Հարցազրույց՝ միջազգային հարաբերությունների փորձագետ, Վրաց-ամերիկյան համալսարանի դասախոս Գիորգի ԳՈԲՐՈՆԻՁԵԻ հետ։
– Ինչպիսի՞ն է վրացական ազգայնականությունը և արդյո՞ք այն ներկա է երկրի այսօրվա ներքաղաքական կյանքում։ Եթե այո, ապա ի՞նչ ծավալով և ո՞ր ձևաչափով։
– Վրաց ամենօրյա կյանքում ազգայնականությունը միշտ ներկա էր, բայց չէի ասի, որ այսօրվա Վրաստանում ազգայնական տրամադրություններն ուժեղ են։ Իհարկե, ներկայիս տրամադրությունները տարբերվում են 90-ականների սկզբների ժամանակաշրջանից, որին բնորոշ էր ազգայնական տրամադրությունների պոռթկումն ու բազում ազգայնական շարժումների առաջացումը։ Հիշյալ ժամանակաշրջանին հատուկ էր որոշակի «ազգային էյֆորիան», քանի որ վրաց պետականության կայացումը, կարելի է ասել, շատ տարօրինակ է սկսվել։ Անկախ պետության կերտումը սովորաբար ինքնորոշման եզրափակիչ գործընթացն է, իսկ վրաց ժողովուրդը՝ հետխորհրդային տարածության շատ այլ ժողովուրդների պես ինքնորոշման գործընթացն սկսել է միայն պետական անկախության ձեռքբերումից հետո։ Հենց այդ պատճառով 90-ականների սկզբներին հատուկ էր ազգայնականության աշխուժացումը։ Մինչդեռ այսօր ես չեմ կարող ասել, որ ներկայիս Վրաստանի ներքին քաղաքականության շարժիչ ուժն ազգայնականություն է։
– Վրաստանում, ինչպես և հետխորհրդային տարածության այլ երկրներում, հավանաբար, գործում են նաև ազգայնական ուժեր. նրանցից որո՞նք են ներկա Վրաստանի քաղաքական դաշտում և ինչպիսի՞ դիրքերից են հանդես գալիս։
– Ազգայնականությունն այսօր Վրաստանի հասարակական կյանքում առաջատար հիմնական ուղղությունը չէ։ Եթե ուշադրություն դարձնենք երկրի ոչ կառավարական հատվածին, ապա այնտեղ շատ փոքր թիվ են կազմում այն կազմակերպությունները, որոնց կարելի է զուտ ազգայնական համարել։ Հիմնականում, Վրաստանում գերակայում են հասարակական հատվածի և ողջ հանրության ուշադրությունը գրավող այլ բնույթի խնդիրներ։ Ազգայնական միտումները նահանջել են ոչ թե երկրորդ կամ երրորդ, այլ վերջին տեղը, քանի որ այսօր երկրում շատ ավելի սուր են ընկալվում սոցիալական հարցերն ու խնդիրները։
– Առկա՞ են, արդյոք, ազգայնականության խնդիրները հարևան պետությունների հետ հարաբերություններում։
– Եթե այս հարցը դիտենք հանրային ընկալման պրիզմայի միջով, ապա հիշյալ խնդիրները որոշակիորեն առկա են, քանի որ գոյություն ունի պատմական հիշողությունը, հատկապես, եթե նկատի ունենանք Թուրքիան։ Այսօր Թուրքիայի հետ Վրաստանն ունի շատ լավ հարաբերություններ, քանի որ Թուրքիան միակ երկիրն է, որի հետ մենք տարածքային վեճ չունենք։ Հիմնովին իրականացվել է սահմանազատում։ Սակայն, միջին վիճակագրական վրացու հիշողության մեջ Թուրքիան հաճախ նույնացվում է Օսմանյան կայսրության հետ, որի հետ մեր երկիրը դարեր շարունակ պատերազմներ էր մղել։ Նույնը կարելի է ասել նաև Ռուսաստանի մասին, որի հետ հարաբերություններում պատմական հիշողությունը նույնպես կարևոր դեր ունի։ Սյնուամենայնիվ, Ռուսաստանը վրացիներն ընկալում են ոչ միայն բացասաբար, այլև՝ որոշ չափով դրականորեն։ Առկա է հիշողություն այն մասին, որ 19-րդ դարում եվրոպական մշակույթը մուտք է գործել Վրաստան Ռուսաստանի միջոցով։ Միաժամանակ, Ռուսաստանն այն պետությունն է, որ Վրաստանին զրկել է անկախությունից։
– Ինչպես՞ եք բնութագրում 90-ականների սկիզբը՝ Զվիադ Գամսախուրդիայի իշխանության շրջանը։ Այդ ժամանակաշրջանի ազգայնականության զարթոնքը զուտ «վրացակա՞ն երևույթ» էր, թե՞ կային այլ գործոններ ևս։
– Գամսախուրդիային առնչվող իրավիճակը շատ հետաքրքիր է, քանի որ նա շատերի կողմից ցայսօր դիտվում է որպես բացառապես ազգայնական առաջնորդ։ Նրա կարգախոսը՝ «Վրաստանը վրացիների համար», այսօր էլ օգտագործվում է Վրաստանում այդ ժամանակ տիրած հասարակական տրամադրությունները բնութագրելու համար։ Օրինակ, ղարաբաղյան հակամարտությունը բռնկվել էր դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ, ինչն ինքնին հետաքրքիր է. ինչպե՞ս կարողացան երկու հանրապետություններ միմյանց դեմ պատերազմ սկսել՝ գտնվելով միևնույն կայսրության սահմանների ներսում։ Չի կարելի ասել, որ դրանք զուտ ներքին գործընթացներ էին։ Իհարկե, հակամարտությունն ուներ նաև ներհանրային բաղադրիչ, բայց ես լուրջ կասկածներ ունեմ, որ այն, այնուամենայնիվ, դրսից էր կառավարվում։ Երբ մենք խոսում ենք էթնիկական և ազգամիջյան հակամարտությունների՝ տվյալ դեպքում՝ հայ-ադրբեջանական դիմակայության մասին, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարողացան այս երկու ժողովուրդները զինվել՝ միմյանց դեմ լայնածավալ պատերազմ սկսելու համար։ Այսինքն, կար մեկը, որ շահագրգռված էր զինված դիմակայության բռնկմամբ… Նույնը կարելի է ասել նաև վրաց-օսական հակամարտության մասին. այսինքն, հասարակություններում կային ազգայնական տրամադրություններ, բայց բուն հակամարտությունն ահնարին կլիներ առանց զենքի, ռազմական կազմակերպվածության և պատերազմել իմացող մարդկանց։ Դրա համար էլ կարծում եմ, որ հիշյալ հակամարտությունները զգալի չափով զարգանում էին արտաքին կողմերի, առաջին հերթին՝ Մոսկվայի անմիջական մասնակցությամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանում կառավարելի քաոս ստեղծել։ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի շահերի արտոնյալ գոտիներ, որոնցում Ռուսաստանը սեփական հայեցողությամբ իրականացնելու է իր քաղաքական օրակարգը։
– Այսօր Հարավային Կովկասում առկա են երեք էթնոտարածքային հակամարտություններ։ Ձեր կարծիքով, այդ հակամարտությունների ազգայնական բաղադրիչը երկարատև՞ է լինելու, թե՞ այն ժամանակի ընթացքում հնարավոր է լինելու մեղմացնել։
– Կարծում եմ, որ այն երկարատև կլինի։ Օրինակ, ինչի՞ն է հանգեցրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Հայատյացությունն Ադրբեջանում վաղուց քաղաքական օրակարգի մաս է կազմում։ Բավական է հիշել, որ քնած հայ գործընկերոջը կացնահարած ադրբեջանցի սպան հերոսի կոչում է ստացել՝ արտահանձնումից և հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո… Ցավոք, այսպիսի կեցվածքն Ադրբեջանում համարյա քաղաքական նարատիվ է դարձել։
Աբխազիայում և Հարավային Օսիայում շատ ուժեղ են հակավրացական տրամադրությունները։ Վրաստանում երիտասարդ սերունդն աբխազների և օսերի նկատմամբ այսչափ խորն ատելության զգացում չի տածում՝ ի տարբերություն աբխազական և օսական հասարակություններում առկա վրացատյացության։ Դրա համար էլ շատ դժվար է ձերբազատվել ատելությունից. մեծանում են նոր սերունդներ, որոնք դաստիարակվում են հիշյալ տարածքներում ստեղծվող պատմական նարատիվների օրինակով։ Դեռևս Ստալինն էր լավ գիտակցում, որ պատմական աճպարարությունների միջոցով հնարավոր է ձևավորել զանգվածների ինքնագիտակցությունը։
– Ներկայիս Վրաստանում առկա՞ են ազգայնականության զարգացմանը նպաստող ներքին կամ արտաքին գործոններ։
– Իհարկե առկա են… Նախ՝ կա պատմական հիշողությունը, այն, թե ինչպես ենք մենք տեսնում և ուսանում մեր ազգային պատմությունը։ 90-ականների սկզբի ազգայնական էյֆորիան մեծ դեր է ունեցել վրաց ազգայանականության ձևավորման վրա։ Անգամ այսօր կարելի է դիտել մի շարք նմանատիպ երևույթներ։ Որոշ ժամանակ առաջ համացանցում լուր է տարածվել, թե ԱՄՆ-ում գործող հայկական պարերի ակադեմիան իբր վրացական մի պար հայկական է հայտարարել… Որոշ ժամանակ անց ամեն ինչ պարզվել է, բայց այդ տեղեկությունն ազգայնական հիստերիա է բարձրացրել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։
Հաճախ ազգայնականությունը սնուցվում է պատմական գործընթացների չիմացությամբ և պատմությունը քննադատաբար ըմբռնելու անկարողությամբ։
– Վրաստանի տարածքում բնակվում են բազմաթիվ էթնոսներ. կան ազգային փոքրամասնությունների զբաղեցրած հոծ տարածություններ։ Ձեր կարծիքով, երկրի իշխանություններն ի՞նչ պետք է անեն՝ ազգայնականությունն ու շովինիզմը բացառելու համար։
– Անհրաժեշտ է ունենալ սեփական ազգային նախագիծ։ Անկախության ձեռքբերումից հետո և մինչև օրս Վրաստանը քաղաքականապես չի կողմնորոշվել, թե ինչպիսի պետություն է կառուցում։ Չգիտես ինչու, հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները սկսել են կառուցել սեփական ազգային պետությունները, թեև կա այլ մոտեցում՝ ազգ-պետություն, երբ տարբեր էթնիկական խմբեր ինքնորոշվում են որպես մեկ միասնական պետության մասնիկ։
– Կովկասում կան բազմաթիվ՝ ցայսօր կենդանի էթնիկական խնդիրներ։ Արդյո՞ք ազգայանակությունը խնդիր է ողջ տարածաշրջանի համար։
– Այս խնդրի ակունքները, թերևս, ավելի խորն են ընկած։ Միգուցե ազգայնականության խնդիրը տարածաշրջանում շարունակում է կենդանի լինել այն պատճառով, որ կովկասյան ժողովուրդները չունեն անկախ կյանքի փորձառություն։
Օրինակ, Վրաստանը դադարել էր գոյություն ունենալ որպես միասնական քաղաքական միավոր 1490թ., երբ այն տրոհվել էր երեք ինքնիշխան պետությունների։ Այնուհետև, կարճ ժամանակ անց այս պետություններն ընկնում են Պարսից և Օսմանյան կայսրությունների ազդեցության ներքո, ապա՝ դարեր անց հայտնվում Ռուսական կայսրության և Խորհրդային Միության կազմում։ Վրաստանի առաջին հանրապետությունը գոյատևել է ընդամենը երեք տարի։ Բացակայում էր պետական կյանքի և կառավարման տեղական որևէ շարունակական ավանդույթ։ Շատ ավելի վատ իրավիճակ էր տիրում Հյուսիսային Կովկասում։ Կովկասի ժողովուրդներն ի վիճակի չէին կառուցելու սեփական ազգային-պետական կազմավորումներ։ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի օրոք կովկասյան ժողովուրդները հնարավորություն չունեին վարելու սեփական անկախ ազգային քաղաքականություն։
Զրույցը վարեց Իրակլի Չիխլաձեն