Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ
«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր
Երևան
2017 թվականին Վրաստանում ընդունված Ռազմավարական պաշտպանության վերաբերյալ պետական հայեցակարգ-փաստաթղթում այսպես կոչված ռուսական փափուկ ուժը պաշտոնապես գնահատվել է որպես Վրաստանի անվտանգության սպառնալիք: Ռուսաստանի ներգրավվածությունը հետխորհրդային երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում նորություն չէ: Դրանց մեծ մասում Մոսկվայի ուղիղ և անուղղակի ազդեցությունն առնվազն 200 տարվա պատմություն ունի: Այսուհանդերձ, ոչ բոլոր երկրներն են «ռուսական փափուկ ուժը» դիտարկում որպես սպառնալիք: Դրանց թվում են Եվրամիության անդամ մերձբալթյան 3 հանրապետությունները, Ուկրաինան, Մոլդովան, իսկ Հարավային Կովկասում` Վրաստանը:
Ռուսական փափուկ ուժի առկայությունը Վրաստանում մի շարք հետազոտությունների և լրագրողական հետաքննությունների թիրախում է վերջին երկու տասնամյակի ընթացքում: Եթե գիտափորձագիտական շրջանակներում ռուսական փափուկ ուժի դրսևորումները դիտարկվում են 18-րդ դարավերջից, կամ առավելապես 19-րդ դարում, երբ ցարական Ռուսաստանը ստեղծեց Կովկասի փոխարքայությունը Թիֆլիս կենտրոնով, ապա լրագրողական հետաքննություններն առնչվում են ներկայիս Վրաստանի տարածքում գործող ռուսական ազդեցության ինստիտուցիոնալ կառույցներին:
Վրաստանում ռուս-վրացական բարեկամության և համագործակցության ջատագովներն առավելապես կենտրոնանում են կրոնի, մշակութային ընդհանրությունների ու համատեղ անցյալի պատմությունների վրա: Հիշեցվում է, թե ինչպես Վրաստանը «ոտքի կանգնեց» 19-րդ դարում՝ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի ղեկավարման տարիներին, երբ վրաց ազնվականությունը կրթություն էր ստանում ցարական Ռուսաստանի ճեմարաններում, Թիֆլիսում եռում էր մշակութային կյանքը, բացվում էին թատրոններ, իսկ թուրք-պարսկական հնարավոր հարձակումների միակ կանխարգելողը հենց ռուսական ներկայությունն էր:
Պատմական այսպիսի դրական հիշողություններով պարուրված տեքստերը, տեսանյութերն ու ելույթները այս պահին ռուսական փափուկ ուժը խթանողների գաղափարախոսության առանցքում են: Այսպիսի մտածելակերպ քարոզողներից շատերին համարում են ազդեցության գործակալներ, որոնցից որոշները նաև լավ կազմակերպված են ինստիտուցիոնալ տեսանկյունից: Վրաստանում այս պահին անթաքույց կերպով նշված գաղափարախոսությունը տարածող քաղաքական կուսակցություններ կան, գործում են ռուսամետ հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ, ռուսական ֆինանսական կապիտալով ու տնտեսական լծակներով հանրային ընկալումների վրա ազդեցություն գործող կառույցներ: Այս տեսանկյունից առանձին դերակատար է վրաց ուղղափառ եկեղեցին, որը մի կողմից դավանաբանական ուղիղ կապ ունի ռուս ուղղափառ եկեղեցու հետ, մյուս կողմից էլ հակված է խրախուսել արևմտյան արժեքները պախարակող խմբերին:
Այսպիսով, Վրաստանում ռուսական փափուկ ուժի գաղափարական երկու պայմանական ուղղություն կարող ենք առանձնացնել. 1. Համատեղ քրիստոնեական մշակութային անցյալի դրական հիմքերի հիշեցում և դրանց խրախուսում. 2. Արևմտյան արժեքները որպես վրաց ավանդական ինքնությանը սպառնալիք ներկայացնելը: Եթե առաջինի պարագայում հիշատակվում է առավելապես մինչխորհրդային` ցարական շրջանը, որը ներկայացվում է որպես վրաց ժողովրդի լուսավորականության կամ վերածննդի ժամանակաշրջան, ապա երկրորդն առավելապես կենտրոնանում է արևմտյան բարքերի վատաբանման, կոլեկտիվ Արևմուտքը որպես ընտանեկան ու քրիստոնեական արժեքները խարխլող գործոնի ներկայացման վրա:
