Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ
Խորհրդային Միության փլուզումը և դրան հաջորդած հակասական քաղաքական գործընթացները սոցիալ-քաղաքական ասպարեզ են դուրս բերել մի շարք նոր ուժերի, որոնք էապես կանխորոշել են 90-ականների և հետագա ժամանակաշրջանի իրողությունները։ Ազգայնականությունն ազատականությունից հետո հիշյալ ժամանակաշրջանի երկրորդ՝ թերևս ամենավառ քաղաքական թրենդն էր։ Կովկասցիների համար ռուս ազգայնականների առավել աչքի ընկնող միջոցառումներից էին Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վորոնեժում և այլ քաղաքներում 2000-ականների սկզբներին հաճախակիացած նացի-սկինհեդների երթ-հավաքները։ Սակայն, ազգայնական շարժումը սկինհեդական ենթամշակույթի հետ նույնացնելը ակնհայտ պարզունակեցում է։ 90-ականների սկզբներից մինչև 2010-ականների կեսերը Ռուսաստանում ազգայնականությունն արձանագրել է նշանակալից էվոլյուցիա՝ անցնելով մի շարք կարևոր փուլերի միջով։
«Խորհրդային շրջանից հետո ռուսական ազգայնակությունն ի հայտ է եկել նախահեղափոխական Ռուսաստանը վերականգնելուն ձգտող շարժումների տեսքով։ Այն աճել է պատմական հիշողության խմբերից, վերականգնողական ակումբներից, սպիտակգվարդիական ազնվականական միություններից և, առհասարակ, աչքի էր ընկնում թատերաբեմադրական բնույթվ»,- կարծում է քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը։
Այդ ժամանակվա շարժումները կրում էին ընդգծված հակախորհրդային ուղղվածություն։ Ազգայնականները պատրաստ էին պայքարել խորհրդային իրողությունների դեմ, այդ թվում և՝ զենքի ուժով։ Երբ 1991թ. փլուզվեց Խորհրդային Միությունը՝ ազգայնական կազմակերպություններն, առաջին հերթին «Память»-ը, նրանից անջատված «Ռուս ազգային միասնություն»-ը և մի քանի տասնյակ այլ կազմավորումներ անմիջապես հանդես եկան կոմունիստական վարչակարգի մնացորդների դեմ պայքարի կոչով։
Այդ փուլում ազգայնականներին հետաքրքրում էր նախահեղափոխական Ռուսական կայսրության վերականգնումը։ Այդ ժամանակ օտարատյաց տրամախոսությունը գործնականում բացակա էր։ «Նախկինում ազգայնականությունը՝ իր հետևորդներին հատուկ խորհրդային մտայնությամբ, առավել դասակարգային-կայսերապաշտ էր։ Համարվում էր, որ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության այլ էթնիկական խմբերը նոր ազգային Ռուսաստանի կազմում ունեն իրավահավասար գոյության մոտավորապես նույն իրավունքը»,- համարում է Վլադիմիր Կիրեևը։ Ավելին, այդ ժամանակ ազգայնականներն ու ազատականները միասնական հակախորհրդային ալիքի մաս էին։
1993թ. տեղի ունեցավ հեղաշրջում, և իրավիճակը փոխվեց։ Կոմունիստների դեմ պայքարի փոխարեն ծավալվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության արևմտամետ, ազատական և շուկայական ուղեգծի դեմ պայքար, քանի որ վերջինիս իրականացրած սեփականաշնորհումը հանգեցրել էր բնակչության զգալի մասի սնանկացման։ Վլադիմիր Կիրեևի խոսքերով` «Հենց այդ պահից ռուսական ազգայնականությունը դարձավ նոր իշխանությունների ազատական շուկայական մոդելի թշնամի, որի համար էլ անխնա լուսանցքայնացվեց Ռուսաստանի ողջ տարածքում՝ ի տարբերություն մնացած հետխորհրդային հանրապետությունների, որտեղ ազգայնականությունը բացահայտ կամ քողարկված կերպով ստանձնեց տիրապետող գաղափարախոսության դերը»։
Սկինհեդների ենթամշակույթը, որը Ռուսաստանից դուրս շատ ավելի հայտնի է, քան երկրի ներսում, ունի բոլորովին այլ պատմական ծագում և առաջացել է post-punk-ի տիպի երիտասարդական ենթամշակույթներից։ «Նացի-սկինհեդները կողմնորոշված էին այլ երիտասարդական ենթամշակույթների դեմ պայքարին, բրիտանացի և ամերիկացի սկինհեդ-ռասիստների էսթետիկային, որն ուղղված էր աֆրոամերիկացիների, մեքսիկացիների և այլ էթնիկական խմբերի դեմ։ Քանի որ Ռուսաստանում աֆրիկացիները քիչ էին, նրանց տեղը զբաղեցրին Միջին Ասիայից և Կովկասից եկած խմբերը», կարծում է Կիրեևը։
