Դա սերն է, որ չնայած անցած դարավերջի պատուհասներին, այսօր էլ միավորում է բազմազգ ընտանիքը:
Ապրում էին Բաքվում: 1989 թվականի հունվարին Սարգսյաների ընտանիքը ստիպված էր վերջնականապես տեղափոխվել քաղաքից՝ հայերի նկատմամբ բռնությունների ու ճնշումների պատճառով: Ցրվեցին, ապա միավորվեցին: Երեխաները հիմա Մոսկվայում են, ծնողները՝ Շոշում: Բայց միասին են, ասում է ընտանիքի մայրը:
«Այսօր մենք հպարտանում ենք մեր երեխաներով: Նրանք շատ -շատ են մեզ օգնում: Մՙենք հիմա գյուղում ոչ մի բանով չենք զբաղվում, մեր եկամուտը մեր թոշակն է, որ միայն կոմունալ վճարումներ կատարելուն է հերիքում: Երեխաներն են ֆինանսապես օգնում»:
Սարգսյանների հարսն ու փեսան այլազգի են:
Մարիետա Սարգսյանը հիշում է. որդու՝ Սերգեյի, համար աչքի տակ աղջիկ ուներ պահած: Սպասում էր՝ ամռային արձակուրդին Մոսկվայում ուսանող որդուն կծանոթացնի աղջկա հետ. «Գուցե մի բան գլուխ գա»,- մտածում էր: Սերգեյը եկավ: Մայրը հիշում է իրենց զրույցը:
-Մամա ջան, ուզում եմ համակուրսեցուս ամուսնության առաջարկ անել, ի՞նչ կասես։
-Բայց ես քեզ համար լավ հարսնացու եմ աչքի տակ պահել։
-Լավ ես արել, մամ ջան, բայց ես պիտի ամուսնանամ իմ ընտրյալի հետ, մենք արդեն հինգ տարի ընկերություն ենք անում:
Սա միակ անակնկալը չէր, որ որդին մատուցեց: Աղջիկը ռուս էր:
«Ես սկզբից դեմ էի այդ ամուսնությանը, քանի որ հարսնացուն ռուս աղջիկ էր: Բայց դե ինչ անեի, սերն իր օրենքներն ունի: Դա քո գործն է, քո ընտրությունը՝ ասացի տղայիս»:
Այդպես Սարգսյանների տունը դադարեց զուտ հայկական լինելուց: Ռուս հարսի մասին այսօր սիրով է խոսում կեսուրը:
«Ես ճիշտ եմ արել, որ չեմ խանգարել, չեմ խոչընդոտել այդ ամուսնությանը: Հիմա նրանք միասին երջանիկ են: Ունեն չորս որդի, ես էլ ունեմ սիրող ու սիրված տղա ու հարս»:
Ծեր ամուսինները հարգանքով նաեւ դստեր ամուսնու մասին են խոսում:
«Մեր փեսան ադրբեջանցու ու թաթարի զավակ է: Աղջկաս հետ միասին աշխատում էին նավաշինական գործարանում, այդտեղ էլ ծանոթացան: Երբ իմացա նրանց սիրո մասին, փորձեցի բացատրել, հասկացնել, խոչընդոտել, բայց ապարդյուն: Նրանք սիրում էին իրար, եւ այս անգամ էլ սերն ավելի հզոր էր, քան մայրական հորդորները»,- պատմում է մայրը:
«Նա շատ լավ, խելոք ու համեստ անձնավորություն է»,- տիկնոջը շարունակում է 82-ամյա Միքայել Սարգսյանը: 1988 թվականին, երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց, Իսմայիլը (փեսան-հեղ.) կնոջն ու երեխաներին տեղափոխեց Մոսկվա: Իրավիճակը հայրենի քաղաքում այնքան վատ էր, որ աները փեսային շնորհակալություն հայտնելով նաեւ գործելու ազատություն տվեց:
«Ես նրան ասացի՝ փեսա ջան, ապրես, որ անվտանգ տեղ տարար, հիմա, եթե անգամ թողես հեռանաս, ես քեզնից դարձյալ շատ-շատ շնորհակալ կմնամ»:
Բայց սերն ավելի բարձր էր, ուժեղ: Ղարաբաղյան հակամարտությունն ընտանիքի վրա չազդեց: «Նրանք ինչպես սիրում էին իրար, հիմա էլ սիրում են ու կսիրեն: Դեռ ավելին՝ ավելի լավ հասկացան սիրո գինը: Հիմա երկու երեխա ունեն»,- պատմում են ծնողները:
«Միայն մեծ տղաս է մաքուր հայկական ընտանիք ստեղծել: Ընտրությունը իրենն էր, բայց դա այն միակ ընտրությունն էր, որին դեմ չեմ եղել»,- ասում է մայրը:
Երբ երեխաներով հավաքվում են, բոլորի լեզուն դառնում է ռուսերենը: Բարեկամությանն ու հարազատությանը տարբեր ազգերի ներկայացուցիչ լինելը չի խանգարում: Իսկ վերջին տարիներին բազմազանությունը շատացել է. թոռնուհին ամուսնացել է գերմանացու հետ:
Հակամարտությունն ադրբեջանցիների հետ, այնուամենայնիվ, այս մեծ ընտանիքի առօրյայում իր կնիքը թողնում է:
Ամեն ամառ երեխաները հավաքվում են գյուղում, բոլորը՝ բացառությամբ ադրբեջանցի փեսայի: «Նա շատ է ցանկանում գալ Ղարաբաղ: Ռուսաստանի գրանցում ունի, սակայն վարանում է, դեռ չպարզված հարցեր կան երկու ազգերի միջեւ: Ափսոս, աղջիկս էլ Բաքու չի գնում, ամուսնու բարեկամների հետ չի տեսակցում: Ինչպե՞ս գնա: Հայուհի է»:
Զավակների մասին տարեց ամուսիները պատմում են կարոտով: Գնալ Մոսկվա, ապրել այնտեղ՝ հեռանկար է, որ ամուսինները չեն ընդունում:
Միքայել Սարգսյանն ասում է, որ Հայաստանի Արարատ քաղաքում էլ տուն ունի, բայց. «Չեմ գնա այնտեղ ապրելու: Հողը ձգում է: Ինչ ուզում ես արա, դա այդպես է»:
Այդ մի կտոր հայրենիքի եւ նրա զավակների համար տարեց ամուսինները խաղաղություն են ցանկանում, որ երիտասարդությունն այլեւս պատերազմ չտեսնի, որ բոլորը կարողանան ապրել այնպես, ինչպես իրենց բազմազգ ու համերաշխ ընտանիքը:
Երազում են, որ դա մի օր նաեւ Հայրենիքում հնարավոր դառնա: Որ զավակները բոլորը կհավաքվեն հայրենի գյուղում, հանուն դրա նաեւ մենակության բեռն են քաշ տալիս, սպասում, որ մարդիկ եւս կսովորեն սիրո եւ հարգանքի լեզուն: «Շատ է ուշանում»,- ցավով արձանագրում է Միքայել պապը: