Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ընտանեկան բռնության իրավական հասկացության ծագումն ու զարգացումը*

marut
February 2017

 

Արման ՂԱՐԻԲՅԱՆ
Անկախ լրագրող
Երևան

 

Վերջին տարիներին Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ հատուկ օրենսդրություն ունենալու անհրաժեշտության մասին քննարկումներն  ակտիվացել են: Հավանաբար, Հայաստանն առաջիկայում կունենա այս դաշտը կարգավորող առանձին օրենք: Նախքան ներպետական օրենսդրական դաշտի վերլուծությանն անցնելը՝ անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է ընտանեկան բռնություն հասկացությունը մուտք գործել իրավական դաշտ և զարգացման ինչպիսի ընթացք է ապրել:  Ընտանեկան բռնություն հասկացությունը միջազգային իրավական նորմերի զարգացման համատեքստում առաջացել է կանանց իրավունքների ամրապնդմանը զուգընթաց: Սակայն եթե կանանց իրավունքների համար տարվող պայքարը որոշակի դերակատարում ուներ միջազգային հարթությունում սկսած 1940-ականներից, երբ Միացյալ ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) գրվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ապա ընտանեկան բռնությանը միջազգային օրենսդրությունն անդրադարձավ շատ ավելի ուշ: «Domestic violence» եզրույթը ևս բավականին ուշ սկսեց կիրառվել՝ հաջորդելով «family violence» եզրույթին:

1979 թվականին, երբ ընդունվեց Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան (CEDAW Convention), ընտանեկան բռնությունը բավարար ուշադրության չարժանացավ Կոնվենցիայի հեղինակների կողմից: Կոնվենցիայի միայն մեկ հոդվածն էր անդրադառնում ընտանիքի ներսում կանանց նկատմամբ բռնությանը և պետության պատասխանատվությանը՝ կանանց պաշտպանելու հարցում:

1984 թվականին ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը ընտանեկան բռնության հարցն առաջին անգամ մտցրեց Կանանց կարգավիճակի հանձնաժողովի օրակարգ: Սա առաջին անգամն էր, երբ ՄԱԿ-ը պահանջեց անդամ պետություններից՝ ներկայացնել ընտանեկան բռնության վերաբերյալ ազգային տվյալներ եւ խնդրի լուծման բանաձևեր առաջարկել:[1] Իսկ ՄԱԿ-ի ամենահեղինակավոր մարմիններից մեկը՝ Ընդհանուր Վեհաժողովն (General Assembly) առաջին անգամ անդրադարձավ այս խնդրին 1985 թվականին: Ընդունվեց բանաձեւ, որով անդամ պետություններին հորդորում էին հրատապ միջոցներ ձեռնարկել ընտանեկան բռնությունը կանխելու համար:[2]

1980-ականներին Ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող ՄԱԿ-ի փաստաթղթերում բավականին մեղմ բառապաշար էր կիրառվում, որը կոշտացավ հետագա տասնամյակների ընթացքում:

1993 թվականին ընդունվեց Կանանց նկատմամբ բռնության վերացման մասին ՄԱԿ-ի Հռչակագիրը, որը վերահաստատում էր, որ ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների խախտում է:[3] 1994 թվականին նշանակվեց Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը[4], որի մանդատը երկարացվել է և ուժի մեջ է մինչ օրս: Հատուկ զեկուցողի մանդատը նրան թույլ է տալիս այցելել անդամ պետություններ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և իր լիազորությունների շրջանակներում միջամտելու:

1995 թվականին ՄԱԿ-ի Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովն ընդունեց Հռչակագիր[5], որը, ինչպես Քերին Բեննինգեր-Բուդելն է նկատել, փոխեց միջազգային հանրությանը կիզակետը՝ պետություններին պատասխանատվության կանչելով ընտանեկան բռնության կանխարգելման համար:[6]

ՄԱԿ-ի տարբեր մարմինների կողմից ընդունված փաստաթղթերը ամրապնդվում էին ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW Committee) գործունեությամբ: Կոմիտեն ստեղծվել էր անդամ պետությունների կողմից Կոնվենցիայի պահանջների կատարումը մշտադիտարկելու նպատակով, սակայն նրա գործառույթները հետագայում ընդլայնվեցին:

1980-90ական թվականներին Կոմիտեն Ընդհանուր հանձնարականներ էր տալիս անդամ պետություններին, ինչպես նաև քննում էր նրանց ներկայացրած պարբերական զեկույցները՝ Կոնվենցիայի իրագործման վերաբերյալ: Ընդհանուր հանձնարականներից հիշարժան են թիվ 12 եւ թիվ 19 հանձնարարականները: Թիվ 19 հանձնարարականով Կոմիտեն ճանաչեց կանանց նկատմամբ բռնությունը որպես նրանց նկատմամբ դրսևորվող խտրականության ձևերից մեկը: Նաեւ ընդլայնեց Կոնվենցիայի լիազորությունները՝ սահմանելով, որ անդամ պետությունները պատասխանատու են ոչ միայն պետության ներկայացուցչի, այլև երրորդ անձի կողմից կիրառվող բռնության համար: Կոմիտեն պահանջեց նաեւ գենդերային զգայունության դասընթացներ անցկացնել դատական եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար:[7]

2000 թվականից ի վեր Կոմիտեն նաեւ ընդունում է գանգատներ անհատներից: Գանգատներ կարող են ուղարկել անհատներ բոլոր այն երկրներից, որոնք ստորագրել և վավերացրել են Կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը (Optional Protocol):[8]

Կոմիտեն մի շարք անհատական գանգատներ է քննել[9], որոնց փաստական հանգամանքները գրեթե նույնական են. կինը բռնության է ենթարկվել իր զուգընկերոջ կողմից, դիմել է պետական մարմիններին՝ աջակցություն ստանալու ակնկալիքով, սակայն պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկել բռնության կրկնությունը կանխարգելելու, զոհին պաշտպանելու և բռնարարին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Կոմիտեն նման գործերում սովորաբար արձանագրում է Կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտում՝ արձանագրելով, որ անդամ պետությունները պարտավոր են պատշաճ ջանասիրություն ցուցաբերել բռնության վերաբերյալ ցանկացած բողոք քննելիս, աջակցել բռնության զոհերին և բռնարարներին պատասխանատվության ենթարկել:

Բացի կոնկրետ գանգատներով պետությանը հանձնարարականներ տալուց՝ Կոմիտեն կարևոր դերակատարում ունի ընտանեկան բռնության իրավական հասկացության զարգացման հարցում: Այն միջազգային չափանիշներ է սահմանում, որոնցով պետք է առաջնորդվեն պետությունները:

Ընտանեկան բռնության իրավական հասկացությունն ընդյալնելու առումով անհնար է թերագնահատել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դերը: ՄԻԵԴ-ի սահմանած չափանիշները թեև իրավական առումով պարտադիր են միայն Եվրոպայի Խորհրդի 47 անդամ պետությունների (այդ թվում և Հայաստանի) համար, այնուամենայնիվ, Դատարանի բարձր հեղինակության շնորհիվ դրանք կարող են ազդեցություն ունենալ աշխարհի ցանկացած պետության օրենսդրության վրա:

2007 թվականից ի վեր ՄԻԵԴ-ը ընտանեկան բռնության մի շարք գործեր է քննել[10]։

Փաստական հանգամանքներն այս գործերում ևս գրեթե նույնական են. գանգատ ներկայացնողը կին է, ով պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: Նա դիմել է իրավապահ մարմիններին, հաճախ նաև դատարան՝ զգուշացնելով բռնարարի արարքների վտանգավորության և իրեն սպառնացող վտանգների մասին:  Երբեմն, հաճախ բռնարարի ճնշումների ազդեցության տակ, կինը հետ է վերցրել իր բողոքը, ե նման դեպքերում քրեական հետապնդումները դադարեցվել են: Արդյունքում բռնությունների շղթան շարունակվել է, և կինը ստիպված է եղել կրկին դիմել իշխանություններին՝ պաշտպանության համար:

Թեև գործերից շատերի դեպքում իշխանությունները բացարձակ անգործություն չեն ցուցաբերել, այնուամենայնիվ, նրանց ձեռնարկած միջոցները բավարար չեն եղել կանանց հետագա բռնություններից պաշտպանելու համար, որի արդյունքում ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտումները եւ վճիռներ կայացրել ընդդեմ անդամ պետությունների՝ պարտավորեցնելով պետական բյուջեից դրամական փոխհատուցումներ (4000-40.000 եվրո) հատկացնել գանգատ ներկայացրած անձանց:

