Աննա ՕՀԱՆՅԱՆ
Գիտությունների դոկտոր, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների` Ռիչարդ Բ. Ֆինեգանի անվան պրոֆեսոր
Սթոնհիլ Քոլեջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
2016 թվականը Ատլանտիկ օվկիանոսի երկու կողմերում մակաբերեց Brexit և պոպուլիզմի աճ ընտրական գործընթացներում: Այս զարգացումները հանգեցրին հասարակական բացառիկ դիսկուրսի, ինչպես նաև կոսմոպոլիտիզմի և մարդասիրական արժեքների դեմ կոշտ հարձակումների: 2016-ը կմնա պատմության մեջ որպես նշանակալի և ջրբաժան հանդիսացող տարի, սակայն այն ընդամենը արդյունք էր դեռ քսան տարի առաջ գործող ուժերի: Այս տարվա մեջ ինչպես հին և նոր, մեծ և փոքր ժողովրդավարությունները, այնպես էլ տեղական և համաշխարհային ինստիտուցիաները փորձությունների ենթարկվեցին: Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշած «Ամերիկան առաջինը» քաղաքական դիրքորոշումը մարտահրավեր նետեց այն ամբողջ համաշխարհային կարգին, որը կառուցել էր ԱՄՆ-ն Եվրոպայի հետ միասին Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած շրջանում: Թեպետ վերլուծաբանները վաղուց կանխագուշակում էին դիմակայության աճ ԱՄՆ-ի առաջնորդած և լիբերալ կանոնների հիման վրա գործող կարգի դեմ, դիմակայություն, որը պետք է վրա հասներ ուժգնացող պետությունների և տնտեսական զարգացման այլընտրանքային մոդելների կողմից, սակայն նախագահ Թրամփի ընտրությունը և նրա առաջ քաշած «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը նոր մեխանիզմ ավելացրեցին այդ մարտահրավերին. ինքնասաբոտաժ ներսից[1]: Ուրեմն, ինչքա՞ն համաշխարհային, ինչքա՞ն լիբերալ էր այդ կարգը: Ինչքանո՞վ էր այդ կարգը կարգավորված:Սա պարզ կդառնա գալիք տարիներին: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են համաշխարհային կարգի հատվածայնացում, մյուսներն էլ ասում են, որ ստեղծվելիք «բազմաշերտ» աշխարհն այդքան էլ վատը չի լինի (Acharya 2014): Ջոն Իկենբերին պնդում էր, որ լիբերալ աշխարհն իր իսկ հաջողության զոհն է դարձել[2]: Կառուցված լինելով բաց առևտրի, բազմակողմանիության, դաշինքների, ժողովրդավարական համերաշխության և մարդու իրավունքների վրա՝ լիբերալ հեգեմոն աշխարհը օգտակար էր շատ երկրների և ուժ հավաքող պետությունների համար, որոնք այժմ պայքարում են «սեղանի շուրջ ավելի լավ տեղ զբաղեցնելու համար»: Ըստ այդ փաստարկի՝ նման երկրները ջանում են ձեռք բերել ավելի «հզոր ձայն» և ներկայացվածություն, այլ ոչ թե ոչնչացնել այն համակարգը, որը նպաստել է իրենց աճին:
Գալիք տարիները նշանակալի են լինելու ՀԿ ոլորտի համար անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք կգոյատևի ամերիկյան մենիշխանության կողմից մշակված և պահպանվող, լիբերալ կանոնների վրա հիմնված աշխարհը, թե՞ ոչ, և ի՞նչ տեսք այն կունենա: Ժողովրդավարության փոխկապակցված նահանջներն աշխարհով մեկ առանցքային դեր են կատարելու հասարակական մասնակցության և պետական որոշումների կայացմանը հասարակության հասանելությունն ապահովելու հարցերում. Իսկ դրա կենտրոնական գործիքներ են հասարակական կազմակերպությունները:
Այս զարգացումները, միանշանակ, լի են հնարավորություններով և մարտահրավերներով համաշխարհային քաղաքացիական հասարակության համար: Համաշխարհային քաղաքականության մեջ ՀԿ-ների դերի ավելի մանրամասն վերլուծության համար հետևյալ ուրվագծումը կարող է օգտակար լինել. 1) ՀԿ-ները որպես գաղափար, կանոնակարգող շրջանակ՝ թե ինչպիսին պիտի լինի կյանքը, 2) ՀԿ-ները որպես կազմակերպչական ձև, որը բնութագրվում է ինստիտուցիոնալ ենթակառուցվածքով և 3) ՀԿ-ները որպես կոլեկտիվ գործողության մեխանիզմ:
Առաջին. որպես գաղափար, որպես կոլեկտիվ կազմակերպման կամավորական ձև՝ ՀԿ-ները ավելի հին պատմություն ունեն, քան համաշխարհային կառավարման համակարգը: Վերլուծաբանների մեծամասնությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը համարում է լիբերալ աշխարհակարգի ժամանակակից կառուցվածքի մեկնարկային կետ. կառուցվածք, որ զարգացավ Բրեթոն Վուդս համակարգի շուրջ: ՀԿ-ներն, իրենց հերթին, դիտարկվում են որպես այդ համակարգի հավելումներ: Մենք, սակայն, հաճախ մոռանում ենք, որ ՀԿ-ները, որպես կոլեկտիվ կազմակերպման գաղափար և մեթոդ, ավելի հին են, քան Բրեթոն Վուդս համակարգը և նույնիսկ Ազգերի լիգան: Օրինակ, այն արտառոց դերը, որ կատարեցին ամերիկյան միսիոներները Օսմանյան կայսրության վերջին տարիներին Հայոց Ցեղասպանության ժամանակ մարդկային տառապանքը նվազեցնելու գործում, կարևոր պատմական դրվագ է մարդասիրական ՀԿ-ների ժամանակակից ենթակառուցվածքը հասկանալու համար: Պատմական այդ պահին զանազան քաղաքացիական խմբեր մոբիլիզացվեցին Միացյալ Նահանգներում հայ համայքներին օգնություն ցույց տալու նպատակով, քանզի համաշխարհային մակարդակում չկար որևէ լուրջ ենթակառուցվածք նման դեր ստանձնելու համար (Balakian [3] 20043; Watenpaugh [4] 2015): Համաշխարհային մակարդակով մասնավոր կազմակերպման նմանատիպ, նույնիսկ ավելի վաղ շրջանի օրինակներ կարելի է գտնել աշխարհի տարբեր մասերում, երբ անհատները միավորվում էին խմբերում կամ նախաձեռնություններում՝ բարդ խնդիրներով զբաղվելու նպատակով, որոնք անտեսվում էին կառավարման պաշտոնական կառույցների կողմից:
Երկրորդ. որպես կազմակերպչական ձև՝ ՀԿ-ները հանդիպելու են լուրջ սահմանափակումների ֆինանսավորման և կազմակերպչական օժանդակության տեսանկյունից: Մինչ այժմ քաղաքացիական հասարակությունը, և ՀԿ-ները մասնավորապես, նշանակալի դեր են կատարել լիբերալիզմի ինստիտուցիոնալ բազան և գաղափարական ձգտումն ամրապնդելու, ինչպես նաև աշխարհը «բացելու» հարցերում: Ծառայություններ մատուցող ՀԿ-ները մասնավորապես ընդլայնեցին խոշոր միջազգային կազմակերպությունների ադմինիստրատիվ հասանելությունը և խելամիտ ձևով կապեցին դրանք թիրախային համայքներին: Շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն առանցքային մեխանիզմներ են հադիսացել մարդու իրավունքներին վերաբերող պայմանագրային պարտավորություններն աշխարհով մեկ կյանքի կոչելու գործում: Միաժամանակ, ՀԿ-ները ենթարկվել են քննադատության պետությունների ներսում և նրանց միջև աղքատության ու տնտեսական անհավասարության կառուցվածքային խնդիրներին հապճեպ լուծումներ առաջարկելու մեղադրանքով: Դիտարկվելով որպես միջազգային կազմակերպությունների հավելումներ, որոնք ամրապնդում են կանոնների վրա հիմնված աշխարհակարգը՝ ՀԿ-ներն ընդունվում կամ քննադատվում են ինչպես համաշխարհային հյուսիսից, այնպես էլ հարավից:
ՀԿ-ների կազմակերպչական մարտահրավերը կապված է համաշխարհային կառավարման և կանոնների հետ՝ հիմնված աշխարհակարգի վրա: Եթե ներկայիս Արևմտյան ժողովրդավարություններում կարծես ավելի ու ավելի արտահայտվող քաղաքական գիծը՝ հիմնված պրոտեկցիոնիզմի և ներպետական կենտրոնացման վրա, շարունակվի՝ համաշխարհային ՀԿ սեկտորը ստիպված կլինի վերահայտնագործել կամ գտնել ներգրավման նոր ձևեր: Զարգացող աշխարհում կառավարման բացերը շատ են՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում: Համաշխարհային ՀԿ-ների անհրաժեշտությունն էլ ավելի է զգացվում, քան երբևէ:
Երրորդ. ՀԿ-ները՝ որպես կոլեկտիվ գործողությունների մեխանիզմ. սա այն ոլորտն է, որը կարող է վերածնվել զարգացող աշխարհում, հատկապես եթե արևմտյան ժողովրդավարությունները կրճատեն իրենց օժանդակությունը լիբերալիզմի համաշխարհայնացման համար: Զարգացող աշխարհում տեղական ՀԿ-ների աճն իրական է և ոգևորող: Զարգացող աշխարհում, հատկապես հետկոմունիստական Եվրասիայում, Սառը պատերազմից հետո քաղաքացիական հասարակության ոլորտում արված ներդրումները կարող են սկսել նշանակալի արդյունքներ տալ: Այս առումով հասարակական աջակցությունը ՀԿ սեկտորին, ինչպես նաև բարենպաստ հարկային բարեփոխումները, որոնք կնպաստեն բարեգործական ներդրումների ավելացմանը, պարտադիր պայմաններ են հանդիսանում: Այստեղ մտահոգություն է առաջացնում ավտորիտար հակումների վերածնունդը, առնվազն կարճաժակետ կտրվածքով, ինչը կարող է լուրջ արգելք հանդիսանալ երկրների ներսում ՀԿ սեկտորի առաջխաղացման ճանապարհին:
Տեխնոլոգիան և քաղաքացիական ակտիվությունն այս թվային դարաշրջանում ցույց են տվել, որ կարող են մոբիլիզացնել մարդկանց աշխարհի տարբեր մասերում, թեպետ տարբեր հետազոտական կարծիքներ կան քաղաքացիական ներգրավվածության վրա դրանց կայուն ազդեցության վերաբերյալ: Եթե պետական մարմինները նսեմացնեն ՀԿ-ներին և խնդիրներ առաջացնեն ՀԿ սեկտորի համար, ինչի վառ օրինակն է Ռուսաստանը, ապա դա նախապայմաններ կստեղծի ավելի ու ավելի ակտիվացող փողոցային բողոքների համար, իսկ դրանք թվային դարաշրջանում բավականին ազդեցիկ են: Ժամանակակից ավտորիտարիզմը շուտով կհասկանա ուժեղ քաղաքացիական հասարակության օգուտները որպես սոցիալական փոփոխության և ռեֆորմի կայուն շարժիչ՝ մի կողմից, և, մյուս կողմից, արգելակ՝ հեղափոխական ապստամբությունների ճանապարհին: Զավեշտաբար, հետխորհրդային շատ պետություններում ՀԿ-ները սխալմամբ ասոցացվում են փողոցային բողոքների և հեղափոխական փոփոխությունների հետ:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ դիրքորոշումներ կան այս հարցի վերաբերյալ, ՀԿ-ները մնում են անփոխարինելի, եթե կանոնների վրա հիմնված կարգը՝ տարածաշրջանային թե համաշխարհային, պիտի պահպանվի և զարգանա:
Անգլերենից հայերեն թարգմանությունը Ռոբերտ Ղազինյանի
______________
[1]Այս միտքն արտահայտվել է International Studies Association-ի համաժողովում՝ 2017 թ. փետրվարին, Բալտիմորում, Մերիլենդ, ԱՄՆ:
[2]https://www.washingtonpost.com/news/in-theory/wp/2016/01/27/american-leadership-is-in-crisis-but-the-world-order-is-not/?utm_term=.652f33d0efa7#comments
[3] Peter Balakian. 2004. The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response. Harper Perennial
[4] Keith D. Watenpaugh. 2015. The Middle East and the Making of Modern Humanitarianism. University of California Press.