Էլանա ՋՈՊՈՒԱ
Աբխազիա
Ժամանակակից հասարակությունում քաղաքական կուսակցությունների դերի հարցը վաղուց է քննարկվում, բայց միանշանակ պատասխաններ դեռ չեն գտնվել, ուստի այն կարող ենք բաց համարել։ Ինքս իմ առջև չեմ դնում ժողովրդավարական հասարակության մեջ կուսակցությունների դերին նվիրված հետազոտություններում նոր ուղղություններ բացահայտելու նպատակ և սահմանափակվելու եմ սոսկ տվյալ թեմային առնչվող առկա տեսակետների պատկերման փորձով։Աբխազիայի քաղաքացիները որոշ չափով հիասթափվել են քաղաքական կուսակցություններից և արհեստավարժ քաղաքական գործիչներից, որոնք ընկալվում են որպես բարեփոխումներն ու քաղաքական բարեշրջումն արգելակող կոռումպացված անձինք։ Քաղաքական գործիչների դասը դիտվում է որպես առաջընթացի խոչընդոտ։ Որոշ հեղինակներ պնդում են, թե՛ որքան քիչ լինեն քաղաքական կուսակցությունները, այնքան ավելի նպաստավոր կլինեն զարգացման և բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ պայմանները։
Աբխազիայի քաղաքական ցանկացած կուսակցության առաջնորդին գիշերն արթնացնելու և իր ղեկավարած կուսակցության նպատակների մասին հարցնելու դեպքում մենք, ամենայն հավանականությամբ, կլսենք «անկախ, իրավական և ժողովրդավարական պետություն կերտելու» մասին հավաստիացումներ։ Ապա անմիջապես կհավելվի՝ «Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի օգնությամբ»։ Հավատացեք, որ սա մտածողության միօրինակության վկայություն չէ, այլ՝ այն պատմական իրողությունների գիտակցում, որոնք ժողովրդին թելադրում են ներկայումս դրա միակ հնարավոր և անայլընտրանք ուղի լինելու մասին համոզվածությունը։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, որը կփորձեր պնդել հակառակը, կգործեր քաղաքական ինքնասպանություն և կենթարկվեր հանրային պարսավանքի։
2004թ. վերջերին և 2005թ. սկզբներին ընտրական պայքարի արդյունքում Աբխազիան կիսվել էր երկու իրար դիմակայող ճամբարի և հայտնվել քաղաքացիական պատերազմի եզրին։ Ապա, երբ կրքերը հետզհետե հանդարտվել էին, հասարակության շատ ներկայացուցիչներ սկսել են խորհել, թե որո՞նք էին «բագապշիստների» և «խաջիմբիստների» միջև եղած գաղափարա-քաղաքական տարբերությունները, որո՞նք էին իշխանության համար պայքարած հասարակական-քաղաքական շարժումների տարակարծությունները երկրի զարգացման և այլ հիմնարար հարցերի վերաբերյալ։ Արդյո՞ք հնարավոր էր, որ հիշյալ երկու ճամբարները ձևավորվեին սեփականության կամ իշխանության համար խմբակային պայքարի առանցքի շուրջ։
Այն օրերից ի վեր աբխազական քաղաքական դաշտը զգալիորեն փոխվել է։ Շատ հակասություններ հարթվել են։ Ի հայտ են եկել նոր քաղաքական դեմքեր, ոմանք ասպարեզից դուրս են եկել։ Հայտնի մարդկանցից մի քանիսն անցել են այլ կուսակցություններ։ Անհետացել է անգամ մի ամբողջ հասարակական-քաղաքկան միավոր՝ այդպես էլ կուսակցություն չդարձած «Այթայրա» («Վերածնունդ») շարժումը, որը 2000-ականների սկզբներին ազատամտության խորհրդանիշ էր։ Այնուամենայնիվ, այսօր էլ գոյություն ունեցող կուսակցությունների միջև հարաբերությունները կառուցված են ոչ թե գաղափարական և աշխարհայացքային տարբերությունների վրա, այլ, ընդհանուր առմամբ, «իշխանություն-ընդդիմություն» հակամարտության սկզբունքով։ Չէ՞ որ քաղաքականության մեջ եթե մեկը դեպի ձախ է քայլ կատարում, ապա նրա ընդդիմախոսն անմիջապես կոչ է անում դեպի աջ շարժվել։
Իսկ այժմ, կարծես թե, մեզ մոտ սկսվել է քաղաքական սերնդափոխությունը։ 2004թ. սկսված «խաջիմբիստների» և «բագապշիստների» դիմակայության ժամանակաշրջանն ավարտին է մոտենում։ Այն դեռևս շարունակվում է, բայց՝ նոր գործող անձանց մասնակցությամբ։ Բացի դրանից, աբխազական հանրային կարծիքի մեջ շատ տարածված է այն նախատինքը, թե «Դուք արդեն եղել եք իշխանության մեջ, բայց ոչինչ չեք արել. կարգ ու կանոն չեք հաստատել»։ Եվ ահա ի դեմս մի շարք նորածին կուսակցությունների և մի շարժման՝ «իշխանության մեջ երբևէ գտնվելու հանգամանքով չվարկաբեկածները» որոշել են զբաղեցնել համապատասխան խորշը։ Այլ հարց է, թե նրանք որքանով են մրցակցային կամ էլ ինչ ունեն՝ ցայսօր հռչակագրված քաղաքական հավակնություններից բացի։
2014թ. օգոստոսին նախագահական ընտրություններից հետո Աբխազիայում կուսակցությունների քանակը սկսել է աճել։ Նախ, դեկտեմբերին՝ մի քանի ամսից կուսակցություն դառնալու մտադրության մասին հայտարարեց փորձագիտական աջակցության հիմնադրամ «Այնարը»։ Ու թեև ոմանց, չգիտես ինչու, թվացել է, թե «մի քանի ամիս» ասելով նկատի ունեն երեք կամ չորս ամիսներ, բայց «Այնար» կուսակցության հիմնադիր համագումարը կայացավ միայն ինը ամիս անց՝ անցած սեպտեմբերի սկզբներին։ Կուսակցության նախագահ ընտրվեց Թենգիզ Ջոպուան։ Դրանից երեք շաբաթ անց կայացել է նաև «Աբխազիայի ժողովրդական Ճակատ՝ հանուն արդարության և զարգացման» կուսակցության հիմնադիր համագումարը (համանախագահներ՝ Մանանա Կվիցինիա, Լաշա Սականիա, Սուրեն Ռոգանյան, Բեսլան Կամկիա)։ Այս կուսակցության ի հայտ գալը հասարակության մեծամասնության համար լիովին անսպասելի էր։ Ի դեպ, այս՝ երկար անուն կրող կուսակցության մասին տեղեկատվություն առաջին անգամ հրապարակվել է օգոստոս ամսին՝ Բեսլան Էշբայի ղեկավարությամբ «Ափսադգիլ» («Հայրենիք») հասարակական շարժման գրանցման մասին տեղեկատվության հետ միաժամանակ։ Այս հասարակական շարժման առաջնորդները ևս չեն թաքցնում հետագայում այն կուսակցության վերածելու մտադրությունը, թեև չեն կամենում արհեստականորեն արագացնել կուսակցականանալու գործընթացը։ Այսպիսով, այսօր Աբխազիայում կա արդեն ութ քաղաքական կուսակցություն, իսկ իններորդը ձևավորման փուլում է։
Ինչպես հայտնի է, Աբխազիայի քաղաքական դաշտի հնաբնակ վեց կուսակցություններից չորսը՝ «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումը», «Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը», «Աբխազիայի ժողովրդական կուսակցությունը» և «Միասնական Աբխազիա» կուսակցությունը մաս են կազմում քաղաքական կուսակցությունների և հասարակական շարժումների Համակարգող խորհրդի, որն անցած տարի պետության ղեկին է բերել ներկայիս իշխանական թիմին։ Իսկ ահա Աբխազիայի Հանրապետության Կումունիստական կուսակցությունը ներքաղաքական պայքարում ավանդաբար չեզոքություն է պահպանում։
Իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածք ունի «Ամցախարա» կուսակցությունը։ Միայն վերջերս է ընդդիմությանը հաջողվել ժողովել սեփական՝ դեռևս ոչ մեծ դաշինքը։ Այս դաշինքի համատեղ հայտարարությունները սովորաբար ստորագրում են «Ամցախարայի» նախագահ Ալխաս Կվիցինիան, «Կանայք քաղաքականության մեջ» հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Ագրբան, Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների «Ափրա» հիմնադրամի նախագահ Ասլան Բժանիան և «Աբզանխարա» հասարակական կազմակերպության նախագահ Նուգզար Աշուբան։
Անտարակույս, երկրում նկատվում է քաղաքական ակտիվության աճ. հիմնականում այս երևույթի մեջ մարդիկ խնդիր չեն տեսնում՝ համարելով այն բնական գործընթաց։ Այս բոլոր գործընթացների խթանիչը ընտրական համակարգի հռչակված բարեփոխումն է։ Կազմավորման փուլում գտնվող շատ քաղաքական կազմակերպությունների համար առաջին քննությունը լինելու է սույն թվականի կեսերին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։
Անցած տարվա հունիսի 5-ին պետության ղեկավարի աշխատակազմում Սահմանադրական բարեփոխման հանձնաժողովի նիստի ընթացքում Աշխատանքային խումբն առաջարկել է մեծացնել խորհրդարանի կազմը մինչև 45 պատգամավոր և փոխել ներկայումս գործող մեծամասնական ընտրահամակարգը՝ դարձնելով այն խառը՝ մեծամասնական-համամասնական։
Շատ իրավաբանների կարծիքով «խորհրդարանի թվային կազմի մեծացումը սահմանադրական-իրավական հիմք է ստեղծում խառն ընտրակարգին անցնելու համար։ Խառն ընտրական համակարգն ամրագրվելու է «Ընտրությունների մասին» սահմանադրական օրենքով, քանի որ սահմանադրությունը չի սահմանում ընտրահամակարգը, այլ ընդամենը հղում է կատարում այն դրույթին, թե ընտրությունների անցկացման կարգը հաստատվում է առանձին օրենքով։
Պատգամավոր Վալերի Ագրբան, խորհրդարանական նստաշրջանում առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան օրինագիծը, նշել է, թե առաջարկվող փոփոխությունը մեծացնում է պատգամավորների թիվն այ սօրվա 35-ից մինչև 55 հոգի և հիմք է ստեղծում խառն ընտրահամակարգին անցնելու համար։ 27 պատգամավորներ ընտրվելու են մեծամասնական, իսկ 28-ը՝ համամասնական ընտրակարգով։ Վալերի Ագրբայի կարծիքով, խառն ընտրահամակարգը հանրապետության համար լավագույն տարբերակ է, որի «գլխավոր արժանիքը՝
Ազգային ժողովում թե՛ կուսակցական, և թե՛ տարածաշրջանային ներկայացվածությունը միաժամանակ ապահովելու հնարավորություն է»։
Հարկ է նշել, որ այս օրինագիծն ունի երկար նախապատմություն։ Սահմանադրական բարեփոխումը սկսել է քննարկվել շուրջ 10 տարի առաջ՝ Սերգեյ Բագապշի նախագահության օրոք։ Բայց միայն մի քանի ամիս առաջ է, որ խառն ընտրահամակարգին անցումն ապահովող և խորհրդարանականների թիվը 45 հոգուն հասցնող օրինագիծն արժանացել է խորհրդարանական քննարկման և… չի ընդունվել։ Այսինքն՝ մեծամասնությունն օրինագծի օգտին է քվեարկել, բայց այն ձայների երկու-երրորդի որակյալ մեծամասնության հավանությունը չի ստացել։
Այն ժամանակ հասարակության մեջ շատերը տարակուսած էին՝ չըմբռնելով, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հանրային պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև այս խնդրին և որոշակի պարզաբանումներ ներկայացրել։ Նախագահի գնահատմամբ՝ երիտասարդ շատ խորհրդարանականներ կրկին կամենում են դառնալ «ժողովրդի ծառաներ», բայց հասկանում են, որ կուսակցական ցուցակներով կրկին խորհրդարան մտնելու դույզն իսկ հնարավորություն չունեն, քանի որ մեծամասնական տեղերի թվի համարյա կիսով չափ կրճատումը կտրուկ նվազեցնում է նրանց վերընտրվելու հավանականությունը։ Այդ իսկ պատճառով նրանք կառչել են 55 պատգամավոր ունենալու թվից։
1991թ. ընտրված Աբխազիայի Գերագույն խորհրդում կային 65 պատգամավորներ, բայց, ինչպես հայտնի է, այն ժամանակ հանրապետության բնակչության թիվը կես միլիոնից շատ էր։ Ներկայումս՝ ըստ 2011թ. մարդահամարի, հանրապետության բնակչությունը 246 հազար է։ Հարավային Օսիայում օրեր առաջ անցկացված մարդահամարի նախնական տվյալներով այնտեղ բնակվում է 51 հազար մարդ՝ համարյա հինգ անգամ ավելի քիչ, քան Աբխազիայում։ Իսկ ահա խորհրդարանականների թիվն Աբխազիայում և Հարավային Օսիայում համարյա նույնն է։ Այս տեսանկյունից՝ Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների թվի մեծացումն, ընդհանուր առմամբ, տեղին է։ Բայց 55 պատգամավոր ունենալու հեռանկարն աբխազական համացանցային տիրույթում բացասական արձագանքների տարափ է առաջացրել։ Չէ՞ որ այս պատգամավորներն ունենալու են օգնականներ, մեծանալու են իրենց սպասարկող ավտոպարկին հատկացվող ծախսերը։ Եվ չէ՞ որ պետբյուջեի վրա այս հավելյալ ծանրաբեռնվածությունը հանրությանը բոլորովին էլ չի ոգևորում։ Օրինագիծն ընդունվել է 29 կողմ և 1 դեմ ձայներով։
Իմ կարծիքով, պատգամավորների թվի ավելացումն արդարացված է, բայց ո՛չ այսքան կտրուկ, և ո՛չ պատգամավորների առաջարկած 55 հոգու չափով։ Պատգամավորների առաջ քաշած հիմնական փաստարկներն ինձ անհրաժեշտ չափով հիմնավորված չեն թվում։ Խորհրդարանականներն ասում էին, որ պատգամավորների անբավարար քանակը բարդացնում է կոմիտեների աշխատանքը. միևնույն պատգամավորները ստիպված են միաժամանակ մի քանի կոմիտեներում աշխատել։ Բայց չէ՞ որ այս հարցը կարելի էր լուծել ներքին կառուցվածքի խոշորացմամբ։ Այս փաստարկին առհասարակ արժե զուտ բացասաբար վերաբերվել, քանի որ այսպիսի քաղաքականապես նշանակալից որոշման հիմքում չի կարող ընկած լինել այսչափ մասնավոր փաստարկ։
Կարծում եմ, որ 45 պատգամավորն էլ միանգամայն բավական էր՝ կոմիտեների բնականոն աշխատանքն ապահովելու համար։ Չեմ կարող համաձայնվել, որ հարկ է առավելագույնս պահպանել մեծամասնական ընտրատարածքները։ Ներկայիս և նախկին գումարման խորհրդարանների պատգամավորներն ակտիվորեն քննարկում էին Աբխազիայի հետագա ընտրական մոդելը և համաձայնության են եկել, որ նոր կառուցվածքի պարագայում պատգամավորների նախկին քանակն անբավարար է լինելու և, կարծես թե, կանգ են առել 45 խորհրդարանական ունենալու նպատակահարմարության վրա։ Առաջնորդվելով այս թվով՝ կարելի էր խոշորացնել մեկմանդատանոց ընտրատարածքները։ Այդ քայլը միանգամայն դրական ազդեցություն կունենար, քանի որ մեր ընտրողը հաճախ ոչ անաչառ ընտրություն է կատարում՝ նախապատվություն տալով «յուրային» թեկնածուներին։
Ընտրահամակարգի բարեփոխումը կարևոր նախադրյալներ է ստեղծում օրինաստեղծ աշխատանքի որակի բարձրացման համար։ Գլխավորը հիմա հետևյալն է՝ սխալ որոշումներով չզրոյացնել դրանք։ Պետք է հիշել ընտրահամակարգի գլխավոր նպատակի՝ քաղաքական կուսակցությունների և քաղաքական բազմակարծության ակտիվությունը խթանելու մասին։
Ընդհանրաբար խոսելով՝ ես կառանձնացնեի այս տարիների ընթացքում ներկայիս գումարման խորհրդարանի կատարած երկու հիմնական քայլերը։ Նախ՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը։ Մենք հիմնել ենք Սահմանադրական դատարան և պահպանել ենք Սահմանադրության մի շարք հոդվածներ, որոնք այսուհետ անգամ հանրաքվեի դրվել չեն կարող։ Առաջին հերթին՝ Աբխազիայի անկախությանն ու պետական ինքնիշխանության մասին դրույթները։
Երկրորդը՝ կարծում եմ, որ օրինաստեղծությունից բացի խորհրդարանի կարևորագույն գործառույթներից է վերահսկողությունը։ Վերջինս բավականին թույլ էր։ Համոզված եմ, որ «Խորհրդարանական հետաքննության մասին» օրենքի ընդունումը լրջորեն ընդլայնել է խորհրդարանի հնարավորություններն՝ օրենքների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։