Այլ ոչ թե քաղաքական հեղաշրջումը
Նախորդ երեք շաբաթների ընթացքում իսկական քաղաքական փոթորիկ էր մոլեգնում Բրիտանիայում՝ վարչապետի հրաժարականի և արդեն նախկին դարձած վարչապետի կատաղության պատճառով: Սակայն հարց է առաջանում՝ եթե քաղաքականությունն առաջնային է լրատվականների գլխագրերում, արդյո՞ք այն գոնե զարգացած աշխարհում իսկապես փոխում է մարդկանց կյանքը, որքան որ թվում է:Անշուշտ, պատմության մեջ կան պահեր, որոնք փոխում են ամեն ինչ, օրինակ` սոսկալի քաղաքական որոշումների շարքը, որոնք հանգեցրեցին Առաջին համաշխարհային պատերազմին: Սակայն նման որոշումները քիչ են և ժամանակային առումով` միմյանցից հեռու: Ի հակադրություն՝ մի բան, որն իսկապես փոխեց մարդկանց կյանքը, տեխնոլոգիան է: Համարենք, որ ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը դարակազմիկ իրադարձություն է: Դիտարկենք հակառակ գործընթացը: Արդյո՞ք Շվեյցարիայում ապրող մարդկանց կյանքը ներկայումս արմատապես կփոխվի, եթե Շվեյցարիան ԵՄ-ին միանալու որոշում կայացնի:
Այսպիսով, ո՞րն է վերջին տասնամյակի այն որոշումը, որը փոխեց մեր կյանքը: Ես առաջարկում եմ «iPhone»-ի գյուտը համարել, որը կատարվեց 2007 թվականի հունիսի 29-ին: Դա ֆինանսական մեծ ճգնաժամից ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որն իսկապես զարգացած աշխարհում փոխեց շատ մարդկանց կյանքը: Սակայն շատ երկրներ վերականգնվեցին և հաղթահարեցին ֆինանսական ճգնաժամը, իսկ այն երկրներում, որոնք չեն վերականգնվել, ինչպիսին Իտալիան և Հունաստանն են, խնդիրներն ավելի են խորացել:
Նայենք աշխարհին հիմա: Եվ փոփոխությունն, անշուշտ, բջջային հեռախոսների և նոր տեխնոլոգիաների տարածումն է: Ահա թե ինչն է տարբերում 2016 թվականը 2006 թվականից:
Սա ինչպես որակական, այնպես էլ քանակական փոփոխություն է: Այս ամենը պարզապես այն մասին չէ, որ ներկայումս աշխարհում ավելի շատ բջջային հեռախոսներ կան, քան մարդիկ, և որ երկու տարի ենք առաջ անցել այն կետից, երբ մարդիկ բջջային հեռախոսներից ավելի շատ են մտնում ինտերնետ, քանի ֆիքսված սարքերից:
Մենք բջջային հաղորդակցությամբ կարող ենք բաներ անել, որոնք մեկ տասնամյակ առաջ թվում էին անիրական: Անկասկած, մեկ այլ տասնամյակում կանենք բաներ, որոնք ներկայումս են անիրագործելի թվում: Բազմաթիվ մարդկանց համար հաճախ տեխնոլոգիան հաղթանակ է տոնում քաղաքականության նկատմամբ:
Այսպիսով, դեպի ու՞ր պետք է մեզ ուղղորդի հաջորդ տասնամյակը: Եթե մի բան դեռևս մտածված չէ, մենք չենք կարող սահմանել, թե ինչ այն կարող է լինել: Սակայն կարող ենք մտածել ոլորտների մասին, որտեղ կցանկանայինք արմատական առաջընթաց տեսնել, և հարցը նրանում է՝ արդյո՞ք տեխնոլոգիաները կկարողանան բավարարել մեր այդ ցանկությունները: Հանճարեղ Սթիվ Ջոբսը հասկացել էր, թե ինչ ենք մենք ցանկանում՝ նախքան մենք ինքներս գլխի կընկնեինք այդ մասին:
