Նժդեհ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որում չի եղել նախորդ շրջափուլերից և որևէ մեկում։ Խոսքն առաջին հերթին միջնորդ պետությունների գործակցության ու միջնորդական առաքելության համատեղ իրականացման բացակայության մասին է։ Անշուշտ, ԼՂ հակամարտության ռազմական ու բանակցային փուլերում միջնորդ պետությունները, առանձնապես՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, գրեթե միշտ ունեցել են հակադիր մոտեցումներ, որոնք արտահայտվել են թե՛ գագաթնաժողովների տապալման, թե՛ առաջարկված լուծումների անիրականանալիության դրվագներում։ Ուժային այս երկու բևեռների մրցակցությունը, սակայն, որքան էլ դեստրուկտիվ, այդքան էլ բնական էր։ Այսօր, սակայն, նրանց հարաբերությունները դուրս են եկել մրցակցայնության տրամաբանությունից՝ վերաճելով հիբրիդային պատերազմի, ինչն իր ուղիղ հետևանքներն ունի նաև ԼՂ հակամարտության կարգավորման վրա։
Փաստացի այսօր Մինսկի խումբը չի գործում, որովհետև խմբի գործունեության համար առնվազն անհրաժեշտ է եռանախագահության միասնական աշխատանք՝ խորհրդակցություններ, հանդիպումներ, այցելություններ, ճանապարհային քարտեզ, օրակարգի մշակում և այլն։ Իսկ այս դեպքում ամերիկացի, ռուս կամ ֆրանսիացի համանախագահի այցելությունը և առանձին մի հանդիպումն առավելագույնը արարողակարգային բնույթ է կրում։ Այսօր, լավագույն դեպքում, ականատեսն ենք համանախագահների առանձին այցերին Երևան և ՄԽ ֆորմատում աշխատանքը շարունակելու մասին հավաստիացումների։ Սակայն, թե դա ինչպես է հնարավոր առանց ՌԴ ներկայացուցչի հետ աշխատելու, անհայտ է՝ կա՛մ մնալով անհատական PR-ի ու տեղեկատվական մանիպուլյացիաների մակարդակում, կա՛մ հանգելով Արևմուտքի և Ռուսաստանի միջնորդական առանձին գործունեությանը։
Այդօրինակ սեպարատիզմը նախորդ շաբաթ դրսևորվեց մի կողմից՝ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպմամբ, մյուս կողմից՝ 2 օր անց Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ու վերջինիս՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի փաստով։ Լավրովն անգամ հայտարարեց, որ բրյուսելյան հանդիպումը որևէ նորություն չի պարունակել՝ համապատասխանելով ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին։ Լավրովը ոչ միայն այդկերպ փորձում է արժեզրկել Արևմուտքի միջնորդական առաքելությունը, այլև հրապարակային մակարդակում՝ առանց դիվանագիտական կոկետության, ազդարարում է Մինսկի խմբի անգործունակության կամ ավելի վատ՝ չգոյության մասին։ ՌԴ ԱԳ նախարարը շտապել է նաև հեռախոսազրույց ունենալ Արդբեջանի ԱԳ նախարարի հետ՝ ի ցույց դնելով, որ բրյուսելյան առանձին օրակարգ կա՛մ չկա, կա՛մ գործընթացի տերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Իսկ վերջինիս պարագայում այլևս բնական է դարձել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և Արևմուտքի միջև շփումներին քաղաքական խանդով վերաբերվելը՝ դրանցում իր դեմ դավադրություն տեսնելով։ Այդ բնականությունը հիմա առավել քան սրված է, ուստի Ռուսաստանը թույլ չի տալու Արևմուտքին՝ վերջինիս ցանկացած ուղղությամբ տանելու հայ-ադրբեջանական որևիցե տեսակի գործընթաց։ Ռուսաստանը բավարար ուժ չունի կանխելու Արևմուտքի նախաձեռնությունները, սակայն լիովին ունակ է իր ազդեցության գոտիներում խափանելու դրանց հաջողականությունը։
Արդ, հիբրիդային պատերազմն այլևս ակնառու իրողություն է՝ «Սառը պատերազմի» օրինակով, երբ երկու բևեռներն աշխարհի տարբեր անկյուններում հաշիվներ էին պարզում՝ ներքաշվելով այլոց կոնֆլիկտներում ու, սեփական շահերից ելնելով, աջակցում հակամարտ կողմերին։ Այդ հակադրությունը սկսվեց 2000-ական թթ. կեսերին, անցավ ուկրաինական, վրացական, ղրղզական հեղափոխություններով, հասավ «Մայդանին», Ղրիմի անեքսիային, 2016-2021 թթ. մտավ սառեցման փուլ ԱՄՆ-ում Թրամփի նախագահությամբ, և վերակենդանացավ Բայդենի ընտրությամբ։ Ռուսաստանը, ի տարբերություն 2000-ական թթ., 2020-2022 թթ. համար լավ նախապատրաստված էր, մասնավորապես՝ նկատի ունենք ղարաբաղյան և ղազախական իրադարձությունները։ Ի տարբերություն արևմտյան ճակատների՝ հարավում և արևելքում Ռուսաստանն ի վիճակի եղավ իրացնելու իր քաղաքականությունը և ոչ միայն թույլ չտալու ազդեցության գոտու փլուզում, այլև գուցե ավելի ամրապնդվելու։
Այս համատեքստում Արևմուտքի նկրտումները՝ ներքաշվելու Ռուսաստանի «ետնաբակ» համարվող Կովկաս ու Կենտրոնական Ասիա, նրա կողմից արժանանալու են կոշտ դիմադրության։ Թե դա կլինի հակամարտության ապակենտրոն օջախների հաշվին, անշուշտ, որևէ մի գերտերության հոգսը չէ։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Արևմուտքը Կովկասյան տարածաշրջան այս պահին կարող է թափանցել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների պատուհանով, և գործնական առումով ամեն ինչ անելու է՝ ազդեցության բանալիներն իր ձեռքից բաց չթողնելու համար։ Ռուսաստանին իր «ետնաբակերում» միշտ էլ ձեռնտու է եղել խաղալ «հարմար» պետությունների հետ՝ հեռացնելով Արևմուտքին։ Այժմ նույնպես Ռուսաստանին ավելի ձեռնտու կլինի զիջումներ կատարել Թուրքիային, քան Արևմուտքին, որովհետև վերջինիս տեխնոլոգիաների հետ (այդ թվում՝ քաղաքական) մրցակցության հարցում Ռուսաստանը գրեթե միշտ զիջում է, իսկ Թուրքիայի հետ նույն քաշային կարգում գտնվելիս quid pro quo-ն ոչ միայն արդարացված է (justified loss), այլև ռացիոնալ (raison d’etat)։
Արևմուտքը ներկայումս խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր այն ոլորտներում, որտեղ վնաս չի կրում։ Մինսկի խումբը, որքան էլ ցավալի է ընդունել, Արևմուտքի համար նույնպես այս շարքում է։ Առնվազն խորհրդանշականորեն Արևմուտքը չի կարող արդարացնել, թե ինչպես է համագործակցում «բարբարոս» և «Բուչայի սպանդի պատասխանատու» ռուսական կողմի հետ ԼՂ հարցում։ Հետևապես, նախընտրում է սեփական տարածքում միջնորդական առանձին գործունեություն ծավալել՝ մի կողմից փորձելով պահպանել դիրքերը այս դաշտում, մյուս կողմից՝ նոր նախաձեռնություններով կա՛մ «առևանգել» գործընթացը, կա՛մ գոնե սասանել ռուսական միջնորդության մոնոպոլիան։ Սակայն Արևմուտքը քաղաքական ռեալ կապիտալ չի կարող ծախսել իր սահմաններից անդին գտնվող լեռներում, առավել ևս, որ այդ լեռներն իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունների թվում չեն առնվազն աշխարհագրության մակարդակում. դեռ պետք է մարսել Ուկրաինան։ Իսկ Կովկասը Ռուսաստանի «հարևանությունն» է, և պատահական չէր ՌԴ նախագահի անթաքույց հայտարարությունը, որ հարցերը պետք է լուծվեն եռակողմ համաձայնությամբ, այսինքն՝ Ռուսաստանն իրեն դիտարկում է որպես կողմերից մեկը, որի անհամաձայնության պարագայում մյուս երկուսի համաձայնությունը նշանակություն չունի։ Ավելին՝ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հարցում որևէ այլ մեկի կարիքը չկա, քանի որ անհրաժեշտ քարտեզները պահվում են ՌԴ Գլխավոր շտաբում։ Այլ կերպ ասած՝ ինչ սահման էլ գծվի, եթե այն հակասի ՌԴ ԳՇ քարտեզին, ընդունելի չի լինելու։
Այսպիսով, Արևմուտքի և Ռուսաստանի մոտիվացիան ղարաբաղյան բանակցություններում պարզ է՝ մի դեպքում հիբրիդային պատերազմի նոր օջախ մոլորակի վրա, մյուս դեպքում՝ կայսրության ազդեցության գոտու պաշտպանություն։ Ադրբեջանի դեպքում նույնպես ամեն ինչ պարզ է՝ ամրապնդել ռազմական հաջողությունները դիվանագիտականով՝ խաղալով հակամարտ տերությունների փոխադարձ շահերի վրա և ընդհանուր կետեր գտնել։
Այստեղ անորոշությունը միայն հայկական կողմում է. ի՞նչ է ուզում Հայաստանը՝ որպես քաղաքական վերնախավի ու հանրության ամբողջություն։ Ոմանք պնդում են, թե առաջնային հարց պետք է դարձնել ԼՂ-ի կարգավիճակը, մյուսները՝ օկուպացված տարածքների ազատումը, երրորդները՝ զիջելու փոխարեն պահանջներ դնելը և այլն։ Բայց արդյո՞ք Հայաստանի ունեցած ռեսուրսները, հատկապես 44-օրյա աղետից հետո, բավարար են վերը նշվածներից գեթ մեկն անելու համար։ Իսկ գուցե Հայաստանի ռեսուրսներն այսօր բավարարում են գոնե գործընթացը բանակցային փուլում պահելո՞ւն՝ ամեն գնով կանխելու համար նոր պատերազմը։
Հայ քաղաքական միտքն այս անգամ նույնպես Օստապ Բենդերի պես ուզում է միլիոն և միանգամից, ինչպես քմահաճ հաճախորդը, որը պատվերներ է տալիս՝ առանց սեփական գրպանին նայելու։ Նույնը վերաբերում է Մինսկի խմբի հարցին, երբ միջնորդ պետությունները չեն ուզում միմյանց հետ աշխատել, Ադրբեջանն էլ, դա որսալով, հետևողականորեն մերժում է ձևաչափը, իսկ հայկական քաղաքական միտքը շարունակում է կառչած մնալ դրանից՝ չընդունելով իրողությունների փոփոխությունը։
Մինչդեռ վերը նկարագրած պայմաններում Հայաստանի խնդիրը պետք է լինի առավելագույն ճկունությունը, ուժային կենտրոնների բախման էպիզոդներում ակրոբատիկ մանևրումների իրականացումը՝ հրաժարվելով ինքնանպատակ իդեա-ֆիքսերից ու «բարոյական» կարմիր գծերից, որոնք միջազգային խաչմերուկներում իրականում սահմանվում են տիրապետած ռեսուրսներով, ոչ միայն հույսով ու հավատով։