեցնում էր Կոկոյտիին, բայց հետո նա հավատաց սեփական բացառիկությանը և սկսեց իր այդ վիճակից որոշակի քաղաքական շահաբաժիններ կորզել։ Կոռուպցիոն սկանդալներ եղան, որոնք հանգեցրին մեծ դժգոհությունների, բայց արդեն ուշ էր։ Կոկոյտին պարզապես ի վիճակի չէր որևէ քննադատություն ընդունել։ Ցանկացած ընդդիմախոսի ժողովրդի դավաճանի պիտակն էին կպցնում, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց նրա քաղաքական կարիերայի անփառունակ վախճանին։ Երիտասարդ ու նախահարձակ քաղաքական գործիչը սկսեց ավելի հաճախ պատժամիջոցների դիմել, քան նույնիսկ Չիբիրովը։ Կոկոյտիի օրոք սոցիալական ակտիվիստների արտագաղթն ավելի ուժեղացավ։
Պարզվեց, որ Լեոնիդ Տիբիլովն իր նախորդներից ավելի հավասարակշիռ ու խելամիտ է։ Չնայած այն բանին, որ Կոկոյտիի օրոք Պետական պահպանության ծառայությունը փաստորեն վերածվել էր սեփական ժողովրդի հանդեպ պատժիչ մարմնի, երբևիցե չեմ լսել, որ այդ ծառայության աշխատակիցներից որևէ մեկը հետապնդվեր ներկայիս իշխանությունների կողմից։ Անկեղծորեն ասած՝ դա հաճելիորեն զարմացնում էր։ Թվում է, հարավօսական հանրությունն այնքան է հոգնել այս օղակաձև անվերջ դեգերումներից, որ պարզապես աչք փակեց արատավոր պատժիչ համակարգի ստեղծմանը մասնակցած համաքաղաքացիների անցյալի վրա։
Այդուհանդերձ, Հարավային Օսիայի լոնդոնաբնակ քաղաքացի Լարիսա Սոտիևայի անունն այս տարվա ամռանը չէր հեռանում հարավօսական լրատվամիջոցների էջերից։ Աջուահյակ աբսուրդ վերնագրեր էին, մոտավորապես այսպիսին՝ «Հարավային Օսիայում կալանվել է անգլիական հատուկ ծառայությունների գործակալը» և այլն։ Հարավային Օսիայի Հանրապետության իշխանությունները փաստացիորեն երկրից արտաքսեցին իրենց իսկ քաղաքացուն, դա անելով 37 թվականի լավագույն ավանդույթների հանգույն։
Հետադարձ հայացք ձգելով՝ կամա թե ակամա հանգում ես այն մտքին, որ հայրենադարձության քաղաքականության մասին բոլոր հայտարարություններն ընդամենը բառերի հավաքածու են իշխանավորների շուրթերին։ Առայժմ նրանցից ոչ ոք ջանք չի թափում այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք եթե անգամ չհանգեցնեն հայրենադարձության, ապա գոնե նպաստեն հանրապետության ներկայիս բնակչությանը պահելուն։
Խետագ Խետագով
Эхо Кавказа