Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքական վերլուծաբան
Վորոնեժ, Ռուսաստան
Վերջին տարիները նշանավորվել են ռուսաստանյան ոչ առևտրային կազմակերպությունների և, մասնավորապես, ոչ կառավարական միավորումների աշխատանքի պայմանների վատթարացմամբ։ Այդ վատթարացումը պայմանավորված է 2012թ. «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի ընդունմամբ, որն արտասահմանից դրամական միջոցներ ստացող և քաղաքական գործունեությամբ զբաղվող ոչ առևտրային կազմակերպությունները դասում էր «օտարերկրյա գործակալների» թվին։ Հարցականի տակ է հայտնվել Ռուսաստանի տարածքում մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) գոյությունը. հիշյալ կազմակերպությունները ենթարկվում էին չափազանց մեծ տուգանքների, իսկ պետական մակարդակով ծավալված հարձակողական քարոզչությունը վարկաբեկում էր նրանց բարի անունը։ Միայն 2014թ. ընթացքում օտարերկրյա գործակալների թվին են դասվել ռուսաստանյան 52 ՈԿԿ-ներ, իսկ 2016թ. վերջի դրությամբ՝ 148-ը։ Դրանցից 26-ը հարկադրաբար դադարել են գործել։Ամենածանր հարվածը ստացել են իրավապաշտպան և բնապահպանական կազմակերպությունները. դրան անուղղակիորեն ի պատասխան՝ 2015թ. ընդունվել է իրավապաշտպանների դերի և նրանց պաշտպանության մասին ՄԱԿ-ի բանաձևը։ Հիշյալ փաստաթուղթն արժանացել է սույն կազմակերպության 117 անդամ-պետությունների հավանությանը։ Եվրոպայի Խորհուրդը նույնպես աննկատ չի թողել ռուսաստանյան օրենսդիրների որոշումը՝ կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Նիլս Մույժնիեքսի շուրթերով հայտարարելով, որ «Նոր կանոնները հանգեցրել են մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների փակման, իսկ այլ ՈԿԿ-ներն այժմ ինքնագրաքննությամբ են զբաղվում և գերզգույշ վարքագիծ դրսևորում, հրաժարվելով մասնակցել այնպիսի միջոցառումների, որոնք կարող են որպես «քաղաքական» գնահատվել»։ «Մեմորիալ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հայտարարության մեջ ասված է. «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի հայեցակարգն, ըստ էության, չի բխում օրենքի գերակայության սկզբունքից։ Չկա ոչ մի խնդիր, որը սույն օրենքով կարող է լուծում ստանալ։ Օրենքի ընդունման ջատագովների նպատակները բացառապես քաղաքական ու կոնյուկտուրային էին, իսկ դրա ձևակերպումներն ի սկզբանե ստեղծում են ակնհայտ իրավական անորոշություն։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքը փաստորեն ուժի մեջ է մտցնում կազմակերպությունների նշված խմբի մեղավորության կանխավարկածը»։
Քանի որ «քաղաքական գործունեություն» եզրույթը ռուսաստանյան արդարադատության կողմից բավական ազատորեն է մեկնաբանվում և հաճախ չունի կիրառության հստակ սահմաններ՝ «օտարերկրյա գործակալ» կարող է ճանաչվել (և ճանաչվում է) կազմակերպությունների լայն շրջանակ։ Կիրառվող միակ չափորոշիչը՝ այս կամ այն մակարդակում իշխանություններին ոչ հաճո գործունեությունն է։ Պատահական չէ, որ միջազգային «Amnesty International» կազմակերպությունը օտարերկրյա գործակալների մասին ռուսաստանյան օրենքը մեկնաբանել է որպես ոչ այլ ինչ, քան քաղաքացիական հասարակությունը և սեփական կարծիքի արտահայտման ազատությունը ճնշելուն միտված ակտ։ Արդարադատության նախարարությունը մի քանի տարիների ընթացքում անընդհատ մեծ քանակի բողոքի նամակներ էր ստանում. դիմողների թվում էին ռուսական ՊԵՆ-կենտրոնի և Ազատ պատմագիտական ընկերության անդամները, գիտնականներ, գրողներ և հասարակական գործիչներ՝ խմբովին և անհատապես։
Սա բոլորովին զարմանալի չէ, չէ՞ որ ՌԴ-ում օտարերկրյա գործակալների թիվն անընդհատ աճում է. նրանց շարքերում են հայտնվում ոչ միայն քաղաքականությունից միանգամայն հեռու, այլև ներկայիս Ռուսաստանին լիովին օգտակար բնապահպանական, կրթական կամ մինչև իսկ հաշմանդամների հարցերով զբաղվող կազմակերպություններ։ Օրինակ, վերջերս դադարել է գործել Սոսնովի Բոր քաղաքի «Կանաչ աշխարհ» կազմակերպությունը։ Այս կազմակերպության գործունեության շնորհիվ ստեղծվել է հատուկ պահպանության քաղաքամերձ գոտի, դադարեցվել է (ուշադրություն) ռուս-ամերիկյան ալյումինի գործարանի կառուցումը Լենինգրադյան ատոմային էլեկտրակայանի հարևանությամբ, մշակվել է հիշյալ ատոմակայանի աշխատանքի դադարեցման՝ Ռոսատոմի և ՄԱԳԱՏԵ-ի ընդունած հայեցակարգը։
Արդեն 2017թ. օտարերկրյա գործակալ է ճանաչվել Սանկտ-Պետերբուրգում գործող «Բելոնա» բնապահպանական կազմակերպությունը։ Վերջինս դեռևս 1998 թվականից ի վեր բնապահպանության ոլորտում իրականացնում էր բացառիկ իրավաբանական փորձաքննություն ու խորհրդատվություն և պարբերաբար կազմակերպում էր բնապահպանության խնդիրներին նվիրված կրթական միջոցառումներ։ «Բելոնայի» աշխատակիցները պարբերաբար հրապարակում էին ՌԴ-ում բնապահպանական օրենսդրության խախտմանը և միջուկային թափոններին ու չեռնոբիլյան վթարի հետևանքներին առնչվող տեղեկատվություն։ 2015թ. «Բելոնայի» Մուրմանսկի մասնաճյուղը հայտարարվել է «օտարեկրյա գործակալ» և փակվել։
Բնապահպանական ՈԿԿ-ների նկատմամբ ճնշումը միանգամայն բացատրելի է Վլադիմիր Պուտինի հայտնի արտահայտությամբ, թե տվյալ կազմակերպությունները ջանում են «խեղդել» Ռուսաստանի տնտեսությունը։ Բայց եթե ռուսաստանցի բնապահպաններին պատուհասած խդիրները որոշակիորեն սպասելի էին, ապա սոցիալական հարցումներով և շուկայական վերլուծություններով զբաղվող «Լևադա կենտրոնի»՝ օտարերկրյա գործակալների շարքին դասելն առաջին հայացքից հասկանալի չէր։ Պարզվում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունների համաձայն սոցիալական հարցումները դիտվում են որպես հասարակական-քաղաքական հայացքների ձևավորման միջոց, ուստի նույնպես քաղաքական գործունեություն են համարվում։
Սկզբնապես ՈԿԿ-ները պարզապես անտեսում էին Արդարադատության նախարարության՝ «օտարերկրյա գործակալի» նոր կարգավիճակով գրանցվելու կոչը։ Ռուսաստանյան հասարակության մեջ «օտարերկրյա գործակալ» բառակապակցության ունեցած խիստ բացասական ընկալումը ստիպում էր խուսափել համապատասխան պիտակից։ Սակայն հիշյալ օրենքն անհապաղ կիրառելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձամբ հնչած պահանջից հետո ՈԿԿ-ների դեմ գործի են անցել դատախազությունն ու վերահսկիչ գործառույթներով այլ պետական կառույցներ։ Որոշ ժամանակ անց Արդարադատության նախարարությունը սկսել է սեփական հայեցողությամբ օտարերկրյա գործակալների շարքը դասել իրեն առանձնապես «դուր եկող» կազմակերպություններին։
«Լուծելով» ՌԴ-ում անհանգստություն առաջացնող կազմակերպությունների հարցերը՝ ռուսաստանցի օրենսդիրներն անցել են դրանց արտասահմանյան գործընկերներին։ 2015թ. հուլիսին Դաշնության Խորհուրդը հաստատել է 12 օտարերկրյա ՈԿԿ-ների «հայրենասիրական» հորջորջված “ստոպ-ցուցակը”։ Ցուցակում տեղ գտած կազմակերպությունների գործունեությունը պետք է բծախնդրորեն ստուգվեր Գլխավոր դատախազության կողմից։ Կատարված ստուգումների արդյունքում այդ ՈԿԿ-ները Ռուսաստանի Դաշնության տարածքում համարվել են անցանկալի։ Այս կարգավիճակն ինքնաբերաբար հանգեցնում է ՌԴ տարածքում այդ կազմակերպությունների դրամական և գույքային գործողությունների դադարեցմանը և կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման արգելքին։ Վերոնշյալ օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցող Ռուսաստանի քաղաքացիները կարող են տուգանվել մինչև 15 հազար ռուբլի, իսկ կազմակերպությունները՝ մինչև 100 հազար ռուբլու չափով։ Արգելքի երկրորդ խախտման դեպքում կարգազանց անձին սպառնում է 2-ից 6 տարի ազատազրկում։ Անցանկալի կազմակերպություններն իրավունք չունեն անցկացնելու հրապարակային միջոցառումներ և նյութեր բաժանել՝ այդ թվում և ԶԼՄ-ների միջոցով։ «Հայրենասիրական» ցուցակում է Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը, Միջազգային հանրապետական ինստիտուտը, Ազգային ժողովրդավարության հիմնադրամը, Արտաքին գործերի ազգային ժողովրդավարական հիմնադրամը, Freedom House-ը, Մակարթուրի հիմնադրամը, Չառլզ Սթյուարթ Մոթի հիմնադրամը, Հանուն ժողովրդավարության կրթության հիմնադրամը, Մարդու իրավունքների Ղրիմի դաշտային առաքելությունը, Ուկրաինայի համակարգող խորհուրդը և Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսը։ Բոլորովին վերջերս էլ՝ սույն թվականի մարտի կեսերին, վերոհիշյալ կազմակերպություններին արգելվել է նաև իրավաբանական անձինք ստեղծել, ինչն ամբողջությամբ անհնարին է դարձնում նրանց գործունեությունը Ռուսաստանի տարածքում։
Հետաքրքիր է, որ ՌԴ Գլխավոր դատախազության տվյալներով՝ միայն Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը մասնակցել է ռուսաստանյան ՈԿԿ-ների շրջանում յուրաքանչյուր չորրորդ «օտարերկրյա գործակալի» ֆինանսավորմանը։ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը մեղադրվում էր ընտրությունները ոչ օրինավոր ճանաչելու, իշխանության մարմինների որոշումների վրա ազդելու և ՌԴ բանակում ծառայությունը վարկաբեկելուն ուղղուած 5,2 միլիոն դոլար ծախսելու համար։ Կան նաև այնպիսի «անցանկալի» կազմակերպություններ, որոնց հնարավոր չէ ներկայացնել անգամ վերոնշյալ տարօրինակ մեղադրանքները։ Օրինակ, Մակարթուրի հիմնադրամը, չունենալով ԱՄՆ կառավարության աջակցությունը և չզբաղվելով ռուսաստանցի օրենսդիրներին այդչափ վախեցնող քաղաքական գործունեությամբ, 1992 թվականից ի վեր բարձրագույն կրթության աջակցության, մարդու իրավունքների պաշտպանության և Ռուսաստանում միջուկային զենքի տարածման դեմ պայքարի համար հատկացրել է 173 միլիոն դոլար։
Ոչ առևտրային և հատկապես ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքը դադարեցնել ջանալուց բացի Ռուսաստանում ի հայտ են գալիս նաև ավելի ընդհանուր բնոյթի միտումներ։ Խոսքն, առաջին հերթին,ազատությունների մակարդակն էապես սահմանափակելու մասին է։ ՌԴ-ի և Արևմուտքի միջև արտաքին քաղաքական դիմակայության աստիճանի բարձրացմանը զուգահեռ աճում են կառավարության, օրենսդիրների և տեղական վարչակազմերի գործունեությունը քննադատող ՈԿԿ-ների նկատմաբ ճնշումները։ Տվյալ համատեքստում բոլորովին կարևոր չէ, թե որ ոլորտին է վերաբերում քննադատությունը։ Այն կարող է վերաբերել բնապահպանական, իրավական, առողջապահական կամ մինչև իսկ քաղաքական հարցերին։ Ի վերջո, ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է քաղաքականություն կոչել։
Ստեղծված իրավիճակն ու միտումները վտանգավոր են ոչ միայն ՌԴ, այլև հետխորհրդային տարածության՝ հատկապես դեպի Ռուսաստան կողմնորոշված ԵԱՏՄ անդամ այլ երկրների համար։ Ունենալով խիստ անկատար, լիովին չձևավորված ու չկայացած քաղաքական (երբեմն ավտորիտար) համակարգեր, կայացման ուղղությամբ սոսկ առաջին քայլեր կատարող քաղաքացիական հասարակություն, գտնվելով Ռուսաստանի վճռորոշ ազդեցության գոտում՝ հիշյալ երկրներն այդ ուղիով թերևս էլ ավելի հեռու ընթանան։ Եթե Տաջիկստանի, Բելառուսի կամ Ղազախստանի պես պետություններն, ընդհանուր առմամբ, արդեն լուծել են իշխանությունների կողմից չվերահսկվող ՈԿԿ-ների հարցերը, ապա Հայաստանն ու Ղրղզստանը դեռևս ունեն այդ ճանապարհից հետ դառնալու հնարավորություն։ Հաշվի առնելով այն փաստը, որ, օրինակ, որոշ խմբերի քաղաքացիների իրավունքների պաշտպանության կամ բնապահպանական ոլորտի հարցերն այդ պետություններում իշխանությունների կողմից գործնականում չեն կարգավորվում և գտնվում են հիմնականում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության տիրույթում, վերջիններիս նկատմամբ զգուշավորությունը, մեղմ ասած, չէր խանգարի։