Ինչպես են հայկական հեռուստասերիալները պատկերում ընտանեկան բռնությունը
Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների և բռնությունների վերացումը դարձել է միջազգային հանրության ու միջազգային քաղաքականության ամենաարդիական խնդիրներից մեկը: Այդ են վկայում «Կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների վերացման» մասին կոնվենցիան ու դրան միացած մի քանի տասնյակ պետությունները, ՄԱԿ-ի քաղաքականության առաջնահերթություններում «Կանանց ու տղամարդկանց հավասարության» ընդգրկումը և մի շարք այլ միջոցառումներ: Միաժամանակ, կոնվենցիաներով և հռչակագրերով պայմանավորված, ողջ աշխարհում մի շարք միջոցառումներ են իրականացվում դրանց մեջ ամրագրված նպատակներին հասնելու համար: Նախատեսվող միջոցառումների ու բարեփոխումների մեջ զգալի կշիռ են կազմում «մեդիային» վերաբերող բարեփոխումները՝ հաշվի առնելով վերջինիս ունեցած հսկայական ազդեցությունը հասարակության աշխարհընկալման վրա: Եվ պատահական չէ, որ այս համատեքստում ուշադրություն է դարձվում մեդիայում սեքսիզմի, կանանց նկատմամբ խտրականության և գենդերային բռնության նվազեցմանը:
Կանանց իրավունքներին ու նրանց նկատմամբ բռնությունների վերացմանը նվիրված կոնվենցիաներին միացել է նաև Հայաստանը և «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մեջ որպես խնդիր ներառել է նաև «գենդերային բռնությանը նպաստող կարծրատիպերի փոխակերպումը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորումը», իսկ որպես ծրագրի արդյունք «գենդերային բռնության երևույթի նկատմամբ հասարակական գիտակցության փոփոխությունը»: Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած այս քաղաքականությունը հաշվի առնելով` 2014 թվականին կատարվել է հայկական հեռուստաեթերում առնականության ու կանանց նկատմամբ բռնության պատկերմանը նվիրված հետազոտություն: Հետազոտության նպատակն էր պարզել, թե որքանով է հայկական մեդիան նպաստում հիշատակված «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի խնդիրների լուծմանը, քանի որ մեդիայի և հատկապես ամենաշատ դիտողականությունն ունեցող սերիալների արտացոլած գենդերային բռնությունների քանակը ուղիղ ազդեցություն է ունենում հասարակության մեջ կանանց նկատմամբ կատարված բռնությունների քանակի վրա: Հետազոտության խնդիրը հայկական հեռուստասերիալներում արտացոլված տղամարդ կերպարների վերլուծությունն է եղել, ինչպես նաև ներկայացվող կին-տղամարդ հարաբերությունների վերլուծությունը՝ պարզելու համար, թե ինչ դեր է հատկացվում գենդերային բռնությանը առնականության համատեքստում: Հետազոտությունը կատարվել է որակական և քանակական հետազոտական մեթոդների կիրառմամբ. Բովանդակային վերլուծության են ենթարկվել հայկական արտադրության երեք հեռուստասերիալներ, խորքային հարցազրույցներ են անցկացվել հեռուստասերիալների սցենարիստների հետ, հարցում է անցկացվել հեռուստադիտողների շրջանում:
Մի շարք հետազոտություններ փաստում են, որ եվրոպական այն երկրներում, որտեղ վերահսկողություն կա մեդիայում արտացոլված բռնության տեսարանների վրա, նվազել է հասարակության մեջ տեղի ունեցող բռնությունների քանակը: Եվ հակառակը՝ սերիալներում բռնության տեսարանների ավելացմանը զուգահեռ ավելացել են նաև իրական բռնության դեպքերը: Իսկ վերջին շրջանում մամուլով տարածվող նորանոր ընտանեկան բռնությունների մասին լուրերը, որոնց մի մասը ավարտվել է մահվան ելքով, մեկ անգամ ևս փաստում են, որ ընտանեկան բռնությունն արդիական թեմա է մեր հասարակության համար, և որ դրա դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով: Սոցիալ-մշակութային մի շարք կառույցներ և ինստիտուտներ, «հանդուրժելով» ընտանեկան բռնությունը, իրականում նպաստում են դրա տարածմանը՝ այսպիսով հիմք հանդիսանալով այլասերված և անառողջ արմատների զարգացմանը հասարակության մեջ և հատկապես՝ ընտանեկան հարաբերություններում: Այս պարագայում լրատվամիջոցները ևս նպաստում են գենդերային հիմքով բռնության նորմալիզացմանը հասարակության մեջ: Մի շարք հետազոտությունների արդյունքներ հաստատում են, որ հեռուստատեսությամբ բռնության ցուցադրումը ուղղակիորեն կապված է կին-տղամարդ հարաբերություններում բռնության հանդեպ հանդուրժողականության ձևավորմանն ու զարգացմանն, ինչպես նաև ստանդարտացմանը և նորմալիզացմանը։
Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունն այս բնագավառում թույլ է տալիս պնդել, որ մեդիայի և հատկապես հեռուստասերիալների միջոցով կարելի է տարածել ու հանրայնացնել մարդկային վարքի դրական մոդելներ: Բազմաթիվ երկրներ այս սկզբունքով հանրամատչելի են դարձրել այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ապահով սեռական հարաբերությունները, սեռական վարակների կանխարգելման կարևոր միջոցառումները, հղիության արհեստական ընդհատման առողջական ու հոգեբանական բացասական հետևանքները կնոջ համար, ընտանեկան բռնության բացառման անհրաժեշտությունն ու այլ արդիական հիմնախնդիրներ:
Այս քաղաքականության առաջամարտիկներից է համարվում մեքսիկացի Միգել Սաբիդոն, որը Մեքսիկայի պետական հեռուստաընկերության տնօրենը եղած ժամանակ լուրջ հաջողություններ է գրանցել այս ասպարեզում: Մասնավորապես, նա որդեգրել է հեռուստատեսությամբ դրական օրինակ-կերպարների հաճախակի ցուցադրության քաղաքականությունը, ինչի արդյունքում լուրջ դրական փոփոխություններ են տեղի ունեցել նաև մեքսիկական հասարակության մեջ: Մի շարք հետազոտություններ փաստում են, որ Սաբիդոյի վարած մեդիա քաղաքականության և մեքսիկական հասարակության մեջ ընտանեկան բռնությունների դեպքերի նվազման միջև ուղիղ կապ գոյություն ունի: Այս նախադեպը օրինակ է հանդիսացել նաև մյուս պետությունների վարած մեդիա քաղաքականության վրա: Հատկապես զարգացող երկրները, որտեղ իրավական դաշտում կարգավորված չեն այնպիսի հանցանքներ, ինչպիսին ընտանեկան բռնությունն է, շատ է կարևորվում մշակութային հարթությունում հարցի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: Այս հարցում մեծ է հատկապես հեռուստասերիալի՝ որպես ամենամեծ մասսայականությունը վայելող մեդիաժանրի դերը: Մի շարք երկրներում հեռուստասերիալները որպես գործիք կիրառելով հանրայնացրել են իրենց հասարակությունների համար արդիական ու կարևոր շատ խնդիրներ:
Տվյալ ուսումնասիրության համատեքստում բովանդակային վերլուծության է ենթարկվել հայկական երեք հեռուստաալիքներով «փրայմ թայմին» հեռարձակվող հայկական արտադրության երեք հեռուստասերիալ: Հեռուստաընկերություններն ու հեռուսատասերիալներն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց բարձր վարկանիշը հանրային դիտողականության սանդղակում:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ
- Հայկական սերիալներում պատկերված տղամարդկանց մեծամասնությունը օժտված է ագրեսիվ առնականության հատկանիշներով:
Հայկական հեռուստասերիալների տղամարդ կերպարների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանք կամ ուժային կառույցների ներկայացուցիչներ են, կամ բիզնեսմեններ, կամ «գողական աշխարհի» ներկայացուցիչներ: Զբաղվածության այս ոլորտները պատահական չեն ընտրված. շեշտադրված է տղամարդկանց ուժեղ և իշխող դերը: Այս երևույթը ռուս հասարակագետ Ուշակինը բացատրում է որպես «առնականության ձևի» առկայություն՝ առանց բովանդակության: Առնականության ձևի ցուցիչներ են հայկական հեռուստասերիալների տղամարդ կերպարներին ուղեկցող «առնական» ատրիբուտիկան՝ մեծ, շքեղ մեքենաները, ազդեցիկ դիրքը տղամարդկային շրջապատում, ընտանիքի հանդեպ վերահսկողությունը, կնոջ նկատմամբ գերակա դիրքը:
- Կանանց նկատմամբ բռնության գործադրումը հայկական սերիալներում ներկայացվում է որպես առնականության բաղկացուցիչ
Հեռուստասերիալների տղամարդ կերպարները ագրեսիվ առնականության դրսևորումներ են. ագրեսիայի, որն արտացոլվում է ոչ միայն այլ տղամարդկանց հետ փոխհարաբերություններում, այլև ընտանիքում և հատկապես ամուսնական փոխհարաբերություններում: Այս համատեքստում կինը դառնում է միջոց, գործիք տղամարդու «առնականությունը» կերտելու, ընդգծելու, ակտիվացնելու համար: Հենց այս նպատակին են ծառայում հեռուստասերիալում պատկերված «հնազանդ», անօգնական, անաշխատանք ու անհեռանկար կանայք, որոնց ներկայությունն իսկ ավելի ցցուն է դարձնում նրանց կողքին գտնվող տղամարդկանց առնականությունն ու ամփոփվում է ուժի, իշխանության, գերակա դիրքի մեջ:
- Կանանց նկատմամբ բռնության հակումով են պատկերված ոչ միայն բացասական, այլև դրական կերպարներ:
Գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում ագրեսիվ առնականության մաս է դառնում, հայրիշխանական հասարակության կողմից տղամարդուն վերագրվող նորմատիվային վարքագծի մաս, բաղկացուցիչ և վերագրվում է ոչ միայն բացասական, այլ նաև «դրական» կերպարներին:
- Հեռուստասերիալների կերպարները հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում կանանց նկատմամբ կիրառվող բռնության հանդեպ:
Սերիալների կին կերպարները տղամարդկանց կողմից կատարված բռնություններն արդարացնելու, դրանք որպես նորմա ընդունելու, դրանց նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելու հակում ունեն: Դիտարկված հեռուստասերիալներից երկուսում առանձնահատուկ ընդգծվում է կանանց կողմից հանդուրժողական վերաբերմունքը առնականության այնպիսի դրսևորումների նկատմամբ, ինչպիսին է հոգեբանական ու ֆիզիկական բռնությունը կանանց նկատմամբ: Բռնությունը ընկալվում է որպես սովորական երևույթ, փորձ է արվում ամեն կերպ արդարացնել բռնարարին:
- Հեռուստադիտողները ունեն խեղված պատկերացումներ բռնության մասին
Հեռուստադիտողները ոչ միայն հանդուրժողականություն են ցուցաբերում գենդերային բռնության նկատմամբ, այլև հաճախ բռնություն չեն համարում ակնհայտ բռնարարքները: Հեռուստադիտողներից մեկի հավաստմամբ «սերիալներում բռնություն չկա, կա հայ տղամարդուն հարիր արարքներ»:
- Հայկական հեռուստաարտադրության մեջ ընդգրկված են ոչ պրոֆեսիոնալներ, որոնք իրենց սերիալներում արտացոլում են իրենց պատկերացումները գենդերային փոխհարաբերությունների մասին:
Ոչ պրոֆեսիոնալ լինելով՝ նրանք չեն ընկալում նաև այն հսկայական դերը, որ կարող է ունենալ հեռուստասերիալը հասարակության վրա ազդեցության տեսակետից, հետևաբար՝ նրանք իրենց նաև պատասխանատու չեն համարում իրենց հեղինակած սերիալների՝ հասարակության վրա վատ ազդեցություն ունենալու համար: