Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
2016-ը Հայաստան-ԵՄ հարաբերություններում կառուցողական երկխոսության և հարաբերությունների անշտապ զարգացման տարի էր: 2013-ի հայտնի իրադարձություններից հետո 2015-ի վերջին եռամսյակում արդեն իսկ ուրվագծվում էին ՀՀ-ԵՄ հարաբերություններում կարգավորման և վերաթարմացման միտումները, երբ նշված տարվա դեկտեմբերի 7-ին ազդարարվեց Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքմանն ուղղված պաշտոնական բանակցությունների սկիզբը:
Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունն, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 16-րդ նիստին: Նիստի օրակարգում գլխավոր հարցը Հայաստան-ԵՄ նոր իրավական փաստաթղթի մշակումն էր, որը երկկողմ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու համար ամուր հիմք կծառայեր:Սպասվելիք համաձայնագիրը կփոխարինի ԵՄ-Հայաստան գործող «Գործընկերության և համագործակցության համաձայնագրին», որը ներկայումս հարաբերությունները կարգավորող և առաջնահերթություններն ընգծող հիմնական փաստաթուղթն է: «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը» բացի պաշտպանության հիմնահարցերից ընդգրկում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները: Այն ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 22-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի հուլիսի 1-ին՝ 10 տարի ժամկետով։ Համաձայնագրի հիմնական նպատակն էր ավելի խորացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կապերն ու համագործակցել բազմաթիվ բնագավառներում՝ ապահովելով եվրոպական երկրներին հարիր բարեկեցիկ կյանք, ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայություն, քաղաքացիների շահերի, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկ և կայուն ընթացք։
Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և հատկապես քաղաքացիական հասարակությանն աջակցության տեսանկյունից կարևոր խթան էր նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի մարտին կայացած այցը: Վերջինս հանդիպումներ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարարի, խորհրդարանական խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հանդիպումների ավարտին նախագահական նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց որ Հայաստան-Եվրամիություն նոր բանակցություններում կարևոր է, որ մասնակից լինի հասարակությունը: Սա ևս մեկ ազդակ էր, որ ԵՄ-ն պատրաստվում է Հայաստանում իր հետագա գործունեությունն ավելի շատ նպատակաուղղել հանրային աջակցության ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը:
2016-ի ընթացքում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ, որոնցից երեքը Երևանում, իսկ երեքը՝ Բրյուսելում: Բանակցություններին հաջորդող մամուլի հաղորդագրությունները բավականին զուսպ էին և դուրս չէին գալիս արձանագրային ձևաչափից: Առայժմ բացահայտված չեն նաև քննարկվող փաստաթղթի հիմնական բնույթն ու բովանդակությունը, սակայն, դատելով պաշտոնական հաղորդագրություններից և դիվանագետների տրամադրած «ժլատ» տեղեկատվությունից, նոր փաստաթուղթն «Ասոցացման համաձայնագրի» նորացված տարբերակն է, որն ընգրկելու է բոլոր այն դրույթները, որոնք չեն հակասում ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը: Սպասվում էր, որ համաձայնագիրը պատրաստ կլինի ընթացիկ տարում, սակայն 2016-ի ընթացքում ԵՄ-ն կարծես թե սպասողական դիրքորոշում էր որդեգրել: 2017-ի ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, և ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթը քաղաքական էլիտայի ձեռքին լրացուցիչ հաղթաթուղթ կդառնար՝ արդարացնելու 2013-ի ձախողումները: Այդ մասին են վկայում նաև դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացած բանակցությունների վեցերորդ փուլի արդյունքները, երբ նշվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:
Բանակցությունները ակտիվ շարունակվում են նաև տնտեսական հարցերի վերաբերյալ, ինչի ապացույցն է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 17-րդ նիստը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր: Օրակարգում ներառված էին նաև արդարադատության, ազատության, անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցության, բազմակողմ համագործակցության ձևաչափի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցեր:
2016-ի ընթացքում Հայաստանն ունեցավ նաև կարևոր ձեռքբերում, մասնավորապես` միացավ «Հորիզոն-2020» ծրագրին: «Հորիզոն-2020» ծրագրում Հայաստանի ներգրավվածությունը հանրապետության գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև անհատ գիտնականներին ու ասպիրատներին հնարավորություն է տալիս մասնակցել գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխանող առաջնակարգ և կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, միջազգային լայնընդգրկուն գիտական համագործակցությունների աշխատանքներին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնել տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում:
«Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված անդամակցության համար Հայաստանը յուրաքանչյուր տարի պետք է կատարի ֆինանսական ներդրում: Բանակցությունների արդյունքում հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի ֆինանսական ներդրումը լինելու է 87.5% զեղչի պայմաններում: Սա իսկապես ֆանտաստիկ հնարավորություններ է բացում հայ գիտական հանրույթի առջև, ինչի շնորհիվ հայաստանցի գիտնականները կարող են ինտեգրվել եվրոպական նորարական ծրագրերին և հանդես գալ սեփական նախաձեռնություններով:
ԵՄ-ն և ապրիլյան պատերազմը
2016-ին տարածաշրջանի էպիկենտրոնը Արցախն էր, ուր ապրիլին վերսկսված պատերազմի ցնցումները զգոնացրին նաև ԵՄ-ին: ԵՄ-ի համար Արցախում պատերազմի բռնկումը ամենաանցանկալի սցենարներից մեկը կարող է լինել: Դեռևս 2003-ին ընդունված «Եվրոպական անվտանգության ռազմավարության» մեջ ԵՄ-ն որպես հիմնական սպառնալիք մատնանշել է տարածաշրջանային հակամարտությունների առկայությունը: Այդ դրույթն ամրագրվեց նաև «Եվրոպական նոր գլոբալ ռազմավարության» մեջ: Գնալով ընդլայնվող ԵՄ-ն, որ արդեն դարձել է մեր տարածաշրջանի հարևանը, ցանկանում է հարևանության գոտում տեսնել կայուն զարգացող և հակամարտություններից զերծ տարածաշրջան: Եվրոպական հարևանության գոտում յուրաքանչյուր ցնցում կարող է սասանել առանց այն էլ փխրուն ԵՄ-ի հիմքերը: Ուկրաինայի և հատկապես Սիրիայի հակամարտությունները ԵՄ-ին կանգնեցրել են միգրացիոն լուրջ ճգնաժամի առջև, և նոր պատերազմի բռնկումն իր բոլոր հետևանքներով ամենևին էլ ցանկալի սցենար չէ ԵՄ-ի համար:
Բացի դա, չպետք է մոռանալ նաև տարածաշրջանի էներգետիկ նշանակության մասին: Չնայած Ադրբեջանի գազային պաշարները ԵՄ-ի էներգետիկ պահանջարկի տեսանկյունից չնչին խնդիր են լուծում, սակայն էներգետիկ անվտանգության` աղբյուրների և ուղիների բազմազանեցման տեսանկյունից, որոշակի կարևորություն ունեն: Ներկա պահին, երբ Իրանի, Թուրքմենստանի հետ գազային գործարքներն իրականություն չեն դարձել, ադրբեջանական գազը Ռուսաստանը շրջանցող եզակի աղբյուրներից է, որից ԵՄ-ն չի ցանկանա հրաժարվել: Միաժամանակ, հարկ է հիշել, որ դեպի ԵՄ գնացող գազամուղների և ադրբեջանական հանքավայրերի շահագործման մեջ ներգրավված են նաև եվրոպական տարբեր պետությունների վերազգային կազմակերպություններ, որոնք բավականին մեծ ազդեցություն ունեն իրենց պետությունների վրա: Որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, իսկ եվրոպական ներդրումներն ապարդյուն չլինեն՝ հարկ կլինի տարբեր եվրոպական կառույցների կողմից ճնշում գործադրել նախահարձակ կողմի վրա՝ խուսափելու վերահաս և լայնածավալ պատերազմից:
Եվրոպական խորհրդարանն ապրիլի 12-ի իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։ Հարկ է փաստել, որ ի տարբերության Եվրոպայի խորհրդի, որտեղ ադրբեջանական միլիոններն իրենց սև գործը հաճախ կարողանում են անել, եվրախորհրդարանում բավականին հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերվեց Արցախում տեղի ունեցած թեժացումների նկատմամբ: Ելույթ ունեցավ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, իսկ այնուհետև թեմայի շուրջ իրենց տեսակետներն արտահայտեցին Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ, որոնց գերակշիռ մասը հանդես եկավ անաչառ դիրքորոշումներով՝ առաջարկելով խստացնել Ադրբեջանի հանդեպ ճնշումները։
Այսպիսով, եթե ամփոփելու լինենք 2016 թվականը, ապա կարելի է ասել, որ այն ԵՄ-Հայաստան հարաբերություններում ուղղագիծ զարգացման տարի էր, որն առերևույթ զերծ էր խոչընդոտներից և սրընթաց զարգացումներից: Սակայն բանակցությունների ընդհանուր տրամաբանությունը հուշում է, որ կուլիսների հետևում դեռևս բազմաթիվ չպարզված հարցեր կան: Կան նաև պահանջներ, որոնք կատարելու պայմանով միայն ԵՄ-ն Հայաստանին հնարավորություն կընձեռի անցնել քաղաքական, տնտեսական հարաբերությունների իրավական ամրագրման նոր մակարդակի: Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա, ավելի ստույգ՝ առավել ևս հիմա ԵՄ-ն սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական հասարակության զարգացմանը, կրթական և հասարակական մի շարք ծրագրերի: Եվ պատահական չէ, որ ինչպես ոչ կառավարական կազմակերպությունների, այնպես էլ կառավարության համար ԵՄ-ն և եվրոպական երկրները օժանդակություն հատկացնող հիմնական դոնորներն են: Իհարկե, կառավարությանը հատկացվող դրամաշնորհները 2016-ի համեմատ որոշակի անկում են ապրել, սակայն ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պարագայում հաջորդ տարի կարելի է օժանդակության միանգամայն բարձր արդյունքներ ակնկալել: