ԵՄ միջնորդությամբ երկու երկրները պայմանավորվել են սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի ուղղությամբ, որը վերջնապես կարող է ավարտել տասնամյակներ տևած այս հակամարտությունը:
Հեյդար Իսաև, Ջոշուա Կուչերա, Անի Մեջլումյան, 7 ապրիլի, 2022թ.
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են և պայմանավորվել «արագ շարժվել դեպի խաղաղության պայմանագիր», նշել է հանդիպման միջնորդ, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են նաև ստեղծել Համատեղ սահմանային հանձնաժողով՝ սահմանազատման և սահմանի շուրջ «կայուն անվտանգային իրավիճակ ստեղծելու համար»։
Հատկապես կարևոր էր դեպի խաղաղության համաձայնագիր արված քայլը, Միշելը նշեց, որ երկու կողմերը «համաձայնեցին հանձնարարել արտաքին գործերի նախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, ինչը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները»:
Նման պայմանագիրը նպատակաուղղված կլինի վերջնականապես լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը, սկսած խորհրդային վերջին ժամանակաշրջանից, բաժանել է Հայաստանն ու Ադրբեջանը: Հակամարտությունը հանգեցրել է երկու լայնամասշտաբ պատերազմի, մեկը՝ 1990-ականներին, երբ Հայաստանը գրավեց Լեռնային Ղարաբաղը և նրան շրջապատող մեծ տարածքներ, և մյուսը՝ 2020 թվականին, երբ Ադրբեջանը հետ վերադարձրեց այդ հողերի մեծ մասը:
Դիվանագիտական ակնհայտ առաջընթացն ուշագրավ էր նաև նրանով, թե ով օժանդակեց դրան՝ ԵՄ-ն: Մինչև 2020 թվականի պատերազմը բանակցությունները վարում էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը, որը ղեկավարում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: Զինադադարը, որով ավարտվեց 2020 թվականի պատերազմը, իրականացվեց միայն Ռուսաստանի միջնորդությամբ, և Մոսկվան ստանձնեց հետպատերազմյան դիվանագիտության առաջատարի դերը:
Թեև հանդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարություններում Ռուսաստանի մասին խոսք չկար, քչերն էին ակնկալում, որ Մոսկվան, անգամ զբաղված լինելով Ուկրաինայի հետ պատերազմով, չի միջամտի: «Այստեղ բավականին շատ բովանդակություն կա, և ոչ մի խոսք Ռուսաստանի մասին: Հաջորդ կանգառը Մոսկվան է»,- Twitter-ում գրել է կովկասյան երկարամյա վերլուծաբան Թոմ դե Վաալը:
«Կառուցողական երկիմաստություն», «Երրորդ ուղու փնտրտուք», «Համաձայնվել են, որ յուրաքանչյուրը մնա իր կարծիքին, բայց նաև պատրաստ են շանս տալ գործընթացին»։ Առավոտից է՞լ ինչ ձևակերպումներ եք լսել այդ հայտարարության վերաբերյալ։ Համենայն դեպս, ոչ մի հայտարարություն չի եղել դիվանագիտական հաղթանակի կամ կապիտուլյացիայի մասին։ Դա արդեն իսկ լավ սկիզբ է»,- Twitter-ում գրել է Crisis Group-ի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։
Պատերազմից ի վեր հենց Ադրբեջանն է առաջ քաշում հակամարտությունը դադարեցնելու համար համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելու միտքը, իսկ հայերը չեն ցանկանում վերջնական լուծում տալ հարաբերական թուլության պահին:
Իսկ Բաքվից արձագանքները Բրյուսելից ստացվող լուրերի վերաբերյալ համապատասխանաբար դրական էին։
Քաղաքական վերլուծաբան Անար Մամեդլին այն անվանել է «պատերազմի ավարտից հետո ամենաարդյունավետ դիվանագիտական հանդիպումներից մեկը»։ ADA պետական համալսարանի պրոռեկտոր Ֆարիզ Իսմայիլզադեն թվիթերյան իր էջում գրել է. «Այն, ինչին հասնում է Շառլ Միշելը, այն է, ինչին չի հաջողվել հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբին 30 տարվա ընթացքում»։
Շրջանակը, որը Միշելը շարադրեց, համապատասխանում էր այն հինգ կետից բաղկացած ծրագրին, որը վերջերս առաջարկել էր Բաքուն, և Հայաստանը մեծ մասամբ ընդունել էր, գրում է ադրբեջանցի վետերան, ռազմական լրագրող Ասաֆ Գուլիևը: «Ամենակարևորն այն է, որ այս ամենն արվի երկկողմ ձևաչափով։ Երկկողմ ձևաչափը նշանակում է, որ Ռուսաստանը խաղից դուրս է. Եվրամիությունն աջակցում է երկկողմ ձևաչափին»,- գրել է Գուլիևը Herbiend.az լրատվական կայքի հոդվածում։
Հայաստանում, որտեղ գագաթնաժողովի նախօրեին տեղի ունեցան մեծ ցույցեր, քանի որ շատերը վախենում էին, որ հանդիպումից հետո մեծ զիջումներ կլինեն, կա մեծ թերահավատություն բանակցություններում առաջընթացի նկատմամբ:
«Ցավոք սրտի, Փաշինյանը միայն արագացնում է Հայաստանի և Արցախի շահերին հակասող գործընթացները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի դաշինքի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «Ի՞նչ հաշտության պայմանագիր… Երբ առավոտից երեկո քեզ սպառնում են՝ դա խաղաղություն չէ, դա մի կողմի կապիտուլյացիա է»։
Ղարաբաղցի քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը գտնում է, որ Փաշինյանը կարծես թե զիջել է նաև մեկ այլ հարցում.
«Հայաստանը հերթական անգամ հրաժարվել է իր հայտարարած դիրքորոշումից»,- գրել է Գրիգորյանը Twitter-ում։ «Հայաստանի կառավարությունը ամիսներ շարունակ ասում է, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն սահմանին իրավիճակը կայունացնելու ուղղությամբ՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Վերոնշյալ հայտարարության մեջ հստակ նշված է, որ հանձնաժողովը ստեղծվելու է առանց սահմանին կայունացնող միջոցների»։
Վերջին շաբաթներին Ղարաբաղում կրկին լարվածություն է նկատվել, երբ Ադրբեջանը լրացուցիչ տարածքներ է գրավել, իսկ հայերը նրանց մեղադրում են նաև գազատարը փակելու մեջ:
Գրիգորյանը հավելում է, որ երկկողմ գործընթացն ավելի շատ ծառայում է Ադրբեջանի շահերին, քան Հայաստանի։ Հայաստանը պնդում է, որ Մինսկի խումբը կրկին պետք է միջնորդ լինի բանակցություններում։
«Այն, ինչը ես հիմա տեսնում եմ, Եվրամիության կողմից Հայաստանի հաշվին ու հաղթող կողմի թելադրած պայմաններով խաղաղություն հաստատելու փորձ է, որտեղ հայկական շահերն ընդհանրապես հաշվի չեն առնվում», – ասել է նա ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։ «Սա ԵՄ խորհրդի նախագահի երրորդ հայտարարությունն է, որտեղ ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Եվ դա վրդովվեցուցիչ է»։
Աղբյուր՝ eurasianet.org