Դինա ԱԼԲՈՐՈՎԱ
Հարավային Օսիա
Վերջին ութ տարիների ընթացքում մենք ականատես ենք Հարավային Կովկասում, ավելի ճիշտ՝ այսպես կոչված «Մեծ Մերձավոր Արևելքում» սրընթաց փոփոխվող քաղաքական նշանակալից գործընթացների։ 2008թ. պատերազմը Հարավային Օսիայում և դրան հաջորդած Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը, արաբական գարունը, Իրանական հարցը, Լիբիան, Իսլամական պետությունը, սիրիական պատերազմը, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը, Պարսից ծոցի երկրներում ճգնաժամը՝ դրանք բոլորը Հարավային Կովկասի անվտանգությանն ուղղված լուրջ մարտահրավերներ են։Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը Հարավային Կովկասի բոլոր վեց սուբյեկտների համար մեծ ու տհաճ անակնկալ էր։ Վերջին տարիները նշանավորվել էին այդ հարաբերությունների մեծ ջերմացմամբ. տնտեսական ասպարեզում տեղի էր ունեցել մեծ մերձեցում, որը Թուրքիային թույլ էր տվել տեղ զբաղեցնել Ռուսաստանի տնտեսական գործընկերների առաջին հնգյակի մեջ։ Միայն ռուսական զբոսաշրջության շնորհիվ Թուրքիան տարեկան մոտ երեք միլիարդ դոլարի եկամուտ էր ստանում. 2014թ. Ռուսաստանը Թուրքիային է մատակարարել 27.3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։
Հաշվի առնելով այն փաստը, որ Հարավային Կովկասում առկա է մեծ լարվածություն և անկայունություն՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը տեսականորեն կարող է տարածաշրջանով մեկ հակամարտություններ սադրել։ Վրացական սահմանի մոտ տեղակայված են թուրքական երկրորդ և երրորդ բանակները, իսկ Ռուսաստանը Հայաստանում (Գյումրի), Աբխազիայում և Հարավային Օսիայում ունի անընդհատ հզորացվող ռազմակայաններ։
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման առաջին ազդակը Պուտինի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Երևան կատարած այցն էր, որը թուրքական կողմի դժգոհություն է հարուցել։
Երկու տերությունների հարաբերությունների սրացման համապատկերում բոլորը վերհիշել են Ռուսական և Օսմանյան կայսրությունների փոխհարաբերությունների պատմությունը (որտեղ «կայսրություն» բառն ունի առանցքային նշանակություն)։ Վերջին 400 տարիների ընթացքում այս կայսրությունների միջև տեղի էր ունեցել 12 պատերազմ, որոնք, ընդհանուր առմամբ, տևել են 69 տարի։ Եվ, իհարկե, Թուրքիայում վերհիշել են պանթուրանական գաղափարների իրականացման փորձերը, Թուրքիայի հովանու ներքո թյուրքական աշխարհի՝ Ադրբեջանի,
Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ղրիմի, Թաթարստանի և Սիբիրի մի շարք տարածքների ինտեգրման հայեցակարգը։
Ռուս քաղաքագետ Կարասևի կարծիքով. «Ղրիմի թաթարների մեջլիսն անպաշտոն կերպով թուրք քաղաքական գործիչներից աջակցություն է ստանում և Ղրիմի ապաբռնազավթումը դառնալու է Ռուսաստանին ուղղվելիք թուրքական պատասխանի բաղկացուցիչը… Բացի դրանից, ի պատասխան Ռուսաստանի կողմից քրդական ռազմավարության ակտիվացման, թուրքերը կարող են օժանդակել Կովկասում գործող դիվերսիոն ընդհատակին»։ Կարասևի կանխատեսումների համաձայն՝ Թուրքիան սրելու և բորբոքելու է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը։
Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծչի ոչնչացումը Ռուսաստանն ընկալել է որպես այնպիսի մարտահրավեր, որին նա պարտավոր էր պատասխանել։ Առաջին պատասխան քայլերը չեն ուշացել. Պետական դումա է մտել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Պուտինը ստորագրել է Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանող հրամանագիր, իսկ փորձագիտական հանրությունում լսելի են դարձել Քուրդստանի բանվորական կուսակցությանն աջակցելու անհրաժեշտության մասին պնդումներ, այն դեպքում, երբ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության 30 տոկոսը։ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտպանության գծով Թուրքիայի հետ շփումների դադարեցման մասին հայտարարությամբ։ Ռուսաստանը Սիրիայում տեղակայել է հակաօդային Ս-300 և Ս-400 համակարգեր։
Իր հերթին՝ Անկարան սահմանափակել է ռուսական ռազմանավերի մուտքը Բոսֆոր։ Բայց արդյո՞ք Թուրքիան կհանդգնի փակել նեղուցները։ Մոնտրեի կոնվենիցայի համաձայն՝ Թուրքիան կարող է սահմանափակել նավերի մուտքը նեղուցներ միայն ցերեկային ժամերին՝ վատ եղանակային պայմանների և նավերի տեղաշարժի ծանրաբեռնված օրակարգի պարագայում։ Նեղուցներ փակելը ձեռնտու չէ նաև տնտեսապես, որովհետև նավթի յուրաքանչյուր մեկ տոննայի տարանցման դիմաց Թուրքիան ստանում է 44 դոլլար, իսկ Բոսֆորի ու Դարդանելի տարանցիկ կարողությունը տարեկան կազմում է 200 միլիոն տոննա։ Մյուս կողմից՝ Թուրքիան կարող է սահմանափակել սևծովյան երկրների ռազմական նավերի շարժը միայն պատերազմի դեպքում։
Ռուսաստանյան որոշ փորձագետներ կարծում են, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը վատթարանալու է, քանի որ ԱՄՆ-ն ձգտելու է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանային ազդեցիկ դերակատարների շարքից և ձևավորել աշխարհառազմավարական միջանցք՝ Հարավային Կովկասի վրայով Կենտրոնական Ասիա դուրս գալու և Մերձկասպյան տարածաշրջանում Իրանին վերահսկող հենակետ ստեղծելու համար։ Ի հեճուկս միջուկային ծրագրի հարցում Իրանի կողմից սեփական պարտավորությունների կատարման՝ այն ԱՄՆ-ի համար շարունակում է մնալ անկայուն և խնդրահարույց երկիր։ Կասպից ծովի նավթագազային պաշարների համար մրցակցությունն էլ բոլորովին չի դադարել։ Այս նախագծի իրականացումը լուծում է մի քանի խնդիր.
- Ռուսաստանի գործողությունները սանձելուն ծառայող «քաղաքական կարանտինի» գոտու ստեղծում,
- Կասպից ծովի ավազանի նավթային հոսքերի վերահսկողություն,
- Չինաստանի ազդեցության գոտիներին հարակից տարածքներում հենակետերի ստեղծում,
- «Իրանական խնդրի» հնարավոր ուժային հանգուցալուծման համար պատշաճ հետակետի ստեղծում։ Բացի դրանից, հնարավոր են նաև Իրանի ներսում սադրանքներ՝ Հարավային Ադրբեջանում ադրբեջանական հարցը սրելու նպատակով։ Իրանում բնակվում են շուրջ 35 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ։
Բարդ իրավիճակում է հայտնվել Ադրբեջանը։ Բաքուն հայտնվել է Մոսկվայի և Անկարայի արանքում, գերազանց գիտակցելով, որ Ղարաբաղի բանալիները դեռ, այնուամենայնիվ, Մոսկվայի ձեռքում են. բացի դրանից, երկու երկրների միջև կան որոշ փոխադարձաբար պարտավորեցնող կապեր։ Մյուս կողմից՝ Անկարայի հետ Ադրբեջանն ունի ոչ միայն կայացած տնտեսական և ռազմաքաղաքական կապեր, այլև՝ էթնոմշակութային բաղադրիչ։
Ի տարբերություն Դավութօղլուի, որը Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ հռչակում էր «մեկ ազգ՝ երկու պետություն» դրույթը, Ալիևն իր խոսքերում ավելի զուսպ էր։ Համաձայնվելով, որ աշխարհում չկան Թուրքիայի և Ադրբեջանի պես միմյանց այդչափ մոտիկ երկրներ, Բաքուն երբեք չի զլացել ընդգծել, որ Թուրքիան և Ռուսաստանն Ադրբեջանի համար մերձավոր և բարեկամական պետություններն են, որոնց հետ Ադրբեջանին միավորում են խորը պատմական կապերը։
Որոշ փորձագետներ (Տրոֆիմչուկ, Լեպեխին) կարծում են, որ Ալիևը՝ որպես հմուտ քաղաքական գործիչ, հանուն Անկարայի չի գնալու Մոսկվայի հետ հարաբերությունների սրացման, քանի որ դա իր համար բոլորվին ընտրության հարց չէ. նա Անկարայի կողմն է։ Տվյալ իրավիճակում կարող են հայտնվել ուժեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կփորձեն թուլացնել Բաքվի վրա Մոսկվայի ազդեցությունը՝ անգամ ղարաբաղյան խաղաքարտի օգտագործմամբ։
Դրան կարելի է հավելել նաև տնտեսական դժվարությունները, որովհետև Ադրբեջանը բոլոր հումքային տնտեսությունների պես կախված է նավթի միջազգային գներից, իսկ դրանց արժեքի նվազումը հանգեցրել է մանաթի անկմանը։ Իսկ տնտեսական ճգնաժամի ժամանակ սրվում են ծայրահեղական տրամադրությունները, և այդպիսի պայմաններում Ղարաբաղի ուղղությամբ յուրաքանչյուր սադրանք կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
Այսօր Ադրբեջանը դեռ չեզոքություն է պահպանում, բայց հետագա սրացման պարագայում կողմերից յուրաքանչյուրը կարող է Բաքվից պահանջել հստակ կողմնորոշվել։ Եթե Ադրբեջանը սխալ քայլ կատարի, ապա նրա համար տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադրությունը վատթարանալու է։ Այդ իսկ պատճառով, Բաքուն մինչև վերջ փորձելու է պահպանել այս հավասարակշռությունը։ Այս հարցում նրան կարող է օգնել Մոսկվայի և Անկարայի միջնորդի դերում հանդես գալու նախաձեռնությունը։ Թեև միջնորդի դերն
Ադրբեջանին առանձնապես չի պատշաճում՝ Բաքուն կարող է բավականին հարմար լինել խաղաղ գործընթացի համար հարթակ տրամադրելու տեսանկյունից։
Վրաստանի պաշտոնական իշխանությունները զգուշորեն են արտահայտվում առկա ճգնաժամի մասին, հասկանալով, թե ինչ բարդ իրավիճակում կարող է հայտնվել իրենց ղեկավարած երկիրը։ Դեկտեմբերի 2-ին «Վրաստանն ու աշխարհը» թերթին հարցազրույց տված վրացի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան տեսակետ է հայտնել, որ եթե Թուրքիան փակի նեղուցներն ու խոչընդոտի ռուսական սպառազինությունների տարանցումը դեպի Սիրիայի տարածք, ապա Կովկասը և, մասնավորապես՝ Վրաստանը հայտնվելու են իրադարձությունների էպիկենտրոնում։ Վրաստանի տարածքով Սիրիա հասնելն ավելի շահավետ ու էժան է, և եթե Ռուսաստանը Վրաստանից պահանջի զիջել այդ ճանապարհը, ապա հարկ է լինելու մտածել Վրաստանի հնարավոր գործողությունների նկատմամբ ԱՄՆ-ի և Թուրքիայի արձագանքի մասին։ «Միանգամայն հնարավոր է, որ ռուս-թուրքական դիմակայության էպիկենտրոնը տեղափոխվի մեզ մոտ»։ Ընդ որում, պետք է հաշվի առնել նաև աջարական գործոնը։ Փորձագետներից մեկն ասել է. «Մեր հողում են գտնվում ծայրահեղաբար տրամադրված թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք, իբր, Անկարային չեն ենթարկվում, թեև դա սոսկ արտաքին ձևական շղարշի համար է ասվում»։
Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Իոսիֆ Ցինցաձեն երկրի իշխանություններին հորդորել է խուսափել Մոսկվայի նկատմամբ հակամարտային հռետորաբանությունից. «Եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմ ծագի, վերջինս իր զորքերը Բաթում՝ Աջարիա է մտցնելու։ Այսպիսով՝ ռուս-թուրքական պատերազմը ամենասարսափելի աղետալի սցենարն է»։
Ղարաբաղ. վեջին շրջանում հրադադարի գծի երկայնքով հաճախակիացել են հայ և ադրբեջանական ստորաբաժանումների միջև կատաղի փոխհրաձգությունները։ Բացի դրանից, Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի Բաքու կատարած այցն ու ուշագրավ հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կանի հնարավոր ամեն բան Ադրբեջանի բռնազավթված տարածքները վերադարձնելու համար, գնահատվել են որպես պատերազմական հռետորաբանություն և Թուրքիայի կողմից Ղարաբաղում պատերազմի վերսկումը սադրելու փորձ։ Պատերազմի վերսկսման համար հարմար ժամանակահատված է՝ հաշվի առնելով բարդ ռուս-վրացական հարաբերությունները. ռուսներին դժվար է լինելու աջակցել հայերին և ապահովել Գյումրու ռուսական ռազմակայանի մատակարարումները՝ Հայաստանի և Ղարաբաղի դեմ լուրջ առաջխաղացման ժամանակ։
Թեև, գոյություն ունի այլ տեսակետ ևս։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը 2015թ. դեկտեմբերի 1-ին 1in.am լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ չի տեսնում ռուս-թուրքական լարվածության՝ ղարաբաղյան կարգավորման վրա ազդելու նախադրյալներ։ Իսկանդարյանն իր ասածը հիմնավորելու համար նշում է երեք պատճառ.
- Թուրքիան ղարաբաղյան կարգավորման գործընթացում պաշտոնապես ներառված չէ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան,
- Այդ իսկ պատճառով թուրք-հայկական հարաբերությունները շատ դժվար է վատթարացնել. դրանք համարյա գոյություն չունեն,
- Մինսկյան գործընթացից պետք չէ սպասել որևէ բարելավման կամ արդյունքի. դրանք բացակա էին անգամ վերջին իրադարձություններից առաջ. դրա համար չեմ կարծում, որ դրանք ուղղակիորեն կարող են որևէ ազդեցություն ունենալ։
Ադրբեջանն, ինչպես և նախկինում, շարունակելու է վարել կոմպլեմենտար քաղաքականություն։ Ադրբեջանը շատ սերտորեն է կապված թե՛ Թուրքիայի, և թե՛ Ռուսաստանի հետ։ Դա հասկանում են և՛ Թուրքիայում, և՛ Ռուսաստանում։ Այդ իսկ պատճառով՝ Ադրբեջանը ձգձգելու է ժամանակն ու անցնելու է այս երկու ահռելի ժայռերի արանքով, ինչն էլ բավականին բանական և ճիշտ քայլ է լինելու ադրբեջանական քաղաքականության համար։
Հայաստանը Հարավային Կովկասում դիտվում է որպես Ռուսաստանի ֆորպոստ, թեև երկրի աշխարհագրական դիրքն այն մեկուսացնում է Եվրասիական տարածությունից և մեծապես խոցելի դարձնում։ Հայաստանը, հռչակագրելով հանդերձ ռուսամետ քաղաքական ուղղվածություն, այնուամենայնիվ, երկրի ներսում պարբերաբար արձանագրում է հակառուսական դրսևորումներ։ ՀԱՊԿ-ի հետ կապված էլ ամեն ինչ միանշանակ չէ։ ՀԱՊԿ-ի նիստերից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Ղարաբաղի սահմանների ռմբակոծությունները չափազանց երկար ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից անպատասխան են մնում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որը համանման իրավիճակում անմիջապես հանդես է գալիս դաշինքի ադամի պաշտպանությամբ։ Ավելին՝ ՀԱՊԿ առանձին անդամներ (Բելարուս, Ղրղզստան) բացահայտ կերպով հանդես են եկել Թուրքիայի օգտին և, ի հեճուկս ռուս-թուրքական հակամարտության, չեն դատապարտել Բաքվի գործողությունները ՀԱՊԿ-ի իրենց ռազմավարական գործընկերոջ հանդեպ։ Ակներև է և այն, որ հանուն Հայաստանի Մոսկվան մտադիր չէ բարդացնել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները։
Տվյալ հանգամանքներում հնարավոր է, որ Երևանն ակտիվացնի իր արևմտյան և ասիական շփումները։ Որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի իր հարևաններից բխող յուրաքանչյուր սցենարի։
Մյուս կողմից՝ թվում է, թե Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում են իրենց բնական վիճակում, շարունակելով մրցակցել տարածաշրջանում ազդեցության գոտիների ընդարձակման համար։ ՆԱՏՕ-ն Թուրքիային պաշտպանում է բացառապես քաղաքական իմաստով, բայց պատրաստ չէ նրա համար արյուն թափել։
Ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարների առումով՝ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, վերանայելու է Թուրքիայի՝ որպես տարանցման բնագավառում վստահելի գործընկերոջ և ռազմավարական դաշնակցի հանդեպ վերաբերմունքը։ Ենթադրություն կա, որ «Թուրքական հոսքի» գործարկման
պարագայում Թուրքիան, սեփական շահերից ելնելով, առավելագույնս օգտագործելու է իր տարանցիկ երկիր լինելու հանգամանքը թե՛ ԵՄ-ի, և թե՛ ՌԴ-ի հետ հարաբերություններում։ Ենթադրություն կա, որ Ղարաբաղի և Հայաստանի մասով Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունն ապահովելու նպատակով Ռուսաստանը հավանաբար վերադառնալու է Թուրքիային շրջանցող «Հարավային հոսք» նախագծին։
Մյուս կողմից, Vesti.аz-ի տվյալներով՝ Թուրքիայի կառավարությունը մշակել է միջոցառումների հատուկ փաթեթ, որը երկրին թույլ կտա նվազագույնի հասցնել էներգակիրենրի հարցում Ռուսաստանից կախվածությունը։ «Էներգետիկ զամբյուղի» դիվերսիֆիկացման ծրագիրը» նախատեսված է 2-2.5 տարիների կտրվածքով և ենթադրում է ադրբեջանական գազը Թուրքիա և Եվրոպա փոխադրելու նպատակով ՏԱՆԱՊ նախագծի իրականացման արագացում, Թուրքմենստանից և Ղազախստանից գազի փոխադրում, հեղուկ գազի ստացում Կատարից, Նիգերիայից և Ալժիրից։ Այս ամենին զուգահեռ Թուրքիան ծրագրում է ընդլայնել գազի պահեստավորման հզորությունները, որի համար որոշվել է կառուցել նոր տարողունակ պահուստավորման համակարգեր»։
Հարավային Օսիա. Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ հանրապետության խորհրդարանի օրակարգում ընդգրկված է Հայոց ցեղասպանության հարցը, որն իր կողմից քննարկման է դրվելու։ «Սպուտնիկ. Հյուսիսային Օսիա» լրատվամիջոցին տված հարցազրույցում նա ափսոսանք է հայտնել, որ Հարավային Օսիան մինչ օրս չի ճանաչել հայերի ցեղասպանությունը. «Ղեկավարվելով պատմական արդարության և պատմական հիշողության պահպանման սկզբունքով՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների ու եղեռնագործությունների փաստը պետք է ճանաչվի։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը հարկ է պատշաճ որակել և դատապարտել ցեղասպանության ժխտման քաղաքականությունը…»։ Իհարկե, այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ին «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները Ռուսաստանի Պետական դումայում ներկայացրել են թիվ 938567-6 դաշնային օրենքի նախագիծը՝ ՌԴ Քրեական օրենսգրքի և ՌԴ քրեադատավարական օրենսգրքի 151-րդ հոդվածի մեջ փոփոխություններ մտցնելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է 1915-1922թթ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության փաստերի ժխտման համար քրեական պատասխանատվության հաստատմանը։ Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակն ասել է, որ Հարավային Օսիան չպետք է անհանգստանա Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից, քանի որ նման հարաբերություններ առհասարակ գոյություն չունեն։ Ընդ որում, նա զարմանալիորեն մոռանում է, որ օսական ամենախոշոր սփյուռքն այսօր գտնվում է Թուրքիայում, որտեղ մեր հայրենակիցների թիվը որոշ տվյալներով հասնում է մոտ 35 հազար հոգու։ Այս սփյուռքն Օսիայի հետ որոշակի կապ ու հարազատության զգացում ունի և մեր պատմության տարբեր բախտորոշ փուլերում մեզ միշտ աջակցություն է ցուցաբերել։
Ռուսաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական բացարձակ ազդեցության գոտում գտնվող Հարավային Օսիան ոչ իսկ փորձում է դրսևորել որևէ
ինքնուրույնություն կամ անվտանգության ու հակամարտային կարգավորմանը վերաբերող սեփական գաղափարներ։ Անմիջապես հղում է կատարվում Ռուսաստանի հետ «Դաշնակցության և ինտեգրման պայմանագրին», որի համաձայն ՌԴ-ն ամբողջ ծավալով ստանձնել է ՀՕՀ-ի անվտանգության համար պատասխանատվությունը և որտեղ ասված է, որ կողմերից մեկի դեմ հարձակումը ինքնաբերաբար դիտվում է որպես մյուս կողմի վրա հարձակում։ Դրա համար էլ ռուսական կործանչի ոչնչացման միջադեպը Հարավային Օսիայում դիտում են որպես միանգամայն յուրային օդանավի կործանում, իսկ Ռուսաստանի դեմ հռետորաբանությունն ընկալվում է որպես ՀՕՀ-ի դեմ ուղղված հռետորաբանություն։
Ի տարբերություն Հարավայի Օսիայի՝ Աբխազիան ավելի զգուշավոր է արտերկրում գտնվող սեփական ազգային սփյուռքների խնդիրների նկատմաբ։ Թուրքիայում գործում է Աբխազիայի Հանրապետության ներկայացուցչությունը, Թուրքիայում ուսանում են Աբխազիայի քաղաքացիները, իսկ թուրքական գործարար շրջանակները Աբխազիայում որոշակի ներկայացվածություն ունեն, առավել ևս, որ Սև ծովով Աբխազիան և Թուրքիան սահմանակցում են միմյանց։ Սակայն, ի հեճուկս վերոնշյալ հանգամանքների, Աբխազիան նույնպես հայտարարել է Թուրքիայի դեմ ռուսական պատժամիջոցներին միանալու մասին։
Ռուսաստանյան փորձագետները քննարկում են իրավիճակի զարգացման մի քանի սցենարներ.
- Հակամարտությունը ձեռք է բերում լայնածավալ բնույթ՝ ներառելով Կովկասը, Միջին Ասիան և Բալկանները, այսինքն՝ այն պատմական գոտիները, որտեղ տեղի էին ունենում ռուս և թուրք աշխարհների բախումները։ Երկու կողմերն էլ անելու են հնարավոր ամեն ինչ՝ միմյանց առավելագույն վնաս հասցնելու համար։ Երկու երկրների միջև հնարավոր է ռազմական հակամարտություն Սիրիայում կամ Հարավային Կովկասում։
- Կողմերը գիտակցում են երկարատև հակամարտության տնտեսական անշահավետությունը, այս հակամարտության հետևանքով երկու կողմերին հասցված ահռելի վնասը և ձգտում են հարաբերությունների վերականգնման համար ուղիներ հարթել։ Բայց հարաբերությունների բնականոնացման համար զգալի ժամանակ է պահանջվելու, քանի որ պետք է նվազեն զգացմունքային լարումն ու թշնամական հռետորաբանությունը։
- Եթե դիմակայության շրջանը երկարի՝ հակամարտությունը ձգձգվելու և խորանալու է, որից հետո այդ վիճակից դուրս գալու համար կողմերին կպահանջվի միջնորդի աջակցությունը՝ փոխշահավետ հարաբերությունների շուտափույթ վերականգնման համար։
Ո՞վ կարող է դառնալ նմանատիպ միջնորդական առաքելություն ստանձնելիք երրորդ կողմը։
Քննարկվում են մի քանի տարբերակներ.
- Հանգստի անցած հեղինակավոր քաղաքական անձանց հրավիրումը՝ վարագուրված բանակցությունների անցկացման համար,
- Միջնորդի կարգավիճակով միջազգային կազմակերպությունների ներգրավումը։ Այս երկրորդ տարբերակը նվազ գրավիչ է, քանի որ անգամ ՄԱԿ-ն ու Պան Գի Մունի անձը նմանատիպ առաքելությանը քիչ են պատշաճում,
- ԱՄՆ-ին հակամարտության կողմերից ոչ մեկը միջնորդի դերում բոլորովին չի ընկալում,
- Բացառվում են արևմտյան առաջնորդները, քանի որ նրանք վստահելի հարաբերություններ չունեն Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների հետ, բացի դրանից՝ իրենց իսկ երկրներում առկա են փախստականների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով նրանք հազիվ թե ցանկություն և ժամանակ ունենան զբաղվել միջնորդական առաքելությամբ։ Միևնույն ժամանակ, Թուրքիան ԵՄ-ի հետ բարդ խաղ է վարում և, ընդհանուր առմամբ, նրանց փոխհարաբերությունները բոլորովին անստվեր չեն,
- Պեկինի թեկնածությունը բավական իրատեսական է, առավել ևս, որ Թուրքիան շահագրգռված է մտնել Շանհայի Համագործակցության կազմակերպության շարքերը։ Բայց Չինաստանի և Թուրքիայի հարաբերությունները ստվերված են Թուրքիայի կողմից ույղուրական անջատողականներին ոչ պաշտոնական կերպով ցուցաբերվող աջակցության պատճառով։ Չինաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում նույնպես սկսում են ի հայտ գալ հակադիր շահեր Միջին Ասիայի էներգետիկ ոլորտի հարցերում։ Ընդ որում, Չինաստանը մեծապես շահագրգռված է Թուրքիայով անցնելիք նոր «Մետաքսի ճանապարհով»։ Նման իրավիճակում Պեկինը հազիվ թե կամենա չեզոքություն պահպանել, այլ, ընդհակառակը, կձգտի գործել ըստ սեփական ազգային շահերի։
