Քամա Մուստաֆաևա
Բի Բի Սի-ի համար, Բաքու
Արդյունահանող ոլորտներում թափանցիկության նախաձեռնության վարչությունը (անգլերեն՝ EITI), կազմակերպություն, որը նպաստում է նավթի, գազի և այլ հանքանյութերի արդյունահանման բաց կառավարմանը և հաշվետվողականությանը, Բոգոտայում կայացած իր նիստում որոշում է ընդունել Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու մասին։ Համանման որոշումներ են ընդունվել Տաջիկստանի, Ղրղզստանի և Սողոմոնի կղզիների վերաբերյալ։
Սույն վտանգը դեռևս 2015 թվականից դամոկլյան թրի պես կախված էր Ադրբեջանի գլխին, որն, ի դեպ, առաջիներից մեկն էր միացել նախաձեռնությանը՝ 2003 թվականին։ 2015-ին երկրի կարգավիճակը լիիրավ անդամից նվազեցվել էր թեկնածու երկրի՝ գործընթացում քաղաքացիական հասարակությանը ներգրավել չցանկանալու պատճառով։
Առաջին հերթին նկատի էր առնվում անկախ, ոչ կառավարական կազմակերպությունների համար ֆինանսավորման ազատության և հանրային բանավեճերի անցկացման համար հնարավորությունների ապահովումը։Եւ ահա նոր հայտարարություն՝ «Վարչությունը որոշում է ընդունել Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու մասին, քանի որ երկրում բացակայում են բարենպաստ պայմանները քաղաքացիական հասարակության համար, ինչն էլ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի ներգրավման՝ Նախաձեռնության պահանջների խախտում է։ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության պաշտպանությունը, հատկապես նրանց պաշտպանությունը, ովքեր աշխատում են EITI-ի շրջանակներում, հիմա առավել կարևոր է, քան երբևէ»։
Ի պատասխան Ադրբեջանը (EITI-ում երկրիը ներկայացնում է Պետական նավթային հիմնադրամը) հայտարարել է գործընթացից լիովին հեռանալու մասին, ինչը նշանակում է նաև հրաժարում համագործակցությունից և այդ կազմակերպությունում իր անդամությունը վերականգնելու փորձերից։
Բաքվում հնչող քննադատությունը
Պետական նավթային հիմնադրամի ղեկավար Շահմար Մովսումովի խոսքերով՝ Ադրբեջանը կատարել է EITI-ի պահանջները, ուստի և այդ որոշումն անարդար է։
“Մենք անարդար ենք համարում Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու մասին Խորհրդի որոշումը։ Ներկայում ս EITI-ն շատ է հեռացել արդյունահանման ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության ապահովման իր նախնական մանդատից”,- հայտարարել է նա։
Ընդսմին, հիմնադրամի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանն այսուհետ ևս շարունակելու է հրապարակել արդյունահանման ոլորտի եկամուտներին առնչվող տվյալներ, սակայն դուրս գալու մասին որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։
Հանուն արդյունահանող ոլորտներում թափանցիկության բարձրացման ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիայի անդամ Սաբիթ Բաղիրովը բացահայտեց վեճերի մի քանի պատճառներ։
Ըստ նրա, EITI-ն պնդում էր Ադրբեջանի օրենսդրությունում այնպիսի փոփոխությունների անհրաժեշտության վրա, որոնք կապահովեին ազատ պայմաններ դոնորների գործնեության և դրամաշնորհների հատկացման համար։ Կառավարությունը պարզեցրել է դրամաշնորհների և դոնորների գրանցման համակարգը, սակայն EITI-ն անբավարար է համարել ձեռնարկված միջոցները։
Փորձագետները գտնում են, որ կորուստները կարող են լինել ոչ միայն իմիջային, այլև նյութական, ու բավականին զգալի։
Հետևանքներն Ադրբեջանի համար
Բաղիրովի ասելով (իսկ նրա հետ համաձայն է նաև REAL ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Նաթիկ Ջաֆարլին), ստեղծված իրավիճակը բացասականորեն կանդրադառնա Ադրբեջանի ներդրումային և վարկային վարկանիշների վրա։
Իհարկե, Ադրբեջանին միջազգային վարկերի հատկացումը չի դադարի, սակայն երկրի համար փողերն ավելի թանկ կլինեն, իսկ փոխառության պայմանները՝ ավելի կոշտ։
Օրինակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դեռևս նախորդ տարի Հարավային գազային միջանցքի (բազմամիլիարդ մի նախագիծ, որը թույլ կտար ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ հասցնել) ստեղծման համար միջոցների հատկացումը պայմանավորել էր հենց EITI-ում երկրի կարգավիճակով։
Հավանաբար, երկրի դուրս գալու մասին Պետական նավթային հիմնադրամի ղեկավար Մովսումովի հայտարարությունից հետո այլևս հրատապ չէ Նախաձեռնության պահանջներին համապատասխանության մասին 2017-ի հուլիսին նախատեսված հերթական գնահատականը։ Ադրբեջանը որոշեց չսպասել EITI-ից լիովին հեռացմանը՝ չցանկանալով կատարել Նախաձեռնության առաջադրած պահանջները։
Բոգոտայի նիստի մասնակից, EITI-ի միջազգային վարչության անդամ Գուբադ Իբադօղլուի խոսքերով՝ Ադրբեջանի շուրջ քննարկումները տևել են երկու օր։ Ընդ որում, ադրբեջանական պատվիրակությունը և անձամբ ինքը չեն մասնակցել դրանց՝ խուսափելու համար շահերի բախումից։
«Կարծում եմ, հետևանքները կարող են բավականին լուրջ լինել՝ վարկանիշայինից և իմիջայինից բացի դա կարող է երկրում վատթարացնել առանց այն էլ վատ ներդրումային կլիման, հանգեցնել ընկերությունների (և առաջին հերթին՝ ազգային ընկերությունների) վարկային վարկանիշների նվազեցման։ Հարվածի տակ կհայտնվեն նաև այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են կոռուպցիայի ընկալունակության ինդեքսը, բյուջեի թափանցիկության ինդեքսը և այլն»,- ասում է Իբադօղլուն, հավելելով, որ տվյալ իրավիճակում զգացական որոշումների տեղ չկա։ Երկրի դիրքորոշումը պետք է առավել կառուցողական լինի՝ բարեփոխումներին միտված, գտնում է նա։
Բոգոտայում կայացած նույն այդ նիստում EITI-ին անդամակցել է Հայաստանը, որը կազմակերպության թվով 52-րդ անդամն է դարձել։