Այս գործերով դատարանը, փաստորեն, անդամ պետությունների համար ընտանեկան բռնության գործերի քննության չափանիշներ է սահմանել: Դրանցից ամենակարևորն այն է, որ իշխանությունները, տեղյակ լինելով բռնության փաստի մասին, պարտավոր են պատճաշ ջանասիրությամբ քննել գործը, պատասխանատվության ենթարկել բռնարարին և պաշտպանել բռնության զոհին ու նրա երեխաներին (եթե կան ընտանիքում երեխաներ):

Ընտանեկան բռնության իրավական կարգավորման համար տարածաշրջանային գործուն մեխանիզմ կարող է դառնալ նաև Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա): Սակայն Ստամբուլի կոնվենցիան միայն 2014 թվականին է ուժի մեջ մտել, և ԵԽ 47 անդամ պետություններից միայն 22-ն են վավերացրել այն, ուստի չափանիշներ սահմանելու առումով դրա դերակատարման մասին խոսելը դեռ վաղ է:

 

[1] UN, Economic and Social Council resolution 1984/14 of 24 May 1984 on violence in the family.

[2] UN, GA resolution 40/36 of 29 November 1985 on domestic violence, paragraph 2.

[3] UN General Assembly Declaration on the Elimination of Violence against Women, A/RES/48/104, 20 December.

[4] UN Commission on Human Rights resolution 1994/45, paragraph 6.

[5] The Fourth World Conference on Women: Action for Equality, Development and Peace, September 1995 in Beijing, China.

[6] Berringer-Budel, Carin. “Due Diligence and Its Application to Protect Women from Violence”. Edited by Carin Berringer-Budel. Leiden: Martinus Nijhoff Publishers, 2008, page 8.

[7] The Committee on the Elimination of Discrimination against Women, eleventh session (1992) General Recommendation No. 19.

[8] Optional Protocol to the Convention on the Elimination of All Forms of Discrimination against Women, Article 1.

[9] Տվյալ հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են հետևյալ անհատական գանգատները. CEDAW Committee, A. T. v. Hungary, Communication no. 2/2003, 26 January 2005, Goekce v. Austria, Communication No. 5/2005, 6 August 2007, Yildirim v. Austria, Communication No. 6/2005, 1 October 2007, X and Y v. Georgia, Communication No. 24/2009, 13 July 2015, V.K. v. Bulgaria, Communication No. 20/2008, 15 October 2008; Jallow. v. Bulgaria, Communication No. 32/2011, 23 July 2012; Kell v. Canada, Communication No. 19/2008, 28 February 2012.

[10] Տվյալ հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են հետևյալ  գործերը. ECtHR, Kontrova v. Slovakia, Appl. no. 7510/04, Judgment of 31 May 2007; Branko Tomasic and Others v. Croatia, Appl. no. 46598/06, Judgment of 15 January 2009; Opuz v. Turkey, Appl. no. 33401/02, Judgment of 9 June 2009,  ECtHR, Opuz v. Turkey, Appl. no. 33401/02, Judgment of 9 June 2009; E.S. and Others v. Slovakia, Appl. no. 8227/04, Judgment of 15 September 2009; N. v. Sweden, Appl. no. 23505/09, Judgment of 20 July 2010; E.M. v. Romania, Appl. no. 43994/05, Judgment of 30 October 2012; Valiuliene v. Lithuania, Appl. no. 33234/07, Judgment of 26 March 2013; Eremia and Others v. Moldova, Appl. no. 3564/11, Judgment of 28 May 2013; B. v. Moldova, Appl. no. 61382/09, Judgment of 16 July 2013; Mudric v. Moldova, Appl. no. 74839/10, Judgment of 16 July 2013; N.A. v. Moldova, Appl. no. 13424/06, Judgment of 24 September, 2013; T.M. and C.M. v. Moldova, Appl. no. 26608/11, Judgment of 28 January 2014, ECtHR, Bevacqua and S. v. Bulgaria, Appl. no. 71127/01, Judgment of 12 June 2008; E.S. and Others v. Slovakia, Appl. no. 8227/04, Judgment of 15 September 2009; A. v. Croatia, Appl. no. 55164/08, Judgment of 14 October 2010; Hajduova v. Slovakia, Appl. no. 2660/03, Judgment of 30 November 2010; Kalucza v. Hungary, Appl. no. 57693/10, Judgment of 24 April 2012; Eremia and Others v. Moldova, Appl. no. 3564/11, Judgment of 28 May 2013; B. v. Moldova, Appl. no. 61382/09, Judgment of 16 July 2013.

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.