Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Արցախում վերսկսված ապրիլյան քառօրյա պատերազմը և դրան հաջորդող իրադարձությունները ևս մեկ հնարավորություն ընձեռեցին զգալու տարածաշրջանում համաշխարհային գերտերությունների կշիռը և խնդրի վրա ներազդելու նրանց մեխանիզմները: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և եռանախագահության ինստիտուտի առկայությանը, թվում է, թե Արցախյան հակամարտության վրա ազդող հիմնական պետություններից է Ռուսաստանը, որի նախագահի մեկ զանգով հնարավոր է դադարեցնել սահմանում ծավալվող ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից է ԱՄՆ-ն, որի գործունեությունը վերջին երկու տարիներին, կարծես թե, ուղղված էր հակամարտության կարգավորման գործընթացում սեփական դերն ու ներգրավվածությունը մեծացնելուն: ԱՄՆ-ի ձեռնարկած նման քայլերից ուշագրավ է հատկապես 2014թ. մայիսի 5-ին Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում Ջեյմս Ուորլիքի ներկայացրած՝ ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած էր 6 կետից:
Այս հայտարարությունն իսկապես աննախադեպ էր, քանի որ համանախագահ երկրի ներկայացուցիչը արտահայտեց ոչ թե Մինսկի խմբի կարծիքը, այլ հենց ԱՄՆ-ի, որն, ի դեպ, որոշակիորեն տարբերվում էր եռանախագահների համընդհանուր կարծիքից:
Առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»:
Երկրորդ, ըստ Ուորլիքի՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել էր Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով՝ ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարևորությունը:
Ուորլիքի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների՝ իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու իրավունքի ամրագրումն է: «Եվ, վերջապես, վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործունեություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:
Այսպիսով, ԱՄՆ-ն հայտ էր ներկայացնում Մինսկի խմբի շրջանակներում, սակայն միաժամանակ դրանից դուրս, ավելի ակտիվ կերպով զբաղվելու հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Սակայն նույն թվականի հուլիսի վերջին և օգոստոսին Արցախում ծավալվեց առաջին միկրոպատերազմը, և օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայացած հանդիպումն ապացուցեց, որ դեռևս ՌԴ-ն ամենամեծ ազդեցությունն ունի հակամարտող կողմերի վրա: Ի պատասխան Ռուսաստանի այս քայլի՝ սեպտեմբերին Նյու Պորտում ԱՄՆ-ի պետքարտուղար Զոն Քերին կազմակերպեց Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը կարծես ակնարկ լիներ ՌԴ-ին, որ եռանախագահության ինստիտուտը չի կորցրել իր ուժը և հարկ է հաշվի նստել նաև ամերիկյան կողմի հետ:
Հաջորդ ուշագրավ քայլը, որն ուղղված էր Արցախյան հակամարտության կարգավորմանը, սույն թվականի հունվարի 6-ին կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ ԱՄՆ կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկման կազմակերպումն էր՝ Ջեյմս Ուորլիքի մասնակցությամբ: Ավելի վաղ Էդ Ռոյսը և հանձնաժողովի դեմոկրատ փոխնախագահ Էլիոթ Էնգելը Պետքարտուղարություն նամակ էին հղել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որին միացել էին 85 կոնգրեսականներ: Նրանք ներկայացրել էին առաջարկություններ, որոնք վերաբերում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բռնության աճը կասեցնելուն ուղղված կոնկրետ քայլերին: Կոչ է արվում շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում, շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը, շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի մեծ թվով մշտադիտարկողների տեղաբաշխում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։
Այս քննարկումից ընդամենը օրեր անց Ադրբեջան և Հայաստան է ժամանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Եվրոպայի հարցերով գլխավոր խորհրդական, ԱՄՆ ազգային անվտանգության Եվրոպայի հարցերով պատասխաանատու Չարլզ Կուպչանը: Չնայած նրա այցի վերաբերյալ երկու երկրներում էլ տեղեկատվությունը բավականին սուղ էր, սակայն, պաշտոնական հաղորդագրություններից դատելով կարելի է ասել, որ Կուպչանի հետ հանդիպումների օրակարգում եղել է ամերիկյան առաջարկությունների ներկայացումը և դրանց շուրջ երկու երկրների ղեկավարների կարծիքների հստակեցումը: Այս ամենի համապատկերում, երբ ակնկալիքները մեծ էին, որ ԱՄՆ-ն որոշակի նախաձեռնողականություն կցուցաբերի Արցախյան հակամարտության կարգավորման գործում, բավականին անսպասելի էին այն արձագանքները, որոնք հաջորդեցին ապրիլյան քառօրյա պատերազմին: Մինչ ռուսական կողմից արտաքին գործերի և պաշտպանության նախարարները այցելություններ էին կատարում Երևան և Բաքու, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ ունենում երկու երկրների նախագահների հետ, ԱՄՆ-ի կողմից հնչեցին միայն հերթապահ հայտարարություններ: Այսպես, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում ասվում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և կողմերին զսպվածության ու լարվածության հետագա աճից ձռնպահ մնալու կոչ է արվում: Ավելի ուշ՝ ապրիլի 4-ին պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի արդյունքում ռազմական գործողությունները անհապաղ կասեցնելու կոչ է արվել: Այս հայտարարությունների մեջ մեզ համար ուշագրավ էր հատկապես այն, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվի նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:
Իսկ ահա պետքարտուղար Քերին ՀՀ նախագահի հետ հեռախոսազրույց ունեցավ ռազմական գործողությունների ավարտից քսաներկու օր անց միայն, սակայն Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունը ստվերեց այդ հեռախոսային խոսակցությունը, որի ընթացքում, ըստ ՀՀ նախագահ պաշտոնական կայքի հաղորդագրության, «երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է »:
Չնայած ընգծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին, սակայն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի որդեգրած կեցվածքը կարծես վկայում էին, որ հակամարտությունը գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում, ուստի արևմտյան երկրները խուսափում են գործնական քայլեր ձեռնարկել: Հետաքրքրական է, որ ամերիկյան պաշտոնյանները ևս խոստովանում են, որ գործընթացը գտնվում է Ռուսաստանի միանձնյա հսկողության ներքո: «Ամերիկայի ձայնի» այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ամերիկյան կողմը պետք է ավելի մեծ դեր ստանձնի Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման և խաղաղության հաստատման գործում, ամերիկացտ կոնգրեսական Ֆրանք Փալոնն ասել է հետևյալը. «Ես նախ ուզում եմ համոզվել, որ մենք մաս ենք կազմում խնդրի շուրջ բանակցություններին: Երբեմն թվում է, որ դրա մենաշնորհը տրված է Ռուսաստանին։ Մեր նպատակն է Մինսկի խմբի դերի բարձրացումը, քանի որ Մինսկի խումբն է, որ պետք է գլխավոր դեր խաղա այս խնդրում, իր բոլոր համանախագահների ակտիվ մասնակցությամբ»։
Հաշվի առնելով ԱՄՆ-ի` ամիսներ առաջ ցուցաբերած նախաձեռնողականությունը և մինչև վերջերս նրա պասիվ կեցվածքը՝ փորձագիտական շրջանակներում բավականին տարածված էր այն կարծիքը, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշակի ներքին պայմանավորվածություն ունեն, որը կապված է նաև մարտի 14-ին Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու Պուտինի որոշման հետ: Ըստ շրջանառվող կարծիքների՝ հարավոր է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն անդրկուլիսյան բանակցություններում որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել, համաձայն որի Սիրիայից զորքերը դուրս բերելու դիմաց ԱՄՆ-ն պարտավորվում է ակտիվություն չցուցաբերել տարածաշրջանային և մասնավորապես Արցախի և Դոնբասի հակամարտություններում: Ըստ որոշ գնահատականների՝ նման պայմանավորվածության առկայության և կենսագործման դեպքում Ռուսաստանը մենաշնորհային դիրքեր կունենա բանակցային գործընթացում:
Սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն ոչ թե հրաժարվել է իր նախաձեռնողական քաղաքականությունից և աշխարհաքաղաքական վերադասավորումների ու պայմանավորվածությունների հիման վրա համաձայնվել Ռուսաստանի վճռորոշ դերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, այլ պարզապես հերթական անգամ լրջագույն վերլուծությունների է ենթարկել իրավիճակն ու դեպքերի զարգացման հեռանկարները և հստակ հաշվարկով նախապատրաստվել հերթական նախաձեռնողական քայլին։ Այդ մասին են վկայում Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպման շատ հանգամանքներ։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
ԱՄՆ-ի նախաձեռնողականության մասին վկայում են նշյալ հանդիպման անզեն աչքով էլ տեսանելի հանգամանքները։ Իսկ որ այդ նախաձեռնողականությունը, մեղմ ասած, անպտուղ չի եղել, վկայում է հանդիպումից հետո ընդունված հայտարարության տեքստը։ Այնտեղ լուծում են գտել վաղուց քննարկվող մի շարք հարցեր։
Այդ հարցերը լուծում են գտել առայժմ թղթի վրա, և շատ բան կախված է լինելու հակամարտության կողմերի ու միջնորդների դեռևս առկա որոշակի ապակայունացնող ներուժի օգտագործման հավանականությունից։ Սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանդիպումից տառացիորեն օրեր առաջ ուղղակի անհավանական էր թվում նման փաստաթղթի ընդունումը, ապա կարելի է ասել, որ առկա է որոշակի առաջընթաց կարգավորման գործում։