Արդա ԻՆԱԼ–ԻՊԱ
Մարդասիրական ծրագրերի կենտրոն
Սուխում
Աբխազիայի քաղաքացիական կազմակերպությունների պատմությունն այնքան էլ տևական չէ, սակայն մի շարք հանգամանքներ այն բավականին հետաքրքիր են դարձնում։ Երկու տասնամյակից ավելի է՝ աբխազական հասարակության մեջ բավականին նկատելի է դարձել քաղաքացիական կազմակերպությունների (ոչ կառավարական կազմակերպություններ՝ ՈԿԿ, կամ՝ ոչ առևտրային կազմակերպություններ՝ ՈԱԿ) դերը։ Թերևս, դա մեծ մասամբ կապված է ծանր հետպատերազմական տարիներին ՈԿԿ-ների աշխուժորեն վարած բարեգործական գործունեության հետ։ Քաղաքացիական կազմակերպությունների դիրքերի ամրապնդմանը նպաստած մյուս գործոնը կապված էր Աբխազիայի՝ չճանաչված պետություն լինելու կարգավիճակից բխող խնդիրների հետ, երբ արտաքին շփումների մեծ մասը պաշտոնական մակարդակով արգելափակված էր, իսկ աբխազական ՈԿԿ-ների ներկայացուցիչներն, օգտագործելով իրենց սահմանափակ հնարավորությունները, դեպի արտաքին աշխարհ ուղիներ էին հարթում՝ տարածելով իրենց երկրի և Վրաստանի հետ հակամարտության մասին առարկայական տեղեկություններ։ Բնակչությանն ու պետությանը հրատապ կենսական խնդիրների լուծման գործում օգնելու շնորհիվ է, որ ՈԿԿ-ների և իշխանության ու հասարակության միջև ձևավորվել են բավականին կառուցողական հարաբերություններ։ Այս կարևոր հանգամանքն, անտարակույս, օգնում է դիմադրել այն գործընթացներին, որոնք Աբխազիան շրջապատող շատ այլ երկրներում արդեն հանգեցրել են հասարակական-քաղաքական դաշտից քաղաքացիական կազմակերպությունների արտամղմանը։Աբխազիայում ՈԿԿ-ները հետխորհրդային մյուս տարածաշրջանների համեմատ բավականին վաղ են ի հայտ եկել։ Նրանց առաջին քայլերը ձեռնարկվում էին դեռևս «վերակառուցման» տարիներին՝ նախապատերազմական Աբխազիայի ժամանակներում։ Վրաց-աբխազական պատերազմից հետո՝ արդեն անկախ Աբխազիայում, ստեղծվեցին նոր քաղաքացիական կազմակերպություններ։ Դա Աբխազիայի նորագույն պատմության չափազանց բարդ շրջանն էր, երբ ոչ մի երկիր չէր աջակցում պատերազմում հաղթած, բայց լրջագույն մարդասիրական խնդիրների ծիրում հայտնված աբխազ ժողովրդին։ Աղքատությունը, դեղորայքի բացակայությունը, պատերազմի հասցրած հոգեբանական վնասը, որբ երեխաների բազմությունը, ականապատված ընդարձակ տարածությունները, ռազմական գործողությունների վերսկսման հարատև սպառնալիքը, քրեական տարրերը, գործազրկությունը, կործանված տնտեսությունն ու ավերված բնակֆոնդը… Պետությունը չուներ բավարար դրամական միջոցներ և մարդկային ներուժ՝ բոլոր հրատապ խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելու համար։
Պետք է խոստովանել, որ այն ժամանակ բնակչությանն անգնահատելի աջակցություն են մատուցել միջազգային մարդասիրական մի շարք կազմակերպություններ։ Հենց այն ժամանակ են ստեղծվել նաև ամենահայտնի աբխազական ՈԿԿ-ները՝ Մարդասիրական ծրագրերի կենտրոնը, «Քաղաքացիական նախաձեռնություն» հիմնադրամը, ապա՝ «Աբխազիայի կանանց միավորում» (ԱԿՄ), «Անդամալույծ հաշմանդամների միավորում» (ԱՀՄ), Զուրաբ Աչբայի անվան «Աշխարհն առանց բռնության» կենտրոնը, «Սուխումի Պատանիների տուն» կազմակերպությունը և այլն։ Հետպատերազմյան բոլոր տարիներին նրանք զգալի ներդրում ունեին ոչ միայն ռազմական գործողություններից տուժած բնակչությանը հոգեբանական, սոցիալական և իրավական աջակցություն ցուցաբերելու հարցում, այլև միջազգային հարթակներում՝ քաղաքագիտական և քաղաքացիական համաժողովներում հանդես էին գալիս աբխազ ժողովրդի իրավունքները պաշտպանելու և աբխազական պատերազմի վերաբերյալ անաչառ տեղեկատվություն տարածելու առաքելությամբ։ Աբխազական ՈԿԿ-ների ներկայացուցիչները նպաստում էին Աբխազիայի ավելի դրական վարկանիշի ձևավորմանը, օգնում էին երկրի համար օգտակար շփումներ հաստատել, բարձր միջազգային ատյաններում բարձրաձայնում էին Աբխազիայի դիրքորոշումներն ու կարիք-պահանջները մի իրավիճակում, երբ բանակցային գործընթացից դուրս Աբխազիայի պաշտոնական ներկայացուցիչները զրկված էին միջազգային խորհրդաժողովներում հանդես գալու հնարավորությունից։
Աբխազական ՈԿԿ-ների գործը բարդանում էր նաև այն պատճառով, որ արտասահմանյան կազմակերպությունների մեծ մասը գործում էր իրենց երկրների քաղաքականության համատեքստում, որոնք միանշանակորեն սատարում էին Վրաստանի դիրքորոշումն ու Վրաստանի «տարածքային ամբողջականությունը»։ Այնուամենայնիվ, մեր տարածաշրջանով հետաքրքրվում էին նաև անաչառ դատող կազմակերպություններ, թեև այլոց համեմատ դրանք բացարձակ փոքրամասնություն էին կազմում։ Այդ կազմակերպությունները՝ մասնավոր հիմնադրամներն ու ՈԿԿ-ները, հակամարտության նկատմամբ ունեին հավասարակշռված մոտեցում և պատերազմից ավերված Աբխազիային անվարձահատույց օգնություն էին տրամադրում՝ չպայմանավորելով այն վրացական կողմին արվող քաղաքական զիջումներով։ Հարկ է ընդգծել, որ աբխազական ՈԿԿ-ների բազմամյա գործընկեր են դարձել հենց այն միջազգային կազմակերպությունները, որոնց գործունեությունն իրականացվում էր քաղաքականապես չեզոք մոտեցման շրջանակներում։ Ցավոք, քչերն են տեղյակ, որ Աբխազիայի առաջատար քաղաքացիական կազմակերպությունները միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու հարցում շատ զգուշավոր և ընտրողական քաղաքականություն են վարում։ ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ հիմնադրամների նախաձեռնությունները նկարագրող փաստաթղթերում որդեգրած ձևակերպումների և եզրույթների անընդունելի լինելու և քաղաքական մերժելի ենթատեքստ պարունակելու պատճառով աբխազական ՈԿԿ-ները բոյկոտում էին որոշ դրամաշնորհային մրցույթներ և պարբերաբար հրաժարվում գործունեության որոշ տեսակների դիմաց ֆինանսավորում ստանալու առաջարկություններից։
Աբխազիայի ներսում նույնպես դժվար էր աշխատել։ ՈԿԿ-ները ստիպված էին հաղթահարել խորհրդային համակարգի իներցիան, ժողովրդավարական արժեքների չձևավորվածությունը, քաղաքական և քաղաքացիական մասնակցության հմտությունների բացակայությունը։ Այնուամենայնիվ, տեղական քաղաքացիական կազմակերպությունների ուժերով Աբխազիայում նախաձեռնվել ու ցայսօր պարբերաբար ընթանում են լուսավորչական աշխատանքներ։ Դրանք ներառում են բազմաթիվ կրթաուսումնական ծրագրեր, համաժողովներ, կլոր սեղաններ, մարդու իրավունքների, ժողովրդավարացման, իրավական համակարգի և այլ հարցերին վերաբերող հրատարակություններ։ Պետք է ընդունել, որ ՈԿԿ-ների իրականացրած շատ նախագծեր հարուցել են իշխանությունների դժգոհությունը, երբեմն էլ՝ հասարակության անտարբերությունը։ Ասվածը հատկապես գործնական ոլորտում ծավալած աշխատանքների մասին է։
Թվարկենք աբխազական ՈԿԿ-ների ձեռնարկած որոշ նախաձեռնություններ, որոնց իրականացման ժամանակ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները տարբեր մակարդակներում բախվել են լուրջ դիմադրության։ Օրինակ, դատապարտյալների ապրուստի պայմանները բարելավելու նպատակով բանտում վերանորոգման աշխատանքներ իրականացնելը, ընտրողների՝ «Հանուն արդար ընտրությունների» լիգայի ստեղծումը և նախագահական ընտրությունների ժամանակ հասարակական վերահսկողության կազմակերպումը, խաղատնային ձեռնարկատիրության դեմ հասարակական արշավի նախաձեռնումը եւ Աբխազիայի տարածքում խաղատների գործունեությունն արգելող օրենքի ընդունումը, Գալիի շրջանում հողի կրկնակի հարկման վերացումը, բնակչության խոցելի խավերի ներկայացուցիչների մասնակցությամբ դատական նիստերին հասարակական պաշտպանության կազմակերպումը, ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ հանրային ուշադրության և իրավապահների միջամտության հրավիրումը, պատմական հուշարձանների պաշտպանությունը հավակնոտ և կործանարար բիզնես-նախագծերից և մի շարք այլ նախաձեռնություններ։
Ի հեճուկս կառավարման համակարգում իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ ՈԿԿ-ների քննադատական վերաբերմունքի՝ իշխանություններն, այնուամենայնիվ, չէին ընդդիմանում նոր ՈԿԿ-ների գրանցմանը և չէին խոչընդոտում նրանց առօրյա օրինական գործունեությանը։ Ավելին, ի հեճուկս պետական պաշտոնյաների հետ աշխատանքնային շփումների հաստատման հաճախակիորեն առաջացող դժվարությունների՝ ՈԿԿ-ները տարիներ շարունակ խնդիրների զգալի մասը լուծում են՝ համագործակցելով տարբեր նախարարությունների և իշխանության այլ օղակների ու ներկայացուցիչների հետ։ Աբխազիայի կառավարական ամբիոններից հնչում էին ակտիվ ՈԿԿ-ների գործունեությունը բարձր գնահատող խոսքեր։ Այսուհանդերձ, իշխանությունների ու քաղաքացիական կազմակերպությունների միջև տարաձայնությունների աճի պահերին, հատկապես ներքաղաքական իրավիճակի սրացման և ընտրությունների շրջանում, բազմիցս գրանցվել են «ճգնաժամային իրավիճակներ»։ Ցավոք, իշխանությունների ներկայացուցիչները ՈԿԿ-ների դեմ բազմիցս քողարկված քայլերի են դիմել։ Այնուամենայնիվ, ՈԿԿ-ների դեմ պայքարելու բացահայտ կոչերով ոչ ոք հանդես չի եկել. այս հանգամանքը թույլ է տվել չդոփել հակամարտային հարաբերություններում և նպաստել է ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը և հանուն հասարակության բարօրության՝ համագործակցության վերականգնմանը։
Վերջին շրջանում աբխազական ՈԿԿ-ները սկսել են բախվել Ռուսաստանից եկող մարտահրավերներին։ Եթե Աբխազիայի անկախության ճանաչումից առաջ Ռուսաստանում չէին նկատում աբխազական ՈԿԿ-ների աշխատանքը, ապա 2008 թվականից ի վեր իրավիճակն էապես փոխվել է։ Ռուս-արևմտյան հակասությունների սրացումը, որը սաստկանալու նոր փուլ է արձանագրել ուկրաինական իրադարձությունների համատեքստում, լրջորեն ազդել է քաղաքացիական հասարակության դերի և պետության ներսում քաղաքացիական կազմակերպությունների գործունեության նկատմամբ Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա։ Բացասական վերաբերմունքի սաստկացումը հատկապես վերաբերել է արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող ՈԿԿ-ներին։ Ռուսաստանում կատարվել են օրենսդրական մակարդակի փոփոխություններ. ընդունվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Այս փոփոխությունները հանգեցրել են նաև եվրոպական կազմակերպությունների հետ գործընկերային կապեր հաստատած աբխազական ՈԿԿ-ների նկատմամբ վերաբերմունքի վատթարացմանը։ Առանց աբխազական համատեքստը պատշաճորեն ուսումնասիրելու և աբխազական ՈԿԿ-ների աշխատանքի բնույթն ընկալելու՝ ռուսաստանցի որոշ փորձագետներ և լրագրողներ նախ սկսել են վարել ժողովրդավարացման, քաղաքացիական կրթության, վրաց-աբխազական երկխոսության և Աբխազիայի ապամեկուսացման հարցերով զբաղվող աբխազական քաղաքացիական կազմակերպությունների անանուն, ապա՝ ըստ էության բացահայտ վարկաբեկման արշավ։ Վերջին երկու-երեք տարիների ընթացքում որոշ կայքերում և Աբխազիայում տարածվող մամուլում լույս են տեսել ՈԿԿ-ների գործունեությունը խստորեն դատապարտող բազմաթիվ հրապարակումներ։ Որպես օրինակ մեջբերենք հիշյալ հրապարակումներից մեկում տեղ գտած մի քանի արտահայտություն. «Ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունները…հետամուտ են գործող իշխանության տապալմանը», «Քաղաքացիական ակտիվությունը՝ յուրաքանչյուր հասարակութուն պառակտելու և…իշխանության դեմ սադրելու ամենաարդյունավետ եղանակն է. այսպես են մայդաններ հրահրում», «Աբխազիայի պարագայում զինաթափումը պետք է սկսել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից»։[1]
Այս մեղադրանքները հնչում են ի հեճուկս այն հանգամանքի, որ աբխազական ՈԿԿ-ները հետևողականորեն ապացուցել են, որ հավատարիմ են իշխանության և ընդդիմության միջև երկխոսության պայմաններ ստեղծելու, բոլոր օրինական քաղաքական ուժերին ԶԼՄ-ներից հավասարապես օգտվելու և իշխանափոխության ժամանակ Սահմանադրությունը խստագույնս պահպանելու միջոցով ներքաղաքական ճգնաժամերը հաղթահարելու սկզբունքին։
Հնարավոր չէ հասկանալ, թե ինչ են շահում աբխազական ՈԿԿ-ների վարկաբեկման փորձ կատարած հեղինակները։ Չէ՞ որ ռուսալեզու բնակչության ներկայացուցիչներն իրենց իրավունքների խախտմամն դեպքում աջակցություն գտնելու նպատակով հաճախ հենց ՈԿԿ-ներին են դիմում։ Վաղ թե ուշ ոմանք պետք է ըմբռնեն, որ նմանատիպ հրապարակումները և ստալինյան ժամանակների ոճով կատարվող ստահոդ տեղեկատվական ներարկումները բոլորովին էլ չեն ծառայում ռուս-աբխազական հարաբերությունների ամրապնդմանը։ Աբխազիայի քաղաքացիական կազմակերպությունների աշխատակիցները հուսով են, որ աբխազական իրականությանը քաջատեղյակ քաղաքական գործիչներն ու փորձագետները հետ կբերեն իրավիճակն ավելի բանական հուն՝ կանխելով աչառու տեղեկատվության տարածումը։ Այսպես, հայտնի քաղաքագետ և Կովկասի փայլուն մասնագետ Սերգեյ Մարկեդոնովը նշել է, որ քաղաքական առումով նրանք առաջնորդվում են իրենց երկրի շահերով և կատարում են այնպիսի գործառույթներ, որոնց պետական մակարդակում իրականացումը երբեմն պարզապես անհնարին է։
Իհարկե, ՈԿԿ-ների հանդեպ բացասական վերաբերմունքը պայմանավորված է նաև տեղեկատվական աշխատանքի և հասարակության հետ կապերի զարգացման կարևորությունը թերագնահատող որոշ քաղաքացիական ակտիվիստների վարքագծով։ Նրանք երբեմն չափազանց շատ են կենտրոնանում սոսկ իրենց անմիջական նպատակակետերի շուրջ՝ անբավարար ջանքեր թափելով իրենց գործունեությունն ու ձեռքբերումները հանրությանը լիարժեքորեն ներկայացնելու համար։ Արդյունքում՝ տեղեկատվության պակասը հաճախ լրացվում է մտացածին ու կանխակալ նախապաշարմունքներով։
