Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета»-ի գլխավոր խմբագիր
Սուխում
Անցնող նահանջ տարին լի էր քաղաքական իրադարձություններով՝ համագումարներով, ցույցերով, գրոհներով և մեր պես փոքր երկրի համար ահռելի թիվ կազմող կուսակցությունների և հասարակական-քաղաքական շարժումների ստեղծմամբ, ինչպես նաև բնական աղետներով՝ ջրհեղեղներով, փոթորիկներով, արևադարձային անձրևներով, որոնք, պատճառ դառնալով կոմունալ ծառայությունների և էներգետիկ համակարգի աշխատանքի խանգարման, առաջացրել են մի շարք անհարմարություններ։Եթե բնական աղետներն ուղղակիորեն հարվածում էին հասարակ մարդկանց, ապա երկրի քաղաքական կյանքը բավականին հեռու էր իշխանությանը վերադառնալ կամեցած և այժմ իսկ ձգտող անձանց խնդիրներից։ Վերջիններիս ճնշմամբ տեղի է ունեցել կառավարության ևս մեկ աննպատակ փոփոխություն, որին նախորդել էր Ներքին գործերի նախարարության շենքի գրոհը։
Կուրորտային սեզոնի ամենաթեժ պահին՝ հուլիսի 5-ին, նախկին պաշտոնյաներից բաղկացած ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցությունը ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույց է անցկացրել։ Նախարարի հրաժարականի պահանջի համար ձևական պատրվակ է ծառայել «երկրում վատթարացած քրեածին իրավիճակը», որն, իրականում, կայուն կերպով «վատթարացած» է արդեն երկու տասնամյակների ընթացքում։ Իհարկե, ակցիայի կազմակերպիչները «կորցրել» են ամբոխի վրա վերաահսկողությունը, որը «լիովին տարերայնորեն» գրոհել է ՆԳ նախարարության շենքը։ «Տարերային» գրոհի ժամանակ օգտագործվել են «Մոլոտովի կոկտեյլներ», իսկ 19 ոստիկան տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ ՆԳ շենքի շուրջ ծավալված իրադարձությունների կենտրոնում հայտնվել են նախորդ տարիներին ուժային կառույցներում աշխատած անձինք։ Եթե հավատանք ընդդիմության առաջնորդներին, ապա ոչ մի արտառոց կամ ողբերգական բան տեղի չի ունեցել։ «Իհարկե, հրմշտոցում մարդիկ են տուժել, շատերն ուշաթափվում էին։ Մենք նրանց դուրս էինք բերում, օգնում էինք։ Ոմանք վնասվածքներ են ստացել։ Բայց, ընդհանուր առմամբ, պատահածը որպես ողբերգություն ներկայացնել չի կարելի»,-ցինիկաբար ասում էր գրոհի հետևանքները մեկնաբանող «Ամցախարա» կուսակցության գաղափարաբաններից Իրինա Ագրբան։
ՆԳ շենքի գրոհին նույն ընդդիմության նախաձեռնությամբ հաջորդել է «նախագահի հանդեպ անվստահության մասին» հանրաքվեն։ Հանրաքվեի արդյունքներն ապշեցրել են բոլորին. դրանց մասնակցել է մեկ տոկոսից պակաս բնակչություն։ Հանրաքվեն ճանաչվել է չկայացած. հասարակությունը ցուցադրել է քաղաքական գործիչների նկատմամբ իր ունեցած անվստահությունը և նրանց բարձրացրած հարցերի անարդիականությունը։ Ընդդիմության հետ երկխոսությունը հաստատելու ուղղությամբ իշխանության հետագա փորձերն ոչ մի արդյունքի չեն հանգեցրել. ընդդիմության ներկայացուցիչները կտրականապես հրաժարվել են երկխոսությունից և քաղաքական կուսակցությունների Համակարգող խորհրդին մասնակցելուց։
Քաղաքական ամռան արդյունքը կառավարության հրաժարականն էր։ Ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել նոր կառավարության ձևավորմանը, իսկ նախագահի առաջարկությունն ընդունած հասարակական շարժումների առաջնորդներին պիտակավորել են որպես «շտրեյկբրեխերներ»։
Սակայն կառավարությունը ձևավորվել է, իսկ ընդդիմությունն՝ ի դեմս «Ամցախարա» կուսակցության անդամներ, նախագահի նախկին թեկնածու, Ազգային անվտանգության ծառայության պաշտոնանկ ղեկավար Բժանիայի, նախկին վարչապետ Լակերբայայի և շատ այլ նախկինների շուրթերով նախագահին վերջնագիր են ներկայացրել՝ պահանջելով կամովին վայր դնել նախագահական իրավասությունները՝ պաշտոնավարման ժամկետի լրանալուց շուտ։ Որոշում ընդունելու համար պետության ղեկավարին տրվել է ընդամենը 15 օր, որից հետո դեկտեմբերի 15-ն ընդդիմադիրները խոստացել են ժողովրդական հավաք անցկացնել։
Երբ իշխանության և ընդդիմության հակամարտությունը հասնում է գագաթնակետին՝ ասպարեզում սովորաբար ի հայտ է գալիս «երրորդ ուժը»։ Այս անգամ ևս առանց այլընտրանքի գործը գլուխ չեկավ։
Այլընտրանքային ուժի դերում փորձեց հանդես գալ «Միացյալ Աբխազիա» կուսակցությունը, որը հիմնադրվել է ներկայումս հանգուցյալ, Աբխազիայի նախկին նախագահ Բագապշի կողմից՝ որպես «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կրկնօրինակ։ Այսօր կուսակցությունը ղեկավարում է նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ և խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Շամբան (կուսակցության ներկայացուցիչները ներկայացված են իշխանության բոլոր ճյուղերում)։ Իհարկե, բանակցություններն ընթանում են «գրասենյակների լռելյայն միջավայրում», բայց դրանցից լուրեր են սողոսկել, թե կուսակցությունը հանդես է եկել «կոալիցիոն կառավարություն» ձևավորելու առաջարկով՝ նախատեսելով տնտեսական ողջ բլոկը բաշխել ընդդիմության առաջնորդների միջև, այսինքն՝ վերադարձնել 2014թ. նախագահ Անկվաբի հրաժարականից հետո (որը նույնպես տեղի էր ունեցել քաղաքական ճգնաժամի բարդ պայմաններում) պաշտոններից հեռացածների մեծ մասը։
Այսուհանդերձ, թվում է, որ իր քաղաքական գործունեությունը որպես քաղաքական փորձագիտական ակումբ սկսած և քաղաքական գործիչների (որոնք դեռ չեն հասցրել վարկաբեկվել գործադիր իշխանության մեջ աշխատելով) համեմատաբար ավելի երիտասարդ կազմ ունեցող «Այնար» կուսակցությունը փորձում է խլել նախաձեռնությունը Բագապշի օրոք ձևավորված քաղաքական վերնախավից և բոլոր բարի կամքի մարդկանց կոչ է հղել մասնակցելո դեկտեմբերի 13-ի համագումարին, որը, փաստորեն, երկու օրով նախորդելու է «Ամցախարա» կուսակցության հրավիրած ժողովրդական հավաքին։
«Մեզ համար նշանակություն չունեն ձեր քաղաքական նախապատվությունները. մենք մեր համաքաղաքացիներին չենք բաժանում ըստ քաղաքական ճամբարների, կրոնական համոզմունքների կամ ազգային պատկանելության։ Մեզ համար կարևոր է, որ դուք ձեզ այս երկրի քաղաքացի եք համարում և այս երկիրը ձեր Հայրենիքն է», – ասվում է «Այնար» կուսակցության կոչում։
Դեկտեմբերին Աբխազիայում կարող են տեղի ունենալ նշանակալից իրադարձություններ, այսինքն, Աբխազիայի քաղաքական գործիչները մեզ սպառնում են (խոստանում են) երկրոդ պլան մղել Ամանորի ու Սբ. Ծննդյան տոնակատարությունները, թերևս նաև «կանանց միջազգային տոն մարտի 8-ը», քանի որ մարտին Աբխազիայում պետք է անցնեն օրենսդիր իշխանությունը ձևավորող խորհրդարանական ընտրություններ։
Ինչո՞ւ չեմ ընթերցողներին տեղեկացնում քաղաքական ուժերի շռայլած խոստումների մասին։ Այն պարզ պատճառով, որ ներկայիս «ընդդիմադիր» քաղաքական վերնախավը չի թաքնվում որևէ ժողովրդավարական կարգախոսի ներքո. նրա առաջնորդները հանրության հետ հանդիպումներում, ժողովրդական ժողովներում և ցույցերում ուղիղ հայտարարում են, որ իրենց գլխավոր նպատակը՝ սովորական իշխանափոխությունն է։ Չկան ծրագրային հռչակագրեր, տնտեսապես բարգավաճելու կամ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու մասին խոստումներ։ Թերևս հենց սրանով է պայմանավորված հասարակության շրջանում ներկայիս ընդդիմության ցածր վարկանիշը։
Սակայն կանխատեսել Աբխազիայում իրադարձությունների հետագա զարգացումը դժվար է նաև այն պատճառով, որ քաղաքական գործիչների նկատմամբ հասարակության անվստահությունը գագաթնակետին է հասել։ Շատ հավանական է, որ կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրազանգվածը ողջ չափով կցուցաբերի քաղաքական գործընթացներին «ոտքերով» մասնակցելու դժկամությունը։ Այսպիսով, այսօրվա քաղաքական գործիչներին չէր խանգարի մտածել նախ և առաջ հենց ընտրողների մասին։
Իսկ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Սուխումում տեղի են ունենում խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ։ Տեղեկատվությունն անմխիթար է. բոլոր ընտրողները, կարծես թե, ուղղակի անտեսել են ժողովրդի ընտրյալ դառնալ ձգտող թեկնածուներին։
Այսպիսին էր այս տարին, որի արդյունքները դեռ վաղ է ի մի բերել։ Ակնբախ է միայն այն, որ այս տարի մենք չենք վարել, չենք ցանել և չենք կառուցել, այլ ընդամենը դիտում էինք աթոռակռվով տառապող փոքրաթիվ խմբերի քաղաքական հակամարտություն։ Ակնհայտ է, որ նրանք բոլորը մեզ ձանձրացրել են։