- Ղազախստանը. շատ փորձագետներ Նազարբաևի մեջ տեսնում են հենց այն մարդուն, ով կարող է արդյունավետորեն ստանձնել միջնորդի դերը։ Նազարբաևի հարաբերությունները Պուտինի հետ փոխադարձ վստահության ավելի բարձր մակարդակով են օժտված, քան Պուտինի և Ալիևի հարաբերությունները։ Ղազախստանը, ի տարբերություն Ռուսաստանի, Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հանդեպ պարտավորություններ ու խնդիրներ չունի։ Բացի դրանից, Ղազախստանն ու Թուրքիան երկու ազգ՝ մի ժողովուրդը չեն։ Էրդողանի հետ Նազարբաևն ունի շփումների պատկառելի փորձ։ Ղազախստանի նախագահը մի քանի անգամ հանդես է եկել միջադեպի անհապաղ կարգավորման կոչով և առաջարկել է ստեղծել համատեղ ռուս-թուրքական հանձնաժողով՝ միջադեպի պատճառները պարզելու, մեղավորներին գտնելու, փոխադարձ սխալները ճանաչելու և հարաբերությունները վերականգնելու նպատակով։
Կայունությունը Կովկասում. Հարավային Կովկասը թույլ է և պառակտված։ Այն բաղկացած է վեց սուբյեկտներից, որոնցից յուրաքանչյուրը հակամարտության մեջ է ներքաշված։ Կարծում եմ, որ Հարավային Կովկասում անհրաժեշտ է անվտանգության սեփական համակարգ ստեղծել, բայց որպեսզի այն կայանա, անհրաժեշտ են հորիզոնական հարաբերությունները, որոնք հնարավոր են միայն բոլոր սուբյեկտների՝ որպես հիշյալ գործընթացի մասնակիցների քաղաքական կարգավիճակների և իրավահավասարության ճանաչումից, վստահության մթնոլորտի վերականգնումից և միասնական գաղափարի շուրջ միավորվելուց հետո։
Ցավոք, առ այդ բացակա է քաղաքական կամքը. կողմերի համար դա հոգեբանորեն անընդունելի է։ Գոյություն ունի նաև Հարավային Կովկասում սեփական շահերը հետապնդող արտաքին դերակատարների ներկայության հարցը, որոնք կարող են հանդես գալ թե՛ կայունացնող, և թե՛ ապակայունացնող դերակատարմամբ։ Հեռավոր հեռանկարում ասվածս կարող է ստանալ տարածաշրջանի վեց սուբյեկտների միջև Հարավային Կովկասում համատեղ անվտանգության պայմանագրի ստորագրման տեսք, որտեղ ՄԱԿ-ի հովանու ներքո երաշխավորի դեր կարող են ստանձնել Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ը։ Պայմանագրի համաձայն՝ կողմերը պետք է տարածաշրջանային երկրների երաշխավորող պատասխանատվությամբ խիստ պարտավորություններ ստանձնեն՝ ձևավորելով փոխադարձաբար զսպող լծակների արդյունավետ համակարգ։
Համենայն դեպս, նկարագրվածը կարող է դիտվել որպես անվտանգության համակարգի ստեղծման գաղափարներից մեկը։ Անվտանգության ոլորտում առաջընթացն անհրաժեշտ է։ Առանց դրա գործնականում հնարավոր չէ քննարկել հեռանկարային տնտեսական նախագծեր, որոնք կարող են վճռորոշ ներդրում ունենալ տարածաշրջանում համագործակցության, կայունության մակարդակի բարձրացման և ընդհանուր զարգացման գործում։
Ակնհայտ է, որ Հարավային Կովկասի անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը շարունակում է ծայրահեղորեն բարդ և պայթյունավտանգ լինել։ Վաղուց ի վեր ժամանակն է խորհել և նոր գաղափարներ հղանալ ոչ թե տեղային, այլ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ. առավել ևս այսօր, երբ քայքայվում է միջազգային հարաբերությունների ողջ համակարգը և փոխվում է «տարածաշրջան», «ինքնիշխանություն» և այլ համանման եզրույթների իմաստը։