Վրաստանում ռուսական փափուկ ուժի գործիքակազմն առավել ակտիվացավ 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունից» հետո: Նախագահ Էդուարդ Շևարդնաձեին փոխարինելու եկած Միխեիլ Սաակաշվիլին երկիրը Եվրամիությանը և հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրելու քաղաքական ուղեգիծ որդեգրեց: Չնայած այն հանգամանքին, որ դեռևս 1990-ականների վերջից Վրաստանը պարբերաբար հայտարարում էր եվրոպական ընտանիքին միանալու գերակայության մասին, սակայն այս տեսանկյունից ակտիվ քաղաքականություն չէր վարվում: «Վարդերի հեղափոխության» արդյունքում իշխանության եկած նոր վարչակազմն աներկբա դարձրեց Վրաստանի արտաքին-քաղաքական նոր ուղղվածությունը:
Այսպես, խորհրդային շրջանը հռչակվեց որպես օկուպացիա, երկրի պատմության թանգարանում բացվեց և մինչ օրս գործում է ԽՍՀՄ օկուպացիայի ցուցասրահը, երկրից դուրս բերվեցին խորհրդային շրջանից Վրաստանում մնացած ռուսական ռազմակայանները, դադարեցվեցին ռուսաստանյան պետական հեռուստաընկերությունների հեռարձակման արտոնագրերը Վրաստանի տարածքում, Ռուսաստանն ամենաբարձր մակարդակում հռչակվեց որպես Վրաստանի զարգացման հիմնական խոչընդոտը:
Ռուս-վրացական վատթարացող երկկողմ հարաբերությունները հանգեցրին 2008 թվականի օգոստոսյան 5-օրյա պատերազմին Հարավային Օսիայում, ինչից հետո Մոսկվան պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության անկախությունը, իսկ Թբիլիսին դրանք Ռուսաստանի կողմից օկուպացիա որակեց: Դադարեցվեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները, Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց դեպի այդ երկիր վրացական ապրանքատեսակների նկատմամբ:
Հարավօսական պատերազմից հետո վրաց հանրային ընկալումներում էլ ավելի սրվեցին հակառուսական տրամադրությունները, իսկ ներքաղաքական դիսկուրսում հարաբերությունների կարգավորման ջատագովներն առավել մարգինալ դարձան: Ռուսաստանյան փափուկ ուժի, կամ, Սաակաշվիլիի որակմամբ, քարոզչությանն ի հակակշիռ ստեղծվեց ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաընկերությունը, որի հիմնական նպատակն էր ռուսերեն լեզվով ներկայացնել Վրաստանի գործող վարչակազմի քաղաքական գերակայությունները: Սա կարելի է դիտարկել որպես ռուսական քարոզչության, կամ փափուկ ուժի դեմ Վրաստանի առաջին գործուն քայլերից, որի նպատակն էր ոչ միայն վրաց հանրային ընկալումների վրա ազդեցությունը, այլև հենց բուն Ռուսաստանի մեդիասպառողին հասանելի դարձնել Վրաստանի հաջողություններն ու ժողովրդավարական առաջընթացը:
2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պարտություն կրած Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը մեկամյա համակեցությունից հետո ստիպված եղան իշխանությունը զիջել «Վրացական երազանք» քաղաքական ուժին, որը գլխավորում էր դեռևս 1990-ականներին Ռուսաստանում խոշոր կապիտալ կուտակած (տարբեր գնահատականներով՝ շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ) վրաց գործարար Բիձինա Իվանիշվիլիին: Իվանիշվիլիի իշխանության գալը նախկին իշխանությունների կողմից որակվեց որպես Ռուսաստանի վերադարձ Վրաստան, այսուհանդերձ` փաստն այն է, որ Սաակաշվիլիի օրոք որդեգրված եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը շարունակվեց նաև նոր կառավարության օրոք:
Վերադառնալով ռուսական փափուկ ուժին և դրա դրսևորումներին Վրաստանում՝ կարող ենք արձանագրել, որ վերջին 10 տարվա ընթացքում այս տեսանկյունից ակտիվությունը մեծացել է: Այսպես, եթե նախկինում բացառվում էր ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձի, իսկ հակառակը պնդող քաղաքական գործիչներն ու փորձագետները որակվում էին որպես ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ, ապա ներկայիս Վրաստանում ակտիվորեն Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օրակարգը քննարկվում է մի քանի մակարդակներում:
Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և առավել խորը ինտեգրացիայի դիրքերից հանդես եկող և 2021-ին պաշտոնապես գրանցված Վրաստանի «Պահպանողական շարժում» կուսակցությունն անարգել գործում է երկրում: Կուսակցությանը պատկանող «Ալտ-ինֆո» ռուսամետ հեռուստաընկերությունը համապետական սփռում ունի և ակտիվանում է նաև Վրաստանի շրջաններում: Ազատական և եվրոպամետ խմբերի կողմից այս կուսակցությունն ու դրա համակիրները որակվում են որպես աջ ծայրահեղականներ կամ նեոֆաշիստներ:
Մինչ այս կուսակցության քաղաքական ասպարեզ գալը գործում էին նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն առավել կարևոր գերակայություն դիտարկող այլ քաղաքական միավորումներ: «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը, որը կարողացել էր հատել Վրաստանի նախորդ խորհրդարանում նվազագույն շեմը, նույնպես դիտարկվում էր որպես ռուսական շահեր սպասարկող: Ուշագրավ է, որ այս կուսակցությունը Ռուսաստանի վերադարձը հիմնավորում էր Վրաստանում ահագնացող թուրքական ազդեցությանը հակակշիռ դարձնելու դիրքից: Հարկ է նշել, որ այս քաղաքական խումբը նաև միակն էր Վրաստանում, որը հանդես էր գալիս Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու կոչերով:
Վրաստանում ռուսական շահերի ջատագովությամբ զբաղվող մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ևս բացահայտումներ են հրապարակվել: Դրանք քարտեզագրելուց զատ՝ ներկայացվել են այս կառույցների ֆինանսական աղբյուրները, գործունեության բնույթը և ուղղությունները: Այսուհանդերձ, եթե Միխեիլ Սաակաշվիլիի օրոք այսպիսի բացահայտումներին հաջորդում էին ձերբակալություններ և այդ կառույցների գործունեության սահմանափակումներ, ապա ներկայում հանրությանը հայտնի այս կազմակերպություններն ազատ գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն:
Ինչպես նշվեց վերևում, վրաց ուղղափառ եկեղեցին ևս համարվում է ռուսական փափուկ ուժի ջատագովներից: Հաշվի առնելով Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի շարունակվող բարձր հեղինակությունը՝ եկեղեցին այս տեսանկյունից բավականին ազդեցիկ կառույց է համարվում: Բացի այն, որ վրաց և ռուս ուղղափառ եկեղեցիներն ունեն դավանաբանական նույնականություն, այս պարագայում առավել ակտիվ բնույթ ունի արևմտյան արժեքները հաճախ խեղաթյուրելու ճանապարհով բացասական լույսի ներքո ներկայացնելու մոտեցումը: Վրաց ավանդական ընտանիքը քանդելն ու համասեռականությունը որպես հավաքական Արևմուտքի հիմնական նպատակը ներկայացնելու թեզերն առավել հաճախ հնչող տեքստերն են ինչպես առանձին հոգևորականների կողմից, այնպես էլ վրաց ուղղափառ եկեղեցուն պատկանող կառույցների և մամուլի միջոցների կողմից: Այս տեսանկյունից հարկ է հիշեցնել եկեղեցականների ներգրավմամբ համասեռականների աջակցության երթի ընթացքում բախումը 2012-ին:
Ելնելով հոդվածի ծավալային սահմանափակումներից, այս հրապարակման մեջ չենք անդրադառնում վրաց հանրային ընկալումներում ռուսական շահային հետաքրքրությունների սպասարկու համարվող այլ խմբերի, այդ թվում նաև երկրի ազգային փոքրամասնություններին: Հաջորդիվ հույս ունենք քննարկել նաև նշվածներին: