Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի իրողությունների և Հարավային Կովկասում (որտեղ ղարաբաղյան հակամարտությունը մնում է տարածաշրջանում ռուսաստանյան ռազմական ներկայության կենտրոնական գործոնը) ռուսաստանյան շարունակվող էքսպանսիայի համապատկերում Վրաստանն իր եվրոպական և եվրաատլանտյան հավակնություններով կենսական կարևոր դեր է խաղում Հայաստանի ու հայկական պետականության համար, կապող օղակ է հանդիսանում մեր երկրի ու քաղաքակիրթ աշխարհի միջև, և այդ դերն, անշուշտ, նոր չափումներ է ձեռք բերում հեռանկարների առումով։
Սակայն Վրաստանի այդ ուղին շարունակում է փշոտ մնալ, և Բրյուսելի հետ Թբիլիսիի հարաբերությունների նոր փուլը բնորոշվում է նոր մարտահրավերներով, իսկ մինչև փետրվարի 24-ի «նախապատերազմյան ժամանակների» իներցիան երկու կողմերի հարաբերություններում առայժմ շարունակում է մնալ տվյալ պահի հարաբերությունների դինամիկայի կարևոր գործոններից մեկը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայում տեղի ունեցող դրաման, որը, դիմակազերծվելով, փլուզել է աշխարհակարգը, իսկ մինչ այդ էլ ղարաբաղյան հակամարտության գոտում նոր ստատուս -քվոյի ձևավորումը և այնտեղ ռուսաստանյան զորքերի հայտնվելը չեն կարող չազդել իրադարձություների ընթացքի վրա և չսրբագրել Վրաստանի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դիրքորոշումները՝ ձևավորվող և փոփոխվող իրադրությանը համապատասխան՝ նոր մարտահրավերների հաշվառումով։
Մեր հեղինակները Երևանից ներկայացնում են իրենց տեսակետները Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման գործընթացի հարաշարժության մասին, իսկ արտատպվող նյութերում ընթերցողները կարող են ծանոթանալ մեր վրացի գործընկերների տեսակետներին Թբիլիսիից, որոնք արտացոլվել են հայկական մամուլում, ինչն էլ շատ կարևոր է Հայաստանի հանրության քաղաքականապես ակտիվ հատվածի ընկալումների համար։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն