Խմբագրական. Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն այսուհետ առաջնորդվելու է միայնումիայն ամերիկյան շահերի պաշտպանությամբ: Եվրոպացիների դեպքում միակ հնարավոր պատասխանը միասնականության դրսևորումն է:
Le Monde-ի խմբագրականը՝ «Ամերիկան առաջնահերթ»
Չնայած նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կարելի է մեղադրել Ամերիկայի արտաքին քաղաքականության աղոտ տեսլական ունենալու մեջ, սակայն գոնե կարող ենք առանձնացնել գլխավոր գաղափարը, որով պիտի ուղղորդվենք. Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն այսուհետ առաջնորդվելու է միայնումիայն ամերիկյան շահերի պաշտպանությամբ: Ազատական ինտերվենցիոնիզմը, մարդկային «արժեքների» և մարդու իրավունքների պաշտպանության քարոզչությունը, միջազգային հանրության համար ժողովրդավարական սկզբունքներին համահունչ չափորոշիչներ սահմանելու ցանկությունը, դաշնակիցների առաջնորդումն ու պաշտպանությունը, այսինքն՝ այն ամենն, ինչ իր լավ ու վատ ժամանակներում բնորոշել է Միացյալ Նահանգների գործողությունները միջազգային հարթակում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, նկատելիորեն բացակայում է Թրամփի հռետորաբանության մեջ:Եվրոպայի համար սա խոշոր մարտահրավեր է: Անդրատլանտյան հարաբերություններն ունեցել են վերելքներ ու վայրէջքներ, սակայն դրա հիմքերը երբևէ կասկածի տակ չեն դրվել: Եվրոպական Միության համար Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները էքզիստենցիալ նշանակություն ունեն ինչպես ընդհանուր արժեքների, քաղաքական համակարգի, ռազմական ու դիվանագիտական դաշինքի, այնպես էլ տնտեսական հարաբերությունների առումով: Այն, ինչ նրան կարող է առաջարկել Թրամփի վարչակազմը, լուրջ խնդիրներ է առաջ բերում:
Միացում
Այս փուլում միակ հնարավոր պատասխանը միասնականության դրսևորումն է: Եվրոպական Միությունը ներկայացնում է մոտ 500 միլիոն քաղաքացիների ու սպառողների և կազմում է աշխարհի ՀՆԱ-ի 22%-ը՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (24%): Նոյեմբերի 13-ին Բրյուսելում կայացած արտգործնախարարների արտակարգ ժողովը և նորընտիր նախագահ Թրամփին հնարավորինս շուտ խորհրդաժողովի հրավիրելը լավ նախաձեռնություններ են. եվրոպացիները պետք է միավորվեն, քանի որ, չնայած շատ այլ հարցերում ունեցած տարակարծություններին, անդրատլանտյան հարաբերություններում անդամ պետությունների շահերը համընկնում են: Առանձին վերցրած՝ այս պետությունները փոքր կշիռ կունենան այնպիսի առաջնորդի համար, ով, իր խոսքով, արժեվորում է ուժերի հավասարակշռությունը և «փոխշահավետ գործարքի արվեստը»:
Հենց միացյալ Եվրոպան է կարողացել վերջին ժամանակներում միավորներ շահել Միացյալ Նահանգների հետ մի քանի վեճերում, հատկապես՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների դեմ ու հարկման ոլորտում: Այս հարցերում «Ամերիկան առաջնահերթ»-ի դիմաց ԵՄ-ն պետք է խաղա «Եվրոպան առաջնահերթ» խաղաքարտով:
Ժողովրդավարական արժեքների երաշխավորում
Մեկ այլ խաղաքարտ, որ Եվրոպան կսխալվի, եթե անտեսի, ժողովրդավարական արժեքներն են: Եթե Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների համար դրանք այլևս առաջնահերթություն չեն, եվրոպացիները պետք է մնան դրանց երաշխավորները: Կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ էր՝ նշելով այս դրույթը ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ իր առաջին անդրադարձի ժամանակ. Միացյալ Նահանգների հետ «սերտ համագործակցությունը», նրա խոսքով, պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների վրա: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս նորընտիր նախագահին ուղված իր նամակում ընդգծել է, որ «սկզբունքները, որոնց վրա մենք հիմնվում ենք, հետևյալն են՝ ժողովրդավարություն, հիմնարար ազատություններ և հարգանք յուրաքանչյուր անհատի նկատմամբ»: Եվրոպան անզոր չէ. եթե մահապատժի կիրառումը, օրինակ, նվազում է Ատլանտյան Օվկիանոսի մյուս կողմում, դա մասամբ պայմանավորված է եվրոպացիների ճնշումներով:
