Ինչպե՞ս ապահովել իշխանությունների տարանջատման սկզբունքն ու դատավորների անկախության երաշխիքները
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Ստենֆորդի համալսարան
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Դատական բարեփոխման դինամիկան ու ոգին
Բարդ ընտրություն։ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո գրեթե բոլոր 15 հանրապետություններում դատաիրավական համակարգը որոշ ժամանակ չէր փոխվում, շարունակելով գործել հին ավանդույթների իներցիայով՝ ԽՍՀՄ դատաիրավական օրենսդրության հիման վրա։ Սակայն, ժամանակի ընթացքում այդ երկրների դատական համակարգերը զգալի փոփոխություններ են կրել՝ իրավական պետության սկզբունքների և ժողովրդավարական արժեքների արմատավորման ճանապարհին։ Այս իմաստով Հայաստանը բացառություն չէր. դատական համակարգի բարեփոխման հիմքերը դրվեցին միայն 1995թ., երբ մեկնարկեց բարեփոխումների առաջին փուլը։ 1998 թվականի ընթացքում Ազգային ժողովի կողմից դատական գործընթացները կարգավորող մի շարք օրենքների ընդունումը կարող է համարվել դատաիրավական բարեփոխումների առաջին փուլի գլխավոր ձեռքբերումը։[1]2005թ. նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններն, ըստ էության, ազդարարել են դատաիրավական համակարգի բարեփոխման երկրորդ փուլի մեկնարկը։ Գլխավոր օրենքի նորացման աշխատանքը միտված էր գոյություն ունեցած դատական համակարգի կատարելագործմանը՝ 1995թ. Սահմանադրության հիմքում ընկած և իշխանությունների տարանջատման սկզբունքով պայմանավորված հայեցակարգի շրջանակում։ Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների քննությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը. Սահմանադրական դատարանի ինստիտուտը ստացել է ավելի մանրակրկիտ կարգավորում ու ավելի ժողովրդավար է դարձել. փոխվել է Վճռաբեկ դատարանի իրավական դրությունը, ամրագրվել են դատավորների անկախության հավելյալ երաշխիքները, ընդլայնվել են արդարադատության սահմանադրական հիմունքների շրջանակները, մանրամասնվել են որոշ հիմնարար դրույթներ, վերանայվել է Արդարադատության խորհրդի ձևավորման և գործունեության կարգը։ Հրաժարվելով դատաիրավական հին մոդելներից՝ Հայաստանը մեծամասամբ սկսել է կողմնորոշվել դեպի ֆրանսիական մոդել, թեև հիշյալ անցումը դեռ ավարտված չէ։ 2012թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2012-2016թթ. հեռանկարով Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հաստատման մասին ակտը։
Հիմնարար սկզբունքները, ուղղությունները և վերջնական արդյունքը։ Այսպիսով, 2000-ականներից, ավելի ճիշտ՝ 2005 թվականից, սահմանադրական բարեփոխումների նոր շրջափուլի մեկնարկից ի վեր Հայաստանում հռչակագրվել են հասարակական ամենակարևոր՝ դատական կառուցվածքի փուլային բարեփոխումները։ Հարկ է նշել, որ կատարված փոփոխությունների հիմնական նպատակն էր ապահովել հիշյալ կարևորագույն սոցիալական ոլորտի թափանցիկ և հաշվետու լինելը, ինչպես նաև հաստատել դատավորների արդյունավետության և անկախության կայուն երաշխիքներ։ Բարեփոխումների միասնական փաթեթն արմատավորվում էր եվրակառույցների («Եվրոպական հարևանության քաղաքականության» ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագիր) և ԵԱՀԿ-ի խորհրդատվական ու ֆինանսական աջակցությամբ և հինգ ուղղություններով։
Առաջին ուղղությունը 2006թ. ընթացքում միջազգային փորձի հիման վրա օրենսգրքային նոր կարգավորումների ընդունումն է կամ հների կատարելագործումը։
Երկրորդ խնդրահարույց դաշտը վերաբերում է դատական իշխանության կառուցվածքին և ներառում է գործող դատավորների, դատախազների և, ընդհանուր առմամբ, դատարանի աշխատակիցների անկախության միջոցների կատարելագործմանը։ Դատական մարմինների անաչառությունը ողջ դատական համակարգի գործունեության արդյունավետության գրավականն է։
Երրորդ ուղղությունն առնչվում էր կադրերի վերա/պատրաստմանը. այն ենթադրում էր դատական համակարգի աշխատողների շրջանում ժամանակակից ժողովրդավարական պահանջներին ու չափանիշներին համապատասխանող աշխարհայացքի արմատավորում։ Այս նպատակով ստեղծվել է Դատավորների դպրոցը։
Չորրորդ «մարտադաշտը» թույլ նյութական հենքի վերացումն էր. հետզհետե բարելավվում էին հիշյալ կարևորագույն սոցիալական կառույցների ենթակառուցվածքներն ու նյութական հենքը։ Ընդ որում, դատական համակարգում այսպիսի նորամուծությունները բավականին նուրբ և արդիական քննարկման նյութ են։ Ասվածի վառ օրինակներից է դատավորների համար հատուկ ելքերի ապահովումը՝ ընդդիմախոսների և ընթացակարգի համաձայն դատավորի հետ շփվելու իրավունք չունեցող այլ աշխատակիցների հետ պատահական հանդիպումները բացառելու նպատակով։ Հնարավոր հետապնդողների և նրանց զոհերի տարածական տարանջատումն ունի ոչ պակաս կարևոր նշանակություն։ Սումգայիթյան դատավարության փաստաթղթերին ծանօթ անձինք կհիշեն, որ ջարդարարներն ու նրանց զոհերը ստիպված էին երկար ժամանակ սպասման սրահում կողք-կողքի նստել՝ սպասելով դատական գործընթացում վկայություն տալու իրենց հերթին։ Այս հանգամանքը ջարդարարներին թույլ էր տալիս սանձարձակ սպառնալիքներ տեղալ և սոսկալի հոգեբանական ճնշում գործադրել հրաշքով փրկված զոհերի վրա։ Նկարագրված երևույթը դատավարական նպատակներին ծառայող տարածքների համար ճիշտ հատակագիծ ունենալու անհրաժեշտության վառ օրինակ է ։
Եվ վերջինը՝ դատական վեճերի հանգուցալուծման այլընտրանքային մեխանիզմների առաջմղումը։ Այստեղ թափանցիկությունն ապահովվում է datalex համակարգի միջոցով, որում զետեղվում են տվյալներ պարունակող համապատասխան թղթապանակներ։ Մյուս՝ Arlis.am կայքում դրվում են օրենքներ՝ իրավական ձևակերպումներն օրենքի տառի համաձայն քաղաքացիներին մատչելիորեն ներկայացնելու համար։ Զուգահեռաբար մենք ականատես ենք դառնում pro bono փաստաբանության ինստիտուտի ձևավորմանը։ Pro bono-ն՝ անվարձահատույց փաստաբանական՝ խորհրդատվական և աշխատանքային ծառայությունների մատուցման ձև է։ Այս իմաստով՝ առաջնահերթային ոլորտն ընտանեկան իրավունքն է, որը ներառում է ընտանեկան բռնության զոհերին անվարձահատույց իրավաբանական աջակցության ցուցաբերումը։ Այսպես, Հայաստանի մայրաքաղաքը վերջերս ցնցող ողբերգության ականատես է դարձել, երբ ոստիկանությունը բերման է ենթարկել նախկին ամուսնու կողմից ահաբեկվող մի երիտասարդ կնոջ, որին երկար հարցաքննությունից հետո բաց են թողել այնպիսի ժամի, երբ նախկին ամուսինը շենքի մուտքում նրան արդեն դարանակալած սպասում էր՝ կացնով սպանելով թե՛ կնոջը, թե՛ ողջ ընտանիքին։ Ավելին՝ վերջին երեք տարիների ընթացքում կանանց հասարակական կազմակերպություններն արձանագրել են ընտանեկան բռնության զոհ դարձած 36 կանանց սպանության դեպքեր (2016թ. «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հետազոտությունը։)
Խոչընդոտներն ու դժվարությունները
Դատավորների անկախության երաշխիքները. արդարադատությո՞ւն, թե՞ խեղադատություն։ Ինչպես տեսնում ենք, դատական համակարգի բարեփոխումների կապակցությամբ խոսվում է դատական նիստերի և ընթացակարգերի թափանցիկության և, որպես հետևանք, կոռուպցիոն ռիսկերի նվազման մասին։ Գլխավոր նպատակը հետևյալն է՝ բարեփոխումների արդյունքում ունենալ անկախ և անաչառ դատական մարմիններ։ Այս բնագավառում բավական բան է արվել։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում ոչ այնքան փողի կամ այլ միջոցների փոխանցման ակտ ենթադրող կոռուպցիան է, որքան, այսպես կոչված, ցանցերի էկոնոմիկան (Network Economy, Lomnitz 1988), որը նույնպես կոռուպցիա է՝ ազգականների, բարեկամների, ծանոթների սոցիալական ցանցը շահագործելու միջոցով։ Այն սովորական հանցավոր պայմանավորվածությունն է։ Ծանոթությունների նշված ցանցի շահագործման առաձնձահատկությունն այն է, որ դրամական միջոցներն ուղղակիորեն փոխանակաման մեջ առկա չեն։ Գումար ունեցող մարդը կարող է չունենալ անհրաժեշտ ցանց՝ կոռուպցիոն պայմանավորվածություն կնքելու համար։
Հին ցանցերի գործառնությունը նկատում են նաև միջազգային դիտորդները։ Այսպես, 2007-2008 թվականներն ընդգրկող հաշվետվությունում (Ժողովրդավարական բարեփոխումների մշտադիտարկում, 2009) արձանագրվում են բազմաթիվ անմխիթար փաստեր. «Դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումներն ի զորու չեն եղել ապահովելու առանձին դատավորների իրական անկախությունը։ Արդյունքում՝ դե-յուրե անկախ դատական համակարգի ներսում մնացել են դե-ֆակտո կախյալ դատավորներ, ինչի մասին առկա են բազմաթիվ վկայություններ թե՛ օրենսդրական և թե՛ գործնական մակարդակներում»։
Կադրերը… շատ բան են լուծում։ Չէի կամենա մեջբերումներ կատարել արյունարբու բռնակալների խոսքերից, բայց չի կարելի չհամաձայնվել, որ կադրերը՝ եթե ոչ ամեն ինչ, ապա չափազանց շատ բան են լուծում։ Ռուսաստանում իրականացրել են հետաքրքիր լոնգիտուդային հետազոտություն, որի նպատակը Մոսկվայի փոստային երեք բաժանմունքերի աշխատանքի արդյունավետության քննությունն էր։ Հիշյալ երեք բաժանմունքների աշխատակիցների կազմը գիտակցաբար տարբեր է եղել։ Թիվ 1 փոստում աշխատանքի են ընդունել միայն ԽՍՀՄ փլուզումից հետո ծնվածներին, թիվ 2-ում՝ միայն խորհրդային անցյալ ունեցող անձանց, իսկ թիվ 3-ում՝ խառն աշխատակազմի։ Դժվար չէ կռահել, որ առավելագույն համակարգվածությունն ու արդյունավետությունը ցուցաբերել է թիվ 1 փոստատունը, իսկ նվազագույնը՝ թիվ 2 փոստատունը։ Թիվ 3-ում տեղի է ունեցել «քաղաքակրթությունների» բախում։ Եթե մի կողմ դնենք սույն հետազոտության թեթևակիորեն խտրական ենթատեքստը, ապա կարելի է ասել, որ խոսքը արժեհամակարգային կողմնորոշիչների և կարծրացած աշխատանքային սովորույթների բախման մասին է։
Ցավոք, դատական համակարգում ևս խորհրդային ժամանակաների լճացած ու փտած ավանդույթները դեռ բավական կենսունակ են. հին կադրերը շարունակում են կառչել իշխանությունից՝ ներքուստ դիմադրելով նորարարություններին և ապակառուցողական կեցվածք որդեգրելով դատական համակարգի բարեփոխման նկատմամբ և դրանով իսկ՝ մարտահրավեր նետելով ժողովրդավարական բարեփոխումների ողջ ընթացքին։ Արդյո՞ք անհրաժեշտ է հին կադրերի լյուստրացիան։ Այս հարցին Հայաստանը միանշանակ «ոչ» է ասել։ Հայրերի ու որդիների կռիվն այս ոլորտում, թերեւս, դեռ առջևում է։ Իսկ առայժմ մնում է ապավինել սոցիալական ցանցերի ու բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների (ակնթարթային մատչելիություն ունեցող գաջեթներ և այլն) բացահայտող ներուժին։
Իրավակիրառության միօրինակության ապահովումը։ Հայաստանը երկաստիճան դատական համակարգից անցել է եռաստիճան դատական համակարգի, որը բաղկացած է առաջին ատյանից, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններից։ Այս անցումը դժվարություններ է առաջացրել՝ հիշյալ երեք տարրերի միջև հավասարակշռության ապահովման տեսանկյունից։
Համաշխարհային դատական գործառնության մեջ գոյություն ունի օրենքների միօրինակ իրավակիրառության խնդիր։ Հայաստանում այս դժվարության հաղթահարումը վստահված է Դատական օրենսգրքին, որի վերջնանպատակը իրավունքի զարգացմանը նպաստելն է։ Միօրինակ իրավակիրառության խնդիրը առաջացնում է համատեղվող համակարգերի կիրառության անհրաժեշտություն՝ օրենսգրքային իրավունքը համատեղվում և լրացվում է նախադեպային իրավունքով։ Այսպես՝ հանուն կանխատեսելի արդարադատության Դատական օրենսգրքում 2007թ. առաջին անգամ ամրագրվել է դատական նախադեպի ինստիտուտը։
