Գևորգ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գլխավոր տնօրեն
Երևան
«Անալիտիկոնի» սույն հատուկ համարի գաղափարը ծնվեց հետևյալ իրադրության մեջ. հերթական անգամ եվրասիական տարածքում հալածանքի էին ենթարկվում մի հայտնի հասարակական կազմակերպություն և նրա խարիզմատիկ ղեկավարը: Հարակից քաղաքական միավորներում՝ ճանաչված թե ոչ, ցանկություն էր առաջացել պաշտպանական կոլեկտիվ նամակով հանդես գալ: Քննարկումը, սակայն, ցույց տվեց, որ նման նամակը գուցեև է՛լ ավելի վատ հետևանք ունենա, քանի որ կմեկնաբանվի, որ իբր «թշնամին» պաշտպանում է հալածյալին, այսինքն՝ նրան հալածանքի ենթարկող քաղաքական միավորում կվերահաստատվի այն միտքը, որ նա «թշնամական» գործունեություն էր ծավալում: Դեռ ոչինչ, եթե դա մնա ասեկոսների կամ մարգինալ մեդիայում արտահայտված կարծիքների մակարդակին:Ավաղ, հետխորհրդային մի շարք երկրներում, և ոչ միայն, կամաց-կամաց այդպիսի մոտեցումը ձևավորվում և արմատավորվում է արդեն պետական քաղաքականության մակարդակով:
Մենք որոշեցինք խնդրել որոշ հեղինակների կարծիք արտահայտել, հետազոտել, թե ինչ վիճակում է ՀԿ սեկտորը տարածաշրջանում, և, եթե հնարավոր գտնեն, նշեն ՀԿ սեկտորի սոլիդարության վերաբերյալ իրենց նկատառումները. դրա օգուտն ու վնասը: Պարզ է, որ «նորմալ» պայմաններում այդպիսի սոլիդարության դրսևորումները կդիտարկվեին որպես բնականոն: Սակայն մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ավելի ու ավելի քաղաքական միավորներ են լցվում թշնամանքով դեպի ՀԿ սեկտորը և սկսում այն հետապնդել: Դե, իսկ այն «սանձելու» փորձերն անպակաս էին միշտ էլ:
Պատահական չէ, որ համարում ընդգրկված հոդվածները մեծ մասամբ միայն թռուցիկ կերպով և զգուշությամբ են արտահայտվում այդ խնդրի վերաբերյալ: Մինչդեռ «ժողովրդի թշնամի», «արտասահմանյան գործակալ» և նման պիտակներն արդեն նույնիսկ երբեմն, որոշ իրավատարածքներում, որպես պաշտոնական, օրենսդրական մոտեցում են ծաղկում, և նույնիսկ ԱՄՆ նախագահը չի զլանում օգտագործել այդպիսի պիտակ:
Սա մեզ օգնում է հասկանալ Խորհրդային Միության ստալինյան ժամանակաշրջանի, ինչպես նաև նացիզմի հասարակական ֆենոմեններից մեկը. շատերս, և շատ կարկառուն հեղինակներ զարմացել ենք, թե ինչու այդքան քիչ են եղել ընդվզումները, կամ թեկուզ լուռ դիմադրությունը հետապնդումներին: Մենք կարող ենք այսօր՝ դեռևս հիմնականում ավելի «փափուկ» հետապնդումների պայմաններում, հասկանալ, թե ինչու. որովհետև բացեիբաց աջակցությունը՝
ա) կբերեր զոհի նկատմամբ վերաբերմունքի է՛լ ավելի վատացման
բ) աջակցողի՝ աջակցելու հնարավորությունների կորստի և զոհ դառնալու վտանգի
Իսկ առանց բացեիբաց աջակցության լուռ աջակցությունը չէր կարող դառնալ հասարակայնորեն հնչեղ և ներգրավել նորանոր աջակիցների:
ՀԿ-ները, որոնք ինստիտուցիոնալ մարմիններ են և հակված են կայունորեն իրենց առաքելությունը կատարելուն, նաև դրսևորում են զգուշողականություն, երբեմն՝ չափազանցված. և դա երբեմն հանգեցնում է նրանց առաքելության պարտության: Կովկասյան ֆորումը, որը նշված է Միխեիլ Միրզիաշվիլիի հոդվածի ծանոթագրությունում, համակովկասյան խաղաղարարության և սոլիդարության փայլուն օրինակ էր, որը, սակայն, դադարեց ակտիվ լինել, երբ նրա մասնակից ՀԿ-ներն ընկան քաղաքական հաշվարկների ետևից: Ֆորումը թույլ էր տալիս չճանաչված տարածքների քաղհասարակությանը՝ ունենալ միջազգային ձայն. համակովկասյան հասարակական կարծիքն ու խաղաղության կոչն ավելի ուժգին էին, քան ամեն մի առանձին երկրից կամ տարածքից եկողը, ավելի համընդհանուր:
Սակայն ՀԿ-ները զոհաբերեցին այդ հնարավորությունը հանուն իրենց կառավարական մարմինների սխալ հաշվարկներին հավատարմության. իրենց միջազգային և համամարդկային ձայնը զոհաբերեցին այսպես կոչված «հայրենասիրությանը», որի արդյունքում կորցրեցին այդ կարևոր և խոշոր հնարավորությունը՝ միջազգային հանրությունում իրենց ձայնը հնչեցնել, և կամաց-կամաց սմքեցին որոշ տարածքներում. Ալվարդ Սարգսյանի հոդվածում նկարագրված բացասական միտումները նաև դրանով են բացատրվում:
Եվ հետաքրքիր է, որ այդ կառույցը նշվում է մեր վրացի գործընկերոջ տեքստում, որը, թվում է, պիտի ունենար «հայրենասիրական» պարտավորություն՝ այդ կառույցը չհավանել, քանի որ այն ձայն էր տալիս չճանաչվածներին, նրանց՝ ով ձայնից զուրկ է: Իսկ ձայնից զուրկ լինելը պարզունակ մոտեցման դեպքում հավասարազոր է գոյություն չունենալուն, և ձայնազուրկ պահելը շահավետ է թվում կարճատես իշխողներին: Տարիներ պիտի անցնեին, որ այդ ունիկալ կառույցը և նրա առաջարկած շանսը սկսվեին քննարկվել ու վերլուծվել, ինչպես դա արվել է նաև սույն համարի մեկ այլ հեղինակի՝ Աննա Օհանյանի մի կարևոր աշխատությունում[1]:
Սա ցույց է տալիս, որ ՀԿ-ները՝ քաղաքացիական հասարակության ինստիտուցիաները, կարևոր են հազար ու մի պատճառով, որոնցից, սակայն, մեկն էլ այն է, որ նրանք պատնեշ են տոտալիտարիզմի և բռնարարական ռեժիմների դեմ:
Այնտեղ, որտեղ նրանք չկան, քիչ են կամ լուռ, բռնարարական ռեժիմը կամ կա, կամ ավելի մեծ շանս ունի կայանալու:
«Գեղեցիկ» է, իհարկե, ՀԿ-ների դեմ գաղափարախոսությունը. քանի որ նրանք մեր տարածաշրջանում հիմնականում ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից, նրանք հայտարարվում են Արևմուտքի կամ ընդհանրապես օտար պետության «գործակալ», ուրեմն և՝ սեփական պետության «հիմքերը խարխլող»: Այսպիսի մոտեցումն, իհարկե, հատուկ աշխարհայացք է պայմանավորում. ըստ այդ աշխարհայացքի՝ «ով որ աղջկան հյուրասիրում է, նա էլ պարում է նրա հետ», այսինքն՝ ով փող է տալիս՝ հենց նրա պատվերն են կատարում:
Սա, իհարկե, եթե անկեղծ կարծիք է, ապա խորհրդային և հետխորհրդային, ծառայամիտ հոմո սովիետիկուսի հոգեբանության հստակ արտահայտում է: Ու շատ պարզունակ, որովհետև գիտությունն ու առողջ բանականությունն ասում են, որ նույնիսկ երբ հստակ հրաման է տրվում, ու մարդ պարտավոր է այն կատարել՝ մարդ այն աղավաղված է իրագործում: Նախ՝ որովհետև միշտ կա նշանային հրամանի ու նրա իրագործման իրական արդյունքի միջև տարբերություն: Ասենք, գնդապետը զինվորներին հրամայում է երեք մետր խորությամբ խրամատ փորել. իրական ստացված խրամատը կլինի ոչ ճշգրիտ երեք մետր խորության: Դրա վերաբերյալ կան շատ կատակներ սովետական բանակի ժամանակներից, օրինակ՝ «Փորիր այստեղից մինչև երեկո»:
Երկրորդ՝ որովհետև մարդն ազատության մարմնավորում է, և նա չի կարող անշունչի պես վարվել. կոճակը սեղմեցիր՝ լույսը վառվեց: Մարդն այդպիսին չէ: Այսինքն՝ նույնիսկ երբ մարդ «ծախված է» և կամ «ծառայում է», նա իր գործունեության ընթացքում հեռանում է նախանշված պլանից: Հենց այդ պատճառով, ի թիվս այլոց, կործանվեց ԽՍՀՄ-ը. շրջանցելով ամենազոր գաղափարախոսությունը՝ մարդիկ Մարքսին պարտադիր ցիտելը դարձնում էին ծես ու սկսում կամաց-կամաց գրել հոդվածներում այն, ինչ ուզում էին, իբր տրամաբանական կապ հաստատելով իրենց գրածի ու Մարքսի մտքի միջև:
Նրանք, ովքեր դա չեն հասկանում, կա՛մ շատ պարզունակ են մտածում (գործ ունեն միայն պարզունակ մեխանիզմների հետ), կա՛մ ուզում են, որ մարդու փոխարեն լինի անշունչ մեխանիզմ, ուզում են մարդուն դարձնել անշունչ մեխանիզմ, որ հեշտ լինի իշխելը: Էլ չասած, որ պատմության դասերը չեն հասկացել:
Ուրեմն՝ պետությունը, որ նրանք տեսնում են որպես իդեալական, ուրեմն՝իրենց երևակայած կառավարման համակարգը կազմված է անշունչ ռոբոտներից, որոնք կաղնե զինվորի պես են ծառայում, որ իշխողի իշխանությունը մնա անհողդողդ, ինչպես Ուրֆին Ջուսի զինվորները:
Այս մոտեցումը տրամաբանորեն հանգեցնում է աշխարհի «բուրգային» կառուցվածքի երևակայությանը, որտեղ բուրգի ծայրին մեկ հոգի է՝ «աշխարհի տիրակալը», որը պիտի, Աստծո պես, բոլոր հարցերը քննի ու լուծի, հասցնի: Եվ նրան բոլորը ենթարկվում են, ինչպես վառվող լամպը՝ կոճակին, առանց խոտորման: Երկրի մասշտաբով՝ դա երկրի տիրակալն է: Քանի որ դա անհնարին է ֆիզիկապես, եթե երկիրը ձգտում է դրան, ստացվում է վատ կառավարում, իսկ եթե չի էլ ձգտում կամ հասկանում է, որ չի ստացվում՝ ապա այդ երևակայությունը պարզապես հանգեցնում է դավադրությունների տեսություններին հավատալուն, նրան, որ ինչ-որ գաղտնի ու անհայտ, ամենազոր մեկի կարկանդակները քանդեցին Յանուկովիչի իշխանությունը և այլն[2]:
Դավադրությունների տեսություններին հավատալն ավելի ու ավելի է ծաղկում այսօր աշխարհում: Մինչդեռ կա առողջ բանականություն, գիտություն և մտածելու ձև, որն օգնում է սթափ գնահատել իրականությունը: Եվ այդ մոտեցումը հաճախ գալիս է ՀԿ-ներից:
ՀԿ-ները, եթե լուրջն ու լավն են, այլ ոչ թե գոնգո, ազատ քաղաքացիների միավորումներ են՝ հանրային հարցերին արձագանքելու ու դրանք լուծելու համար, և նրանք կարող են փող ստանալ ցանկացած լեգիտիմ ակունքից՝ և մնալ անկախ:
Ու եթե ես կարծիքս ու արժեքս կիսում եմ անգլիացու կամ ռուսի հետ՝ չի նշանակում, որ ես նրա պատվերն եմ կատարում: Կամ նա՝ իմ: Ու այդ կիսելը միշտ հարաբերական է, արժեքը նույնությամբ չի կիսվում. արժեքը կիսելը միշտ նշանակում է քննարկում, թե ինչպես է այն ձևակերպվում իմ աշխարհում՝ վերսուս ինչպես է ձևակերպվում խոսակցիս աշխարհում:
Այսօրվա գլոբալ աշխարհում փողը, ինչպես և ինֆորմացիան, չունի հայրենիք, բացի երկուսից. այն կամ «կեղտոտ» է՝ կոռուպցիոն գործարքների միջոցով ստացված, կամ՝ արդար.կարող է լինել աշխատավորներից պետության միջոցով գանձած հարկ կամ նրանց կողմից բարեգործաբար տրամադրված: Եվ ՀԿ-ն, եթե այնփողի արդար աղբյուրն է օգտագործում՝ շատ ավելի մաքուր է, քան շատ այլ ինստիտուցիաներ այսօրվա տարածաշրջանում:
Բայց դա էլ դեռ վերջը չէ: Վերջերս երեք երկխոսության եմ ականատես եղել.
