Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քանի որ դրան նախորդել էր (նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին) նույն ձևաչափով մեկ այլ հանդիպում և այդ միջակայքում եղել են ԵՄ կողմից միջնորդական այլ ջանքեր՝ փորձագիտական հանրությունում սկսեցին խոսել նոր՝ բրյուսելյան ձևաչափի մասին։ Որքանո՞վ է այս գնահատականը հիմնավոր և ի՞նչ հեռանկար ունի նոր ձևաչափի փնտրտուքը, ի՞նչ է վերապահված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, և որքանո՞վ է այս ամենը փոխկապակցված աշխարհաքաղաքական նոր զարգացումների հետ։ Այս հարցերի պատասխաններն են փորձում տալ մեր հեղինակները՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները դիտարկելով հենց նշյալ զարգացումների ու նոր աշխարհակարգի ձևավորման համապատկերում։ Իսկ միջազգային մամուլից մեր ընտրած հրապարակումներն էլ ընթերցողներին կօգնեն տեղեկանալու վերոնշյալի շուրջ արձագանքներին միջազգային շահագրգիռ շրջանակներում։
Բանակցային վերջին զարգացումներից հետո ՀՀ վարչապետը մի շարք պարզաբանումներ ու բացահայտումներ է ներկայացրել հայ հանրությանը, որից պարզ է դարձել ոչ միայն այն, որ Հայաստանն ու Արցախը ծանր երկընտրանքի առաջ են կանգնած, այլ նաև այն, որ իրավիճակի հանգուցալուծման վարչապետի տեսլականը լուրջ կասկածներ ու անպատասխան հարցեր է առաջացրել ոչ միայն Արցախում, այլև հայաստանյան հանրության մի զգալի հատվածում։ Այս առնչությամբ կարծում ենք, որ երկրի ու ժողովրդի համար ճակատագրական հարցերը պետք է լուծվեն միայն ու միայն հանրային կոնսենսուսով։ Իշխանությունը չպիտի միջնաբերդի վերածվի, այլ ներպետական-ներազգային երկխոսության կամրջով պետք է հանրային վստահության բավարար ռեսուրս ապահովի այս կամ այն տեսլականի համար՝ ստուգելով դրանց կենսունակությունը։
Շատ կարևոր են նաև հայկական երկու պետությունների իշխանությունների ազնիվ ու կառուցողական հարաբերություններն ու երկու հանրությունների միջև շահագրգիռ երկխոսությունը։
«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից