Մանկությունից դեպի հասունություն տանող ուղին
անցնում է ոչ միայն յուրաքանչյուր առանձին անհատը, այլև՝ վայրենությունից դեպի քաղաքակրթություն ընթացող ողջ մարդկությունը
Ադամ Ֆերգյուսոն, շոտլանդացի փիլիսոփա, 1767 թ.
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսական տարբերակի խմբագիր
Երևան
Սեմյուել Հանթինգթոնի՝ քաղաքակրթությունների բախման թեզը, որը նա շարադրել է 1993թ. Foreign Affairs ամսագրում, իրական ուրվագծեր է ստացել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։ Հանթինգթոնի թեզի յուրօրինակ «ռենեսանսին» ականատես ենք լինում 2015թ. նոյեմբերի 13-ին՝ Փարիզում և 2016թ. մարտի 22-ին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, ինչպես նաև՝ ցայսօր շարունակվող փախստականների համաեվրոպական ճգնաժամի կապակցությամբ։
Քաղաքակրթության և քաղաքակրթությունների հարցին անդրադարձել են հայտնի հեղինակներ՝ Բալանշը, Շպենգլերը, Թոյնբին և ուրիշները։ Առանց խորանալու դասականների հեղինակած սահմանումների և տեսակետների շուրջ շարունակվող գիտական կամ մերձգիտական բանավեճի մեջ՝ հաստատենք, որ չի կարելի ժխտել, թե «քաղաքակրթություն» բառի բազմաթիվ իմաստների մեջ ամենագլխավորներից մեկն այն է, որը հակադիր է վայրենությանն ու բարբարոսությանը։ Այս իմաստը հատկապես արդիական է դառնում 21-րդ դարում, երբ Սառը պատերազմից հետո, ի հեճուկս մեր ժամանակաշրջանի բոլոր վայրիվերումների, տեղեկատվական-հաղորդակցային հեղափոխությանը զուգահեռ համաշխարհայնացման գործընթացն, իրոք, ներառել է ողջ Երկիր մոլորակը՝ վերջինիս ամենատարբեր մշակույթների ողջ ներկապնակով, և ձեռք է բերել մինչ այդ աներևակայելի արագացում՝ ձևավորելով յուրօրինակ «ընդհանուր հայտարար», իսկ ավելի ճիշտ՝ նաև մարդկային modus Vivendi-ի և modus operandi-ի «ինտեգրալը» իրար նմանների հետ հարաբերություններում՝ անկախ տարածությունից, մշակույթներից, ռասաներից և այլ տարբերակիչ հատկանիշներից։ Կարծես թե, այս ամենը կապ ունի այն երևույթի հետ, որը նախկինում կրում էր «եվրոպական», իսկ այժմ՝ «համամարդկային արժեքներ» անվանումը։ Բայց դրա մասին՝ քիչ անց։
Թվում է, թե «քաղաքակրթության»՝ 19-20-րդ դարերի դասական ըմբռնումը, որը համարյա անտրոհելիորեն համաձուլված էր այլևայլ մշակույթների և կրոնների հետ, հետզհետե արխայիկ է դառնում, ուստի և շատ պայմանական՝ արդի «բաժանարար գծերը» ճշգրտորեն որոշելու և դրանց երկայնքով ներկայումս ընթացող բախումների իրական պատճառները հասկանալու և վերջիններիս հաղթահարման ուղիները գտնելու համար։ Եվ երբ մենք քննարկում են այս բախումները, ապա որքանո՞վ են դրանք իրապես «միջքաղաքակրթական»։
Բայց ավելի լավ է հեռանալ փիլիսոփայությունից և վերադառնալ մեր հողեղեն մտորումներին։
Համարյա կես դար տևած Սառը պատերազմի տարիներին՝ երկու համաշխարհային և քաղաքացիական բազում պատերազմների և ցեղասպանությունների միջով անցած ու հյուծված մարդկությունն արձանագրել է մինչ այդ չտեսնված տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթաց, ինչպես նաև ձեռք է բերել հաղթող տերությունների կամքով ձևավորված աշխարհակարգի պատկերի «պարզության» ընկալումը։ Խորհրդային Միության փլուզմամբ Սառը պատերազմն ավարտվել է, բայց իր հետ ավարտվել է նաև վերոհիշյալ «պարզությունը»։ Սկսվել է անորոշության, տրոհման և խառնաշփոթի ժամանակաշրջանը, երբ ամենատարբեր պետական և ոչ պետական սուբյեկտներն իրենց հայեցողությամբ փորձ են անում ինքնահաստատվել մերօրյա գաղափարների, ձգտումների, տեղեկատվության, սոցիալական և քաղաքական գործընթացների, բռնի և ոչ բռնի բախումների, էներգետիկ, տեղեկատվական և տեխնոլոգիական հեղափոխությունների մրրկաշատ հոսքում։ Այս հոսքը մեր իսկ աչքերի առջև փոփոխում է աշխարհն ու զանգվածային գիտակցությունը, հատկապես՝ թույլատրելիի և անթույլատրելիի, արդարի և անարդարի, օրինականի և ապօրինիի սահմանն ընկալելու և որոշելու հարցերում՝ չհասցնելով այս ամենին զուգահեռ վերահսկողությամբ ընթանալ։ Այս «չհասցնելու տարածությունն» այն հասարակություններում, որոնք մշակութապատմական հանգամանքների բերմամբ նվազ չափով հաղորդակից և ադապտացված են ժամանակակից գործընթացներին, օրըստօրե ավելի մեծ է դառնում՝ պատճառելով համընդհանուր հոգեբանական ընկճվածության և հակամարտային ներուժի աճ և ներհասարակական հարաբերությունների արխայիկ համակարգերի քայքայում։
«Քաղաքակրթություննրի բախման» հարցն արդիականացել և քաղաքական տրամախոսությունների մեջ է թափանցել ստեղծված անորոշության համապատկերում՝ որպես այն երևույթի բացատրության փորձ, թե ինչ է կատարվում աշխարհում Սառը պատերազմից հետո։ Այն նաև նպատակ էր հետապնդում ապահովել նոր՝ նորովի «պարզ» աշխարհակարգին հասնելու համար անհրաժեշտ քաղաքականության և ռազմավարության մշակմանը հարկավոր «կանխատեսման հենք»։
Հասարակությունների անվտանգության աճող պակասորդի և ահաբեկչական մարտահրավերների աճի համապատկերում այդպիսի ձգտումն օրինաչափ է թվում։ Սառը պատերազմի տարիներին անվտանգության հասկացությունն ընդլայնվել է. այժմ զուտ ռազմական բաղադրիչը դրանում խիստ կարևոր, բայց ոչ առաջնային տեղ է զբաղեցնում։ Ավելի կարևոր են հաստատություններն ու առկա մարտահրավերներին նրանց համարժեքությունը։
Միջազգային անվտանգության ներկայումս գործող կարևորագույն հաստատությունները ստեղծվել են կա՛մ անմիջապես Երկրորդ աշխարհամարտից հետո, կա՛մ՝ Սառը պատերազմի տարիներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք ընթացել են բարեփոխումների և համաշխարհային նոր իրողություններին ադապտացվելու ուղիով, թեև այլ հարց է, թե այդ ընթացքը որքանով կարելի է հաջողված համարել։ Բայց դրանք, վերջին հաշվով, շարունակում են արտացոլել 1945-1991թթ. դրությունը։
Վերոշարադրյալը, բնականաբար, պատասխաններ չի պարունակում։ «Քաղաքակրթությունների բախման» թեզը կարմիր թելով անցնում է նոր՝ հետարդիական և նորակայսերական տրամախոսությունների՝ «բազմաբևեռ աշխարհ», «ռուսական աշխարհ», «թուրքական աշխարհ» , և այլ տարբեր «աշխարհների» և «աշխարհիկների» միջով։ Մեկնարկային իմաստով դրանց մեջ, թերևս, ոչ մի վատ բան չկա, բայց գործնականում, ինչպես և կոմունիզմի պարագայում, այս, ըստ էության, տարբեր չափով ապակառուցողական, հետադիմական և սպոյլերական տրամախոսություններն ու պրակտիկաները լուրջ մարտահրավեր են դառնում։ Դրանց ներքո հաճախ դիմակավորվում և թաքնվում են ավտորիտարիզմը, հակաժողովրդավարությունը, հակաազատականությունը և ամենատարբեր տեսակի միջազգային հանցավոր գործունեությունը՝ թմրադեղերի վաճառք, մաքսանենգություն, սպառազինությունների ապօրինի վաճառք, ահաբեկչություն և այն ամենը, ինչ սպառնում է մարդու ազատությանը, անվտանգությանն ու արժանապատվությանը։
Մենք ականատես ենք դարձել, թե ինչպես կազմակերպված հանցավոր խմբավորումների համախմբում հանդիսացող այսպես կոչված «Իսլամական պետությունը», զինվելով ամենաժամանակակից սպառազինություններով, ամենաբարբարոս և ցեղասպանական տիպի ահաբեկչություն է իրականացնում։
Մենք նաև ականատես ենք դարձել, թե ինչպես կազմակերպված հանցավոր խմբավորումները հետխորհրդային շրջանում իրենց մի շարք պետությունների են հպատակեցրել՝ ձևավորելով ուղղահայաց ենթակայության հիմունքներով կառուցակարգված համապարփակ կոռուպցիոն համակարգեր, որոնք վերահսկողություն են հաստատել հումքի շրջանառության և պետական հաստատությունների վրա՝ թույլատրելով օրինականացնել իրենց հանցավոր գործունեությունը։ Այս ամենը սպառնում է հիշյալ տարածության՝ չկայացած պետությունների զանգվածի հետագա «սոմալիացմամբ»։
Այս բոլոր դեգերումներն ու ուղեղների բրոունյան շարժն անցել են նաև հարյուր միլիոնավոր մարդկանց միավորած սոցիալական ցանցերին։ Թվիթերյան կամ ֆեյսբուքյան հեղափոխությունները և Արաբական Արևելքում լճացած բռնապետությունների տապալումը, եթե անգամ սկզբնապես շատ համակրելի էին ազատասեր մարդկանց, պատմական կտրվածքով չնչին ժամանակ անց ակներևաբար ցույց են տվել, որ 21-րդ դարի տեխնոլոգիաները, ծառայեցվելով արխայիկ աշխարհայացքին, հանգեցնում են որևէ ստեղծագործական առաջընթաց բացառող սոցիալական կատարելապես ապակառուցողական արդյունքների, երբ դարձն ի շրջանս յուր ստիպված ես համարել չարիքի փոքրագույնը։
Եվ ո՞ւր է այստեղ «քաղաքակրթությունների» բախումը։ 21-րդ դարը, կարծես թե, քաղաքակրթություն եզրույթին սկզբնական իմաստն է վերադարձրել։ Այն 18-րդ դարում շրջանառության մեջ է դրել Ադամ Ֆերգյուսոնը. քաղաքակրթությունն այն է, որը նախ՝ հակադիր է վայրենությանը, ապա՝ այն մի փուլ է, որին հասարակությունները հասնում են մանկությունից դեպի հասունություն ընթանալու ժամանակ։
Արդի աշխարհում տարբեր հասարակություններ հայտնվել են տարբեր «ժամանակային գոտիներում». որոշ տեղերում «ժամացույցի սլաքը» ցույց է տալիս միջնադարյան խաչակրաց արշավանքների և կրոնական պատերազմների ժամանակաշրջանը, այլ տեղ՝ ազգայնականության կայացման, ազգային ինքնագիտակցության որոնումների և ազգային պետականության ձևավորման ժամանակաշրջանն՝ անկախ տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիությունից։ Եվ բոլորի մոտ ժամացույցը ցույց է տալիս յուրովի ճիշտ ժամանակը։ Ուստի՝ տարբեր քաղաքականությունների և քաղաքականության տարբեր ընկալումների միջև բախումներն, իրոք, անխուսափելի են։
Շատ դժվար է «քաղաքակրթությունների բախում» անվանել անդրսահմանային կազմակերպված հանցավորության և փողերի լվացման դեմ, ինչպես նաև ապաօֆշորացման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, միջազգային արդարադատության գործառույթների ապահովման, օրենքի և իրավունքի գերակայության հաստատման, սահմանադրական ժողովրդավարության հաստատման, ազատ առևտրի ռեժիմի ներդրման, միջազգային ֆինանսական շուկայի բարեփոխման և քաղաքացիական հասարակության կայացման համար մղվող պայքարը։
Սա նույնպես բախում է, բայց՝ ո՛չ քաղաքակրթությունների միջև։ Սա քաղաքակրթության բախումն է իր իսկ խնդիրների հետ։ Պարզապես, պետք է ավելի հաճախ ստուգել «ժամացույցը»…