Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի կառավարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները։ Պատերազմը ջրի երես հանեց պաշտպանական և քաղաքական համակարգի թերությունները, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում. հակառակ դեպքում՝ երկարաժամկետ հնարավոր չի լինի դիմագրավել Ադրբեջանի ագրեսիային։
Ժողովրդավարության անհրաժեշտությունը
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատմական փորձը ցույց է տալիս, որ երկարատև պատերազմի ու հաղթանակի հնարավորություն ունեն ժողովրդավարական համակարգերը։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1947-1991թթ. Սառը պատերազմում հաղթանակ է տարել ԱՄՆ-ն իր արդյունավետ կառավարման համակարգով: Իսրայելն իր ստեղծման օրվանից հենց ժողովրդավարական կառավարման համակարգի շնորհիվ է կարողացել երկարատև պատերազմել և հաղթանակած դուրս գալ իրեն պարտադրված պատերազմներում։
Ժամանակակից աշխարհում առավելագույն և երկարաժամկետ բարեկեցություն կարողացել են ստեղծել ժողովրդավարական համակարգերը։ ՀՆԱ-ի մեկ շնչին բաժին ընկնող ամենամեծ ծավալն ունեն ժողովրդավարական երկրները։ Հենց այս մոդելի երկրներն են կարողացել ստեղծել առավելագույն բարեկեցություն, միևնույն ժամանակ՝ ուժեղացնել անվտանգության համակարգը։
Ադրբեջանի նավթադոլարների վրա հիմնված ռազմական բյուջեն, որն 2015-ին կազմել է մոտ 4,8 մլրդ դոլար, նույնիսկ գերազանցում է Հայաստանի 2015 թվականի բյուջեն, որ կազմել է 2,9 մլրդ դոլար։ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեի ահռելի տարբերությունը սկսվել է 2011 թվականից, որի արդյունքում էլ աճել է սահմանային լարվածությունը և 2016-ի ապրիլին վերածվել լայնածավալ ռազմական գործողությունների։
Խախտված ռազմատնտեսական հավասարակշռությունը վերականգնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը մի շարք ոլորտներում անհապաղ բարեփոխումներ կատարի, որպեսզի հնարավոր լինի վերականգնել խախտված ռազմատնտեսական հավասարակշռությունը։
Բյուրոկրատիայի խնդիրը
Բոլոր ժամանակներում պետական ինստիտուտների ձևավորման գործում կարևոր են եղել պատերազմները: Չարլզ Թիլիի հայտնի տեսությունը, ըստ որի պատերազմը պետություն է ստեղծում, պետությունն էլ, իր հերթին՝ պատերազմ, արտացոլում է Հայաստանում պետականության ձևավորման գործընթացը: Պատերազմի արդյունքում ձևավորված բյուրոկրատիան չի կարողանում բարեփոխվել և արդյունավետ դառնալ։
Ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի կարծիքով՝ Եվրոպայում պատերազմները կարեւոր դեր են խաղացել պետական բյուրոկրատիայի ձեւավորման գործում: Պատերազմների պատճառով պետությունները ստիպված են եղել ձեւավորել հզոր բյուրոկրատիա, որպեսզի կարողանան ստեղծել եւ կառավարել պատերազմի համար անհրաժեշտ ռեսուրսներ: Հետագայում Եվրոպայում ձեւավորվել է միջին խավ, որը կարեւոր դեր է ունեցել բյուրոկրատիայի վերահսկողության գործում: Արդյունքում՝ եվրոպացիները ժառանգություն են ստացել իրավական համակարգ, ստեղծել են արժանիքների վրա հիմնված քաղաքացիական ծառայություն, ձեւավորել արդյունավետ պետական համակարգ, որը հանրության լայն զանգվածների համար բացել է մուտքը դեպի պետական ռեսուրսներ:
Ապրիլյան պատերազմը Հայաստանի բյուրոկրատիայի վրա շոկային ազդեցություն է թողել, որովհետև պատերազմը ցույց տվեց, որ գործող համակարգը չի կարող արդյունավետ աշխատել պատերազմական իրավիճակում։ Պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ բյուրոկրատիան փոխելու լուրջ անհրաժեշտություն կա, հակառակ դեպքում՝ այն չի կարողանա դիմագրավել հետագա պատերազմներին, և լուրջ խնդիրներ կստեղծի հայկական պետականության գոյության համար։
Այս տեսանկյունից Հայաստանը ևս ստիպված է պետական ապարատի արդյունավետությունը բարձրացնել, որովհետև այսօրվա բյուրոկրատիան չի կարող արդյունավետ ապահովել անվտանգություն։ Նախ՝ այն ուռճացված է, և բացի այդ՝ խոչընդոտում է մրցակցային տնտեսություն ստեղծելու հնարավորությանը։ Գործող բյուրոկրատիայի կոռումպացված լինելու պատճառով առկա ռեսուրսները արդյունավետ չեն օգտագործվում։
Քանի որ Ադրբեջանի հետ ներկայիս լարվածությունը երկար է շարունակվելու, անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա արդյունավետ կառավարման համակարգ, որն ի վիճակի կլինի ոչ միայն արդյունավետ տնօրինել գոյություն ունեցող ռեսուրսները, այլ նաև հավելյալ ռեսուրսներ ստեղծել ինքնապաշտպանության համակարգն ուժեղացնելու համար։
Ազատ շուկայական ինստիտուտների անհրաժեշտությունը
Արդյունավետ բյուրոկրատիայից բացի՝ կարևոր են նաև տնտեսության բարեփոխումները, որոնք պետք է լինեն մրցակցային և ստեղծեն հավելյալ ռեսուրսներ երկարատև պատերազմին դիմագրավելու համար։ Մրցակցային տնտեսությունը կարևոր խթան կհանդիսանա ժողովրդավարական ինստիտուտների բարելավման համար։
Առկա մենաշնորհները հիմնականում տնտեսության համար հավելյալ արժեք չեն ստեղծում, այդ գործը կատարում են մրցակցության մեջ գտնվող կազմակերպությունները։ Հենց տնտեսության մրցակցությունն է նորարարության և զարգացման հենքը։ Հայաստանի տնտեսության քիչ ոլորտներն են մրցակցային, սակայն նույնիսկ եզակի օրինակները ցույց են տալիս դրական մեծ արդյունքներ։ Օրինակ՝ «Արմենթելի» մենաշնորհի վերացումը ոչ միայն ծառայության գներն իջեցրեց, այլ նաև կարճ ժամանակում մոտ 1800 հավելյալ աշխատատեղ ստեղծեց, ինչպես նաև այդ ոլորտի ռեսուրսներն ավելացրեց։
Ապրիլյան պատերազմից հետո հասարակությունը սկսել է առավել ակտիվ քննարկել կոռուպցիայի խնդիրը Հայաստանում։ Այս տեսանկյունից կարևոր է հաշվի առնել ժողովրդավարական կառավարման համակարգերի փորձը։ Այսօր աշխարհում կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող երկրների բացարձակ մեծամասնությունը ժողովրդավարական կառավարման համակարգ ունի: Օրինակ՝ Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2015» վարկանշային աղյուսակում առաջին 20 երկրներից 18-ը ժողովրդավարության բարձր մակարդակ ունեն։ Այսինքն՝ կոռուպցիայի դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է նաև պայքար տանել ժողովրդավարության համար։ Եթե ժողովրդավարական ինստիտուտները կայանան Հայաստանում, ապա, բնականաբար, նաև կիջնի կոռուպցիայի մակարդակը։
Հայաստանի արագընթաց ժողովրդավարացումը նաև կարևոր է մեկ այլ տեսանկյունից։ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, և բնակչության մեծ մասը ակտիվ մասնակցություն ունի երկրի պաշտպանության գործում, ապա անհրաժեշտ է, որ հենց հանրության կողմից ձևավորած իշխանությունը որոշումներ կայացնի։ Տեղական և պետական մարմիների ժողովրդավարական ճանապարհով ձևավորումը թույլ կտա բարձր վստահության մթնոլորտ ստեղծել, ինչպես նաև հանրությանը մասնակից դարձնել ոչ միայն պատերազմական գործողություններին, այլ նաև կարևոր քաղաքական որոշումների կայացմանը։
Ժողովրդավարական ընտրություններ
Քանի որ ազատ և մրցակցային ընտրությունները հանդիսանում են ժողովրդավարության հենքը, ապա այս տեսանկյունից կարևոր է ընտրական համակարգի կայացումը։ Ընտրական համակարգում կեղծիքների վերացումը կարևոր նախապայման է ժողովրդավարացման գործընթացի համար։ Առանց ազատ, մրցակցային ու թափանցիկ ընտրությունների՝ ժողովրդավարական այլ ինստիտուտների կայացումը հնարավոր չէ։ Ժողովրդավարական ընտրությունները առանցքային նախապայման են։
Եզրակացություն
Արդյունավետ բյուրոկրատիան, ազատ շուկայական տնտեսությունը և ժողովրդավարական ընտրությունները այն կարևոր գործիքներն են, որոնցով հնարավոր կլինի դիմակայել ադրբեջանական նավթադոլարներին։ Հայաստանը ուժեղ լինելու այլընտրանք չունի, որովհետև չունի այլ ռեսուրս, քան մարդն է, իսկ մարդու ներուժը օգտագործելու միակ տարբերակը արդյունավետ կառավարման համակարգն է։ Եթե Հայաստանը չօգտագործի վերը նշված գործիքները, ապա ուժերի անհավասարակշռությունն ավելի կխորանա, ինչն Ադրբեջանին ավելի շատ համարձակություն կտա նոր հարձակումներ նախաձեռնելու համար։