- – Դուք օտար պետության գործակա՛լ եք, դուք դրսի պատվե՛ր եք կատարում,- ասում է մի հայաստանցի գործիչ:
– Կներեք, սակայն այդ դու՛ք եք օտար պետության գործակալ և դրսի պատվեր կատարող, – հակաճառում է մեկ այլ ոք: – Դուք որտեղի՞ց եք փող ստանում:
Մենք բոլորս էլ գիտենք, թե առաջինի բառապաշարը որտեղից է գալիս և, ուրեմն, ով է ֆինանսավորում նրան: Սակայն՝ թաքուն, ի տարբերություն նորմալ ՀԿ-ների գերակշիռ մասի: Առաջին խոսողը, ի միջի այլոց, այնքան զարմացավ ու շփոթվեց այդ պարզ պատասխանից, որ հետագա ողջ քննարկման ընթացքում լուռ մնաց: Իրոք, նա երևի անկեղծորեն մոռացել էր, որ Հայաստանը (դեռև՞ս) Ռուսաստան չէ: Մտքովը չէր անցել:
- – Դուք արտասահմանյան փողեր եք ստանում և կատարում արտասահմանի պատվերը, ձեզ վրա պիտի վերահսկողություն լինի, – ասում էր մի պետական պաշտոնյա:
– Կներեք, ամենախոշոր և, ավաղ, ոչ բավարար վերահսկելի փողերն «արտասահմանից» ստանում է պետությունը,- առարկեց ՀԿ-ականը:
Եվ կրկին «մեղադրողն» ասելիք չուներ:
- – ՀԿ-ներին վստահում է ընդամենը հասարակության յոթ տոկոսը,- ասում էր մի «խելոք» գործիչ:- Դուք պիտի աշխատեք ձեր վարկանիշի վրա, դուք թափանցիկ չեք, գրանտակեր եք:
– ՀԿ-ների նկատմամբ վստահության վարկանիշը մոտավորապես նույնն է, ինչ Կենտրոնական բանկի, Նախագահի, մեդիաների, ինչպես նաև ոստիկանության, քաղաքական կուսակցությունների, դատական համակարգի և այլն[3], – հակաճառեց ՀԿ-ականը:- Հայաստանում ընդհանրապես վստահության ճգնաժամ է: Իսկ այն, որ պետք է թափանցիկ լինել՝ իհարկե ճիշտ է:
Եվ այլն:
ՀԿ-ների վրա ճնշումները բերում են հետևյալ հետևանքների. նրանք չեն «անհետանում». մենք գիտենք, թե ինչպես որոշ երկրներում իբր «ոչնչացված» ՀԿ-ները փյունիկի պես վեր են հառնում որպես վտարանդի կամ վերադառնում տարիներ անց, երբ ռեժիմը փոխվում է: Հարավային Օսիայում վերջերս պաշտոնապես և հանդիսավոր կերպով հայտարարվեց, որ ՀԿ-ներն այնտեղ այլևս վերացել են (դադարում են գործունեություն ծավալել): Տ՛ես այդ մասին հոդվածը սույն հատուկ համարում: Սակայն, տեսնենք ինչ է լինելու մի քանի տարուց:
ՀԿ-ների գործունեությունը սահմանափակել են փորձում, հատկացնելով նրանց նեղ «ոլորտային» «միջանցք». զբաղվեք սպորտով, որբերով, անտուններով… ՀԿ-ները զբաղվում են այդ ամենով, սակայն է՛լ ավելի են բազմանում, և հենց որ հնար եղավ՝ ընդգրկելու են իրենց գործի մեջ նաև ամենակարևորը:
Իսկ ամենակարևորը պետական մարմինների հանրային վերահսկողությունն է և ավելին. նրանց պրոակտիվ կատարելագործումը: Սա հենց այն է, որով զբաղվում են ՀԿ-ները, երբ ասում են, որ «մենք զբաղվում ենք ժողովրդավարության խնդիրներով կամ Մարդու Իրավունքներով»:
Ինչու՞ է դա ամենակարևորը. որովհետև կարելի է բազում անգամներ կերակրել սովածին, սակայն եթե պետությունդ փտում է՝ սովածների քանակը չի պակասելու: Կարելի է կառուցել հազար տուն, սակայն եթե պետությունդ կոռումպացված է՝ նրանք կրկին կփլվեն երկրաշարժից: Կարելի է զարգացնել գյուղատնտեսությունը, սակայն եթե պետությունդ չի պատրաստվում պատերազմը մեկընդմիշտ բացառել՝ գեղեցիկ այգիները ոչնչանալու են արկերի տակ ու ողողվելու անմեղների արյամբ…
Մեր որոշ լեզուներում չկա տարբերակում անգլերեն politics և policy բառերի միջև. երկուսն էլ թարգմանվում են «քաղաքականություն»: Կարծես այդ լեզվածուղակից օգտվելով՝ որոշ պետական համակարգեր հայտարարում են, թե ՀԿ-ները չպիտի զբաղվեն քաղաքականությամբ և ազդեն դրա վրա, և տպավորություն է ստեղծվում, թե ՀԿ-ները զբաղվում էին քաղաքականությամբ այն նույն իմաստով, ինչ կուսակցական գործիչները. փորձելով գալ քաղաքական իշխանության:
ՀԿ-ները պարտավո՛ր են զբաղվել policy-ով, որ ոլորտում էլ դա լինի, այսինքն, եթե անտունների հարցով են զբաղվում՝ պիտի ազդեն, ասենք, պետության շինարարական քաղաքականության վրա, և այլն:
Մեր տարածաշրջանում, իսկ այսօր կարելի է ասել, որ կարծես թեաշխարհի է՛լ ավելի լայն մասում, միտումը հայրենասիրության անունից և «դրսից ազդեցությունների խուսափման» պատրվակով՝ քաղաքացիական հասարակությունըկոլապսի ենթարկելն է: Թույլ չտալը, որ մի տարածքի քաղաքացիական հասարակությունը սոլիդարություն ցուցաբերի մեկ այլ տարածքինի հետ:
Իսկ այն համաշխարհային երևութ է: Քաղաքացիական հասարակությունը մարդիկ են այն պահին, երբ չեն ձգտում քաղաքական իշխանության. չեն ձգտում շահույթի, չեն կենտրոնացած միայն սեփական ազգականներին ու կլանին օգնելու վրա, այլ գործ են անում հանրօգուտ, օգնելու համար իրենց ողջ հասարակությանը՝ որպես աշխարհի բոլոր հասարակությունների բնականոն և գեղեցիկ մասնիկ: Դա է քաղաքացիական հասարակությունը:
Մարդկային հասարակությունների միջև կապերը խզելու, սահմաններ դնելու, տարածքները փշրելու այս միտումը շատ վտանգավոր է: Այն բերում է դարավոր հետամնացության, անգրագիտացման ու հետընթացի: Ինֆորմացիան, գաղափարները, մարդիկ (եթե բարի կամքի տեր են), սոլիդարությունը պիտի ազատ հոսեն աշխարհով մեկ, որպեսզի այն զարգանա: Դա միայն օգուտ է յուրաքանչյուր մշակույթին: Դա միայն ամրապնդում է մշակույթների ուրույն արժեքը, նրանց ինքնիշխանությունը, ինչպես նաև՝ համագործակցելու կարողությունը: Պիտի բանակցելու կողմ ունենաս, որ հետը բանակցես: Պիտի «աղջիկը» լինի, որ փորձես հետը պարել: Լավ օրինակներ կան դրա վերաբերյալ Արդա Ինալ-Իպայի հոդվածում:
Իհարկե, «բաժանիր՝ որ տիրես». բնական է՝ այն իշխողը, որը ցանկանում է, որ իր կողմից իշխվողները լինեն զուտ «ռազմական» ավտոմատ մեխանիզմ, ոչ թե մարդ՝ ուզում է «պարզեցնել» աշխարհը, սահմանել իշխվողների համար «այստեղից այնտեղ». սա կարելի է՝ սա չի կարելի:
Սակայն լավ ՀԿ-ները ճկուն են, քանի որ նրանցում բյուրոկրատիան սովորաբար շատ ծանր չէ. նրանք ձեռներեց ու նորարար են, քանի որ եթե անընդհատ չսովորեն ու չկատարելագործվեն՝ չեն կարողանա ռեսուրսներ հայթայթել իրենց առաքելությունն իրագործելու համար: Նրանք աշխարհի առաջադիմության սայրին են գտնվում, քանի որ շահույթի խաթր չեն սառեցնում ու գաղտնիացնում իրենց գիտելիքն ու այն ազատորեն առաջարկում են բոլորին: Եվ՝ նրանք արժեքների վրա են հիմնված, այսինքն, քանի որ նրանք կամ նրանց գործընկերները պայքարում են կոռուպցիայի դեմ՝ նրանց համար պատվաբեր չէ կոռումպացված լինելը. դրա համար նրանք ձգտում են իրենք իսկ իրենց շարքերը մաքրել:
ՀԿ-ներինն է ապագան:
Սույն համարը տարբեր դիտանկյուններից դիտարկում է այդ ֆենոմենը՝ նորի գալը և դրան դիմադրելը հնի կողմից: Աննա Օհանյանը նշում է, որ ի վերջո ՀԿ-ների հետ լրջորեն համագործակցելն օգուտ է այն ռեժիմներին, որոնք ավտորիտար են դարձել ասես թե ստիպված՝ ցնցումներից խուսափելու համար, քանի որ շանս է տալիս նրանց՝ կամաց-կամաց ռեֆորմացվել: Որ ՀԿ-ն կայունության գրավական է, ոչ թե հեղափոխական ցնցումի: Դրան համաձայն է և Ռուբեն Մեհրաբյանը, ով ցույց է տալիս, թե ինչպես հայ հասարակության մեջ վստահության կոլապսի պատճառով ՀԿ-ները դարձան միակ ուժը, որն ունի գաղափար ու հեռանկար: Միխեիլ Միրզիաշվիլին նկարագրում է, թե ինչպես (եթե պետությունը համագործակցի ՀԿ-ների հետ), ռեֆորմը կարող է ավելի ընկալված լինել ողջ հասարակության կողմից ու դառնալ կայուն: Արդա Ինալ-Իպան նկարագրում է, թե ինչպիսի լուրջ օրենսդրական բարեփոխումներ են եղել Աբխազիայում՝ շնորհիվ ՀԿ-ների մասնակցության. Ճանաչված շատ երկրներ դրանից սովորելու բան կունենային: Ալվարդ Սարգսյանը բացատրում է, թե ինչու են լռում ՀԿ-ները, երբ թնդանոթներն են խոսում, և նշում դա փոխելու կարիքը:
Կարիք կա՞, արդյոք, նշելու, որ հեղինակներն իրենց անձնական կարծիքն են արտահայտում (ես էլ), պատասխանատու են այդ կարծիքի համար, և խմբագրությունը ճշգրտության կամ հեղինակի կարծիքի համար պատասխանատվություն չի կրում:
Սակայն խմբագիրը հաճույքով ընթերցեց նյութերն ու մտածեց խնդիրների մասին, ինչը ձեզ էլ է մաղթում:
_______________
[1]Աննա Օհանյան, Ցանցայնացված տարածաշրջայնությունը որպես հակամարտությունների կառավարում (անգլերեն), Networked Regionalism as Conflict Management, Stanford University Press, 2015, http://www.sup.org/books/title/?id=24630
[2]Տե՛ս հետևյալ տեսանյութը՝ դավադրությունների տեսությունը մանրամասն վերլուծող. http://am.epfarmenia.am/conspiracy_theory_part-1/
[3]http://www.crrc.am/hosting/file/_static_content/barometer/2015/CRRC-Armenia_CB2015_Presentation_ENG.pdf տե՛ս սլայդ P4