Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայ-իրանական ռազմական համագործակցության արձակն ու իրողությունները

marut
December 2016

 

Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքական վերլուծաբան
Վորոնեժ

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի սպասվող այցը Հայաստան հաջորդեց տարբեր մակարդակներում կայացած երկու երկրների քաղաքական գործիչների շփումների շարքին: Միջազգային տնտեսական պատժամիջոցների ճնշումից դուրս եկող Իրանը և զարգացման ասպարեզում լուրջ խնդիրների բախվող Հայաստանը սուր կերպով զգում են միմյանց կարիքը: Խոսքն ամենատարբեր՝ տնտեսական (որտեղ վերջին տարվա ընթացքում գրանցվել է ապրանքաշրջանառության 4 տոկոսանոց նվազում),  քաղաքական (երկու պետությունները սուր կերպով դաշնակիցների և գործընկերների կարիք են զգում) բնագավառների մասին է: Հանդիպմանն առանձնահատուկ նշանակություն է հաղորդում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջերս արձանագրված սրացումը, որը հատկապես կարևոր է Երևանի համար՝ հաշվի առնելով հայ-իրանական շփումների ռազմական չափումը:   Դժվար է ենթադրել, թե տվյալ հարթությունում ինչի է հանգեցնելու Ռոհանիի այցը, թեև, ակնհայտ է, որ կողմերը նախապատրաստվում են լուրջ և հիմնավոր որոշումներ կայացնել: Դեռևս 2006թ.  հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական են որակվել. այս որակումը հնչել է Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության ուղղությունները” վերնագրված զեկույցում: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նրան հաջորդած անձինք շարունակել են ընթանալ կողմերի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդելու ուղիով: 2011թ. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ռեզա Մոզաֆարի Նիայիի մասնակցությամբ կայացած բանակցություններում քննարկվել են երկու երկրների համար առավել արդիական խնդիրները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության բարդ իրավիճակը, որում նա հայտնվել է այն ժամանակ, երբ Վրաստանը սկսել է խոչընդոտել Ռուսաստանից Հայաստան սպառազինությունների բեռնափոխադրմանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում: Հենց այդ ժամանակահատվածում է արդիականացել Իրանն ու վերջինիս ռազմական հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտության մասին տրամախոսությունը: Երկու երկրների մերձեցումը խթանել են նաև մեկ տարի անց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները, որոնք իսլամական հանրապետության ողջ պատմության ընթացքում ծավալով ու տարողությամբ ամենածանրն էին: Ի հեճուկս այն հանգամանքի, որ Թեհրանի դեմ պատժամիջոցները սահմանվել են ոչ միայն Արևմուտքի առանձին պետությունների, այլև ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից, հայկական կողմը շարունակել է Իրանի հետ խորհրդակցություններն ու քննարկումները, այդ թվում և ռազմական հարցերի շուրջ:

Այնուամենայնիվ, երկար ժամանակ հայ-իրանական ռազմական համագործակցությունը որևէ շոշափելի գծեր չի ունեցել. խոսքն ընդամենը բանակցությունների և մտադրությունների փոխադարձման մասին էր: Եվ այս ամենը՝ քաղաքական բնագավառում գործընկերային բնույթի փոխհարաբերությունների և տնտեսական համագործակցության անբավարար քայլերով զարգացող փոխգործակցության ֆոնին:

Իրանում Հասան Ռոհանիի իշխանության գալը և պատժամիջոցների վերացման հարցում նրա արձանագրած հաջողությունները հայ-իրանական ռազմական համագործակցության համար նոր նախադրյալներ են ստեղծել: 2016թ. մայիսի 24-25-ին Իրանի մայրաքաղաք է այցելել հայկական պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարությամբ: Նրան հաջողվել է հանդիպումներ անցկացնել Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հոսեյն Դեհգանի և վերջինիս տեղակալ Ֆիրուզ Մասիհպուհրի հետ, ինչպես նաև այցելել Իրանի “Մալիք Աշտար” գիտատեխնիկական համալսարան ու ռազմավարական հետազոտությունների կենտրոն: Հենց 2016 թվականի մայիսին էլ, փորձագետների կարծիքով, տեղի է ունեցել երկու երկրների ռազմական փոխգործակցության օրակարգի համաձայնեցումը և ուրվագծվել են հետագա ռազմական համագործակցության առանցքային միջոցառումները: 2016թ. հիշյալ համագործակցության խորացման ուղղությամբ ջանքեր է գործադրել նաև ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով հանդիպել է իրանական ԷՏԿԱ ընկերության գործադիր տնօրեն Մեհդի Կարբալայիի հետ: Վերոնշյալ ընկերությունն արտադրում է սննդամթերքի տեսականի, տեքստիլ և այլ կարգի արտադրանք բանակի թիկունքային ապահովման համար, ինչպես նաև իրականացնում է ռազմական նշանակության օբյեկտների շինարարությունը:

2016թ. գարնան-ամռան շրջանում Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հաճախակիացած հանդիպումները պատահականություն չէին: Դրանք բացատրվում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ առաջացած որոշակի հիասթափությամբ, քանի որ, շատերի կարծիքով, Մոսկվան Ղարաբաղում ապրիլյան ռազմական սրացման ժամանակ բավարար ակտիվությամբ չի պաշտպանել իր միակ հարավկովկասյան ռազմավարական դաշնակցին: Մոսկվայի վարկանիշը Հայաստանում էլ ավելի է նվազել ապրիլյան իրադարձություններին հաջորդած շրջանում ռուսաստանյան մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների կողմից հնչած անընդունելի հայտարարությունների հետևանքով, որոնցից ամենացայտունը, թերևս, Դմիտրի Ռոգոզինի՝ Ադրբեջանին սպառազինություններ մատակարարել շարունակելու մասին արված խոստումն էր:

Սույն թվականի հունիսին Իրան է մեկնել ևս մեկ պատվիրակություն՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի և ՀՀ Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ: Սպասվածի համաձայն՝ այս այցելությունը բացի ընդհանուր ուրվագծերից (օրինակ՝ Դեհգանի հետ նոր հանդիպումը) ունեցել է նաև ավելի հստակ դրսևորումներ: Հակոբյանն ու իր ենթականերն այցելել են ԷՏԿԱ գործարանն ու ծանոթացել են տվյալ ընկերության արտադրանքին: Հայաստանի ռազմական ղեկավարությաան և ԷՏԿԱ ընկերության միջև կայացել են նաև այլ ուշագրավ շփումներ:  Տվյալ պահին այս ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բացահայտ համագործակցող իրանական միակ արտադրողն է: Համագործակցության բաց բնույթը բացատրվում է այն հանգամանքով, որ ԷՏԿԱ-ն նեղ իմաստով զբաղվում է ոչ թե բուն սպառազինությունների, այլ՝ թիկունքում օգտագործվող ապրանքատեսակների արտադրությամբ: Երկու պաշտպանական գերատեսչությունների համագործակցության այս մակարդակն Ադրբեջանի հետ հարաբերություններում Իրանի համար խնդիրներ չի ստեղծում՝ հաշվի առնելով վերջիններիս միջև ամենատարբեր ոլորտներում առկա ակտիվ փոխգործակցությունը:

Հավանաբար, ներկայումս գործող կողմնորոշիչների համակարգում Իրանի և Հայաստանի ռազմական համագործակցությունը չի դիմանա չափազանցված ակտիվացման ու բուն սպառազինությունների մատակարարումներին: Իրանն, անտարակույս, Հայաստանին կարող է շատ բան առաջարկել՝ լազերային թիրախավորմամբ “խելացի” ռեակտիվ “Բասիր” արկեր և փոքր հեռահարության “Քյաուսար” թևավոր հրթիռներ, ժամանակակից ռադիոտեղորոշիչ կայանքներ, ինչպես նաև բազմաթիվ այլ ոչ բարձրտեխնոլոգիական տեսակի սպառազինությունների տեսակներ: Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունն անշեղորեն առաջնորդվում է Բաքվի և Երևանի միջև հավասարակշռություն պահպանելու սկզբունքով: Անգամ վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեի նշանակալից տևական աճը չի համոզել Թեհրանին փոփոխելու նշված “հավասարակշռող” վերաբերմունքը: Այս կեցվածքը միանգամայն հասկանալի է, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային անհրաժեշտ հավասարակշռության պահպանման հույսը դնում է Ռուսաստանի վրա: Դրանով է բացատրվում իրանական կողմի դրական արձագանքը Երևանում սույն թվականի մայիսին անցած ռազմական շքերթում ռուսական «Իսկանդերների» հայտնվելուն:  Բացի դրանից, Հայաստանի օգտին հայ-ադրբեջանական դիմակայության մեջ մտնելը չի բխում Իրանի պետական շահերից գոնե այն պատճառով, որ Թեհրանի քաղաքական և տնտեսական շահերն ավելի մեծ չափով կապված են Բաքվի, քան Երևանի հետ: Օրինակ, հենց Ադրբեջանի միջով է անցնելու Իրանն ու Ռուսաստանը միացնելիք նոր երկաթուղին, որը, միաժամանակ, դառնալու է Կասպից ծովի շուրջ երկաթուղային շրջանակի կարևոր բաղադրիչ:

Այս համատեքստը հազիվ թե կարող էր փոխել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի մեկ այլ տեղակալի՝ Նասրոլա Քալանթարիի հետ հոկտեմբեր ամսին կայացած հանդիպումը: Հաշվի առնելով այն, որ բանակցությունների ընդլայնված ձևաչափին մասնակցել են ՀՀ ՊՆ Ռազմաարդյունաբերական կոմիտեի ղեկավար Դավիթ Փախչանյանն ու փոխնախարար Դավիթ Տոնոյանը, կարելի է եզրակացնել, որ հանդիպման ժամանակ քննարկվել են գերազանցապես թիկունքային ծառայությունների միջև համագործակցության և համապատասխան արտադրանքի մատակարարումների հետ կապված հարցեր:

Առանց տրվելու հայ-իրանական զուտ ռազմական համագործակցության և Իրանից Հայաստան տարբեր զինատեսակների մատակարարման մասին դեռևս անառարկայական երազանքների՝ կարելի է արձանագրել առկա զարգացող կապերից ստացվող օգուտի նշանակալիությունը: Հիշեցնենք, որ ապրիլյան դիմակայության օրերին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն արձանագրել են թիկունքային ապահովման ոլորտում առկա թերացումները, որոնց հաղթահարման հարցում իրանական կողմի աջակցությունը կարող է լուրջ դրական  դեր ունենալ, թեև վերջնական շեշտադրումները երևալու են երկու երկրների նախագահների երևանյան հանդիպման ժամանակ:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.