Զվիադ ԱՎԱԼԻԱՆԻ
Վրաստան
2016-ի նախօրեի վրաստանյան ներքաղաքական իրավիճակի համառոտ տեսություն
2016-ը Վրաստանում ընտրությունների տարի է։ Այս տարի «Վրացական երազանք» իշխող դաշինքն առաջին անգամ կկարողանա ստուգել, թե ինչպիսին է հանրության վերաբերմունքը՝ ոչ որպես խոստումներ շռայլող ընդդիմության, այլ՝ որպես իշխանական թիմի ու քաղաքական ուժի նկատմամբ, որին գնահատում են գերազանցապես կատարած գործերի և այդ գործերի՝ նախընտրական խոստումներին համապատասխանելու համաձայն։Ընտրություններում իրենց ուժերն են ստուգելու նաև այլ կուսակցություններ։ Սա լինելու է բախտորոշ 2012թ. ընտրություններից հետո Վրաստանում ստեղծված նոր քաղաքական իրականության մեջ այդ կուսակցությունների առաջին «գլխավոր ստուգումը»։
Կատարե՞լ է, արդյոք, իր նախընտրական խոստումները վրաց հասարակության ամենալայն շրջանակների աջակցությամբ իշխանության եկած կառավարող դաշինքը։ Որքանո՞վ է կարողացել պահպանվել (կամ անգամ՝ ռեաբիլիտացվել) նախկին իշխող կուսակցությունը։ Իրական ինչպիսի՞ աջակցություն ունեն այն կուսակցությունները, որոնք չեն պատկանում ո՛չ ներկայիս, ո՛չ նախկին իշխանական թիմին և որոնք առհասարակ չեն մասնակցել 2012թ. ընտրություններին։
Թեև հստակ՝ թվերով արտացոլված պատասխաններ մենք կստանանք 2016թ. աշնանը, ավելի լայն, իմա՝ քաղաքական իմաստով ընտրություններում չեն շահում կամ պարտվում հենց դրանց անցկացման օրը։ Իրավական հասարակությունում, որտեղ արդյունքները չեն կեղծվում, ընտրություններն ընդամենը արտացոլում են հասարակության գիտակցության մեջ կատարված այն փոփոխությունները, որոնք ձևավորվել են ընտրական շրջանների միջև։ Ամենայն հավանականությամբ, այսպես է լինելու նաև Վրաստանի դեպքում, ուստի խոսելով այն մասին, թե ինչպիսի քաղաքական տրամադրություններ կան հասարակության մեջ այսօր, երբ ընտրություններին մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ, մենք իրականում խոսում ենք նաև այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել ընտրություններից։
Ես կջանամ համառոտակիորեն նկարագրել ամենաառանցքային այն պահերն ու իրադարձությունները, որոնք պայմանավորել են 2015թ. վերջերին և 2016թ. սկզբներին Վրաստանում ստեղծված ներքաղաքական պատկերը։ Այդ իրադարձություններից կարելի է շատ բան իմանալ ոչ միայն Վրաստանում տիրող այժմյան տրամադրությունների, այլև այդ տրամադրությունների ուղղվածության մասին, որը հուշում է, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձություններն ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում։
Այժմյան Վրաստանի ներքաղաքական պատկերը պայմանավորած ու ցայժմ պայմանավորող առանցքային իրադարձություններն էին, անտարակույս, և առաջին հերթին՝ Եվրոպական հանձնաժողովի դեկտեմբերյան զեկույցը, որի մեջ Բրյուսելը դրական է գնահատել Վրաստանի կառավարության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը, Վրաստանի տարածքով Չինաստանից Եվրոպա ձգվող «Մետաքսի երկաթգծի» գործարկումը, ամերիկյան NDI կազմակերպության կողմից հերթական սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրապարակումը և, իհարկե, անցած տարվա դեկտեմբերի 23-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականը։
Ընդ որում, բոլոր վերոհիշյալ իրադարձությունները տարբեր կերպով ու հեռանկարով են ազդում երկրի հասարակական-քաղաքական կյանքի վրա։
Այսպես, վիզաների ազատականացումը Վրաստանի համար բացառիկ կարևորություն ունի՝ նախ և առաջ հենց ռազմավարական իմաստով։ Վիզաների ազատականացումը չի կարող պատկանել որևէ կոնկրետ կառավարության, քանի որ այն Վրաստանի մի քանի կառավարությունների ջանքերի հանրագումար արդյունքն է, սակայն այն փաստը, որ այն իրականություն է դարձել հենց «Վրացական երազանքի» կառավարության օրոք, միանշանակ վերացնում է բոլոր տեսակի կասկածներն այդ կուսակցության արտաքին քաղաքական «կողմնորոշման» մասին (իհարկե, եթե որևէ մեկի մոտ այդպիսի կասկածներ դեռ պահպանվել են)։
Վրաց հասարակությունը, բնականաբար, վիզաների ազատականացման գործընթացի հետ առանձնակի հույսեր է կապում։ Հետևաբար, զարմանալի չէ, որ Վրաստանում այդ փաստաթուղթը որպես պատմական է ընկալվում։ Ընդհանուր տպավորությունն այն է, որ այդ փաստաթղթի շնորհիվ Վրաստանը վերջնականապես վերադարձել է Եվրոպա և վերամիավորվել եվրոպական քաղաքակրթության հետ, որին նա միշտ պատկանել է և որին միշտ ձգտում էր։
Վիզաների ազատականացման ռազմավարական և երկարաժամկետ նշանակությունն արտահայտվել է նրանում, որ անգամ զեկույցի հրապարակումից առաջ վրացական կառավարությունը հայտարարել է, որ ոչ վիզային ռեժիմից կարողանալու են օգտվել ոչ միայն Թբիլիսիի վերահսկողության ներքո գտնվող տարածքի, այլև Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները։
Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն բանի վրա, որ զեկույցի հրապարակումից անմիջապես հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես պատրաստակամություն է հայտնել վերանայել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Այս փաստը պետք է առաձնահատուկ ընդգծել, քանի որ մինչ այդ Վրաստանը երբեք Մոսկվայից դրական արձագանքներ չէր ստանում Արևմուտքի հետ ինտեգրվելու իր հաջողություններին ի պատասխան։ Կարելի է նաև ենթադրել, որ առաջին անգամ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների վատթարացումը Վրաստանի վրա ավելի շուտ դրական, քան բացասական ազդեցություն է գործել։ Ռուսաստանը Եվրամիության հետ յուրօրինակ մրցակցության մեջ է մտել՝ Վրաստանի քաղաքացիների համակրանքը շահելու նպատակով։
Մոսկվայի այս քայլն, իհարկե, դեռ չի կարելի ընդունել որպես շրջադարձ ռուս-վրացական հարաբերություններում, բայց երբեմն Կրեմլի այսպիսի «արտասովոր» արձագանքը բացատրում են «Վրացական երազանքի» քաղաքականությամբ, որը ձգտում է ավելի հավասարակշռված կամ նվազ «գրգռիչ» արտաքին քաղաքական ուղղվածություն պահպանել։
Մյուս կարևոր և ուշագրավ իրադարձությունը մեր հիշատակած «Մետաքսի երկաթգծի» գործարկումն էր, որի միջոցով Չինաստանից՝ Ղազախստանի և Կասպից ծովի տարանցմամբ, գնացքները մտնելու են Ադրբեջան, իսկ ապա Վրաստանի տարածքով ընթանալու են դեպի Արևմուտք։ Դեկտեմբերի 13-ին Չինաստանից առաջին գնացքն է ժամանել Թբիլիսի՝ ճանապարհ հարթելով Ռուսաստանը շրջանցող նոր «Մետաքսի ճանապարհի» բացման համար։