Եթե «Պամյատ»-ի ազգայնականները թշնամի էին համարում ազատական ժողովրդավարությունը, հակառուսական բոլշևիզմը և հրեական «կազմակերպված սփյուռքը», ապա նացի-սկինհեդները հիմնական հակառակորդներ էին դիտում անտիֆաներին, պանկերին, մետալիստներին, կովկասցիներին, աֆրիկյան երկրներից եկած ուսանողներին և Հարավ-արևելյան ու Միջին Ասիայից եկածներին, թեև կենցաղային մակարդակի վրա նրանց հետ ոչ մի գաղափարախոսական հակամարտություն չկար։ Այդ ամենն ընդամենը նորաձևությանը մատուցած տուրք էր։
Զրոյական տարիներին տեղի են ունեցել զգալի և աչքի ընկնող փոփոխություններ. կայսերապաշտ ազգայնականները, «Ռուս ազգային միասնության» մնացորդները, կազակներն ու նացի-սկինհեդների ենթամշակույթը համաձուլվել են միասնական ենթամշակույթի մեջ, որն ունի բացահայտ ագրեսիվ բնույթ և միտված է դիմակայելու բազմամշակութայնության արատի մեջ դեգերող հասարակությանը։
Քաղաքական ասպարեզում ժամանակակից ռուս ազգայնականության «բիֆուրկացիայի» (երկատման) երկու կետ են դարձել 2011-2012թթ. բողոքի ցույցերը և ուկրաինական ճգնաժամը։ Այսպիսին է «Ժողովրդական դիվանագիտություն» հիմնադրամի փորձագետ և քաղաքական մեկնաբան Սերգեյ Պրոստակովի տեսակետը։ «Տեղի է ունեցել ազգայնական խմբերի կտրուկ տարանջատում՝ ոչ համակարգային ընդդիմության, ինչպես նաև Մայդանի, Ղրիմի միացման և Դոնբասում պատերազմի նկատմամբ վերաբերմունքի հատկանիշներով։ Ռուս ազգայնական են ինքնահռչակվում և՛ «Ազգ և ազատություն» կոմիտեի արտագաղթած ուկրաինամետ ակտիվիստները, և՛ տրամագծորեն հակառակ դիրքերից հանդես եկող՝ ողջ Նովոռոսիայի միացման ջատագով «Հունվարի 25» կոմիտեն, «Մեծ Ռուսաստան» և «Ռուս ազգային միասնություն» շարժումները, անգամ՝ Նավալնիի կամ Միլովի կողմնակից ազգայնամետները»,- նշում է փորձագետը։
Ներկա պահին ժամանակակից Ռուսաստանի ազգայնական շարժումները գնալով լուսանցքային են դառնում։ «Այժմ, ի հեճուկս այն հանգամանքի, որ ազգայնականների մի մասը ողջունել է հարավ-արևելյան Ուկրաինայում Կրեմլի քաղաքականությունը, նրանք շարունակում են սերտորեն կապված լինել քրեական ենթամշակույթի և «գողական աշխարհի» հետ։ Վլադիմիր Կիրեևը կարծում է, որ նացիստները դարձել են քրեագողական ենթամշակույթի յուրօրինակ նորաձև դրսևորում։
Այս կարծիքին համամիտ է նաև Սերգեյ Պրոստակովը. «Առավել ծայրահեղական խմբերի ինքնանույնականացման կարևորագույն տարր հանդիսացող ենթամշակույթը նույնպես փոխվել է։ Օրինակ, ժամանակին նեոնացիստական միջավայրի համար կատարելապես անընդունելի երաժշտական ոճերը ներկայումս սովորական են դարձել, իսկ նախկին առաջատար ոճերը՝ հազվագյուտ։ Փոխվել է սկինհեդական ենթամշակութային խմբի մոդան և արտաքին տեսքը. 10-ամյա վաղեմության կարծրատիպերը ժամանակակից «սկինհեդների» հանդեպ այլևս կիրառելի չեն»։
Ազգայնականության ռուսական երևույթի արմատական տարբերությունը ներկա պահին այն է, որ, ի հեճուկս հասարակությունում տիրող հայրենասիրական բարձրագոչ մթնոլորտի, կազմակերպված ազգայնական խմբավորումները ոչ այնքան լայն հասարակական տրամադրությունների, որքան նեղ քրեական ենթամշակույթի արտահայտիչ են։ Ազգայնական հանրությունն ավելի պառակտված և քաղաքականապես նվազ ակտիվ է դարձել. նրանց կազմակերպած հրապարակային միջոցառումներն ավելի քիչ թվով մարդկանց են հավաքում։ Միաժամանակ, Ս. Պրոստակովը կարծում է, որ ազգայնականների ծայրահեղականության աստիճանը չի նվազել։ Պարզապես, նրանցից շատերի եռանդն ամբողջովին ուղղվել է ուկրաինական իրադարձությունների հոլովույթում ռուսամետ դիրքորոշումների սպասարկմանը։ Իրենց ազգայնական համարող կամ այլոց կողմից որպես այդպիսին դիտվող մարդկանց մեծ մասը քաղաքային բնակիչների աչքում ավելի նման են գոպնիկների ենթամշակույթի հետևորդներին, քան սկինխեդ-նեոնացիստի դասական կերպարին։ Այնուամենայնիվ, ի հեճուկս տեղի ունեցած փոփոխությունների և պառակտվածության, ազգայնականները նվազ վտանգավոր չեն դարձել, քանի որ այսօր էլ միավորող գաղափարի ի հատ գալուն պես նրանք ընդունակ են արագ մոբիլիզացման, ծայրահեղական գործողությունների և համախմբման։