Մինչ այս խոսքն ավելի շատ ՈԿԿ-ների խնդիրների մասին էր, թեև նրանց գործունեության մեջ, անկասկած, կան նաև բազում դրական հայեցակետեր։ Այսպես, երկարատև և հետևողական լուսավորչական աշխատանքի շնորհիվ քաղաքացիական հասարակության ընկալումն ինքնին արդեն մերժելի չէ՝ ի տարբերություն 10-15 տարի առաջ եղած իրավիճակի։ Քաղաքացիական կազմակերպություններին հաջողվել է ընդունել տալ մի շարք կարևոր՝ ԶԼՄ-ների, Գենդերային իրավահավասարության և Տեղեկատվության մատչելիության մասին օրենքները։ Մի շարք կարևոր օրենքներ այժմ խորհրդարանական քննարկման փուլում են (օրինակ՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար մատչելի միջավայրի մասին օրինագիծը)։ ՈԿԿ-ների ակտիվ մասնակցությամբ առաջարկվել և ընդունվել են կարևոր փոփոխություններ պատգամավորների ընտրության (մասնավորապես՝ «Հանրային դիտարկման մասին» փոփոխությունը), Դատական համակարգի և Մարդու իրավունքների պաշտպանի մասին և մի շարք այլ օրենքներում։
Ի հեճուկս ՈԿԿ-ների նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքի և որոշ նախապաշարումների առկայության՝ Աբխազիայի հասարակությունն այսօր հանգիստ է տանում քաղաքացիական հասարակության առաջնորդների ակտիվ դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ավելին՝ ճգնաժամային իրավիճակներում ՈԿԿ-ների ամենաերդվյալ քննադատներն անգամ պահանջում են, որ ՈԿԿ-ները հրապարակավ արտահայտվեն այս կամ այն հանրորեն կարևոր խնդրի վերաբերյալ։ Իհարկե, տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելու և գնահատելու համար ՈԿԿ-ները չունեն բավարար ուժ, այլևայլ ոլորտների արհեստավարժ մասնագետներ և լրատվական հնարավորություններ։ Այնուամենայնիվ, տարբեր քաղաքացիական կազմակերպությունների մի շարք ոլորտներում հաջողվում է արդյունավետ աշխատել։ Այսպես, ՈԿԿ-ներն ուսումնասիրում են բնակչության տարբեր շերտերի կարիքները, հայտնաբերում, շեշտադրում և հետևողականորեն նպաստում են հասարակական առաջնահերթ պահանջների բավարարմանը՝ դառնալով բարդ և ժողովրդականություն չվայելող (քաղաքական գործիչների և կուսակցությունների կողմից դժվարագույն համարվող) խնդիրների քննարկման պատճառ։ Քաղաքացիական շատ կազմակերպություններ իրենց երկարամյա գործունեությամբ վաստակել են հասարակության հարգանքը։ Աբխազական ամենաակտիվ ՈԿԿ-ների առաջնորդները տարիներ շարունակ մասնակցում են զանազան ոլորտներում առկա խնդիրների հրապարակային քննարկումներին, նրանց ներառում են օրինագծերի նախապատրաստմամբ զբաղվող՝ խորհրդարանին առընթեր հանձնաժողովների կազմում։ Հանրային պալատի կազմավորման օրվանից քաղաքացիական հասարակության առաջնորդները նշված հարթակում ունեն կարևոր դեր։
Իհարկե, դեռ չի հաջողվում արդյունավետորեն լուծել մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, պետական կառույցների աշխատանքի քաղաքացիական վերահսկողությունն իրականացնելու, դպրոցական ուսումնական ծրագրերում քաղաքացիական կրթության լիարժեք ներդրման խնդիրները։
Ի մի բերելով ողջ վերոշարադրյալը՝ կարելի է ասել, որ աբխազական ՈԿԿ-ները, ի հեճուկս գոյություն ունեցող բոլոր դժվարությունների, հարթել են սեփական զարգացման յուրօրինակ ուղի։ Նրանք հաստատուն կերպով պահում են ՈԿԿ-ների մասին արևմտյան և ռուսաստանյան կարծրատիպերին չհամապատասխանող դիրքորոշում՝ ապացուցելով, որ հնարավոր է առաջնորդվել սեփական երկրի շահերով և միաժամանակ նպաստել հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների առաջմղմանը։ Նրանք ցույց են տալիս, որ կարելի է հետևողականորեն պաշտպանել Աբխազիայի անկախությունը և, միաժամանակ, հակառակ կողմի հետ վարել կայուն խաղաղության ուղին որոնելուն միտված երկխոսություն, որն ինքնին կարևոր է ոչ միայն Աբխազիայի, այլև ողջ կովկասյան տարածաշրջանի համար։
__________
[1] http://sputnik-abkhazia.ru/analytics/20161025/1019735928/gumanitarnaya-intervenciya-opasnee-chem-vooruzhennoe-napadenie.html