Ի վերջո, Եվրոպան պետք է լրջորեն մտածի իր անվտանգության և պաշտպանության մասին: Այս առումով Դոնալդ Թրամփը պարզ է արտահայտվել. նա գտնում է, որ իր երկիրն այլևս չպետք է վճարի իր դաշնակիցների պաշտպանության համար: Իրականությունը կարող է հանգեցնել նրան, որ նա վերանայի իր տեսակետներից որոշները, բայց դա նրա հիմնարար փիլիսոփայությունն է: Սխալ կլիներ դրան թեթևամտորեն վերաբերվել:
Բնօրինակը՝ Le Monde.fr
Ֆրանսիական քաղաքական ուժերի արձագանքը Թրամփի ընտրությանը
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոյը խոստացել է աշխատել Թրամփի հետ, սակայն ասել է, որ վերջինիս անձը «որոշակի հարցեր է առաջ բերում», և խոստովանել, որ դեռ պարզ չէ, թե Թրամփի նախագահ լինելը ինչ կնշանակի արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերների համար՝ սկսած կլիմայի փոփոխությունից և Իրանի հետ Արևմուտքի միջուկային համաձայնագրից մինչև Սիրիայում պատերազմի համար:
Ֆրանսիայում աջ-կենտրոնամետ Հանրապետական կուսակցության նախագահ Լորան Վոքիեն կոչ է արել հարգել «Ամերիկայի ժողովրդի ընտրությունը»: Ֆրանսիայում նախագահական ընտրություններն են մոտենում, և Վոքիեն հավաստիացրել է, որ ընտրություններից հետո Թրամփը կլինի իր գործընկերը քննարկումների ժամանակ:
«Բրեքզիթից մի քանի ամիս անց մենք է պետք է անհրաժեշտ հետևություններ անենք այս արդյունքի հետ կապված: Ժողովրդավարական հասարակարգում երբ մարդիկ իրենց անտեսված և արհամարված են զգում, լսելի դառնալու ճանապարհ են գտնում: Այս ընտրությունը միջին խավի ապստամբության հետևանքն է իշխանական էլիտայի դեմ, որը փորձում է մտածողության իր ձևը պարտադրել», – հավելել է Վոքիեն:
Քաղաքական սպեկտրի մյուս կողմում Սոցիալիստական կուսակցությունը մամուլի հաղորդագրությամբ ափսոսանք է հայտնել, որ Քլինթոնի առաջադեմ աջակիցների կողմից տարվող քարոզարշավը բավական չէր ընդդիմանալու Թրամփի պոպուլիստական հռետորաբանությանը, և որ նա հաջողացրել է իրեն ամենաաղքատ զանգվածի խոսնակ հռչակել:
«Սոցիալիստները շատ անհանգստացած են ընտրություններից բխող հետևանքներով, որոնք անպայման կվերադասավորեն քաղաքական հավասարակշռությունն աշխարհում»,- հայտարարել է ձախ-կենտրոնամետ կուսակցությունը:
Ֆրանսուա Օլանդի իշխող կուսակցությունը նույնպես ԱՄՆ ընտրությունների արդյունքը դիտարկում է որպես մարդկանց և հաստատությունների միջև վստահության ճգնաժամ, որը նպաստում է պոպուլիստական շարժմանը ողջ Եվրոպայում:
«Ամերիկացիները կատարել են իրենց ընտրությունը՝ Դոնալդ Թրամփին նշանակելով Միացյալ Նահանգների նախագահ: Ես շնորհավորում եմ նրան, ինչպես ընդունված է երկու պետությունների ժողովրդավարորեն ընտրված ղեկավարների միջև»,- հայտարարել է Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահական պալատում և հավելել,- «Բայց ամերիկյան այս ընտրությունները սկիզբ են դնում անորոշության մի ժամանակաշրջանի, որում պետք է պարզություն ու հստակություն մտցվի»:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը
Բնօրինակը` EurActiv.com