Ալան ՊԱՐԱՍՏԱԵՎ
Անկախ փորձագետ
Ցխինվալ
Տարվա ավարտին ընդունված է ի մի բերել արդյունքները։ Բայց արդյունքները, ինչպիսին էլ դրանք լինեն, վերլուծաբանների և քաղաքագետների գործն են։ Ավելի գործնական մարդիկ, ասենք՝ քաղաքական գործիչները, ընդհակառակը, սովոր են արդյունքներից առաջ անցնել և արդյունքները որպես դասեր ընկալել։ Մասնագիտությամբ ուսուցիչ լինելով՝ ես չեմ կարող չսկսել դասը սխալների վրա աշխատանքից, չեմ կարող գոնե չքննարկել, թե ինչ են այս տարում ուսանել անցած տարվա սխալներից։ Այսպես, անցած տարին, արտապատկերված այս՝ դեռևս չանցած տարվա վրա։ Հարավային Օսիայի քաղաքական վերնախավի քաղաքական դասեր սերտած լինելու լավ օրինակ կարող ենք դիտել «Մեծ Պայմանագրի» ստորագրման հետ կապված պատմությունը։Անցած՝ 2015 թվականը կարելի է անվանել Պայմանագրի համար պայքարի տարի։ Համարյա ողջ տարվա ընթացքում ընթանում էր «ՌԴ հետ համագործակցության և ինտեգրման մասին Պայմանագրի» վիպերգը։ Հանրության դատին անընդհատ ներկայացվում էին այս պայմանագրի տարբեր խմբագրումներն ու սևագրերը։ Այս ամենն ուղեկցվում էր աղմկահարույց բանավեճերով ու մեղադրանքներով։ Կրեմլյան «կուրատորների» (այսպես են անվանում Հարավային Օսիայի հետ հարաբերություններում ներգրավված ռուսաստանյան բազմաթիվ կառույցների) գլուխներն ուղղակի պտտվում էր։ Սակայն նույնիսկ ՀՕՀ-ում բնակվող քաղաքացուն դժվար էր հասկանալ տեղի ունեցող զարգացումների մանրամասներն ու ծալքերը, ինչ մնաց «կուրատորներին»…
Պարզ էր միայն մեկ բան. Հարավային Օսիայի քաղաքական ուժերը, մասնավորապես՝ նախագահական և խորհրդարանական ճյուղերը, պայքարում էին առավել «ռուսամետ» լինելու բարձր կոչման համար։ Հարավային Օսիայում, ըստ էության, հնարավոր չէ գտնել ոչ միայն իշխանության որևէ ճյուղ, այլև քաղաքացիական հասարակության գոնե փոքր ծիլ, որը ռուսամետ չլինի։ Ռուսամետության մեր հիշատակած երկու ուղղությունների տարբերությունն էլ այն էր, որ խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովն առաջ էր տանում ՀՕՀ-ը ՌԴ կազմ մտցնելու քաղաքական մարտավարությունը՝ պնդելով երկրում այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը և, վերոնշյալ հեռանկարից ելնելով, Պամյանագրի մեջ միացյալ պետական կառույցների մասին դրույթներ ներառելը։ Մյուս կողմից, նախագահական թիմը կողմ էր ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի իրողությունների շրջանակում առավելագույն ինտեգրման մակարդակ ենթադրող պայմանագրին, որը բխում էր այն հանգամանքից, որ Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի միավորումը ցանկալի, բայց արդի փուլում անիրագործելի ձեռնարկ է։
Հաղթեցին իրապաշտները։ Պայմանագիրը ստորագրվեց 2015թ. մարտին։ Բայց ուղիղ մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլին, նախագահ Լեոնիդ Տիբիլովը հանդես եկավ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ, որի միջոցով ՀՕՀ քաղաքացիները պետք է արտահայտեին իրենց հայրենիքի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հեռանկարի վերաբերյալ տեսակետ։ Թվում էր, թե նախագահը փորձում է խորհրդարանի խոսնակ Բիբիլովից խլել ամենառուսամետ լինելու նախաձեռնությունը, հակասելով իր իսկ նախկին հայտարարություններին առ այն, որ ՌԴ կազմ մտնելու հարցի բարձրացումը ժամանակավրեպ է և Ռուսաստանի քաղաքական թշնամիների համար ձեռնտու։ Բայց դա միայն թվում էր. իրականում ամեն ինչ վարպետորեն էր բեմականացված։ Ծրագրվող հանրաքվեի հարցումներում խոսվում էր ոչ այնքան ՌԴ կազմում ՀՕՀ-ը ներառելու, այլ հանրապետության սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ մտցնելու մասին, որոնք հետագայում երկրի նախագահին թույլ կտային հանդես գալ Ռուսաստանի կազմ մտնելու խնդրանքով։ Խոսքն այն «հետագայի» մասին էր, երբ աշխարհում տիրող իրավիճակի տեսանկյունից ՌԴ կազմ ՀՕՀ մտնելու խնդրանքն այլևս «լուրջ ռիսկերի չի ենթարկի մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին»։ Հենց այսպես է ՀՕՀ նախագահ Լ. Տիբիլովը սերտել 2015թ. դասերը, երբ նա մեղադրվել էր օս ժողովրդի՝ երկու Օսիաները միավորելու և Ռուսաստանի կազմ մտնելու դարավոր երազանքն անտեսելու մեջ։ Իսկ ընդամենը մեկ տարի անց Տիբիլովն, առանց Ռուսաստանը անհարմար դրության մեջ դնելու, դարձավ Ռուսաստանի կազմ մտնելու շարժման առաջատարը։
Արդյո՞ք 2016թ. դասերը սերտելու և ձեռք բերված գիտելիքներն իրացնելու փորձը կկրկնվի նաև 2017 թվականին։ Չէ՞ որ, շարունակելով դպրոցական թեմայի հետ համեմատությունը, 2017 թվականը նաև քննական, այսինքն՝ ընտրությունների տարի է։
Ու քանի որ այդ պաշտոնի հավակնորդները երեքն են՝ փորձենք պարզել այն առարկան, որի դասերը պետք է սերտեն թեկնածուները 2016-ին։
Լեոնիդ Տիբիլովը գործող նախագահն է։ Նա գերազանցիկ չէ, բայց շատ առարկաներից ստանում է «հարվածային» կամ, անգամ, «գերազանց» գնահատականներ։ Այսպես, սոցիոլոգիայից նա ունի կայուն «4»։ Հաշվի առնենք նաև այն, որ նրանից առաջ եղած մարդիկ անգամ «3»-ի չէին «ձգում»։ Վերլուծաբանները նրան գնահատում են որպես հանրապետության այնպիսի ղեկավարի, որին հաջողվել է նվազեցնել հասարակության մեջ առկա լարվածության մակարդակը։ Նրան համարում են մի մարդ, որն «ի տարբերություն իրենից առաջ եղած ղեկավարների՝ իր ընդդիմադիրների և մրցակիցների հետ նախընտրում է շփվել ավելի քաղաքակիրթ ու մեղմ եղանակներով»։
Վերականգնողական շինարարության բնագավառում անտարակույս՝ «4»։ Դիտորդները նշում են. «…հանրապետությունը Տիբիլովի կառավարման օրոք արտաքնապես տառացիորեն վերափոխվել է. Ցխինվալը հետզհետե վերածվում է բարեկարգ քաղաքի, որտեղ կառուցվել են սոցիալական բազմաթիվ օբեկտներ»։ Թեև շատերը հավելում են, որ այս «առարկան» նախագահին օգնում են սերտել Մոսկվայից»։ Բայց չէ՞ որ նախորդներին էլ Մոսկվայից ոչ ոք չէր խանգարում։
Իսկ «Իրավագիտություն» առարկայից կան լուրջ թերացումներ։ Նախընտրական արշավի ընթացքում խոստացված Սահմանադրական դատարանը և շրջանային վարչակազմերի ղեկավարների ընտրելիությունը, որոնք դե-յուրե սահմանադրորեն ամրագրված են, դե-ֆակտո ցայսօր սոսկ խոստումներ են մնում։
Լավ է, որ գոնե ընդունվել է խորհրդարանի ձևավորման խառը՝ մեծամասնական-համամասնական համակարգի ներդրման մասին որոշումը։ Նոյեմբերի 30-ին Հարավային Օսիայի խորհրդարանը փոփոխություններ ընդունեց, որոնց համաձայն օրենսդիր մարմնի ընտրությունները կանցկացվեն մեծամասնական-համամասնական համակարգով։ Մտահոգություն կա, որ նախորդ ընտրարշավում խոստացված այլ կետերի կատարումը գալիք ընտրարշավի ժամանակ հասարակության կողմից ընկալվելու է որպես վերաքննություն։
ՀՕՀ խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը նախագահի երկրորդ և ոչ նվազ չափով սպասելի թեկնածուն է։ Սա այն դեպքն է, երբ դասերը պետք է սերտվեն սեփական իսկ գործողությունների արդյունքներից։ Բիբիլովն ստեղծել է ՀՕՀ պատմության մեջ թերևս ամենաազդեցիկ ու կուռ շարքերով կուսակցությունը, որն այսօր խորհրդարանում իշխանության և մեծամասնության կուսակցությունն է։ Այս կուսակցության նախաձեռնությունները և իր առաջնորդի գործողություններն անցնող տարվա ընթացքում հարուցում էին հասարակության աշխույժ արձագանքը։ Խոսքը թե՛ կառավարության նախագահ Դ. Կուլումբեգովի աշխատանքին տրված անբավարար գնահատականի, թե՛ մի շարք պաշտոնյաների հասցեին հնչած քննադատության, թե՛ Օստելեկոմ-Մեգաֆոն բջջային ցանցի բաժանորդների իրավունքների պաշտպանության մասին է։ Առանձին վերցված յուրաքանչյուր դեպքը հասարակության աջակցությունն է վայելում և անհրաժեշտաբար հիմնավորված է։ Բայց, եթե ընդհանուր դատենք, Բիբիլովի և նրա քաղաքական շրջապատի ընտրած ուղեգիծն ու ոճը մտահոգում և վախեցնում են իր ագրեսիվությամբ և խռովարարական հակումներով։
Մարդիկ նոր են սկսել հանգստանալ ցույցերից, հեղափոխություններից և պատերազմներից, թշնամիների վհուկորսից ու դավաճանության մեջ մեղադրանքներից։ Թևավոր հետևակի եռանդուն և ժիր գեներալ Անատոլի Բիբիլովը համակրելի և մոտիկ է հարավօսական միջին վիճակագրական քաղաքացուն, բայց վերջինս կնախնտրի քվեարկել շինարարի և երկրավոր քաղաքական գործչի օգտին։ Կարծում եմ, որ որքան շուտ նախագահի թեկնածու Բիբիլովը սերտի այս դասը, այնքան ավելի մեծ կլինեն նրա շանսերը ձերբազատվելու իր այսօրվա կարգավիճակի առաջին բառից։
Ինչ վերաբերվում է նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիին, ապա նա ևս դասեր ունի քաղելու 2016 թվականից։ Ընդ որում՝ տարվա գլխավոր արդյունքից։ Դաս հետևյալ թեմայով՝ ինչպե՞ս կարելի է հաջողությամբ իրականացնել հանրապետության վերականգնման ծրագիրը։ Մրցակից տիբիլովյան թիմի տված այս դասը Էդուարդին կօգնի, թե ոչ՝ դժվար է ասել։