Թե ինչ տեղ է զբաղեցնելու Չինաստանն Արևմտյան Եվրոպայի հետ կապող այս բազմաճյուղ ճանապարհներից մեկն, իհարկե, դժվար է ասել, թեև Վրաստանի տարածքով այլընտրանքային ճանապարհներից մեկի անցնելու փաստն ինքնին կարևոր է ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական և երկրի ազգային անվտանգության ամրապնդման համատեքստի տեսանկյունից։
Այսպիսով՝ գնացքի ժամանումը Վրաստանում ընկալվել է որպես Վրաստանի՝ Մեծ Մետաքսի ճանապարհի մաս դառնալու և երկրի պատմական գործառույթներից մեկի վերականգնման վերջնական «ճանաչում»։ Խոսելով «Մետաքսի երկաթուղու» մասին՝ փորձագետները նշում էին ոչ միայն և ոչ այնքան վերջինիս ֆինանսական եկամտաբերությունը, որքան Չինաստանի՝ տարածաշրջանում ամրապնդվելու գործոնը։ Ոմանք մինչև իսկ սկսել են խոսել ի դեմս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածաշրջանում նոր խոշոր քաղաքական դերակատարի ի հայտ գալու մասին, որը լրջորեն ազդելու է տարածաշրջանի քաղաքականության վրա։
Ահա այսպիսի հիմնականում լավատեսական տրամադրությամբ ավարտվեց 2015 թվականը, թեև դեկտեմբերի վերջերին Վրաստանում տեղի ունեցավ ևս մի կարևոր ու, թերևս, ոչ լիովին բացատրելի մի իրադարձություն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնից Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականը։
Պետք է նշել, որ Վրաստանում վերլուծաբանների մեծամասնությունը վերոթվարկյալ քաղաքական ձեռբերումների համապատկերում ցայժմ դժվարանում է բացատրել վարչապետ Ղարիբաշվիլու հրաժարականի տրամաբանությունը, առավել ևս, որ վարչապետի նշած պատճառը շատերի՝ թե՛ ընդդիմախոսների և թե՛ «Վրացական երազանքի» կողմնակիցների համար բավարար կամ հրաժարականի համար հիմնավոր չի համարվում։
Կասկածները սնուցվում էին նաև այն հանգամանքով, որ հրաժարականից (դեկտեմբերի 23-ին) քիչ առաջ վարչապետ Ղարիբաշվիլին հանրությանը ներկայացել է «Վրացական երազանքի» կառավարության եռամյա աշխատանքի մասին զեկույցով։ Զեկույցը կազմված էր այնպես, որ հանրության մոտ տպավորություն ստեղծվեր, թե վարչապետն, ընդհանուր առմամաբ, գոհ էր թե՛ իր և թե՛ կառավարության աշխատանքով։ Հետևաբար, այդպիսի զեկույցին անմիջապես հաջորդած հրաժարականը վրաց հասարակության առնվազն մի մասի և հատկապես իշխող դաշինքի կողմնակիցների համար բավականին անսպասելի էր։
Ի դեպ, մի քանի խոսք բուն զեկույցի մասին։ Դրանում ընդգծված էր այն ամենը, ինչը կառավարությունը համարում էր և շարունակում է համարել իր ձեռքբերումը։ Առաջին հերթին, իհարկե, հիշատակվում էր վիզաների ազատականացումն ու ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը նույնպես ստորագրվել է «Վրացական երազանքի» կառավարության օրոք, համընդհանուր ապահովագրությունը, հսկայածավալ ներդրումները գյուղատնտեսության ոլորտում, կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացումը, հեպատիտ C-ի վերացման ծրագիրը, էներգետիկայի ոլորտի նախագծերը (միայն վերջին երեք տարիների ընթացքում Վրաստանում գործարկվել է 12 ՀԷԿ), արտադրության ոլորտի մեջ կատարված ներդրումները («Արտադրիր Վրաստանում» ծրագիրը), նոր արտադրական հզորությունները, որոնք գործարկվել են վերոնշյալ նախագծի շրջանակներում, աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները, ԲՈՒՀ-երում 12 ֆակուլտետների ֆինանսավորումը, դատախազությունում, դատական համակարգում, ոստիկանությունում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները, լայնածավալ համաներումները և այլն։
Եթե «Վրացական երազանքի» կողմնակիցների մեծամասնության համար վարչապետի հրաժարականն այդպիսի զեկույցի ֆոնին անսպասելի էր, ապա այդ շրջադարձի էության մեջ ներթափանցել ձգտող վերլուծաբանները հղում են կատարում ամերիկյան «Ազգային ժողովրդավարական ինստիտուտ» (NDI) կազմակերպության կողմից Վրաստանում պարբերական հաճախականությամբ իրականացված և վերջերս հրապարակված սոցիոլոգիական հարցումներին։
Խոսելով NDI-ի կատարած հարցումների մասին՝ պետք է անպայման ընդգծել, որ նմանատիպ հարցումները Վրաստանում միշտ առանձնահատուկ զգայունությամբ՝ անգամ մարգարեաբար էին ընկալվում։ Այդ զգայունությունն այնքան մեծ է, որ հասարակությունն իրական ընտրություններից ակնկալում է մոտավորապես նույն արդյունքը (կամ չի զարմանա, եթե ընտրությունները ցույց տան միևնույն արդյունքը), ինչպիսին հրապարակում է NDI-ը։
Այս համապատկերում NDI-ի դեկտեմբերյան հարցումներում իշխող դաշինքում առաջատար կուսակցության՝ «Վրացական երազանքի» վարկանիշն, ի հեճուկս Ղարիբաշվիլու կառավարության բոլոր թվարկված ձեռքբերումների, կազմում էր 18 տոկոս։ Այս ցուցանիշն առանձնապես վատ է դիտվում ընթացիկ տարվա աշնանը կայանալիք ընտրությունների առումով։
Իշխող դաշինքի կազմում ընդգրկված մնացած կուսակցությունները («Հանրապետական կուսակցությունը», «Վրաստանի պահպանողական կուսակցությունը» և այլն) հարցումների տվյալների համաձայն միասին վերցված չեն հավաքել ձայների անգամ 3 տոկոսը, թեև, ըստ
նույն հարցումների, իշխող դաշինքը շարունակում էր զբաղեցնել առաջին տեղը՝ հավաքելով որևէ քաղաքական կուսակցությանը երբևէ աջակցած անձանց 30 տոկոսի համակրանքը։
Հարցումները նաև ցույց են տվել, որ «Վրացական երազանքի» կառավարության առջև ծառացած գլխավոր մարտահրավերներն են շարունակում մնալ գործազրկությունը և աղքատությունը։ Հարցվածների շուրջ 60 տոկոսն (առնվազն՝ անցած տարվա դեկտեմբեր ամսվա դրությամբ. դրանից հետո շատ բան հազիվ կարող էր փոխվել) իրենց գործազուրկ էին համարում, իսկ 30 տոկոսը գտնում էին, որ աղքատությունը Վրաստանի ամենասուր խնդիրն է։ Ամենասուր խնդիրների առաջին հնգյակի մեջ են մտել նաև տարածքային ամբողջականության վերականգնման, սղաճի և կենսաթոշակային խնդիրները։
Եթե ուշադրություն չդարձնենք տարածքային ամբողջականության խնդրին (քանի որ այս խնդիրը հասկանալի պատճառներով ծագման պահից առանցքային տեղ է գրավում ), ապա պարզ կդառնա, որ հասարակությունը հիմնական փոփոխությունների է սպասում հենց տնտեսական և սոցիալական քաղաքականությունում։ Վրաստանում արդիական է նաև չիրականացած խոստումների թեման։ «Վրացական երազանքի» կողմնակիցները սպասում էին ավելի արագ և շոշափելի արդյունքներ թե՛ ներքին (նախկին իշխանական վերնախավի մեղավոր ներկայացուցիչների պատիժը, տուժածների նկատմամբ «արդարության վերականգնումը», տնտեսական իրավիճակի բարելավումը) և թե՛ արտաքին քաղաքական ասպարեզում։
Արտաքին քաղաքականության մեջ ընտրողներն առանձնահատուկ հույսեր էին կապում Ռուսաստանի հետ հարաբերությունների բնականոնացման գործընթացի հետ, թեև այդ բնականոնացման արդյունքները, հատկապես՝ հակամարտությունների կարգավորման համատեքստում նրանց չեն բավարարել։
Սակայն, վերլուծելով նոր վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու առաջին հայտարարությունները, ինչպես նաև այն փաստը, որ վարչապետից բացի բոլոր նախարարները պահպանել են իրենց պաշտոնները, փորձագետները տնտեսական և սոցիալական քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չեն ակնկալում։ Ավելին, քաղաքագետները կանխատեսում են ավելի կայուն ժամանակահատված և ենթադրում են, որ Կվիրիկաշվիլին ավելի կառուցողաբար կաշխատի թե՛ նախագահի (ում հետ նախորդ վարչապետը որոշակի տարաձայնություններ ուներ) և թե՛ խորհրդարանական ընդդիմության հետ։
Այստեղ կարևոր է նշել նաև այն, որ քաղաքագետների մի մասը կարծում է, որ ավելի կառուցողական առաջնորդը կարող է և պարտավոր է բարձրացնել կառավարության վարկանիշը, իսկ մյուս մասը կանխատեսում է տրամագծորեն հակառակ արդյունք, քանի որ «Վրացական երազանքի» ընտրողները կառավարությունից «ավելի վճռական գործողություններ» էին պահանջում արդարության վերականգնման ոլորտում (այդ թվում՝ նախորդ իշխանական կուսակցության միջից մեղավորներին պատժելը) և ավելի խիստ գնահատականներ՝ արդի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ հարաբերություններում։
Այսպես թե այնպես՝ Վրաստանում տեղի ունեցած այս կադրային փոփոխությունը պետք է և հարկ է դիտել մոտեցող ընտրությունների համատեքստում։ Կարելի է նշել, որ նախընտրական իրարանցումն արդեն սկսվել է։ Վերջին երկու-երեք ամիսների ընթացքում քաղաքական ասպարեզ են դուրս եկել նոր ուժեր և դերակատարներ, որոնք հավակնում են ազդել երկրի քաղաքական կյանքի վրա։ Այս արշավի յուրօրինակությանը նպաստում են արդեն իսկ հիշատակված սոցիոլոգիական հարցումները, որոնցից պարզ է դառնում, որ հարցվածների գրեթե մեկ երրորդը տվյալ պահին չի պաշտպանում ներկայումս ակտիվ կուսակցություններից և ոչ մեկին։ Փորձագետները կարծում են, որ նրանց մեծամասնությունը «Վրացական երազանքի» նախկին կողմնակիցներն են, որոնք խորին հիասթափություն են ապրում իրենց նախկին համակրանքի առարկայի նկատմամբ։
Ակնհայտ է, որ բոլոր քաղաքական գործիչները փորձելու են օգտագործել ընտրություններին մնացած ամիսներն ընտրողների բազմատեսակ շերտերի համակրանքը շահելու համար։ Փորձագետների գնահատմամբ՝ յուրաքանչյուրի հնարավորությունները տարբեր են, թեև առավելագույն թվով ձայներ հավաքելու հավանականությունը կրկին «Վրացական երազանքին» է պատկանում, որովհետև ընտրողների մեծամասնությունը իրենց նախկին կողմնակիցներն են։ Կողմնակիցների շարքերն ընդլայնելու ամենափոքր հավանականությունն ունի նախկին իշխող կուսակցությունն՝ ի դեմս «Միացյալ ազգային շարժման», իսկ նրանց և «Վրացական երազանքի» արանքում գտնվում է քաղաքական ուժերի մի ողջ պատկերասրահ, որոնցից յուրաքանչյուրը կարող է հմտորեն օգտագործել ժամանակը և ընտրություններում լուրջ հաջողությունների հասնել։