Pro bono. Արդարադատությունը մատչելի է դառնում անվարձահատույց իրավաբանական աջակցության առկայությամբ։ Հարցն ինքնին դյուրին չէ և պահանջում է հասցեագրված կառուցվածքային վերափոխումներ։ 2009թ. վերոնշյալ զեկույցի համաձայն՝ հայտարարված նպատակին հասնելու համար «Բաց հասարակություն» ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ մշակվել և հանրային քննարկման է դրվել «Պետական միջոցների հաշվին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու մասին» օրենքի նախագիծը։ Սակայն, դատաիրավական բարեփոխումների ընթացքում ընտրվել են այլ ռազմավարություններ. Հայաստանի փաստաբանների պալատի միջնորդությամբ հնարավոր է եղել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի մեջ ընդամենը մեկ փոփոխություն մտցնել։ Հիշյալ օրենքն ունի մի շարք թերություններ և սահմանափակումնր, որոնք բացահայտում են ընտրված բարեփոխման հայեցակարգի թույլ տեղերը։ Նախ և առաջ՝ բացակայում են անվճարունակության որոշման հստակ չափորոշիչներն ու անհրաժեշտ աջակցության ցուցաբերման արդյունավետ մեխանիզմները։ Այս ամենը լուրջ խնդիրներ է հարուցում հնարավոր շահառուների համար։
Իրավական նիհիլիզմ։ Հայաստանում իրավագրագիտության մակարդակը, մեղմ ասած, բավականին ցածր է։ Բայց միանգամայն անհասկանալի է այսօր մեր երկրում գերիշխող համարյա բացարձակ իրավական նիհիլիզմը. այն ցածր իրավական մշակույթի պատճա՞ռն է, թե՞ հետևանքը։ Ես կհամարձակվեմ պնդել, որ դատական ատյանների և ողջ դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը պատճառ է դառնում իրավական դաշտի լիակատար մերժմանը՝ հանգեցնելով իրավական նիհիլիզմի։ Դրա համար էլ ծագած խնդիրների «պարզաբանումը» դուրս է մղվում առասպելականացված «ադաթի» ոչ պաշտոնական ոլորտ։ Սա շատ տխուր և ուշագրավ փաստ է, որը լավատեսության համար շատ տեղ չի թողնում։ Սակայն, կրկին ընկնելով խտրական աշխարհայացքների, այս դեպքում՝ էյջիզմի (խտրականություն՝ ըստ տարիքի) կրող դիտվելու վտանգի տակ, դարձյալ ստիպված եմ մատնանշել տարիքային խմբերի միջև առկա տարբերությունը։ Երիտասարդներն իրենց կրթության և ամենաթափանց բարձրտեխնոլոգիական հաղորդակցային գործիքներից օգտվելու հմտությունների շնորհիվ արդարադատությանն ավելի հաճախ են դիմում և շատ ավելի սակավ դեպքերում կաշառք առաջարկում։ Սա լավատեսորեն է հնչում։
Ասում են՝ լավատեսը հոռետեսից տարբերվում է ոչ թե այս աշխարհի անկատարությունները չհասկանալով, այլ նրանով, որ, հասկանալով հանդերձ, ասում է՝ թերությունների դեմ հարկ է պայքարել, դրանք կարելի է շտկել։ Կյանքը ՀՆԱՐԱՎՈՐ է բարեփոխել։ Այլ կերպ ասած՝ սա ակտիվ քաղաքացիական կեցվածք է։
Աղբյուրներ
Экспертное интервью с С. С. (Ереван, 21.10.2016.)
Мониторинг демреформ в Армении 2007-2008. Отчет. Ереван 2009. Реформы в судебно-правовой системе. С. 34. http://www.ypc.am/upload/DemRef0708_Rus.pdf
Основной целью судебно-правовых реформ в Армении является обеспечение ответственности и независимости судебной системы. Эксклюзивное интервью председателя Кассационного суда Армении Ованнеса Манукяна информационному агентству “АРКА” (2007).
Исследования НПО «Женский ресурсный центр», брошюра, Ереван, 2016.
[1] «Դատական համակարգի մասին», «Դատավորի կարգավիճակի մասին», «Դատախազության մասին», «Փաստաբանական ծառայության մասին», «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական», «Քաղաքացիական դատավարության» և «Քրեադատավարական» օրենսգրքերը։