Գենդերային դերերը դասագրքերում
Ռուզաննա Ծատուրյան
Հետազոտող
Երևան
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է գենդերային հավասարությանն ուղղված պետական քաղաքականության իրականացման մասին: Հայաստանում ընդունված գենդերային ոլորտի իրավական տարբեր փաստաթղթերը՝ միջազգային կոնվենցիաներ, օրենքներ, հայեցակարգեր, ռազմավարական և ազգային ծրագրեր[1] թիրախավորում են նաև կրթության ոլորտը՝ որպես գենդերային էգալիտար պատկերացումների հաստատմանն ուղղված կարևոր հարթակ: Այս առումով առանձնանում է հատկապես դասագրքերի ազդեցությունը՝ որպես անցումային հասարակությունների համար կարևորվող հնից նորի անցման գործընթացի յուրօրինակ լակմուս: Սովորողները դասագրքերի հետ ամենօրյա շփման արդյունքում յուրացնում են դրանցում ներկայացված պատկերներն ու հասկացությունները, քանի որ դասագրքերը, որպես օրինականացված «գիտելիք» սահմանում են «հասարակության կանոնները, ինչպես նաև համակեցության նորմերը»[2]: Տարրական դպրոցի դասագրքերն այս իմաստով համարվում են կարևոր սոցիալիզացիայի գործիք: Հատկապես Հայաստանի նման կենտրոնացված կրթական համակարգի պայմաններում, աշակերտները դասաժամանակի ընթացքում հիմնականում օգտագործում են դասագիրք և «ուսուցիչներն իրենց կրթական ցուցումները կառուցում են՝ հիմնվելով դասագրքի վրա»:[3]Փորձագետներն արձանագրում են, որ լավ դասագիրքը պետք է զերծ լինի գենդերային կարծրատիպերից, քանի որ այն առնչվում է երեխայի՝ սովորողի հնարավորությունների և ցանկությունների կառուցարկման գործընթացին:Իսկապե՞ս Հայաստանի Հանրապետության հանրակրթական միջավայրը և հատկապես դպրոցական դասագրքերը խոսում են գենդերային հավասարության և գենդերային բռնությունից զերծ միջավայրի, կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին:
Իրավական ակտերով ՀՀ ստանձնած պարտավորություններն այս ոլորտում դեռևս չեն վերածվել հստակ հանձնառության և հավատամքի: Ցավալիորեն, կրթական համակարգի գենդերային զգայունության խնդիրները՝ չնայած պաշտոնական ձևակերպումներին, դեռևս չեն համարվում օրակարգային, դրանք լայն հասարակական ընկալումներում, անգամ կրթական քաղաքականության միջավայրում ընկալվում են իբրև «դրսից, Արևմուտքի պարտադրանքով» ներմուծված պայման ու պահանջ, կամ որպես լուսանցքային, բացարձակ ոչ կարևոր հարցադրումներ: Այս քննարկումներում չեն թիրախավորվում ընդունված պետական քաղաքականության և իրականացված գործողությունների միջև թույլ համադրելիության, սահմանված նպատակների և վերջնարդյուքների անհամապատասխանության և առհասարակ կրթության ոլորտում գենդերային հարցադրումների հետ կապված մարտահրավերների հարցերը[4]: Հաստատված միջոցառումների ծրագրերն ու դրանց իրականացման հաշվետվությունների համադրումը տարիների կտրվածքով հնարավորություն է տալիս տեսնել, որ պետական քաղաքականությունն այս ոլորտում չի կարևորում և թիրախավորում դասագրքերի դերը՝ որպես նոր, անկախ Հայաստանի կրթական փիլիսոփայության ներդրման կարևոր գործիքի: Պարբերաբար վերատպվող դասագրքերում դեռևս շարունակվում են վերարտադրվել խտրական ուղերձներ՝ կանացի և տղամարդկային դերերի նորմավորման մասին: ՀՀ տարրական դպրոցի գրեթե բոլոր դասագրքերում՝ Այբբենարան, Մայրենի 1-4, Մաթեմատիկա 1-4, Ես և շրջակա աշխարհը 2-4, Տեխնոլոգիա 1-4, Ֆիզկուլտուրա 2-3, Կերպարվեստ 1-4, Երաժշտություն 2-4 դասարանների հիմնական և այլընտրանքային դասագրքերում առկա է գենդերային դերերի անհամաչափ ներկայացվածություն` արական դերերի գերակշռությամբ: Այսպես, ընդհանուր առմամբ բոլոր դասագրքերում ներկայացված նկարների 65%-ում պատկերված են արական սեռի կերպարներ: Բացի քանակական անհամաչափ ներկայացվածությունից՝ դասագրքերի նկարների և տեքստերի միջոցով ստեղծվում կամ վերարտադրվում են կանացի և տղամարդկային կարծրատիպային դերեր, հատկանիշներ, մասնագիտություններ և պարտականություններ:
Առհասարակ, տարրական դպրոցի բոլոր դասագրքերում կինը ներկայացվում է ավելի հաճախ ներընտանեկան, կենցաղային հոգսերի ու իրողությունների շրջանակում: Այս մոտեցումը ավելի քան խտացված ներկայացված է դասագրքերում հանդիպող ընտանեկան պատկերներում` ի դեմս «մայրիկի» կերպարի: Դասագրքերում ընդհանուր արական դերերի գերակշռության պայմաններում, օրինակ՝ Մայրենի 1 դասագրքրում[5] «Իմ ընտանիքը» բաժնում ներկայացված են 49 իգական և 44 արական ընտանեկան դերեր, ընդ որում՝ դրանցից ընդամենը 9-ը աղջիկ են, 30-ը տղա, 8-ը` տատիկ, 5-ը՝ պապիկ, 9 անգամ պատկերված է հայրիկի դեր, և 32 անգամ մայրիկի դեր, ում հետ կապվում են գրեթե բոլոր ներընտանեկան հոգսերը և պարտականությունները` երեխաների խնամք, տնային գործեր, ճաշի պատրաստում և այլն: Այսօրինակ «երջանիկ ընտանեկան» պատկերներում չեն թիրախավորվում համագործակցային փոխհարաբերությունները, այլ ընտանիքի անդամները բացառապես հանդես են գալիս առանձին դերերում` ցուցելով կանացի և տղամարդկային զբաղմունքների հստակ շրջանակը. շյուղերով գործող տատիկ, հեռուստացույց դիտող պապիկ, մայրիկը աղջկան դաս է սովորեցնում, հայրիկը բազմոցին թիկնած թերթ է կարդում, աղջիկը տիկնիկով է խաղում, տղան` գնդակով, սրով:
Արական դերերն ավելի բազմազան են` առնչվելով հանրային ոլորտին. նրանք ծառ են մագլցում, լողում, հեծանիվ քշում, մարզվում: Աղջիկները ներգրավված են հիմնականում լրացնող, երկրորդական դերերում` հաճախ ընդամենը կրկնօրինակելով կանացի կամ մայրական դերերը: Այսպես, Այբբենարանի նկարներից մեկում[6] պատկերված են երեխաներ բնության գրկում, որտեղ տղաները վրան են պատրաստում, ծառ մագլցում, լողում, իսկ աղջիկները ներգրավված են խարույկի վրա ճաշ պատրաստելու գործում:
Հատուկ ուշադրության է արժանի դասագրքերում մասնագիտական դերերի ներկայացումը: Մասնագիտական գենդերային խտրազատման առկա վիճակի պայմաններում խնդիրը թիրախավորվում է նաև Գենդերային քաղաքականության հայեցակարգում՝ նշելով, որ պետք է «Խրախուսել աղջիկներին ստանալ այնպիսի կրթություն, որը կապահովի մուտք դեպի աշխատաշուկայի ազդեցիկ և պահանջարկ ունեցող մասնագիտություններ, ստանալու տեխնիկական և բնական գիտությունների կրթություն, իսկ տղաների և տղամարդկանց մանկավարժական գործունեության և միջնակարգ կրթության համակարգում մասնակցության խթանում»[7]: Մինչդեռ, տարրական դպրոցի դասագրքերում ներկայացված մասնագիտական դերերը շարունակում են կրկնօրինակել կամ վերստեղծում են մասնագիտությունների գենդերային բաժանման պատկերը՝ փաստելով հետազոտողի պնդումը, որ խորհրդային շրջանի տարրական դպրոցի դասագրքերում հաճախ հանդիպող տիեզերագնացի, գործարանային բանվորների պատկերները հետխորհրդային դասագրքրերում արագորեն փոխարինվեցին տնային տնտեսուհիների կերպարներով:[8]
Ուսուցչի կերպարը դասագրքերում ներկայացված է բացառապես իգական դերով: «Իգական» մասնագիտություններից են պարուհու, վաճառողի, հացթուխի, կար անողի, հազվադեպ՝ բժշկի մասնագիտական դերերը: «Լուրջ, կարևոր և տղամարդկային» մասնագիտությունների և զբաղմունքների ցանկն ավելի ընդգրկուն է՝ նկարիչ, օդաչու, տանկիստ, զինվոր, վարորդ, շինարար, հյուսն, նավաստի, մարզիչ, ոստիկան, քանդակագործ, դարբին, ջութակահար, լուսանկարիչ, տիեզերագնաց և այլն:
Դասագրքերի պատկերներն ու տեքստերը «սովորեցնում են» նաև, թե ինչպիսին պետք է լինի տղան կամ աղջիկը, երբ որպես արական բնութագրիչներ ներկայացվում են ուժեղ, ֆիզիկական ուժ ենթադրող, կամային հատկանիշներով կերպարները, մինչդեռ որպես իգական հատկանիշներ են ներկայացվում քնքշությունը, մեղմությունը, լալկանությունը, համեստությունը: Անգամ մաթեմատիկայի դասագրքերում է նկատվում գենդերային հատկանիշների խտրական ներկայացումը, երբ խնդիր առաջադրանքների բովանդակության մեջ տղաները ներկայացված են «արական» զբաղմունքներում`շինարարություն, մետաղալարով իրերի պատրաստում, ոչ մթերային գնումներ, դրամային հարցեր, իսկ աղջիկները տորթ են թխում, ճաշ պատրաստում, գուլպա գործում, ժապավեն, ուլունք, ծաղիկներ, մթերք գնում և այլն:
Իսկ ի՞նչն է պայմանավորում դասագրքերում գենդերային խտրական ուղերձների շարունակական առկայության փաստը: Միանշանակորեն՝ այն իրողությունը, որ կրթական քաղաքականության կողմից չի իրականացվում դասագրքերի գենդերային զգայունության պարտադիր և կանոնակարգված փորձաքննություն: Իսկ նման պայմանի բացակայության և հասարակակական գենդերային թույլ զգայունության կամ տեղեկացվածության իրավիճակում պատակահական չէ, որ դասագրքերի ստեղծման գործընթացում ներգրավված օղակները՝ հրատարակիչները, հեղինակները, նկարիչները կարող են դասագրքերում ներառել կարծրատիպեր վերարտադրող ուղերձներ: Դպրոցական միջավայրի դերակատարներն էլ շարունակելով շղթան՝ իրենց անձնական, հասարակական տիրապետող պատկերացումներից բխող կարծրատիպային և ավանդական ուղերձներով շարունակում են համալրել և կայունացնել հասարակական տիրապետող պատկերացումները կանացի և տղամարդկային «ի վերուստ» տրված դերերի մասին:
Արդյունքում, կրթական միջավայրը դեռևս չի դառնում այն հարթակը, որտեղ շրջանառվում են բոլոր սովորողների համար հավասար մեկնարկային հնարավորությունների և իրավունքների հարցադրումները ոչ միայն կրթության մեջ երկու սեռերի համար ֆիզիկական ներգրավվածության տեսանկյունից, այլև բացառելով կրթության տարբերակված բովանդակության իրողությունները:
[1]Փաստաթղթերի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ. http://un.am/hy/p/repository-of-national-documents-on-gender
[2]Pingel, F. (2010). UNESCO guidebook on textbook research and textbook revision.
[3]Blumberg, R. L. (2007). Gender bias in textbooks: a hidden obstacle on the road to gender equality in education. Background paper prepared for the Education for All Global Monitoring Report 2008 Education for All by 2015: will we make it?
[4]Հանրակրթության ոլորտում գենդերային քաղաքականության արդյունավետության վերլուծության արդյունքներին կարելի է ծանոթանալ հետևյալ հետազոտության միջոցով. Ընդդեմ գենդերային բռնության ՀՀ ազգային պլանի, 2011-2015թթ. Ռազմավարական ծրագրի հանրակրթական բաղադրիչի իրականացման մշտադիտարկման/գնահատման հետազոտության հաշվետվություն, Ռ. Ծատուրյան, Հասարակություն առանց բռնության ՀԿ, Երևան, 2016, 48 էջ:
[5]Մայրենի 1, հեղինակ Վ. Սարգսյան, Երևան, Մանմար հրատ., էջ 17-32
[6]Այբբենարան, Վ. Սարգսյան, Երևան Մանմար հրատ., 2010, էջ 37
[7]Գենդերային քաղաքականության հայեցակարգը, ՀավելվածՀՀկառավարության 2010 թ. փետրվարի 11-ի N5 արձանագրային որոշման
[8]Magno, T. i.-b., & Silova, I. (2007). Teaching in transition: Examining school-based gender inequities in central/southeastern Europe and the former Soviet Union. International Journal of Educational Development, 27, 647-660, p.651