Դեռևս վաղ է ասել, թե որ կուսակցության համար է հաջողված լինելու 2016 թվականը, բայց իրենց դիրքերն ամրապնդած ուժերի շարքից առավել հաճախ լսելի են խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Ժողովրդավարական շարժում- Միասնական Վրաստանի», «Հայրենասերների դաշինքի», վրաց լեյբորիստների և Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Ազատ ժողովրդավարների» անունները։
Վերոհիշյալ կուսակցություններից առաջին երկուսը հանդես են գալիս որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև ավելի հավասարակշռված քաղաքականության կողմնակիցներ (այն աստիճան, որ վրաց հասարակության մի մասը նրանց անգամ ռուսամետ է համարում), լեյբորիստները սովորաբար առաջին պլան են մղում սոցիալական հարցերը, իսկ Իրակլի Ալասանիայի կուսակցությունն աչքի է ընկնում խիստ արևմտամետ հռետորաբանությամբ։ Որոշ վերլուծաբաններ գրում են, որ հենց այս կուսակցությունը կարող է զբաղեցնել «գլխավոր ընդդիմության» տեղը և հետ մղել «Ժողովրդավարական շարժումը» երկրորդ կարգի կուսակցությունների շարքը։
Ընդհանուր առմամբ, իրավիճակն այնպես է զարգանում, որ Վրաստանի քաղաքական ներկապնակն, ամենայն հավանականությամբ, ավելի բազմերանգ է դառնալու և ընտրողների առջև չի ծառանալու երկու քաղաքական բևեռների միջև ընտրություն կատարելու երկընտրանքը։ Այս պարագայում ավելի մեծ նշանակություն կարող են ձեռք բերել կուսակցությունների դիրքորոշումները սոցիալ-տնտեսական հարցերում։ Նկատելի է, որ արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ որպես Վրաստանում քաղաքական սպեկտրի հիմնարար ջրբաժան, արդեն համարյա ամբողջովին սպառվել է, հատկապես՝ քաղաքական թատերաբեմում «Վրացական երազանքի» ի հայտ գալուց հետո։
Համանայն դեպս, մոտակա ամիսներին և մինչև աշուն ընկած ժամանակահատվածում Վրաստանն, ըստ էության, ապրելու է նախընտրական իրավիճակում, որտեղ ընտրությունների հետ չառնչվող գերկարևոր որոշումների կամ իրադարձությունների հավանականությունը մեծ չէ։ Իհարկե, Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա կարող են ազդել նաև արտաքին գործոնները՝ ուկրաինական հակամարտությունը, ռուս-թուրքական հարաբերությունները, Իսլամական պետության դեմ պայքարը, միջազգային ֆինանսական ճգնաժամները և բազմաթիվ այլ գործոններ, բայց եթե արտաքին միջավայրում տեղի չունենա որևէ բացարձակ կերպով արտառոց բան, Վրաստանն այս տարի ապրելու է գերազանցապես ընտրությունների սպասմամբ ու, թերևս, ինչ-ինչ նոր քաղաքական ուժերի ի հայտ գալու հնարավորությամբ։
Զեկույցը ներկայացվել է «Հարավային Կովկաս. խաղաղության և անվտանգության տարածաշրջանային ճարտարապետությունը» տարածաշրջանային հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2016թ. հունվարի 8-11-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Այդ հանդիպումը կազմակերպվել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի», «Կովկասյան տան» և «Ազգայնականության և հակամարտությունների ուսումնասիրության ինստիտուտի» նախաձեռնությամբ և Միացյալ Թագավորության Հակամարտությունների, անվտանգության ևկայունության հիմնադրամի աջակցությամբ։ Զեկույցում արտացոլված տեսակետներն ու կարծիքները արտացոլում են հեղինակի դիրքորոշումը և կարող են չհամընկնել Բրիտանականկառավարության և հանդիպման կազմակերպիչների տեսակետի հետ:
http://regional-dialogue.com/ru/new-year-new-challenges