Շուշան ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
«Քաղաքակրթությունների բախման» տեսությունը խիստ գիտական քննությունից չի ծնվել. այն հաճախ անվանում են տարածված կարծրատիպերից բաղկացած կոկտեյլ կամ գիտակցությունը ձեռնածելու փորձ։ Հեղինակները մեղադրվում եմ մարդկության մշակութա-սոցիալական միասնությունը թերագնահատելու և պատերազմների առաջացման հարցում լուսանցքային ծայրահեղական խմբերի ազդեցությունը գերագնահատելու մեջ։ Տեսություններն, իրոք, կատարյալ չեն, բայց 21-րդ դարի մարտահրավերները մեզ ստիպում են ընդունել, որ համապարփակ քաղաքակրթական դիմակայությունն արդեն սկսվել է։ Վերջին տարիների համաշխարհային գործընթացները և հակամարտությունները հուշում են, որ վաղաժամ է մոռացության մատնել Հանթինգթոնին և Թոյնբիին։
Աշխարհում տարբեր կարգի հակասություններն այլևայլ մակարդակներում մշտապես գոյություն են ունեցել։ Առաջանում և կործանվում էին քաղաքակրթությունները, վերանում էին մեծ պետություններն ու ժողովուրդները, որոնց գեները տարրալուծվում էին այլ էթնոսների մեջ։ Այո՛, պատմության ընթացքում քաղաքակրթությունները միմյանցից մեկուսացած չէին զարգանում (թեև հակառակ օրինակներն էլ են հայտնի). տարբեր մշակույթների մեջ ընթանում էր և այժմ էլ շարունակվում է փոխանակումը, երբեմն էլ՝ աշխույժ փոխներթափանցումն ու փոխհարստացումը (երկխոսությունը), որոնք միևնույն ժամանակ չէին արգելակում թշնամությունն ու պատերազմները։ Ցեղային տարածքների կայացումից մինչև ինքնիշխան ազգային պետությունների կայացումն ու նրանց միավորումը՝ բոլոր պատերազմներն ու հակամարտությունները, հիմնականում, տեղի էին ունենում ռազմավարապես կարևոր պաշարներին տիրանալու և դրանք վերահսկելու համար։ Արյունալի բախումների և պատերազմների պատճառները քողարկելու համար՝ դրանց հասարակապես ընդունելի դիմակավորող անունները տալիս են իշխող դասակարգերը՝ քրմերը, կառավարիչները, իսկ մեր ժամանակներում նաև փիլիսոփաներն ու քաղաքագետները։ Այդ անունները դարեդար փոփոխվում են՝ կենսապաշարներին ուղղված վտանգը, կենսոլորտային շահերի բախում, կրոնական/գենետիկական անհամատեղելիություն, այլ քաղաքակրթության ի սկզբանե դրսևորվող թշնամական կեցվածքը, ահաբեկչությունը, սրբազան պատերազմը՝ ջիհադը և այլն։ Ջիհադն, օրինակ, որոշ իմաստով, մեսիականության դրսևորումն է, իսկ մշակույթների երկխոսությունը թույլ է տալիս քարոզել սեփական գաղափարախոսության առավելությունները։
Մեր ժամանակներում գերտերությունների շահերի միջև առկա հակամարտությունը և տնտեսական խնդիրների չկարգավորվածությունը հանգեցնում է նոր հակասությունների առաջացմանը, մեծանում է զինված հակամարտությունների հավանականությունը. պատերազմները տեղափոխվում են որակապես այլ մակարդակ։ Տեղի է ունենում համաշխարհային ուժերի վերադասավորումը, որն ուղեկցվում է նոր եռանդուն/պասիոնար արտահամակարգային դերակատարների ի հայտ գալով, որոնց քարոզչությունը կառուցվում է հենց իբր անլուծելի քաղաքակրթական հակասությունների վրա։
Փաստ է, որ կյանքն առանց հակամարտության չի լինում. հակամարտությունը հարամնա կերպով կյանքին բնորոշ երևույթ է։ Ուտելիքի, սեքսի, օթևանի և անվտանգության պահանջը՝ հակամարտությունների առաջացման գլխավոր շարժիչ ուժն են և դրանց կարգավորման լծակը։ Այս կարիքներն ավելի հեշտ է ապահովել ոհմակում, սոցիումի կամ պետության մեջ։ Անգամ ոչ շատ բանական էակներ ապրում են ոհմակներով. նրանք ունեն իրենց բնակության տարածքը, որը նրանք նշում են, զգուշացնելով օտարներին. նրանք ունեն շահերի իրենց շրջանակն ու պաշարները, որոնց համար պետք է կենաց ու մահու կռիվ մղել։ «Փիլիսոփաներն» ու ոչ կոնֆորմիստները կենդանական աշխարհում մի օր իսկ չեն կարողանա ապրել։ Պրիմատները նույնպես խիստ աստիճանակարգված խմբերով են ապրում, որոնց հատուկ է փոխհարաբերությունների յուրային մշակույթը. այն խախտել հանդգնած անդամը կա՛մ անմիջապես կարգի է հրավիրվում, կա՛մ վտարվում, ուտվում կամ սպանվում է։
Բանական մարդը՝homo sapiens-ը կապիկից չի առաջացել. նա ինքն, ըստ էության, կապիկ է, պարզապես՝ ավելի հմուտ, կրթություն, երևակայություն, արվեստ, աշխատանքային գործիքների կիրառում, ռազմավարական նախագծում և բազմաթիվ այլ ունակություններ ենթադրող՝ ուղեղով ու նյարդային համակարգով կապիկ։ Առաջանում է որոշակի կենսակերպ՝ modus vivendi՝ ինքնություն, մշակույթ, կապվածություն սեփական մշակույթին, քաղաքակրթական առանձնահատկություններ, ապա նաև՝ վերոթվարկյալը կորցնելու վախ, համախմբման կարիք, այլ մշակութային կոդի կրողների նկատմամբ անվստահություն և նախահարձակություն։ Հողագործները քոչվոր հորդաների մեջ իրավացիորեն սպառնալիք են տեսնում, ավանդական հասարակությունները ոչ առանց պատճառի եվրոպացիներից են վախենում, իսկ եվրոպացիները նրանց միայն անախորժ խոչընդոտ են նկատում՝ կարևոր պաշարներին տիրանալու ճանապարհին։
Մշակույթը արգելքների համակարգն է, բայց մշակույթը երբեք և ոչ մեկին չի արգելում վերացնել դեպի պաշարները տանող ուղու վրա կանգնած արգելքները։ Ֆիզիոլոգիայի, գաղափարների և մշակույթի ու պաշարների համար սրբազան պայքարը մեր աշխարհն դարձնում են այնպիսին, ինչպիսին կա։ Ո՛չ հասարակական, և ո՛չ որևէ այլ գիտություն դեռ չի գտել իրերի այս դրությունը փոխելու եղանակը։ Մարդիկ կամենում են հավատալ, որ հնարավոր է լուծել բոլոր հակասությունները, ապրել առանց պատերազմների, զարգացնել գիտությունը, բժշկությունը, տեխնիկան և արվեստները, լուծել պարենային խնդիրները և այս ամենը անել սեղմ ժամկետներում՝ գոնե իրենց ազգի կամ քաղաքակրթության համար։ Հեղափոխականները (ահաբեկիչները, կրոնամոլները, ֆաշիստները, անարխիստները և տարատեսակ պոլպոտերը) կաշվից դուրս են գալիս այս հարցերում մարդկանց «օգնելու» համար, և մարդիկ նրանց հաճախ հետևում են։ Որոշ փիլիսոփաներ, գրողներ և այլ մտածողներ (տե՛ս՝ Զամյատին, Պլատոնով, Հաքսլի, Օրուել, Ուելս, Սարտր, Կաֆկա, Նաբոկով, Պելևին) փորձում են մարդկանց ուշքի բերել՝ բացահայտելով «ազգի փրկիչների» նողկալի դեմքը և իրենց հակաուտոպիաներում բացատրելով, թե ինչին են հանգեցնում նմանատիպ երազանքները։ Հետո Կյանքն ամեն ինչ իր տեղն է դնում՝ գաղափարների, կենսատարածքի, հասարակության վերափոխման համար մղված և միլիոնավոր կյանքեր խլած պատերազմների միջոցով։ Վերապրածները կրկին ջանում են ապրել։
Պարզ միջինվիճակագրական մարդը, իսկ այդպիսիք մեծամասնություն են այնուամենայնիվ, աղետալի վայրիվերումներին ու ցնցումներին նախընտրում է վատ խաղաղությունը։ Նա Մաքսիմ Գորկու «Մրրկահավի» (ուղեղով ոչ ամուր մարդկանց՝ ապագա Բոռերի և Ուսամա բեն Լադենների համար վտանգավոր հանճարեղ երկը) գեր պինգվինի պես տագնապած հույս ունի, որ ամեն ինչ կանցնի կգնա՝ թույլ տալով իրեն ամեն երեկո սովորության համաձայն հեռուստացույցի կամ նոութբուքի առջև նստել։ Նա հույս է փայփայում, որ իր որդին տարածաշրջանի հարևանների սանձազերծած պատերազմում չի զոհվի կամ եղեռնի զոհ չի դառնա։ Նա հույս ունի, որ իր տունը վառվռուն աչքերով հեղափոխանկանները չեն այրի։ Նա երազում է վաղը կրկին գործի գնալ և անհանգստանալ միայն հնարավոր ուշացմամբ։
Որքան էլ բոլորը քննադատեն իներտ և կամազուրկ միջինվիճակագրական մարդուն՝ նա խելացնորությանն ընդդիմացող մարդ է. նա հարմարվողական է՝ կոնֆորմիստ։ Բացի դրանից, նա ավելի մոտ է բնությանը. նա ղեկավարվում է հիմնական բնազդով՝ Անվտանգության Օրենքով. նա իր ողջ կենսափորձով հասկանում է, որ կյանքի օրենքը հեղափոխությունը չէ, այլ էվոլյուցիան՝ դանդաղ զարգացումը (այդ զարգացման ընթացքը փոփոխող անխուսափելի տարերային աղետների տարրերով հանդերձ)։ Դրա համար էլ, այդպիսի միջինվիճակագրական մարդուն (այսինքն՝ ստվար ընտրազանգվածը) շահելու ձգտումը շատ կարևոր է գաղափարական պայքարը կազմակերպելու ժամանակ, որովհետև վերջինիս՝ գրավիչ հեռանկարով ոգևորությունն իր նմանների համախմբման հիմք է դառնում։ Առաջնորդները (ֆիզիոլոգների բացատրությամբ՝ տեստոստերոնի բարձր մակարդակ կամ բնավորության մեջ «պարանոիդալ ծայրահեղականություն» ունեցող անձինք, որոնց մոտ անվտանգության պահանջը՝ որպես գերակա մղիչ ուժ, հաճախ բթացած է) կարողանում են ոչ միայն համոզել և գերել միջինվիճակագրական մարդկանց, այլև ժողովել նրանց իրենց դրոշների ներքո։
Ներկայումս, ամենայն հավանականությամբ, մարդկության առջև ծառացած ամենամեծ վտանգը նույն ոճով գործել շարունակելն է՝ առանց մեր իսկ աչքի առջև քաղաքակրթությունների պատերազմի վերածվող տարերային պատմական գործընթացի մեջ գիտակցվածության տարրեր մտցնել փորձելու։ Սա այնքան էլ ակնհայտ միտք չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Պատմական ընթացքի համար «ձեռքով կառավարում» մտցնելն ավելի մեծ վտանգ է, քան առանց ղեկի և նավապետի նավարկելը, քանի որ լծակներին և ղեկերին տիրում են ոչ թե ամենախելացիները, այլ ամենաակտիվները։ «Ամենախելացիներն» էլ ոչ պակաս վտանգավոր են, որովհետև ինտելեկտուալ ֆաշիզմը չի հանգեցնում խաղաղության ու լուսավորյալ միապետության, այլ՝ ահաբեկչության ու անօրինությունների։ Ողջ 20-րդ դարի փորձը մեզ լավագույն տեղեկատու նյութ է տալիս։ Հոկտեմբերյան «հեղափոխության», ապա նաև «վերակառուցման» հետևանքները մինչ օրս սասանում են ողջ հետխորհրդային տարածությունը։ Վերջինիս որոշ սուբյեկտներ հետ են մղվել այն քաղաքակրթական վիճակին, որում եղել են նախքան նրանց արհեստական փոխադրումն իրենց միանգամայն օտար մշակութային տանիքի ներքո. ոմանք կրկին եվրոպացի են դարձել, ոմանք էլ վերամիավորվել են իսլամական աշխարհին։ Բնական է, որ դրանում նրանց աջակցել են քաղաքակրթական եղբայրները. պաշարին տիրելու ցանկություն են հայտնել այն իրենցով անելու ներուժ ունեցողները, քանզի սրբազան տեղը դատարկ չի լինում։ Միջազգային դերակատարները, մեկը մյուսին հրելով, իրենց շահերին համեմատ սկսել են վերաձևել «կենսորեն կարևոր տարածաշրջանը»։ Դա առաջացրել է երիտասարդ ազգերի և քաղաքակրթությունների մեծ դիմադրությունը։ Հարուստ Հյուսիսի և աղքատ Հարավի երկընտրանքը նույնպես ուժեղանում էր՝ ծնունդ տալով այն լուծելուն միտված բյուրավոր ծայրահեղական գաղափարների։
Միջազգային ահաբեկչությունն ամենօրյա սովորական երևույթ է դարձել, ոչ ոք իրեն անվտանգ համարել չի կարող. ծայրահեղականների որևէ խումբ կարող է կործանարար հարված հասցնել և անվերջանալի պատերազմի մեկնարկ տալ։ Թեև Իմանուիլ Կանտը կարծում էր, որ «պետությունների միջև աներևակայելի է պատժելու նպատակով պատերազմը», քանի որ նրանց միջև բացակա են ղեկավարի և ենթակայի հարաբերությունները, այսօր այսպիսի պատերազմներն արդեն քաղաքակրթական են անվանվում։ Մյուս կողմից՝ քաղաքական մեսիականությունը և ահաբեկչության դեմ չկշռադատված խաչակրաց արշավանքը հանգեցնում են մարդասիրական աղետի, քաոսի, բռնության սրընթաց աճի, համընդհանուր դեհումանիզացիայի, մարդկային քաղաքակրթության հնագույն օջախների ոչնչացման։ Այս ամենը հղի է երրորդ համաշխարհային պատերազմով և բառիս արդի՝ եվրոպական իմաստով քաղաքակրթության կործանմամբ։ Բայց նոր պասիոնարների հաղթանակի դեպքում ստեղծվելիք իրականությունը նույնպես քաղաքակրթություն է լինելու, որը, սակայն, չի հանդուրժելու այլակարծություն՝ կյանքի, օրենքի, կենսակերպի, կրոնի և հասարակական կարգի վերաբերյալ այլախոհություն։ Մեր իմացած արևմտյան քաղաքակրթությունը հնարավոր է, որ պարտություն կրի մի շարք այնպիսի պատճառներով, որոնք մեկնաբանվելու են արդեն այլ մտածողների կողմից։ Տա՜ Աստված, որ մենք սխալվենք։