Թեև Telegram ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման հավելվածը շատ սիրված է ահաբեկիչների շրջանում, ինչպես, օրինակ, Սբ. Էթիեն դյու Ռուվրեի դեպքում, այն հրաժարվում է համագործակցել իշխանությունների հետ:
Կրկին հակասությունների կիզակետում
Հուլիսի 26-ին Սբ. Էթիեն դյու Ռուվրե եկեղեցում հայր Ժաք Համելին գազանաբար սպանած ահաբեկիչներից մեկն օգտվել է Telegram հավելվածից: Մասնավորապես, նա այնտեղ հայտարարել է, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել:Հաճախ որպես Իսլամական Պետության (ԻՊ) ջիհադիստների նախընտրելի հավելված ներկայացվող Telegram-ը 2013 թվականին գործարկված ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման համակարգ է: Դրանում առկա են հաղորդակցության երկու ռեժիմներ: Մեկը դասականն է՝ մի մարդուց մեկ ուրիշի: Մյուսը, որ հենց Telegram-ին է հատուկ, խմբակային քննարկումների ձևով է և կարող է համախմբել հազարավոր մարդկանց: ԻՊ-ն այն օգտագործում է քարոզչության համար:
«Երբ Telegram-ից պահանջում էին որոշ հաշիվներ փակել, նրանք հապաղում էին արձագանքել, մինչդեռ Facebook-ը և Twitter-ը ավելի ռեակտիվ են»,- ընդգծում է Ուեյվսթոնյան գրասենյակից կիբերանվտանգության մասնագետ Ժերոմ Բիլուան: Միայն 2015 թվականի նոյեմբերի հարձակումներից հետո և ճնշումների տակ է, որ Telegram-ը համաձայնեց փակել որոշ ջիհադիստների հաշիվներ:
Մարքեթինգային քաղաքականություն
Իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը բացատրվում է մի շարք պատճառներով: Հիմնադիրներից մեկը՝ ռուս Պավել Դուռովը, իրեն որպես ազատության մարտիկ և ազատ հաղորդակցման իրավունքի պաշտպան է ներկայացնում: Այնուհետև, իրենց քաղաքականությանը համընթաց, բարձր է գնահատում հավելվածի անվտանգությունը (հաղորդագրությունների կոդավորման շնորհիվ) և անձնական կյանքի գաղտնիության հանդեպ հարգանքը: «Կարծում եմ, որ անձնական կյանքի գաղտնիության մեր իրավունքն ավելի կարևոր է, քան մեր մտավախությունը, որ ահաբեկչությունների նման վատ բաներ կարող են տեղի ունենալ»,- 2015 թվականի սեպտեմբերին ասել է Պավել Դուռովը, հավելելով՝ «Ի վերջո, Իսլամական Պետությունը միշտ էլ կգտնի հաղորդակցվելու ճանապարհ: Եվ եթե հաղորդակցության ինչ-որ միջոց իրենց բավականաչափ անվտանգ չթվա, նրանք մեկ ուրիշը կգտնեն: Չեմ կարծում, թե մենք մեզ պիտի մեղավոր զգանք»: Չպետք է մոռանալ նաև, որ ֆիզիկապես անհնար է, որ Telegram-ի աշխատակիցները կարդան բոլոր հաղորդագրությունները և ամեն բան վերահսկեն:
Երկու հոգու միջև ընթացող խոսակցության ժամանակ հնարավոր է օգտվել «գաղտնի զրույց» տարբերակից: Ի սկզբանե, խոսակցությունները կոդավորված չեն: Սակայն այդ գործառույթն ակտիվացնելուն պես նամակագրության բովանդակությունն այլևս հասանելի չէ Telegram-ին: Դա մի փոքր նման է արգելափակման կոդին, բայց, ակնհայտորեն, ավելի բարդ մի բան է: «Կոդավորումը տեղեկատվության պաշտպանության մեխանիզմ է, և այն վերծանելու համար կարող են պահանջվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ», – ասում է Ժերոմ Բիլուան, ով նաև կարծում է, որ, ըստ էության, Whatsapp-ը և Messenger-ը նույնքան ապահով են, որքան Telegram-ը:
«Ժամում 10 միլիոն հաղորդագրություն»
Սրան հակառակ, քննարկումների խմբերը կամ ալիքներն ամբողջությամբ չէ, որ կոդավորված են: Այնպես որ, դրանք հասանելի են Telegram-ի համար: Սակայն ֆիզիկապես անհնար է բոլորը վերլուծել:
«Ներկայումս, ընդհանուր առմամբ, ժամում 10 միլիոն հաղորդագրություն է ուղարկվում Telegram-ի միջոցով»,- բացատրում է Ժերոմ Բիլուան: Հետևաբար, պիտի ապավինենք օգտատերերի զգուշացումներին…
Գոյություն ունեն իմաստաբանական վերլուծություն անող մի շարք ծրագրեր: Այդպիսի ծրագրերից է օգտվում Google-ը, երբ ձեզ փորձում է կապել Հռոմում ինչ-որ փաբի հետ՝ Իտալիա ճամփորդելու վերաբերյալ ընկերոջ հետ զրույցն ավարտելուն պես: Բայց այս ծրագրերն այնքան էլ խելացի չեն: Եթե, օրինակ, խոսեք ռումբի մասին՝ ի նկատի ունենալով ինչ-որ մեկի սեքսուալ հատկանիշները, դրանք կընկալեն այդ բառն իր առաջնային իմաստով:
Սա բարձրացնում է գլխավոր հարցը. ինչպե՞ս պահպանել մարդկանց անվտանգությունը՝ հաշվի առնելով անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Այս հավելվածը, իրականում, օգտագործվում է նաև բռնապետական հասարակարգերում ապրող այլախոհների կողմից: Դրա կոդավորելու հնարավորությունը լայն կիրառություն ունի տարբեր ընկերությունների շրջանում: Այս առիթով Ժերոմ Բիլուան նշում է հետևյալը. «Եթե կառավարություններին հասու դառնա նմանատիպ տեղեկատվությունը, դա կարող է ռիսկի ենթարկել գաղտնիության իրավունքի պահպանումը»: Սա որոշակի առումով նույնն է, ինչ Փոստային ծառայությունը կարողանա կարդալ բոլոր նամակագրությունները:
Բուդապեշտյան կոնվենցիաները և կիբերտարածությունը
Հնարավո՞ր է, սակայն, օրենքի կիրառմամբ ստիպել Telegram-ին տեղեկատվություն տրամադրել: Ի՞նչ բացառություններ կան: Ամեն ինչ մի տեսակ խճճված է թվում: «Telegram-ի գլխամասը գտնվում է Բեռլինում», – հայտնում է Ժերոմ Բիլուան և հավելում՝ «Բայց դրա աշխատակիցները կարող են սփռված լինել ողջ աշխարհով մեկ»: Եվ այստեղ է, որ գլուխ են բարձրացնում միջազգային իրավունքի հետ կապված խնդիրները: Ինչպես մանրամասնում է մասնագետը. «Ոչ բոլոր երկրներն են ստորագրել բուդապեշտյան կոնվենցիան, որը ոստիկանությանը կիբերտարածքում հետաքննություն անցկացնելու իրավունք է տալիս և համակարգում է այդ գործընթացները»: Ոչ միայն ջիհադիստներն են օգտվում այս կիսատ-պռատ վիճակից: Ակտիվ են նաև կիբերհանցագործները:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը
Բնօրինակը` 20minutes