Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի
(ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան
Ուկրաինայի տարածքում փետրվարի 24-ից շարունակվող ռազմական գործողությունների համապատկերում հնարավոր է արձանագրել ընդհանրապես հետխորհրդային և մասնավորապես՝ կովկասյան ուղղությամբ ԵՄ–ի ուղղակի և ԱՄՆ-ի միջնորդավորված աշխարհաքաղաքական ակտիվացումը։ Արդեն այսօր կարելի է ենթադրել, որ եվրոպական արտաքին քաղաքականության մեջ նման շրջադարձն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ և նպատակ է հետապնդում նվազեցնելու ռուսական ազդեցությունն այն տարածքներում, որոնք Մոսկվան համարում է կենսականորեն կարևոր։ Իսկ որպես «Արևելյան գործընկերության» ծրագրի առաջին էշելոնի երկրներ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ընդառաջ ԵՄ-ի քայլերն անհրաժեշտ է դիտարկել բացառապես հետխորհրդային տարածքի ուղղությամբ ԵՄ-ի ընդհանուր աշխարհաքաղաքական առաջխաղացման համատեքստում։
Իրողություններ
Այդ հոդվածում մենք կքննարկենք Վրաստանի՝ որպես Հայաստանի հարևան պետության, բացառապես եվրատլանտյան հեռանկարները։ Եվ այդ առումով կփորձենք վերլուծել նաև Հայաստանի՝ իբրև Ադրբեջանի և Բելառուսի հետ նույն «Արևելյան գործընկերության» երկրորդ էշելոնի երկրի, նմանատիպ հնարավոր հեռանկարները։
Եվ այսպես, այդ ճանապարհի վերջին նշանակալից քայլը ապրիլի 11-ին Լյուքսեմբուրգում ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի կողմից Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիին այն հարցաշարը հանձնելն էր, որը լրացնելը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհի առաջին քայլն է։ Թբիլիսիի պատասխանների հիման վրա Եվրահանձնաժողովը կգնահատի Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու լինելու պատրաստ լինելը։ Հարցաշարի առաջին մասը, որ վերաբերում է քաղաքական և տնտեսական չափորոշիչներին, կառավարությունն արդեն հրապարակել է։ Փաստաթղթում ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, դատարաններին, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարմանը, իրավունքների պաշտպանությանը, մակրոտնտեսական կայունությանը, ներդրումներին, ապրանքային, աշխատանքային և ֆինանսական շուկաների գործունեությանն ու այլ խնդիրների վերաբերող 369 հարց է։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է լրացնել և սահմանված ժամկետում՝ արդեն մայիսին, Եվրահանձնաժողովին հանձնել Եվրամիություն մտնելու վերաբերյալ պաշտոնական հարցաշարը։
Շատ շուտով Թբիլիսին կստանա հարցաշարի երկրորդ մասը, որն ամբողջությամբ նվիրված կլինի ճյուղային ոլորտների և թեմաների վերաբերյալ օրենսդրության համատեղելիությանը ԵՄ օրենսդրությանը։ Հարցաշարը հանձնելը Բրյուսելի պատասխանն էր Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին Ղարիբաշվիլիի մարտի 3-ի հայտարարությանը։ Դրանից հետո՝ մարտի 15-ին, երկրի խորհրդարանը Եվրամիությանն ինտեգրումն արագացնելու մասին որոշում ընդունեց։ Եվրահանձնաժողովն արդեն սկսել է քննարկել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հայտերը, ինչից հետո պաշտոնական եզրակացություն կհրապարակի։ Դրա հիման վրա էլ ԵՄ անդամ 27 երկրները կքվեարկեն երեք պետություններին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։
Վրաստանի եվրոպական ուղին պաշտոնապես մեկնարկեց 2009 թվականին՝ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցությամբ։ 2014 թվականին Վրաստանը ստորագրեց ԵՄ հետ ասոցացման ու «Խորը և համապարփակ առևտրի մասին» համաձայնագրերը։ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի Շենգենյան գոտի այցելելու ռեժիմ սահմանվեց։ Սակայն թունդ արևմտամետ բարեփոխիչ Միխեիլ Սահակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունից իշխանության անցումը օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությանը մի փոքր դանդաղեցրեց Վրաստանի եվրաինտեգրումը։ Այդ թվում՝ ռուսական «փափուկ ուժի» վրացական հետևորդների (որոնց կազմում են քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ-ներ) գործունեության հետևանքով։ Եվ նույնիսկ այսօր էլ Վրաստանում կարծիքներ կան, թե վրացական ներկա իշխանության պայմանաներում, որի հետևում դեռ ուրվագծվում է օլիգարխ Իվանիշվիլիի ստվերը, ԵՄ անդամակցության մասին մտածել չարժե։ Այսուհանդերձ, վերջին ժամանակներս ԵՄ-ին Վրաստանի անդամակցության անհրաժեշտության մասին հայտարարությունները նորից ակտիվացել են։ Եվ դա տեղի է ունեցել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտ ներկայացնելուց հետո։
Ցանկություններ և հնարավորություններ
Գնահատելու համար ԵՄ անդամ դառնալու՝ Վրաստանի իրական հնարավորությունները, հարկ է ելնել հետխորհրդային տարածքում ԵՄ հաղթարշավի և ցանկալին իրականության տեղ ներկայացնելու համարյա հավասարազոր երկընտրանքից։ Առաջին սցենարի օգտին են փաստում Ուկրաինան և ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունում Արևմուտքի հաղթանակի դեռևս պահպանվող հնարավորությունը։ Վրաստանը, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին, ԵՄ-ում դիտարկվում է որպես «Արևելյան գործընկերության» մասնակից մյուս երկրների թվում առաջատար։ Այն արդեն բռնել է օրենսդրության բարեփոխման, քաղաքական արժեքների և հանրային կարծիքի համակարգի փոխակերպման ուղին՝ հօգուտ եվրոպական ընտրության։ Այլ կերպ ասած՝ օրենսդրության մեջ ընդունվել և ընդունվում են փոփոխություններ, որոնք երաշխավորում են ազգային օրենսդրության ենթարկումը ԵՄ իրավական նորմերին։ Իսկ Սահմանադրության մեջ էլ հստակ արձանագրված է դեպի Եվրամիություն ռազմավարական ուղեգիծը։ Ընդսմին, ԵՄ-ի հետ մերձեցումը Թբիլիսիում դիտարկվում է որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղիղ հակադարձող թրենդ։
Հօգուտ երկրորդ սցենարի են խոսում վրացական թույլ տնտեսությունը, Վրաստանի քաղաքական նախապատմությունից եկող չկարգավորված էթնոքաղաքական և քաղաքացիական հակամարտությունները, չկարգավորված հակասությունները այնպիսի խոշոր հարևանի հետ, ինչպիսին հենց նույն Ռուսաստանն է։ Օբյեկտիվորեն պետք է արձանագրել նաև, որ համակարգային խնդիրների՝ կոռուպցիայի, որոշումների ընդունման ոչ պաշտոնական մեխանիզմների, քաղաքական և սոցիալական անկայունության հաղթահարման և լուծման ուղղությամբ Վրաստանում ակնհայտորեն դեռ շատ առաջընթաց չկա։ Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարները հոռետեսորեն գնահատելու մի գործոն է նաև ԵՄ անդամ պետությունների՝ վերը հիշատակված միասնական որոշման անհրաժեշտությունը։ Եվ դա այն պայմաններում, երբ նրանց մոտ արդեն իսկ նկատվում է Վրաստանի եվրաինտեգրման վերաբերյալ միասնական կարծիքի բացակայություն։ Ինչը, արդեն գիտենք, ազդել է, ասենք, նույն Թուրքիայի նամանտիպ հեռանկարի վրա։ Այս պարագայում այդ հարցում ԵՄ անդամ երկրների համախմբման միակ գործոնը կարող է լինել Ուկրաինայում ռուսական գործողությունների համընդհանուր մերժումը։ Եվ այս վերջինը միանգամայն ընդունակ է մղելու քաղաքական նպատակահարմարությունը գերադասելու սթափ, սառը և պրագմատիկ հաշվարկին։
ՆԱՏՕ
Հայտնի է, որ Վրաստանի ինտեգրացման ձգտումները լրացվում են հյուսիսատլանտյան վեկտորի ընտրությամբ. երկիրը նպատակ ունի անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Սակայն այս հարցում նույն Ուկրաինայի, ավելի ճիշտ՝ նրա նախագահ Զելենսկու փորձը վրացական եվրատլանտյան հեռանկարներին լավատեսություն չի ներշնչում։ Վերջերս Ուկրաինայի առաջնորդը հայտարարեց, որ վերջնականապես համոզվել է՝ արևմտյան առաջնորդները Ուկրաինային թույլ չեն տա անդամագրվելու ՆԱՏՕ-ին։ Ընդգծենք, որ այս խոստովանությանը նախորդել էր Գերմանիայի վարչապես Օլաֆ Շոլցի մարտյան հայտարարությունը, որով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցումը մերժելը գնահատվել էր իբրև ճիշտ որոշում։ Շոլցը հատուկ ընդգծել էր, որ այդ հարցը կազմակերպության օրակարգում չի եղել և չկա։ Նմանատիպ կարծիքներ բազմիցս արտահայտել էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում նաև գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից Վրաստանի պաշտպանության, անվտանգության ապահովման անհրաժեշտությունն այսպես թե այնպես գիտակցվում է։ Բրյուսելում, արտաքին գործերի նախարարների ժողովում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի հայտարարությունը, թե դաշնակիցները պատրաստ են «օգնելու մյուս գործընկերներին, այդ թվում Վրաստանին՝ կայունությունն ամրապնդելու և իրենց պաշտպանելու ընդունակությունները բարձրացնելու հարցում», հենց այդ մասին էր։ Այս առումով Սթոլթենբերգը նշել է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության էական փաթեթի միջոցով Վրաստանին աջակցության մեծացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են իրավիճակային իրազեկումը, հաղորդակցության ուղիների պաշտպանվածությունն ու կիբերանվտանգությունը։ Հետաքրքիր է, որ վերջինը նա պայմանավորել է Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա և ՆԱՏՕ-ի տարածաշրջանային գործընկերների, մասնավորապես՝ Վրաստանի վրա ճնշումներով…
Դեռևս հեռավոր 2008 թվականին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Բըրնսը գրել է Եվրոպայում ԱՄՆ-ի երեք առանցքային որոշումների հաջողության անհնարինության մասին։ Դրանք էին՝ Կոսովոյի անկախության ճանաչումը, Վրաստանին և Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանը ու Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրումը, եթե դրանք միաժամանակ ներկայացվեն Մոսկվային։ Այն ժամանակ էլ նա ընտրեց Կոսովոյի հարցի վճռական առաջմղումը՝ ընդգծելով Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլանի հետաձգումը։ Սակայն, ելնելով արդեն այս ամառ սպասվելիք՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, պետք է արձանագրել, որ ԱՄՆ-ն ավելի առաջ է գնացել իր պլանների գործնական իրացման ճանապարհով, քան 2008 թվականին ենթադրում էր դիվանագետ Բըրնսը։ Եվ այդ ամենի առիթը, հնարավորությունը և կատալիզատորը դարձյալ Ուկրաինան է։ Այս առումով օրինական հարց է առաջանում. եթե նման սրընթաց տեմպով կարող են ՆԱՏՕ-ին անդամագրվել Շվեդիան և Ֆինլանդիան, ապա ի՞նչն է խանգարում նույնը անել Ուկրաինայի և Վրաստանի պարագայում։ Այս հարցի պատասխանը վերը թվարկված նույն խնդիրներն են, որ ծառացած են նրանց առջև՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։ Այս իմաստով կարելի է արձանագրել. ամեն ցանկացող երկիր չէ, որ կարող է Ֆինլանդիայի և Շվեդիայի նման հեշտորեն անդամագրվել ՆԱՏՕ-ին ։
Հայաստան
Եվ ահա այստեղ հնարավորություն կա կարճ անդրադառնալ Վրաստանին հարևան Հայաստանի եվրատլանտյան հեռանկարներին։ Բացի Վրաստանում առկա խնդիրների հետ նմանությանը՝ ԵՄ-ին,առավել ևս ՆԱՏՕ-ին Հայաստանի խիստ հիպոթեթիկ անդամակցությանը խանգարում է միանգամայն իրական անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին։ Եվ, իհարկե, առաջին հերթին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ չկարգավորված հակամարտությունը։ Այս ամենը վաղուց բոլորին հայտնի է, սակայն թվում է, թե այստեղ էլ իր սրբագրումներն է արել Ուկրաինան։ Ռուսաստանի նկատմամբ հավաքական Արևմուտքի քաղաքականության կոշտացման հետևանքով հնարավոր է, որ որոշակի առաջարկներ Բրյուսելից ստացած լինի նաև Երեւանը։ Եվ այլ բաների թվում նման ենթադրության թույլ է տալիս հանգել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետբրյուսելյան ճառի վերլուծությունը։ Այլ կերպ ասած, հնարավոր է ենթադրել, ընդ որում՝ բավականին մեծ վստահությամբ, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյանին մեղմ տոնով, սակայն բավականին վճռականորեն և ոչ երկիմաստ առաջարկվել է «կողմնորոշվել»։ Սակայն միանգամայն բնական, տրամաբանական և ուղղակի հարցին, թե նման «կողմնորոշման» դեպքում Հայաստանի և Արցախի անվտանգության ինչ երաշխիքներ կլինեն, եվրոպական պատասխանը բավականին խուսափողական է եղել։ Եվ, ընդհանուր առմամբ, հանգել է այսօր Ուկրաինային տրվողի նման օգնության խոստումի։
Հասկանալի է, որ Ադրբեջանը Թուրքիայից բաժանող Սյունիքի մարզ ունեցող Հայաստանի համար նման խոստումը իբրև «կողմնորոշման» մոտիվացիա չէր կարող բավարարել։ Հետևաբար, կարելի է թեկուզ և մտածել Արևմուտքի առաջարկների մասին, բացառապես Ադրբեջանի և առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում։ Ահա այստեղ Եվրոպան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կարող են Հայաստանին տրամադրել քաղաքական և դիվանագիտական անգնահատելի աջակցություն։ Առաջին հերթին իրենց աշխարհաքաղաքական և հեռուն գնացող շահերի և Հայաստանի շահերի համընկնման պատճառով։ Հակառակ դեպքում կարելի է կանխատեսել Հայաստանի և ՌԴ-ի շահերի անխուսափելի, իրավիճակային համընկնում։