Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Պատերազմ վարելու ուկրաինական եղանակը

hayk
December 2022
Պատերազմ վարելու ուկրաինական եղանակը

Լուսանկարի աղբյուրը՝ Topnews.ru

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Պատերազմում Ուկրայինայի արձանագրած հաջողություններն օգնում են ըմբռնելու այն ռազմավարությունը, որն ավելի փոքր պետությանը թույլ է տալիս դիմակայել ավելի խոշոր և ուժեղ ագրեսորին։ Խոսքը Ռուսաստանի զինված ուժերի թուլությունից օգտվելու լավ մտածված և հետևողականորեն մշակված ռազմավարության մասին է, որը կարող ենք կոչել «պատերազմ վարելու ուկրաինական եղանակ»։ Այն Ուկրայինայի զինված ուժերին թույլ է տվել պահպանել շարժունակությունը՝ հարկադրելով Ռուսաստանին անցնել երկարատև պատերազմին և վերանայել ներխուժման նպատակները։

Պատերազմ վարելու ուկրաինական եղանակը ներառում է մի քանի հիմնատարր։

Օդում գերակայության վիճարկումը։ Օդում գերակայության վիճարկումն ուկրաինական ռազմական հաջողության բաղադրիչներից մեկն է։ Երկինքը վերահսկելու համար պայքարն ուկրաինական ուժերին թույլ է տալիս մանևրել, ռուսաստանյան ուժերին ստիպելով նյարդայնորեն անհանգստանալ ` ուկրաինական օդուժի հարվածներին ենթարկվելու հնարավորության պատճառով։

Հակառակորդին քաղաքների վրա վերահսկողությունից զրկելը, կապն ու կառավարումը բարդացնելը։ Ուկրաինայի զինված ուժերը (ՈՒԶՈՒ) պահպանել են շարժունակությունը և քաղաքները վերածել են ամրակուռ հենակետերի՝ բարդացնելով ռուսաստանյան բանակի կապն ու կառավարումը։ Պահպանելով վերահսկողությունը Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին մոտ գտնվող քաղաքների վրա՝ ՈՒԶՈՒ-ն հարկադրել է ՌԴ զինված ուժերին ներքաշվել փողոցային մարտերի մեջ՝ զրկելով նրանց երկաթգծով Ուկրաինայի խորքերը սպառազինություններ ու ռազմական տեխնիկա փոխադրելու հնարավորությունից։

Դժվար կառավարվող երկարաձգված շարասյուների վրա հարձակում։ ՌԴ զինված ուժերի կառավարումը խաթարելու միջոցով  ՈՒԶՈՒ-ն թույլ է տվել քաղաքները շրջանցող ռուսաստանյան զինված ուժերին ձգվել ճանապարհների երկայնքով։ Ագրեսիայի սկզբնական փուլում Ռուսաստանի համար իրավիճակը բարդացնում էր գարնանային ցեխառատությունը, որը բանակային ստորաբաժանումները շղթայել է ասֆալտապատ ծածկույթ ունեցող մի քանի ճանապարհին։ Երբ հակառակորդը հայտնվել է այդօրինակ խոցելի վիճակում, ՈՒԶՈՒ-ն սկսել է հարվածել ճանապարհներով երկարաձիգ եղած ՌԴ բանակային ստորաբաժանումները։

Պատերազմի առաջին փուլում խուսափելով դիմակայության մեջ մտնել Ռուսաստանի ծանր բանակային միավորումների հետ՝ ՈՒԶՈՒ-ն օգտագործում էր թեթև շարժունակ ուժեր՝ հակառակորդի թուլություններից առավելագույնս օգտվելու և ռուսական զրահատեխնիկան ու փոխադրամիջոցները հնարավորինս շատ ոչնչացնելու համար։ Ուկրաինան ցույց է տվել, որ ոչ միջուկային միջպետական պատերազմում թեթև ուժերն ի վիճակի են դիմակայել ավելի խոշոր և տեխնոլոգիապես զարգացած հակառակորդին։ Պատերազմ վարելու ուկրաինական եղանակը շարունակաբար հարմարեցվելու է պատերազմի փոփոխվող պայմաններին՝ նպաստելով պատերազմը սկսելու պահին աներևակայելի թվացած հաղթանակին։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ռազմավարական ձախողում էր, քանի որ այն ենթադրում և պահանջում էր արագ ու վճռական հաղթանակ։ Սակայն հարկ է խոսել նաև ուկրաինական իշխանության նախապատերազմական շրջանում թույլ տված ձախողումների մասին։ Ուկրաինան երկար ժամանակ չէր զբաղվում իր քաղաքացիներին պատերազմին  նախապատրաստելու գործով։ Երբ պետությունը պատրաստվում է դիմակայել ավելի հզոր ագրեսորին, նա հասարակությանն էլ պետք է նախապատրաստի ագրեսիային՝ ստեղծելով հնարավորինս մեծ թվով քաղաքացիների համար հիմնարար ռազմական պատրաստություն անցնելու պայմաններ։

Ռազմավարագետ Էդվարդ Լյութվաքն (Edward Luttwak) Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ առաջարկում էր ՆԱՏՕ-ին միացած երկրներին այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Ծանր և բարձրտեխնոլոգիական սպառազինության և զինտեխնիկայի ձեռք բերման փոխարեն փոքր երկրներին հարկավոր է հարմարեցնել և յուրացնել պաշտպանության կազմակերպման ֆիննական տարբերակը։ Այս դեպքում ռազմական պատրաստությունը ոչ միայն և ոչ այնքան ժամկետային զինծառայություն անցնելը կլինի։ Հիմնական նպատակն է՝ նախապատրաստել քաղաքացիական անձանց ոչ միայն կանոնավոր բանակային ստորաբաժանումներին միանալուն, այլև տարածքային պաշտպանության համակարգի մեջ ներառվելուն՝ ագրեսորին զանգվածային դիմադրություն ապահովելու համար։

Պատերազմից անմիջապես առաջ պահեստազորի վերապատրաստման փոխարեն ուկրաինական կառավարությունը փորձում էր հանգստացնել հասարակությանը և կարողացել է համոզել նրան, որ ներխուժում տեղի չի ունենա։ Իմանալով պատերազմի բարձր հավանականության մասին՝ ուկրաինական կառավարությունն անհրաժեշտ չափով չի կուտակել պարենն ու առաջնային նշանակության այլ ռազմավարական ապրանքներ։ Ազատ քաղաքացիական հասարակություններն իրավունք չունեն իրենց բնակչությանն այսչափ անփույթ նախապատրաստել պատերազմին։

Թեև արևմտյան ռազմական օգնությունն ունի որոշիչ դեր, պատերազմի ընթացքը կախված է նաև տարածքային պաշտպանության համակարգի և պարտիզանական ջոկատների շրջանակներում ազգային դիմադրություն կազմակերպելու՝ Ուկրաինայի կարողությունից։ Տոգորված քաղաքացիների օգտին կողմնորոշվող ազգային դիմադրության հզորությունը լավագույնս համատեղվում է իրենց հակոտնյա՝ հատուկ գործողությունների գաղտնի և բարձրարհեստավարժ ուժերի հետ։ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի այլ անդամներն օգնում էին Ուկրաինային նշյալ ուժերը ստեղծելու հարցում։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից հետազոտողների, փորձագետների և վերլուծաբանների մեծամասնությունը ստիպված են եղել խոստովանել, որ սխալվել էին Ռուսաստանի ռազմական հզորության և լայնածավալ պատերազմի հնարավորության գնահատման հարցում։ Պատերազմն իր իսկ բնույթի բերմամբ կանխատեսելու դժվարությունից բացի նշվում են մի շարք այլ գործոններ՝ կոռուպցիան և ՌԴ զինված ուժերին վերաբերող տվյալների կեղծարարությունը։

Պատմաբան Ֆիլիպս Օ’Բրայենն (Philipps O’Brien) ուկրաինական պատերազմի սկզբում Ռուսաստանի թուլությունը գնահատելու Արևմուտքի անկարողությունը համեմատել է 1940 թ․ Գերմանիայի հաղթանակին ընդառաջ Ֆրանսիայի խոցելիության սխալ գնահատման հետ։ Նրա կարծիքով՝ արևմտյան վերլուծաբանները տեսադաշտից դուրս են թողել Ռուսաստանի թուլությունը, քանի որ սևեռվել են սպառազինությունների և ռազմական հայեցակարգի վրա, անտեսելով մի շարք արմատական գործոններ՝ կառավարումը, հրամանատարությունն ու մարտական ոգին։ Այլ փորձագետներ արտահայտել են ավելի կոշտ գնահատականներ։ 1940 թ․ Ֆրանսիան պարտություն է կրել մասամբ այն պատճառով, որ կառչում էր պատերազմական գործողությունների սխալ հայեցակարգից, իսկ Ռուսաստանն անհաջողություններ է կրում իրականությունից կտրված լինելու, պատերազմի նախագծված ծրագրից շեղվել չկարողանալու և ռազմական գործողությունները վարելու ռազմավարությունը, հայեցակարգն ու ընդհանուր փորձն անտեսելու պատճառով։ Կարելի է խոսել Ռուսաստանի՝ հիմնական ռազմական սկզբունքները, մասնավորապես՝ միասնական հրամանատարություն և հրամանատար ունենալու սկզբունքն արհամարհելու մասին։

Կարելի է բերել հետևակը, զրահատեխնիկան, հրետանին, ՀՕՊ-ն ու օժանդակ ուժեր ներառող շուրջ 800 հոգանոց գումարտակային մարտավարական խմբերի օրինակը, որովհետև ռուսական զորքերը հաճախ չէին գործում գումարտակային մարտավարական  խմբերի մակարդակով․ ռուս հրամանատարներն առանց համաբանակային աջակցության առաջ էին մղում փոքրաթիվ ստորաբաժանումներ, ինչն, անշուշտ, հանգեցնում էր կանխատեսելիորեն վատ արդյունքների։ Այս ամենի շնորհիվ Ուկրաինան հաղթել է պատերազմի առաջին փուլում՝ ձախողելով ռուսական բլիցկրիգն ու մայրաքաղաքի գրավումը, անցնելով հաջորդ փուլին՝ հյուծող պատերազմին։ Առաջին հայացքից Ռուսաստանին ձեռնտու է երկարատև պատերազմը, սակայն պարտադիր չէ, որ այն ընթանա հենց իր պայմաններով, և դա Արևմուտքի՝ Ուկրաինային մատակարարած և ավելի մեծ հասանելիություն ու ճշգրտություն ունեցող ժամանակակից սպառազինությունների շնորհիվ։

Երկարատև պատերազմի համապարփակ հետևանքները հետզհետե կծանրանան, և իրավիճակը կարող է փոխվել, քանի որ Ուկրաինան անցել է հակահարձակման և կարող է բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ։ Այսպիսի պայմաններում Ռուսաստանը կդիմի սրացման և կփորձի ներքաշել Արևմուտքն ուղիղ հակամարտության մեջ՝ լայնորեն օգտագործելով միջուկային շանտաժի միջոցները և պահանջելով իր պայմաններով հրադադար կնքել։ Սակայն այդպիսի գործարքին համաձայնվելը մեծ սխալ կլինի, քանի որ Պուտինը կօգտագործի հրադադարն ուժերը վերականգնելու և աշխարհակարգը փոխելու նպատակով Ուկրաինայի ու Եվրոպայի դեմ ագրեսիան շարունակելու համար։

Արևմուտքում շատերի մոտ առաջանում է Պուտինի գործողությունները գրեթե անհեթեթ համարելու գայթակղությունը, որն ինքնին սխալ է։ Ռուսաստանի ներխուժումը փորձագետների մեծ մասի համար անակնկալ էր․ սա հետագայում ևս կարող է հանգեցնել Ռուսաստանը կանգնեցնելու Արևմուտքի անկարողությանը։ Հետագա պատերազմը կանխելու լավագուն միջոցը Ռուսաստանին այս պատերազմում հաղթելն է և գիտակցելը, որ Ուկրաինայում պաշտպանվում է ոչ միայն ժողովուրդների ազատության և ինքնիշխանության իրավունքի սկզբունքը, այլև ազգային շահերը, եվրոպական անվտանգության համակարգը և կանոնների վրա հիմնված աշխարհակարգը։

 

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

Թեգեր Դեկտեմբեր երկրորդ թողարկում 2022Հոդվածներ

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Տարածաշրջանում Իրանի գործոնն ու Հայաստանը. զարգացումներ և հեռանկարներ

December 2022

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ռազմական գործողությունների ներկայիս ընթացքն անխուսափելիորեն ազդում են նաև Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի և տարածաշրջանային հարաբերակցության վրա։...

Կարդալ ավելին
Ադրբեջանի «բնապահպանական» ծուղակը

Իրան-Ադրբեջան հարաբերություններն ու Լաչինի միջանցքի փակումը

December 2022

Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ Իրան-Ադրբեջան հարաբերությունների բնույթը  Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները երբեք էլ հարթ...

Կարդալ ավելին
Ադրբեջանի սպառնալիքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ

Ադրբեջանի սպառնալիքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ

December 2022

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Կտրված է...

Կարդալ ավելին
Իրանը չի փակել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը, թեև նման խոսակցություններ եղել են

Իրանը չի փակել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը, թեև նման խոսակցություններ եղել են

December 2022

Այսօր առավոտից տեղեկատվություն էր տարածվել, թե Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո, Իրանը փակել է Ադրբեջանից իր տարածքով Նախիջևան տանող...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.