Ես տեսնում եմ նման չորս ոլորտներ, որոնցից երեքն ակնհայտ են, իսկ մեկը քիչ թե շատ է տեսանելի: Ընթերցողներն ավելի շատ ոլորտներ կմտաբերեն:
Ամենաակնհայտն էլեկտրաէներգիայի արժեքի անկումն է: Այն շարունակում է նվազել, և շուտով էլեկտրական տեղաշարժման միջոցները ավելի էժան կլինեն` տասնամյակների ընթացքում դառնալով ավելի մրցունակ` ներքին այրման տրանսպորտային միջոցների հետ համեմատած: Շրջադարձային կարող է դառնալ այն կետը, երբ մենք բոլորս կգործարկենք էլեկտրական մեքենաները, և, հավատացե՛ք, այդ ամենը սարերի հետևում չէ:
Հաջորդը առողջապահության բնագավառն է: Շուտով մարդիկ բժշկին այցելելու փոխարեն ունակ կլինեն էլեկտրոնային սարքերի միջոցով հետևել իրենց առողջությանը: Իհարկե, առողջապահության բազային հիմնական կառույցները կպահպանվեն: Կլինեն բժիշկներ և հիվանդանոցներ: Բայց ամեն ինչ կպարզեցվի, քանի որ մարդիկ ավելի լավ կօգտագործեն տեխնոլոգիաները և ունակ կլինեն դրանց միջոցով ավելի լավ հոգ տանել սեփական առողջության մասին:
Երրորդը կրթությունն է: Տեղեկատվության ակնթարթային հասանելիությունն արդեն իսկ բոլոր մակարդակներում փոխում է կրթությունը, սակայն մենք վաղ փուլում ենք` սովորելու, թե ինչպես օգտագործել այն, ինչ ունենք: Մեզ համար դեռևս հանելուկ է, թե ապագան ինչ է բերելու: Այս դեպքում ևս կառուցվածքը գրեթե չի փոխվի, կամ շատ քիչ փոփոխություններ կկրի: Կփոխվի կրթության նկատմամբ վերաբերմունքը. մարդիկ փորձաքննությունը ծաղրելու փոխարեն կսկսեն հարցաքննել փորձագետներին:
Բավականին ակնհայտ է, որ տեխնոլոգիան քիչ ազդեցություն կունենա հավասարության և արդարության զգացողությունների վրա: Մեզանից շատերը զարգացած հասարակություններում կցանկանան տեսնել ավելի արդար հասարակություն, որն ընդհանուր առմամբ նշանակում է ավելի մեծ չափով հավասարություն: Կարևոր հանգամանքը, որը հաշվի չեն առնում, հետևյալն է՝ տեխնոլոգիան իսկապես հավասարեցնող դառնալու մեծ ներուժ ունի: Սակայն դուք պետք է կարողանաք օգտագործել հավասարեցնող այդ մեծ ուժը, ինչպես քսաներորդ դարի առաջին հատվածում մեքենա վարելու համար անհրաժեշտ էին մարդիկ, ովքեր ցանկանում էին վարել սովորել:
Վարելը ամենադժվար բանն է, որ մարդկանցից շատերը ստիպված են անել. պահանջվում են ձեռքեր, աչքերի կոորդինացիա, ավտոճանապարհային կոորդինացիա, ֆիզիկայի ինտուիտիվ ընկալման կարողություն (մեքենաները հանկարծակի չեն կարող արգելակվել) և այլն: Նոր տեխնոլոգիաներ օգտագործելը շատ ավելի հեշտ է: Սակայն մենք կարիք ունենք տեխնոլոգիաներն օգտագործել աշխարհն ավելի արդար դարձնելու, այլ ոչ թե մեր քմահաճույքների համար: Մի փոքր քիչ, Boaty McBoatface, խնդրում եմ:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Բնօրինակը` INDEPENDENT