Գևորգ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ
Երևան
Տեղեկատվության ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է: Տեղեկատվության ազատությունն իրավունք է տալիս դիմել, օրինակ, քաղաքապետարանին կամ գյուղապետարանին եւ պահանջել, որ տրամադրեն քաղաքի կամ գյուղի բյուջեն կամ համայնքի ղեկավարի որեւէ որոշում, որն անհրաժեշտ է կամ պարզապես հետաքրքրում է: Այսպես, յուրաքանչյուրս իրավունք ունի դիմելու պետական մարմիններին, համայնքներին եւ հարցեր տալու, ինչպես նաեւ ստանալու իր հարցերի սպառիչ պատասխանները:Լինում են դեպքեր, երբ պետական մարմնից կամ համայնքից մարդն ուզում է ստանալ այնպիսի տեղեկություն, որն իր մասին է: Օրինակ, ինչքան գույքահարկ ունի վճարելու կամ ինչու հենց այդքան գույքահարկ ունի վճարելու: Այսպես, յուրաքանչյուրն ունի ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունք:
Նախ՝ քննարկենք, թե որ տեղեկությունն է համարվում անձի մասին տեղեկություն. դրանք անձնական տվյալներն են, ինչպես նաեւ այն տեղեկությունները, որոնք վերաբերում են անձին, այդ թվում՝ անձի անձնական, ընտանեկան կյանքին, անձի գույքին, անձի իրավունքներին, ազատություններին, պարտականություններին, իրավունքների սահմանափակումներին կամ պատասխանատվությանը:
Եթե որեւէ մեկն իմացել է կամ գիտի, որ իր մասին, ներառյալ` իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի մասին պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կամայական անվանում ունեցող պետական որևէ հիմնարկում առկա է տեղեկություն, ապա նրան պետք է հասանելի լինի տվյալ տեղեկությանը` առանց նրան ծանրաբեռնելու որևէ, այդ թվում վճարելու պարտականությամբ: Դա կարևոր է, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդը կարողանա արդյունավետ կերպով պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը, պաշտպանվել` ինչպես օգտագործելով տվյալ տեղեկությունը, այնպես էլ` հենց տվյալ տեղեկության անիրավաչափ օգտագործումից, ժամանակին եւ պատշաճ իրակացնի իր իրավունքները եւ կատարի պարտականությունները: Այսպես, անձի վերաբերյալ որևէ տեղեկություն պետք է նրան հասանելի լինի անառարկելիորեն, առանց որևէ վճարի[1] կամ այլ պայմանի կամ նախապայմանի, անկախ նրանից, թե գաղտնիության որևէ աստիճան ունի՞ տվյալ տեղեկությունը, թե՞ ոչ, և եթե ունի, ապա` ինչպիսի. անգամ տեղեկության գաղտնագրված լինելը չպետք է անձին իր մասին տեղեկության տրամադրումը մերժելու հիմք լինի:
Այս դիրքորոշումը բխում է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերից, որոնց համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում»:
Անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու կարեւորությունն ընդգծել են հայ իրավագետները, գիտնականները: ՀՀ Սահմանադրության գիտագործնական մեկնաբանություններում մեկնաբանելով Սահմանադրության դրույթները՝ նրանք նշում են մի քանի մոտեցումներ, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս, թե որքան կարևոր է, որ անձին իր մասին տեղեկությանը հասանելի լինի: Սահմանադրության մեկնաբանություններում, մասնավորապես, նշված է, որ տեղեկույթը (տեղեկությունը) առաջադիմության գրավականն է: Քաղաքակրթության բարձրագույն աստիճանին հասնում է այն հասարակությունը և պետությունը, որը տնօրինում է ամենից որակով տեղեկույթին, մեծ ծավալով և արագ յուրացնում է այն` արդյունավետ կերպով օգտագործելով համամարդկային նպատակների իրականացման համար: Տեղեկույթը և տեղեկացվածությունը մեծ դեր են խաղում մարդու իրավունքների իրականացման գործում: Օրինակ` սեփականության իրավունքը չի կարող լիարժեք իրականացվել անորոշության, անհրաժեշտ իմացության բացակայության պայմաններում: Սպառողների իրավունքները ևս չեն կարող կենսագործվել կյանքում առանց որակյալ և անորակ ապրանքների մասին բավարար և հավաստի տեղեկությունների, առանց գովազդի և հակագովազդի, առանց ճշմարիտ տեղեկության` համեմատական թեստավորման մասին և այլն: Քաղաքական իրավունքները ևս ուղղակիորեն կախված են տեղեկույթից: Տեղեկատվական թափանցիկությունը, բացախոսությունը, կառավարական քաղաքականության կանխատեսելիությունը ժողովրդավարական գործընթացի կարևորագույն բաղադրատարրերն են, առանց որոնց ժողովրդաիշխանությունից մնում են միայն արտաքին ձևերը:
Քննարկենք մի քանի օրինակ, երբ ՀՀ օրենքներում ամրագրված է անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքը: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը (06.02.2002): Այդ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ձերբակալված և կալանավորված անձն իրավունք ունի` մայրենի լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (…)»: Տեղեկություն ստանալու իրավունքի այս օրենսդրական դրսևորումը ՀՀ Սահմանադրության գիտագործնական մեկնաբանություններում դիտվում է որպես մարդու պատվի և արժանապատվության արդյունավետ պաշտպանության երաշխիք:
Ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի կարևորությունը դրսևորվում է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում, որի համաձայն` «Բժշկական oգնության դիմելիu, ինչպեu նաև բժշկական oգնություն և uպաuարկում uտանալիu յուրաքանչյուր ոք իրավունք ունի (…) իրազեկ լինել իր հիվանդության մաuին (…)»: Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով uտանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիuկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մաuին»:
Անձի` ինքն իր մասին տեղեկություն ստանալու անսահմանափակ իրավունքի գաղափարն արտացոլվել է նաև նոր ընդունված օրենքներում: Այսպես, 2015թ. մայիսի 18-ին ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է անձի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը` նշելով, որ. «Տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու տեղեկություններ իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները»: Այս օրենքի նախագծում իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը բացարձակ չէր, նշվել էին սահմանափակումներ, սակայն իրավունքի զարգացման ուղղությունը, անձի` պաշտպանվելու իրավունքի կարևորությունը հաշվի առնելով` նախագծի հեղինակները և օրենսդիրը հրաժարվեցին անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումների մասին օրենքում նշում անելուց:
Ամբողջ վերոնշյալից բխում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամբողջությամբ եւ որոշակիորեն չի արտացոլում ՀՀ սահմանդրության 34-րդ հոդվածով երաշխավորված եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով առարկայացած՝ անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքը, եւ անհրաժեշտություն կա նշված օրենքում կատարել համապատասխան փոփոխություն:
Անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքին անդրադարձել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 2016-ի փետրվարի 23-ի ՍՎԴ-1256 որոշմամբ: ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենքները (դրույթները) պետք է տարբերակված մոտեցում սահմանեն, երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, այլապես կհակասեն ՀՀ Սահմանադրության հոդվածներին[2]:
Հարկ է նշել, սակայն, որ ՀՀ օրենսդրությունը մարդու՝ իր մասին տեղեկություն ստանալու իրավունքն ամրագրելու հարցում բացթողում ունի: Տեղեկություն ստանալու իրավունքը, տեղեկատվության ազատության սահմանափակումները, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ տեղեկատվության ազատության իրավունքը չի կարող սահմանափակվել, սահմանված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Այս օրենքն ընդունվել է 2003-ին եւ համարվել է տեղեկատվության ազատության մասին աշխարհի լավագույն օրենքներից մեկը: Այն տեղեկատվության ազատության սկզբունքների եւ տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման երաշխիքների համատեքստում անձին տալիս է ինքն իր մասին տեղեկություն ստանալու հնարավորություն, սակայն, ուղղակիորեն չի նախատեսում անձի այդ իրավունքը, մասնավորապես՝ չի սահմանում, որ այն դեպքերում, երբ անձն իր մասին տեղեկություն է պահանջում, այդ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընդունումից ի վեր երբեւէ չի փոփոխվել կամ լրացվել: Մի քանի անգամ արդեն նախապատրաստվել է փոփոխությունների փաթեթ, անգամ այն հասել է Ազգային ժողով: Այժմ նույնպես մշավում է օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, եւ անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքը նախատեսվում է ուղղակիորեն ամրագրել օրենքով:
[1] Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ վճարն անհրաժեշտ եւ ողջամիտ է՝ կապված տեղեկությունը տրամադրելու համար մատուցվող ծառայությունների եւ փաստացի ծախսերի հետ:
[2] http://www.concourt.am/armenian/decisions/common/2016/pdf/sdv-1256.pdf, որոշման եզրափակիչ մաս